Հայ էթնոսի մասին – Ավանդաբանություն… Պատմագրական ակնարկ… Հայագիտական ակնարկ… – Հայոց Լեռնաշխարհից հնդեվրոպական քաղաքակրթության սփռումը դեպի Արեւելք եւ Արեւմուտք…

Ավանդաբանություն

Հայ էթնոսի ծագումնաբանությունը ամբողջովին ուսումնասիրված եւ բացահայտված չէ, սակայն այն բավականին ամբողջական է, որը թույլ է տալիս մեզ արդեն վստահորեն կատարել պատմական էքսկուրս: Այսօր արդեն Հայ էթնոսի ծագումը եւ տեղաբնակ լինելու հանգամանքը այլեւս չի վիճարկվում:

Ըստ ավանդույթի, Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ (որը, ըստ ժամանակակից ուսումնասիրություների, տեղի է ունեցել 19000 տարի առաջ), Հին Կտակարանի Նոյը իր փրկությունը գտավ ԱՐԱՐԱՏՅԱՆ աշխարհում, իսկ Շումերական մշակույթի ԶԻՀՈւՍՈՒԴՐԱՆ (Ziusudra)՝ Մաշու Լեռներում, նույն ինքը՝ Արարատյան Լեռներ:

Արեւելյան Վարդապետության (իմա քրիստոնեություն) շրջանի հայոց պատմագիր Մովսես Խորենացու շնորհիվ մենք գիտենք, որ հայերը ծագում են Հայկ նահապետից: Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի ավագ որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է՝ Հաբեթ (Japheth), Գամեր (Gomer), Թիրաս (Tiras), Թորգոմ (Togarmah) Հայկ (Haik):

Մ. Խորենացին «Հայոց Պատմություն»-ում գրում է, որ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի (Belus/Belos) դեմ, Վանա լիճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկրը կոչվեց ՀԱՅՔ: Համաձայն ավանդույթի՝ Արմենիա անվանումը Հայոց աշխարհին տրվել է ի պատիվ Հայկի որդի Արամի: Պետք է այստեղ շեշտենք, որ Հայկական Լեռնաշխարհի բազում անուններ տրված են հայոց պետության հիմնադիր Հայկի սերունդների անուններով:

Աքմենյան (պարսկական) շրջանի պալատական պատմիչ Մար Աբաս Կատինան Հայերի մասին ասում է. «Աստվածներից առաջիններն ահեղ էին եւ երեւելի, եւ աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… հսկաներից էլ սերում է Հայկը»:

Համաձայն ավելի ուշ շրջանի հունական ավանդության (որ շատ տարակարծությունների եւ վեճերի տեղիք է տվել)՝ հայերի նախնին Արմենոսն է Թեսալիայից, որը Ոսկե գեղմի որոնումով Յասոնի խմբի հետ ճամփորդել է եւ հաստատվել Փոքր Ասիայի Լեռնաշխարհում՝ կոչելով երկիրն իր անունով: Այստեղ կարեւոր է հիշատակել Ստրաբոնի պատմությունը: Իսկ Ստրաբոնը իր հերթին նշում է, որ իր տեղեկությունները քաղել է Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններից:

XI դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելուին վրացիների ծագումը ներկայացնելիս նշում է որ, Հայկը որդին է Թորգոմի: Թորգոմը ուներ 8 զավակ: Կովկասյան բոլոր ժողովուրդները սերում են Թորգոմի զավակներից, նրանց մեջ առաջինը հայերի նախահայր Հայկն է, երկրորդ զավակը վրացիների նախահայր Քարթլոսն է (Kartlos), ապա՝ աղվանների եւ մյուսների: Վրացիները Հայաստանը անվանում են Սոմխեթի (Սոմխիթի): Այս տերմինը վրացի եւ հայ ուսումնասիրողները լուրջ ուսումնասիրել են, սակայն նրանց եզրակացությունները բավարար չեն եւ համահունչ չեն ինչպես Մ. Խորենացու, այնպես էլ Լ. Մրովելուիի կողմից հիշատակվող Հայկ/Հայոս անվան եւ Հայաստան երկրի անվան ծագման ավանդաբանության հետ: Համաձայն նոր տեսակետի՝ Սոմխեթի (Սոմխիթի) տերմինը պետք է հասկանալ որպես «Արեւի կամ արեւելյան խեթեր»:

