Համանախագահները խրամատներ են փորում իրենց դեսպանատներում – Հայաստանում եւ Արցախում հասկացել են, որ մշտապես հանդուրժող ու հավասարակշռված լինելը եվրահասկացողությանը հարիր չէ…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նույնպես արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին արած հայտարարությանը. «Չնայած նրան, որ մենք ողջունում ենք հիմքային մակարդակում կարգավիճակի վերաբերյալ նորացված ուշադրությունը, այս ծրագիրը չի համապատասխանում ժողովրդավարական ինքնորոշման ամերիկյան իդեալին. հարատեւ սկզբունք, որի վրա հիմնված է մեր երկիրը եւ որի վրա վերջին կես դարում ստեղծվել են ավելի քան հարյուր պետություններ։ Օգտագործելով խորապես սադրող եւ ակնհայտորեն ոչ ճիշտ «օկուպացիա» տերմինը՝ առաջարկված ծրագիրը կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին… Բաքվի ագրեսիայի պատերազմի զոհերին, ռազմավարական անվտանգության զիջումների գնալ՝ ի պատասխան Ադրբեջանի՝ խիստ ռազմատենչ հեշտությամբ շրջելի խոստումներին»: ԵԱՀԿ օրակարգի առաջնային հարցերից պետք է լինի Բաքվի արգելքի հարցը՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջական եւ անմիջական մասնակցությանը խաղաղ բանակցություններին. նշված է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, բայց համանախագահները որեւէ կտրուկ վերաբերմունք չեն ցուցաբերում:

Սա հետեւանք է այն բանի, որ հայկական կողմը՝ Հայաստանում եւ Արցախում, մշտապես հանդուրժող եւ հավասարակշռված է պահում իրեն: Իսկ դա երեւի թե եվրահասկացողության վրա այնքան էլ չի ազդում, ինչքան ադրբեջանական կողմի սադրանքները: Նշանակում է՝ եկել է պահը պնդելու, որ հենց ԼՂՀ-ն պե՜տք է լինի բանակցային կողմը, նվազագույնը՝ լինի բանակցային սեղանի հավասարազոր մասնակից:

Հասկանալի է, որ ԼՂՀ խնդրի լուծման հարցի ակտիվացումը մի քանի դրդապատճառ ունի, որոնցից մեկը՝ ԱՊՀ տարածաշրջանային զարգացումներն են, ինչի հետեւանքով այդ խնդրին ավելացել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրումը: Յուրաքանչյուր կողմ փորձում է մի տեղ դիրքերը կորցնելու դեպքում մյուս տարածաշրջանում այն ավելացնել: Հայաստանի կիսաչեզոք դիրքորոշումը եւս հարցեր է հարուցել: Չնայած պաշտոնական Երեւանը ուկրաինական հարցում ՄԱԿ-ում քվեարկեց ռուսական քայլերի օգտին, սակայն ամեն ինչ դեռ միակողմանի ընթացք չի ստացել Հայաստանում:

Կալիֆորնիայի նահանգի՝ Արցախի անկախության ճանաչման փաստը նոր ազդակ էր հայկական կողմին, իսկ ԱՄՆ համանախագահ Ուորլիքի հնարավորինս չեզոք (որոշակիորեն՝ ադրբեջանանպաստ) հայտարարությունը քայլ էր  ադրբեջանական կողմին ուղղված, որն սկսել էր ԱՄՆ-ի համանախագահի անվստահություն հայտնելու գործընթաց: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ներկայացրած ԼՂ կարգավորման 6 կետերը նախկին խնդիրները նորից օրակարգ բերելու քայլ է՝ ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդելու, կողմերին որոշ բաներ հասկացնելու համար: Այս հակադրությունների համապատկերին էլ ընթանում է Հայաստանի համագործակցությունը ռուսական ու եվրա-ամերիկյան ուղղությունների հետ:

Բայց Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է: «Եթե Արցախին մի բան պատահի, մենք անկասկած բոլորս այնտեղ ենք լինելու»,- ասել է մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա չի ցանկացել մեկնաբանել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները՝ ասելով. «Եկեք լավ բաներից խոսենք» ու շարունակել է. «Երկրապահի ստորաբաժանումների փորձառու հենքի վրա է ստեղծվել Հայոց բանակը, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը: Հայկական բանակը իր զորահավաքային ռեսուրսի, ազատամարտիկների, երկրապահների հետ միասին այսօր մի կուռ կառույց է ու անհրաժեշտության դեպքում միշտ էլ պատրաստ է լինելու կանգնելու մեր հայրենիքի պաշտպանության գործին: Հայոց բանակը Արցախի անվտանգության երաշխավորն է եւ անհրաժեշտության դեպքում պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար»: ԵԿՄ նախագահ եւ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը եւս հավաստել է, որ ազատամարտիկները թույլ չեն տա որեւէ հողային զիջում: Տարբեր կամավորական զորամիավորումների հրամանատարների կարծիքը միահամուռ է, որ Բաքվի հաջորդ ռազմական քայլը կդառնա ճակատագրական հենց Ադրբեջանի համար, քանի որ այս անգամ հայկական զինուժն իր գործը կավարտի հենց Բաքվում: Հստակ է նաեւ Արցախի իշխանության ու ժողովրդի տեսակետը՝ վերադարձ նախկին սահմաններին չի կարող լինել:

Իսկ ազատագրված Բերձորում համանախագահներին դիմավորեցին ցույցերով ու հանդիմանությամբ, ինչը անսպասելի էր բոլորի համար: Առաջին անգամ արցախցիները հասկացրեցին, որ կարող են նաեւ ընդվզել, եթե հանդուրժողական լինելը վնասարար է այլեւս: Եվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, Ջեյմս Ուորլիքը նշել է, որ «ԼՂ ժողովուրդն իրավունք ունի եւ արժանի է, որպեսզի իմանա ամեն բան եւ հայտնի իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը»: Չնայած ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ չեն ուզում ճեպազրույց ունենալ լրագրողների հետ, ԱՄՆ-ի համանախագահը համաձայնել է պատասխանել մի քանի հարցերի։ Karabakh-open.info-ն, համանախագահին հիշեցնելով Բերձորում իրենց բողոքի ակցիայով դիմավորելու մասին, հայտնել է, որ «այդպիսի ընդունելության կարող են արժանանալ նաեւ Ղարաբաղի մյուս շրջաններում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի ժողովրդի համար անընդունելի են այն 6 կետերը, որոնք նա հրապարակել է վերջերս ունեցած իր ելույթում: Եվ ինչպե՞ս է համանախագահը տեսնում այդ կետերի իրագործումը»: Ի պատասխան հնչել է, որ իրենք «հարգում են ժողովրդի իրավունքը՝ խաղաղ ձեւով ներկայացնելու իրենց պահանջները» եւ իր համար անակնկալ էր դա, «այնուամենայնիվ ես մեքենայից դուրս եկա, եւ ունեցանք շատ օգտակար զրույց մասնակիցների հետ»։ Նաեւ նշել է, որ ամենավատ տարբերակը կլինի պատերազմական գործողությունների, հակամարտության վերսկսումը, ինչը նշանակում է, որ չնայած հնարավոր անհամաձայնություններին, բոլորը պետք է փորձեն ինչ-որ ելք գտնել. «Ղարաբաղը չափազանց գեղեցիկ է, եւ ես տպավորված էի տեսնելով այդ երիտասարդ մարդկանց։ Բոլորիս պարտքն է անել այնպես, որ այստեղ խաղաղություն լինի եւ նոր սերունդն ապրի խաղաղ պայմաններում»։

Բայց Հայաստանում շատերն են կարծում, որ հենց թվարկված 6 կետերի իրագործումը կբերի նոր պատերազմի, ինչը հակասում է ամերիկացի համանախագահի նշած «հարավկովկասյան տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության» ստեղծմանը: Իհարկե, նշված կետերը նորություն չեն, այդ մասին խոսել էին նաեւ նախկինում՝ նախորդ համանախագահները՝ նշելով, որ սա վերջնական տեսակետ չէ:

Հասկանալով, որ ամեն դեպքում հայտարարությունը սրել է իրավիճակը Հայաստանում եւ Արցախում, համանախագահները նշել են, թե «Մինսկի խումբը չի կարող պարտադրել որոշում, մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ժողովրդին, լսենք նաեւ մարդկանց կարծիքը եւ հանդիպենք ոչ միայն դե ֆակտո իշխանությունների հետ, այլեւ ժողովրդի»։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր էջում եւս անդրադարձավ ամերիկացի համանախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին ելույթին եւ վերջինիս քննադատողներին ուղղված գրառում կատարեց, թե՝ «Ովքեր քննատում են Ուորլիքի հայտարարությունը, պետք է հիշեն, որ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում ենթադրում է փոխզիջում»: Մեկ այլ գրառմամբ էլ ԱՄՆ դեսպանատունը շեշտել է, որ «3 հնարավոր ելք կա՝ բանակցությունների միջոցով կարգավորում, երկարատեւ անընդունելի ստատուս-քվո, կամ էլ պատերազմ: Լեռնային Ղարաբաղի համար խաղաղություն, թե…  ընտրեք»: «Եթե կողմերը մինչեւ վերջ իրենց ուզեցածը պահանջեն, ապա շատ երկար են սպասելու»,- հավելել է դեպանատունը:

ԱՄՆ դեսպանատան պատասխանատուները փորձում են հետ չմնալ ՌԴ դեսպանից, ով վերջերս հայտարարեց, թե Հայաստանում պետք է կասեցվի այն հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք հակառուսական քարոզչությամբ են զբաղված: Արագ տեղեկատվություն հայտնվեց, թե դեսպան Իվան Վոլինկինն աշխատել է նաեւ Վրաստանում, իհարկե ոչ որպես դեսպան, բայց հեռացվել է վրացական իշխանությունների կողմից՝ մեղադրվելով Վրաստանում հեղաշրջում կատարելու փորձի մեջ։

Ռուս-ամերիկյան հակամարտությունն այնքան ակնհայտ է այլեւս, որ մարտադաշտի են վերածվում նաեւ դեսպանատների տարածքները:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 17 (322), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։