Ինքնակործանման քաղաքականությունը – Հայաստանում վաղ է խոսել միակուսակցական համակարգի հաջողելու մասին… Ստվերազերծումը՝ տնտեսական խարակիրի… Այլընտրանքի քաղաքական ստվերը…

Ինքնակործանման քաղաքականությունը

Հայաստանի պետա-քաղաքական ոլորտն այսօր հսկում է մեկ կուսակցություն: Դա Հանրապետական կուսակցությունն է: ՀՀԿ-ն որոշակի փորձեր արեց՝ հասնելու քաղաքական ու իշխանական դաշինքի կազմավորմանը, բայց խորհրդարանական 4 ուժերից 2-ը հրաժարվեցին բանակցել՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, իսկ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն էլ՝ երեւի թե առավելագույն պահանջներ առաջ քաշեցին: Ու քաղաքական դաշինքի, այսպես կոչված՝ կոալիցիայի ձեւավորումը ձախողվեց:

Դա քիչ էր, ՀՀԿ-ՕԵԿ իշխանական համաձայնագրից դուրս եկավ (վարչապետի աթոռը չստանալուց նեղացած) ՕԵԿ-ը, եւ դարձավ 5-րդ խորհրդարանական ընդդիմությունը:

Առայժմ սա է իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Իշխող քաղաքական ուժը հրաժարվեց համագործակցել նաեւ արտախորհրդարանական կազմակերպությունների հետ եւ միայնակ մտավ մեծ ու պատասխանատու բեռի տակ:

Իհարկե, չի բացառվում, որ հնարավոր է միակուսակցական համակարգով գրանցել հաջողություններ, ինչպես ասենք՝ Չինաստանում, որը տնտեսական աճի տեմպերով անգամ ԱՄՆ-ից է առաջ անցել: Որոշ երկրներում նաեւ երկկուսակցական համակարգով են բավարարվում ու մեկմեկու փոխարինելով առաջ տանում իրենց պետականությունը: Այդպես է նաեւ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում:

Բայց Հայաստանում վաղ է խոսել նման համակարգերի հաջողության հասնելու հնարավորության մասին: Ինչպես վերլուծաբաններն են նշում, Հայաստանում կազմավորվել է մեկ կուսակցության իշխանություն, ինչը նոր էջ է բացել երկրի տարեգրության մեջ: Արդյունքները դեռ կերեւան, գնահատականներն էլ հետո կտրվեն:

Իհարկե, ՀՀԿ-ն մինչ այս էլ էր իշխանություն: Դեռ Անդրանիկ Մարգարյանի վարչապետ նշանակվելուց եւ հետո էլ՝ իշխանությունը Հայաստանում ձեւավորվում է ՀՀԿ-ի շուրջ: Վերլուծաբանները նաեւ նշել են, որ «այդ իշխանությունը Հայաստանում նույնպես ունիտար է եղել, անկախ կոալիցիոն դեկորացիաներից»: Այդպիսի մի խոսք էլ ասեց վերջին կոալիցիան վերջինը լքած ՕԵԿ-ը, չնայած մինչեւ դուրս գալը՝ սիրով ու նվիրումով էին աշխատում բոլոր ՕԵԿ-ականները:

Որոշ մեկնաբանների կարծիքով էլ, գուցե եկավ այն պահը, ՀՀԿ-ի համար վաղուց սպասված բաղձալի պահը, երբ իշխանությունն իրենով անելով վերջակետ դրվեց  ՀՀԿ առաջնորդի ու ՀՀ նախագահի ասած՝ թիմակիցների տարակուսանքներին ու մտահոգություններին:

Բայց հիմա էլ ՀՀԿ-ի ներսում ինչ-որ բան այնպես չէ: Լինում են նշանակումներ, որ չեն բավարարում հին ու նոր կամ ավելի նոր հանրապետականներին: Պարզվում է՝ միեւնույն չէ, թե ով ինչ պաշտոն կստանա, հանրապետական լինելը դեռ բավարար պայման չէ՝ կուսակցական ընկերոջ համար ուրախանալու առումով: Եվ հենց սա է պատճառը, որ ներկուսակցական կլանային համակարգով գործող կուսակցությունները չեն կարող հաջողել պետական ու ազգային քաղաքականության մեջ: Անգամ լուրեր են սպրդում, որ այսինչն ու այնիչը իրար «կծում, սեւացնում, քննադատում եւ… ուտում են իրար», ինչը հաճախ նաեւ բացահայտ երանգներ է ստանում:

Պատճառը խորքային է, Հայաստանի ընտանեկան կլանները մտել են ամենուր եւ պղտորել ամեն ինչ: Ձուկը գլխից է «կլանավորվել»… Կարծիք կա, որ նույնիսկ արեւելքին հատուկ կլաններից են տարբերվում մեր «հայրենի» ընտանեկան կլանները, որոնք հիմնականում վաստակել են «բիրդան աղաներ» կոչվելու եզակի իրավունքը…

ՀՀԿ-ին վերջերս ավելի հաճախ են սկսել մեղադրել նաեւ ազգային քաղաքական ու գաղափարական սկզբունքները շահարկելու մեջ: Արդեն շատերն են բարձրաձայնում, որ «Նժդեհի մասին խոսելով՝ Նժդեհներ չենք ունենալու»: Այն երկիրը չենք կառուցում այսօր, որ Նժդեհ, Անդրանիկ, Մախլուտո… ու այլ հերոսներ ծնի, քանի որ կենսամակարդակը հասել է մի աստիճանի, որից ներքեւ.. սովն է կամ արտագաղթը: «Լուսանցք»-ը երբեք չի խրախուսել արտագաղթն ու հայրենալքությունը, չի խրախուսում նաեւ այսօր, բայց չխոսել վտանգավոր գծից այն կողմ անցնելու մասին՝ նույնպես հնարավոր չէ:

Նարե Մշեցյան

Ստվերազերծումը՝ տնտեսական խարակիրի

Քաղաքագետներ կան, որ արդեն սկսել են հույս չտածել, թե Հովիկ Աբրահամյանը «գոնե առերեւույթ ինչ-որ քայլեր կանի Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրները՝ գերկենտրոնացումն ու ստվերը, լուծելու համար»: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ «ստվերում նաեւ իրենք են»: Այսինքն՝ իրենք իրենց ի՞նչ պիտի անեն:

Բայց չմոռանանք, որ նորընտիր վարչապետը հայտարարել է, թե հենց իրենցից էլ սկսելու են. «Մենք ունենք մեծ խնդիր տնտեսության ոլորտում, որը շատ կարեւորում եմ, տնտեսության զարգացման համար կգնանք մերձավորներին նեղացնելու ճանապարհով»:

Մի համեմատություն անենք, երբ Վազգեն Սարգսյանը վարչապետ նշանակվեց, փորձեց ստվերից հանել տնտեսությունը: Անգամ հիշում եմ նրա զգացմունքային ելույթը հեռուստատեսությամբ, երբ կոչով դիմեց ազգին՝ սատարելու իրեն այդ գործում: Նա նոր էր վերադարձել ԱՄՆ-ից եւ, ըստ ամենայնի, մերժել էր որոշ ծրագրեր, ինչը նաեւ ֆինանսական օժանդակությունից զրկվել էր նշանակում… ՌԴ-ից էլ թերեւս միայն ռազմական օժանդակություն էր ակնկալում, քանի որ հրապարակավ հայտարարեց, որ «երկիրը մենք ենք ոտքի հանելու՝ մեր ուժերով»: Եվ հայտնեց, որ ստվերազրկումը իր մերձավորներից էլ սկսելու է: Եվ կարծես թե սկսել էր… բայց:

Իսկ կսկսի՞ Հովիկ Աբրահամյանը: Չենք կարող ասել, սակայն շատ կուզենք հավատալ: Ու եթե մի կոչ էլ նա անի ու անցնի գործի… Տեսնենք: Իհարկե գործի անցնելը հասկանում ենք մեր բերած օրինակով, ոչ թե նախկին վարչապետի, որ ասում էր «պիտի անի», բայց չարեց կամ՝ չկարողացավ:  Տիգրան Սարգսյանը լավ ֆինանսիստ էր, բայց թերեւս ոչ այնքան խիստ կառավարիչ: Իսկ կառավարության ղեկավարը պետք է լավ վարչարար լինի՝ կառավարիչ-վարչապետ:

Հիմա խոշոր գործարարներին ժամանակ է տրվել (թերես շատ իզուր, գործը միանգամից են սկսում) ստվերից դուրս գալու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչեւ հուլիսի 1-ն է հայտարարել այդ ժամանակը, որպեսզի տրամադրեն իրենց՝ օրինական եւ հավասար դաշտում աշխատելու համար։ Քննարկվել են նաեւ հարակից հարցեր՝ խաղի կանոնները սահմանելու համար, «այլապես խիստ միջոցներ են ձեռնարկվելու»: Հուլիսի 1-ը սարերի ետեւում չէ:

Անի Մարության

Այլընտրանքի քաղաքական ստվերը

Ոչ իշխանական, բայց նաեւ ոչ ընդդիմդիր ԲՀԿ-ն (իրենց բնորոշմամբ՝ այլընտրանքային են, բայց թե ում այլընտրանքն են՝ հայտնի չէ) իշխող կուսակցության հայտարարությունը «տոտալիտարիզմի դրսեւորում» համարեց՝ նշելով, որ ՀՀԿ մամուլի քարտուղարի հայտարարությունը կոռեկտ չէ: Եվ ԲՀԿ-ին նորից տեղավորեցին գլխավոր ընդդիմադիրների շարքում: Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե «ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակում ՀՀԿ-ն իր ծավալներով, իր կազմակերպվածությամբ եւ քաղաքական ռեսուրսով շարունակելու է լինել քաղաքական դաշտի առաջատարը: Իր հայտարարությամբ Հայաստանի նախագահը հստակ ընդգծեց, որ այն մարդկանց համար, ովքեր իրենց տեսնում են պետության կառավարման վերին օղակներում, կա մեկ հիմնական ուղի. դա ՀՀԿ-ն է: Ըստ Շարմազանովի, եթե ինչ-որ մեկը հավակնում է երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ուղին անցնում է Մելիք Ադամյան փողոցով (այստեղ է ՀՀԿ կենտրոնական գրասենյակը)»:

Եվ ահա, ԲՀԿ-ն կարծում է, որ ՀՀԿ-ն պիտի պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին ակնարկների վերաբերյալ, քանի որ մոտակա 10 տարում հաստատ կգտնվեն ուժեր հավակնություններ ունեցող եւ պատասխանատվություն ստանձնող: Բայց սկսեցին խոսել այն մասին, թե այս ամենը Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան հերթական խաղն է, ապա կարծիքներ եղան, թե «այդ դեպքում ինչու՞ էր նախագահ Սարգսյանը նախկին նախագահ Քոչարյանի կադրերին մեկ անգամ եւս անցկացնում Մելիք Ադամյանով»: Հետո էլ հայտնվեց այն տեսակետը, որ նախկին նախագահն ի վերջո ԲՀԿ-ով է փորձելու մտնել քաղաքական դաշտ, ինչը ՀՀԿ-ականներին դուր չի գալիս: Նաեւ շատերն են համոզված, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար քաղաքական բազա է, ինչը կարող է ամրապնդվել նաեւ ՀՅԴ-ի միանալով: Առհասարակ ԱԺ ոչ իշխանական ուժերին ոչ իշխանական կոչելը սխալ են համարում մի շարք վերլուծաբաններ, քանի որ «եթե ոչ իշխանական են, թող հրաժարվեն իրենց աշխատավարձերից, հարստություններից (որ դիզել են իշխանության միջոցով) եւ այլնից ու խաղեր չտան այլեւս իշխանությունների հետ»:

Բայց ոչ, ոմանք այսօր էլ պատրաստ են դառնալ իշխանության մաս: Իսկ ԲՀԿ-ն արդեն հայտարարում է, թե իշխանության համար կպայքարի 2017-ին միայն, ինչը հարց է առաջացնում, թե ինչու՞ է իշխանության ձգտելու փոխարեն ԲՀԿ-ն շահագրգռված աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ, եւ միայն հաջորդ խոհրդարանական ու նախագահական ընտրությունների նկատմամբ է հավակնություններով խոսում:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ոչ մի կասկած չունի, որ «գերազդեցիկ ԲՀԿ-ն իշխանության է գալու միանշանակ, բայց ոչ այս տարի, ոչ էլ նույնիսկ մյուս տարի՝ 1917թ. անպայման իշխանության գալու մղումով»: Նա համաձայն չէ, որ ԲՀԿ-ն չի ուզում քննադատել Հովիկ Աբրահամյանին՝ Գագիկ Ծառուկյանի հետ վերջինիս բարեկամական եւ այլ կապերի պատճառով. «Որեւէ կապանքի բարդույթներ, ոտքից կապված քարեր, էդպիսի բաներ չունենք բացարձակ»:

Իսկ, թե ինչու է առաջիկա 10 տարիներին ՀՀԿ-ի մասին այդքան վստահ խոսել Էդուարդ Շարմազանովը, պարզաբանել է. որպեսզի Հայաստանում «թայֆայական, ոհմակային կառավարման ժամանակները, որ վաղուց անցել են, էլ տեղ չունենան»: Թե ում եւ ինչ է նկատի ունեցել, արձագանքողներ չկան: Դեռ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 17 (322), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։