Պատմագրական ակնարկ

Ըստ Հին կտակարանի (Թագավորների 4-րդ գիրք), հրեաները Հայոց Աշխարհը անվանում են Արարարտ կամ Արարատյան թագավորություն եւ Բաբելոնի դեմ պայքարի համար կանչում են Արարատյան գնդին: Ըստ պատմաբան պրոֆեսոր Ա. Մովսեսյանի, շումերական (Sumer) (մ.թ.ա. XXIV դ) հնագույն գրավոր աղբյուրները Հայոց Աշխարհը կոչում էին ԱՐԱՏՏԱ, իսկ Հայոց Լեռնաշխարհը կոչվել է Սրբազան օրենքների երկիր:

Հայասա (Hayasa), Հայասա-Ազզի (Hayasa-Azzi), անունով պետական կազմավորում Հայկական Լեռնաշխարհի տարածքում հիշատակվում է խեթական արձանագրություններում մ.թ.ա. XVI առ XIII դդ։ Հայասան վերջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. XIII դարի վերջին։

Մ.թ.ա. 13-11-րդ դարերում ասորիները Վանա լճի մերձակա տարածքների երկիրը անվանում են Նաիրի (Nairi/Nairu), կամ քառասուն «գետերի երկիր»: Ասորեստանի Թուկուլտի-Նինուրտա (Tukulti-Ninurta) Ա թագավորը (մ.թ.ա. 1243-21) արշավում է Նաիրի «երկրի դեմ», Նաիրի «երկրի դեմ» արշավել է Թիգլատպալասար (Tiklatpalasar) Ա թագավորը (մ.թ.ա. 1115-1077)։Մ.թ.ա. 10-րդ դարում Նաիրի երկիրը սկսվում է հիշատակվել որպես երկիր Ուրարտու։ Աքեմենյան արքա Դարեհ (Darios I el Gran) Ա հրամանով մ.թ.ա. 523-521թթ. Բեհիսթուն (Behistun, գտնվում է Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ) ժայռի վրա փորագրել է տալիս եռալեզու (հին պարսկական, էլամական եւ բաբելոնական) տեքստ։ Բեհիսթունի արձանագրության մեջ Դարեհի դեմ ապստամբած երկրների թվում հիշատակվում է նաեւ Հայաստանը (Բեհիսթունի սեպագրում Հայաստանի համար հին պարսկերենով գործածված են «Արմինա», բաբելոներենով՝ Ուրարտու (Ուրաշտու) եւ էլամերենով՝ Հարմինուեա անունները)։

Ուրարտուի անկումից հետո Հայոց աշխարհում ձեւավորվում է նոր արքայական դինաստիա, որ պատմության մեջ հայտնի է որպես Երվանդունիներ: Նոր դինաստիայի հիմնադիրն է Երվանդ Ա Սակավակյացը (մ.թ.ա. մոտ 570-560): Երվանդունիների դինաստիան հիմնեց իր թագավորությունը, որը կոչվում էր Մեծ Հայք: Երվանդունիների դինաստիայի վերջին գահակալն է Մեծ Հայքում Երվանդ Դ Վերջինը (ծն.թ. անհայտ-մ.թ.ա. մոտ 200), ըստ Մովսես Խորենացու, գահակալել է 20 տարի։ Երվանդունիները իրենց գահը հանձնում են Արտաշեսին, ով դարձավ նոր դինաստիայի հիմնադիր եւ պատմության մեջ մնաց որպես Հայոց Արքա Արտաշես Ա (մ.թ.ա. 189-160): Արտաշեսյան գահակալների հզորագույն ներկայացուցիչը Տիգրան Մեծն էր (լատ.՝ Tigranes Magnus)՝ Մեծ Հայքի Արքա մ.թ.ա. 95-ից մինչեւ մահը, Ասորիքի եւ Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83-մ.թ.ա.69), մ.թ.ա. 85-ից կրել է Արքայից Արքա տիտղոսը։ Սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթեւական թագավորության եւ ուժեղացող Հռոմի հանրապետության դեմ պայքարում: Արտաշեսյան վերջին գահակալն էր Երատո թագուհին, գահակալել է մոտ 6-12 տարի:

