Որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա՝ կգրավվի – Հայտարարված «մեր 1 զոհի դիմաց՝ 10 զոհը» միայն խոսքեր չեն եւ հայկական կողմը դա ապացուցում է մարտական դիրքերում…

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի կարող տեղադրվել. այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների այն մտահոգությանը, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում կարող է նման իրավիճակ ստեղծվել:

Սակայն պատգամավորները համառել են՝ հավելելով, որ հստակ պատասխան է պետք, եթե նման բան պարտադրվի Հայաստանին, արդյո՞ք իշխանությունները կհրաժարվեն Մաքսային միություն մտնելուց: Արդեն խոսել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով դիմելով ՀՀՇ իշխանության օրոք ԱԳ նախարար աշխատած պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին, նշել է, որ նա ունենալով դիվանագիտական մեծ փորձ, պետք է հասկանա, որ նման հարցերը չեն բարձրաձայնվում, աշխատանքներն ընթանում են եւ բոլոր խնդիրները կկարգավորվեն:

Արցախի խնդրով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ Ջեյմս Ուորլիքին, ինչպեսեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նախարարը եւ համանախագահները քննարկել են «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները»: Անդրադառնալով այս օրերին նշված հրադադարի հաստատման 20-ամյակին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը 20 տարի շարունակ կոպտորեն խախտում է ոչ միայն 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ հաստատված հրադադարի, այլ նաեւ 1995թ. փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունները, շարունակական սադրանքներ կազմակերպում Հայաստանի հետ սահմանին եւ Ղարաբաղի հետ շփման գծում, հրաժարվում է կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջնորդների նախաձեռնությունները, ինչը լրջորեն խոչընդոտում է բանակցային գործընթացն առաջ մղելու Հայաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերը։

Նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում նախագահների հանդիպումից հետո որոշակի հույս առաջացավ, որ կարելի է առաջ մղել բանակցային գործընթացը, սակայն ադրբեջանական կողմը, ինչպես հաճախ պատահել էր նախկինում, վերստին հետքայլ կատարեց: ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը մերժեց համանախագահների առաջարկը, որն արվել էր համապատասխան երկու նախագահների միջեւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածության: Բաքուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացի արձանագրումը եւ դրանով իսկ ամեն ինչ անում ստատուս քվոյի պահպանման համար:

«Ադրբեջանը հասկանում է միայն պատժիչ գործողությունների լեզուն»,- ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:

Վերջին 3 տարիներին շեշտակի աճել են հրադադարի խախտման դեպքերը հակառակորդի կողմից: Առաջին գծում հակառակորդը փորձում է իրավիճակը միշտ լարված պահել՝ հատկապես շփման գիծ բերելով դիպուկահարներին: Լինում են նաեւ դիվերսիոն գործողություններ, որի կանխումը հաճախ զոհերի է հանգեցնում: Արցախի զինված ուժերը ստիպված են պատժողական գործողություններ իրականացնել, քանի որ հակառակորդը միայն այդպես է հասկանում: «Վերջին 5 տարվա ընթացքում, այս տարի առաջին անգամ, Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին, որպեսզի միջնորդ հանդես գա՝ զինանդադարի ռեժիմը առաջին գծում պահպանելու ուղղությամբ: Մենք մեր համաձայնությունը տվել ենք, բայց նորից հակառակորդը խախտել է, ինչը մեզ հուշում է, որ նորից պիտի պատժենք հակառակորդին: Վերջերս մեր հատուկ ստորաբաժանումը առաջադրանք էր ստացել ու բոլոր ուղղություններում գերազանց կատարել է: Մեր հատուկ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած ժամանակ ցանկացած եղանակին ցանկացած դիրք գրավել»,- տեղեկացել է Արցախի ԶՈւ հրամանատարը:

Նա հավելել է, թե  «մեսիջ» են ուղարկել հակառակորդին. որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա, այդ դիրքը կարճ ժամանակում գրավելու ենք. «Իսկ դա գործնականում արդեն ապացուցել ենք՝ 2-րդ պաշտպանական շրջանում: Երբ հակառակորդի դիպուկահարի կրակոցից խոցվեց մեր զինվորը, մենք անմիջապես գրավեցինք նրանց դիրքը, որի ժամանակ հակառակորդը 4 զոհ տվեց»:

Հայաստանի ու Արցախի նախագահները բազմիցս հայտարարել են, որ պատերազմի չեն ձգտում, բայց սկսվելու դեպքում այն կհասցնեն հաղթական ավարտին: Իսկ այժմ, այնքան ժամանակ կպատժեն հակառակորդին, մինչեւ նա հասկանա, որ ամենալավ ելքը իր համար բանակցությունների սեղանին նստել է:

Ըստ Արցախի ԶՈւ հրամանատարի, հայտարարված «մեր 1 զոհի դիմաց՝ 10 զոհը» միայն խոսքեր չեն: Հայտնի է, որ զինադադարի 20 տարիներին հակառակորդը մոտ 8 անգամ ավելի զոհ է տվել:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 17 (322), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։