Մոսկվա՞ն է կանխել Ադրբեջանի ոչնչացումը – Իսկ Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն ներում հայերի ազատատենչ հանդգնությունը եւ կամային հաղթանակը…

Հայտնի ռուս փորձագետ, Կրեմլի քարոզիչ Ստանիսլավ Տարասովը հոդված է հրապարակել Արցախյան պատերազմի հրադադարի պայմանագրի 20-ամյակի կապակցությամբ, որում մասնավորաբար գրել է. «Երբ 1993-94թթ. ձմռանը Ադրբեջանը մասշտաբային հարձակում ծավալեց ղարաբաղյան ճակատի ողջ երկայնքով, հենց ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային, եւ ոչ թե եվրոպական կառույցներին կամ ԱՄՆ-ին հաջողվեց խանգարել հայկական զորքերին դուրս գալ Քուռ գետ եւ հարցականի տակ դնել ընդհանրապես Ադրբեջանի պետականության գոյությունը»: Հետաքրքիր է, որ ռուս փորձագետը գրում է մի ճշմարտություն, որն այնքան էլ մեծ գաղտնիք չէ, բոլորը գիտեն, որ Արցախյան պատերազմը հրահրել են ոչ թե ԱՄՆ-ն կամ եվրոպական երկրները, այլ մեր ներկա գործընկեր Ռուսաստանը, երբ ցանկանում էր մշտապես փակել «արցախյան թեման»: 1990-ականների սկզբին հենց Ռուսաստանը 2 ռազմական գործողություն կատարեց Արցախիի հայերի դեմ, որի հետեւանքը եղավ տասնյակ հայկական բնակավայրերի ոչնչացումը եւ հազարավոր հայերի սպանություններն ու տեղահանությունը: Դեռ խորհրդային ժամանակներից ռուսական կողմը իր ՕՄՕՆ-ականների միջոցով աջակցում էր ադրբեջանցիներին:

Արցախյան կողմը հասկացավ սա եւ սկսեց մեկ այլ դիմադրություն. Ստեփանակերտից ռուսական գունդը հեռացվեց եւ, զենքերը վերցնելով, արցախցիներն անցան հաղթական պայքարի: Այսպես եղավ նաեւ Հայաստանում, երբ կամավորական ջոկատները հարձակվում էին սովետական զինանոցների, զորակայանների վրա եւ զենքեր հայթայթում սովետական բանակին Հայաստանում դիմակայելու, ադրբեջանական հրոսակներին էլ՝ Հայաստանի ու Արցախի սահմաններին:

Այսպես եւ՛ զենք-զինամթերք հայթայթելով եւ՛ ինքնապաշտպանվելով ու պատերազմելով հայկական ուժերը կամավորական ջոկատներից վերածվում էին ամուր ու մարտական զորագնդերի: Եվ հաղթանակները հաջորդում էին մեկը մյուսին, մինչեւ Բաքու հասնելու ծրագրերն այլեւս իրատեսական էին…

Եվ ահա հենց այդ ժամանակ էլ, ինչպես նշել է Ստանիսլավ Տարասովը, եկավ հենց այն (հայերին թիկունքից հարվածելու) ժամանակը, երբ Ռուսաստանը կրկին ստանձնեց Ադրբեջանին փրկելու գործը: Պարտադրված հրադադարից առաջ տեղի ունեցած լայնամասշտաբ (հրահրվող) ռազմական գործողությունները «մսաղացի» էին վերածվել, բայց հայերի համեմատ ադրբեջանցիների կորուստը տասնապատիկ էր: Այդ ժամանակ ռուսական հետախուզությունը Հեյդար Ալիեւի հետ համատեղ ձեռնամուխ էր եղել «մսաղացում» հայերի թիվը շատացնելուն, որպեսզի հայկական հաղթարշավը կանգնեցնեն, ադրբեջանցիներին էլ համոզեն, որ մեծ զոհերի գնով անգամ պատերազմը պետք է կանգնեցնել:

Այսպես, ինչպես 1918-ին Կարսի ճակատում թուրքերի դեմ, ռուսական կողմը լքեց հայերին, իսկ նրանց հետախուզությունը հայկական որոշակի շրջանակների հետ համատեղ փորձում էր խուճապ գցել հայկական զինուժի ու հայ հանրության մեջ: Իսկ «լուրերը» այսպես էին տարածվում, որ «Ալիեւը համաձայնել է ռուսական պահանջներին եւ ռուսները նրան խոստացել են օգնել հայերից տարածքներ խլել»: Սա կեղտոտ խաղ էր եւ որոշակի ազդեցությունը ունեցավ գոնե սկզբնական շրջանում: Շատերն այն կարծիքին են, որ ոչ միայն Մոսկվան, այլեւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները միասնաբար փրկեցին Ադրբեջանին լիակատար ջախջախումից:

Արցախը խառնեց համաշխարհային մութ ուժերինրանց խամաճիկների որոշ ծրագրեր: ԽՍՀՄ քանդվելուց այլ բարդություններ չպիտի առաջանային, բայց, երեւի թե առաջին անգամ վերջին հարյուրամյակներում, հայերը կարողացան օգտվել ուրիշների դավերիցԱյդ  տարիներին աշխարհի մութ ուժերի խամաճիկներից էին նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների մեծ մասը: Արցախը անկախացավ, ավելին՝ հայկական զինուժը ազատագրեց նաեւ հարակից բռնազավթված հողերը՝ հակառակ Մոսկվայի, նաեւ Վաշինգտոնի ու Բրյուսելի: Եվ սա է նաեւ պատճառը, որ առ այսօր չի ներվում հայերի հանդգնությունը եւ կամային հաղթանակը:

Այժմ էլ գրեթե նույն խաղերն են, Արեւմուտքը ադրբեջանական նավթադոլարներից օգտվելով՝ ձգձգում է Արցախի հարցը, միաժամանակ քայլեր ձեռնարկում ազատագրված տարածքների մի մասը Ադրբեջանին նվիրելու համար: Ռուսաստանն էլ է սկսել ետ չմնալ այս խաղից: Իրավիճակը հանգել է գրեթե նույն կետին, համանախագահների 6 կետանոց հայտարարությունը փորձում է նախնական դիրքի բերել հիմնահարցը: Արեւմուտքից հետ չի մնում նաեւ Ռուսաստանը, որն Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել Արեւմուտքի հետ ինտեգրման կուրսից եւ վերադառնալ ռուսական ազդեցության տարածք: Բաքուն արդեն սկսել է գործընկերոջ քայլեր կատարել եւ դարձել է ԱՊՀ-ական երկրներից (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը) զենքի խոշոր առեւտուր անող: Սա ի տարբերություն Հայաստանի, որ մեծ գնորդ չի հանդիսանում: Այսպես՝ ոչ միայն Ռուսաստանն է գործում Հայաստանի թիկունքում, այլեւ ԱՊՀ-ն եւ այն ՀԱՊԿ-ն, որը պետք է լինի մեր կողքին, եթե վտանգվեն հայկական շահերը, նաեւ, երբ վերսկսվի հայ-ադրբեջանական պատերազմը…

Ռուս փորձագետն իր հոդվածն ավարտել է հիշեցնելով, որ պատմությունը պատժում է նրանց, ովքեր դասեր չեն քաղում: Հայկական կողմը պետք է հստակ ցույց տա, որ մեզ համար դեպի խաղաղություն տանող ճանապարհը հաստատ «կապիտուլյացիան» չէ, ինչից ժամանակին փրկեցին Ադրբեջանին:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 17 (322), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։