Մթ I դ սկզբների Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար պայքարում էին Հռոմն ու պարթեւները։ Այդ պայքարի արդյունքում հայոց գահին հայտնվում էին թե պարթեւական եւ թե հռոմեական դրածոներ: Վերջ ի վերջո պարթեւաթեւ Արշակունիներին հաջողվեց 52թ.-ին հայոց գահին նստեցնել Տրդատ Ա-ին (ով Պարթեւի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրն էր)՝ որպես Մեծ Հայքի թագավոր։

Արշակունիների տոհմի երեւելի արքաներից է Տրդատ Գ Մեծը: 297-ին Տրդատ Գ Մեծի եւ Հռոմեական Դիոկղետիանոս Կայսեր համատեղ բանակը (զորավար Գալերիոս Մաքսիմիանոս (Galerius Maximianus)) Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ ճակատամարտում հաղթել են Պարսից Արքայից արքա Ներսեհի բանակին եւ վերականգնել Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում։

298-ին Մծբին քաղաքում կնքված 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյան Իրանը ճանաչել է Մեծ Հայքում Արշակունիների թագավորությունը եւ նրանց նկատմամբ Հռոմի հովանավորությունը։ 301թ.-ին Տրդատ Մեծը նոր կրոնական ուսմունքը՝ Արեւելյան Վարդապետությունը կամ Քրիստոսի ուսմունքը ճանաչեց որպես պետական կրոն:

Հայագիտական ակնարկ

XIX դ. կեսերից Վենետիկում եւ Վիենայում գործող Մխիթարյան միաբանությունների ու եվրոպական գիտական կենտրոններում կատարվող ուսումնասիրողների (Ա. Մեյե, Վ. Լանգլուա, Ֆ. Մակլեր, Հ. Հյուբշման, Ֆ. Կոնիբեր, Յո. Մարկվարտ եւ այլք) հետազոտությունների արդյունքում ձեւավորվեց հայագիտությունը: Այդ ուսումնասիրությունները լրացրին Մ. Օրմանյանը, Եվրոպայում ուսանած Կ. Տեր-Մկրտչյանը, Գ. Տեր-Մկրտչյանը, Գ. Հովսեփյանը, Ե. Տեր-Մինասյանը։ Էջմիածնում հաստատվեցին լեզվաբան Հ. Աճառյանը, պատմաբան Հ. Մանանդյանը, բանագետ Մ. Աբեղյանը, բանասեր Կ. Կոստանյանը։ Իսկ ահա 1890-ականներին Ն. Մառի գիտական գործունեությամբ վերջնականապես ձեւավորվեց ռուսական արեւելագիտության մեջ հայագիտության ուղղությունը (Ն. Մառն ու աշակերտները՝ Ն. Ադոնցը, Հ. Օրբելին, Ա. Քալանթարը, Գ. Ղափանցյանը եւ ուրիշներ):

Առաջին շրջանի հայագետները կարծում էին, որ հայերենը պատկանում է ֆարսի լեզվին եւ նրա ճյուղերից մեկն է: Որոշ ժամանակ անց այն դիտարկվեց որպես առանձին լեզու: Ժամանակին ընդունված էր ասել, որ հայոց լեզուն վերջնականորեն ձեւավորվել է մ.թ.ա. 500-ին: Այս մոտեցումը ակադեմիական ոլորտում անփոփոխ մնացել է մինչեւ 1980թ.:

1984թ. Վ. Իվանովի եւ Թ. Գամկրելիձեի համահեղինակությամբ հրատարակվեց «Հնդեվրոպացիներն ու հնդեվրոպական լեզուն» աշխատությունը: Այդ աշխատությունն արժանացավ ԽՍՀՄ պետական բարձրագույն մրցանակին: Խորհրդային կամ ռուսական ակադեմիական միտքը 1984թ.-ից համարում էր, որ հայոց լեզուն մոտ 3000 տարեկան է: Ռուսական լեզվագիտության վերջին շրջանի ամենահայտնի մասնագետ վաղամեռիկ Ս. Ստարոստինը, կարծում էր, որ հայերենը 4500 տարեկան է:

Իսկ ահա NATURE գիտական հանդեսը իր 27.11.2003թ. համարում հրապարակեց նորզելանդացի հետազոտողներ Ռ. Գրեյի եւ Ք. Ատկինսոնի (Gray/Atkinson) ուշագրավ մի աշխատանքը: Ռ. Գրեյի եւ Ք. Ատկինսոնի տեսությանը անդրադարձան «Le Monde»-ը C. Renfrew-ի մասնակցությամբ՝ բայց հնդեվրոպացիների բնօրրանը տեղակայելով Անատոլիայում: Մեկ օր անց՝ 29 նոյեմբերին տեսությանը անդրադարձավ «Shpigel» ամսագիրը: Ռ. Գրեյը եւ Ք. Ատկինսոնը փորձ կատարեցին վերականգնել հնդեվրոպական լեզվաընտանիքի տոհմածառը նոր ալգորիթմային մի սկզբունքով: Համաձայն Ռ. Գրեյի եւ Ք. Ատկինսոնի, այս տեսության հնդեվրոպական ամենահնագույն լեզուներ են՝ 8700 տարվա վաղեմությամբ հիթիթերենը (հittites), 7900 տարվա վաղեմությամբ թոխարերենը (Tocharian), 7300 տարվա վաղեմությամբ հայերենը, այնուհետեւ՝ հունարենը, ալբաներենը, պարսկերենը, օսեթերենը, հնդկերենն ու մնացյալը:

Հայոց Լեռնաշխարհից հնդեվրոպական քաղաքակրթության սփռումը դեպի Արեւելք եւ Արեւմուտք ինքնին ակնկալում էր նաեւ լեզվի սփռում այդ ուղղություններով, հատկապես կենցաղային եզրաբանության առումով, ինչպես օրինակ հնխ *ay-այրել եւ *Haie/os- մետաղների ընդհանուր անվանումը թե՛ պղնձի, թե՛ բրոնզի եւ թե՛ երկաթի համար: Միայն այս նույն հանգամանքով կարող է բացատրվել հնդեվրոպական լեզվաընտանիքում հայերենի զբաղեցրած առանձնակի դերը, դրա արեւմտյան ու արեւելյան ճյուղերի միջեւ: Ակնհայտ է, որ դրանք տեղափոխվելով՝ ընդունել են տեղական նոր տարրեր, ըստ հանգամանքների կրել որոշ փոփոխություններ ու զարգացել յուրովի, մինչդեռ հայերենը մնացել է իր բնօրրանում ու առավելագույնս մոտ լեզվական իր նախահումքին, ինչը պահպանվել է հատկապես շուրջ 200-ից ավելի բարբառներում:

Արամ Մկրտչյան, Գերմանիա, մայիս, 2014թ.

Հ.Գ. – խմբ. կողմից«Լուսանցք»-ի շուրջ համախմբված մասնագիտական շրջանակներին կխնդրեինք զարգացնել թեմայի շուրջ իրենց ուսումնասիրությունները՝ չվախենալով Պարիս Հերունու ասած՝ հայոց պատմության հերն անիծող «հայ» գիտնականների հարձակումներից:

«Լուսանցք» թիվ 17 (322), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։