Հայկական խոհանոց – Հորթի մսով, ընկույզով արքայական ուտեստ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Հորթի մսով, ընկույզով արքայական ուտեստ

Բաղադրությունը - Հորթի միս – 0.5 կգ, ընկույզ – 200 գ, սխտոր – 2 պճեղ, ռեհան – 0.5 կապ, նռան հյութ – 1 բաժակ, հորթի մսի արգանակ – 100 գ, զեյթունի բուսայուղ – 100 գ, աղ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը - Միսը խաշել, ձողաձեւ կտրատել: Ընկույզը հավանգով կամ հարիչով ծեծել, ավելացնել սխտորը, մանր կտրտած ռեհանի տերեւները եւ կրկին ծեծել: Հետո ավելացնել նռան հյութը, աղը, պղպեղը, արգանակը եւ աստիճանաբար՝ բուսայուղը: Այս ամենը միասին կրկին հարել:

Երբ թանձրուկը պատրաստ լինի, այն լցնել մսի վրա եւ մատուցել ռեհանով կամ նռով: Զգա՛ արքայական ուտեստի համը:

Աշխարհի մարզական հեւքից –

Հաղթանակ, որը նաեւ լուրջ մտորումներ առաջացրեց

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Շվեյցարիայում ընկերական հանդիպում անցկացրեց Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի հետ եւ հաղթեց 4:3 հաշվով: Մեր թիմի կազմում 2 անգամ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, 1-ական անգամ՝ Լեւոն Հայրապետյանն ու Ռումյան Հովսեփյանը:

Հաճելի է, որ մեր հավաքականը Եվրոպայի 2016թ. ընտրական փուլի առաջնությանը նախապատրաստությունն սկսեց հաղթանակով, բայց սա այն հաղթանակներից է, որ նաեւ  մտահոգվելու առիթ է տալիս: Մեր հավաքականը 2 գնդակ բաց թողեց անկյունայինների խաղարկումից, իսկ գոլային մյուս դրվագում էլ մրցակցի ֆուտբոլիստները մեր թիմի տուգանային հրապարակում գնդակն ազատ խաղարկելու ու հարվածելու հնարավորություն ստացան: Հասկանալի է, որ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մեծ աշխատանք ունի կատարելու՝ հատկապես պաշտպանությունում առկա խնդիրները լուծելու եւ հավաքականի խաղը ավելի կուռ  կազմակերպելու համար: Հայաստանի հավաքականն այս ուսումնամարզական հավաքի ընթացքում եւս 2 ստուգողական խաղ կանցկացնի՝ ընդդեմ Ալժիրի ու Գերմանիայի ընտրանիների, որոնք նախապատրաստվում են Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ. առաջնությանը եւ, բնականաբար, կարգով գերազանցում են մեր ազգային թիմի առաջին մրցակցին՝ ԱՄԷ-ի հավաքականին:

Հայտնի ֆուտբոլիստները՝ Հայաստանում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեկնարկեց Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ տոնական միջոցառում: Տեղադրվել են հայտնի ֆուտբոլիստների մանեկեններ: Ցանկացողները լուսանկարվել են հայտնի ֆուտբոլիստների նմանակների հետ։ Միջոցառմանը մասնակցել են Բրազիլիայի ու Արգենտինայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, կառավարության ներկայացուցիչներ, օդանավակայանի ղեկավարությունը:

Անիրական թվացող իրականություն. Արարատը միայն անուն չէ…

Երեւանի «Արարատ» ակումբի հետ բազում գեղեցիկ հուշեր են կապված, երբ  թիմը հանդես էր գալիս ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությունում ու եվրոպական ակումբային մրցաշարերում: Բայց անկախ Հայաստանի «Արարատ»-ը չարդարացրեց մարզասերների սպասումները: Թվում էր՝ այս տարի թիմն իր նախկին համբավը կվերականգնի, եւ երբ «Արարատ»-ը 24 խաղափուլ շարունակ աղյուսակը գլխավորում էր, անգամ շուրջ 10 միավորի առավելություն հաջորդող թիմի նկատմամբ… բոլորը համոզված էին, որ չեմպիոնության խնդիրը լուծված է: Բայց կատարվեց անսպասելին՝ արարատցիները անչափ անվստահ անցկացրեցին մնացած հանդիպումները, եւ չկարողացան անգամ մրցանակային տեղ զբաղեցնել ու եվրոգավաթների ուղեգիր նվաճել: Հանգրվանեցին միայն 4-րդ տեղում:

«Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Արկադի Չիլինգարյանը հայտնել է, որ կորցրեցին հաղթելու հնարավորությունը, բայց ոչ երկրպագուներին: Նրա խոսքով՝ 4-րդ խաղաշրջանը վատ չսկսեցին, բայց ետնապահ «Ալաշկերտ»-ի հետ խաղում թիմը մի տեսակ կոտրվեց, որից հետո սկսվեց նահանջը, իսկ առաջնության վերջին խաղում սեփական դաշտում 1:4 հաշվով պարտվելով «Շիրակ»-ին, կորցրեց ամեն ինչ:

Հավատարիմ երկրպագուներին այս անհաջողությունը չի վանել եւ պատրաստ են աջակցել թիմին, ինչը ոգեւորում է արարատցիներին: Այսպիսի վերաբերմունքից բացի, Արարատ անունը եւս պետք է ավելի պարտավորեցնի ֆուտբոլիստներին ու ստիպի վերականգնել «Արարատ»-ի նախկին համբավը հայրենիքում եւ միջազգային ասպարեզում:

- Այս տարի մայրաքաղաքում կկառուցվի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ: Դա արվում է Երեւանի քաղաքապետարանի 2014թ. շինբարեկարգման ծրագրերի շրջանակում:

Հունիսը հագեցած ամիս է բռնցքամարտիկների համար

Մայիսի 30-ից հունիսի 8-ը Բուխարեստում կկայանա Եվրոպայի կանանց բռնցքամարտի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացված կլինի 2 մարզիկով: Մեր երկիրը կներկայացնեն Քրիստինե Սարգսյանը (49 կգ) եւ Աշխեն Հովհաննիսյանը  (60 կգ): Հունիսի 2-8-ը մեր տղամարդ բռնցքամարտիկները կմասնակցեն Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարին: Հայաստանը կներկայացնեն Հենրիկ Մոքոյանը (56 կգ), Արամ Ավագյանը  (60 կգ), Գոռ Երիցյանը (64կգ), Արման Դարչինյանը (69 կգ) եւ Արման Հովհիկյանը (75 կգ): Ավելի ուշ՝ հունիսի 8-14-ը, մեր բռնցքամարտիկները կմասնակցեն Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ ռինգ դուրս կգան Արա Պուլուզյանը  (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Տիգրան Արմենակյանը (81 կգ) եւ Ռաֆայել Սիմոնյանը (91 կգ): Մինսկում մենք բռնցքամարտիկ կունենանք նաեւ 52 կգ քաշային կարգում, բայց թե ով կներկայացնի Հայաստանը, առայժմ հայտնի չէ. այս մասին տեղեկացրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Անահիտ Թադեւոսյանը նոր ռեկորդ է սահմանել

Մեր աթլետ Անահիտ Թադեւոսյանը նոր ռեկորդ է սահմանել: Հայաստանի աթլետիկայի առաջնության ժամանակ երեւանցի մարզուհին մուրճի նետում ձեւում ցույց է տվել 50,05 մ արդյունք, ինչը հանրապետական ռեկորդ է: Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 120 մարզիկ եւ մարզուհի, որոնք խաղարկել են 129 մեդալ: Կանանց առաջնության հաղթող են դարձել Դիանա Խուբեսերյանը (Երեւան, 100մ, 200մ վազք), Լիլիթ Հարությունյանը (Վանաձոր, 400մ, 1500մ վազք), Աննա Քարհանյանը (Վանաձոր, 800մ վազք), Էլլադա Ալավերդյանը (Վանաձոր, 3000մ վազք), Աննա Բակունցը (Կապան, 400մ արգելավազք), Սաթենիկ Հովհաննիսյանը (Երեւան, հեռացատկ, եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (Գյումրի, սկավառակի նետում, գնդի հրում), Անահիտ Թադեւոսյանը:

4X400մ փոխանցավազքում լավագույն արդյունք ցույց է տվել Վանաձորի թիմը: Տղամարդկանց մրցումներում ոսկե մեդալ են նվաճել Արթուր Մուրադյանը (Երեւան, 100մ վազք), Սամվել Գրիգորյանը (Երեւան, 200մ վազք, 400մ արգելավազք), Տիգրան Մկրտչյանը (Գյումրի, 400մ վազք), Աշոտ Հայրապետյանը (ԼՂՀ, 800մ, 1500մ վազք), Երվանդ Մկրտչյանը (Գյումրի, 3000մ վազք), Արտակ Համբարձումյանը (Երեւան, հեռացատկ), Լեւոն Աղասյանը (Կապան, ԲԿՄԱ, եռացատկ), Ալբերտ Մարտիրոսյանը (Գյումրի, գնդի հրում, նիզակի նետում), Սուրեն Խաչատրյան (Երեւան, սկավառակի նետում): 4X100մ փոխանցավազքում հաղթող է ճանաչվել Արտաշատի քառյակը, իսկ 4X400մ փոխանցավազքում՝ Գյումրու հավաքականը:

Գաբրիել Սարգսյանը կրկին հաղթեց Չիկագոյում

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 2-րդ անգամ հաղթեց ամերիկյան Չիկագոյում անցկացվող շախմատի միջազգային բաց մրցաշարում։  Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ հնդիկ միջազգային վարպետ Պրիադարշամ Կանապանի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը, սակայն իր վարկանիշով ճանաչվեց մրցաշարի հաղթող։

Վարուժան Հակոբյանը եւ Տաթեւ Աբրահամյանը՝ փոխչեմպիոններ

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստները արծաթե մեդալներ նվաճեցին այդ երկրի առաջնություններում:

Տղամարդկանց մրցաշարում մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը լրացուցիչ մրցաշարի առաջին տուրում հաղթեց Ալեքս Լենդերմանին եւ մտավ եզրափակիչ: Այդտեղ 30-ամյա գրոսմայստերը 0,5:1,5 հաշվով պարտվեց ավելի փորձառու Գատա Կամսկուն եւ զբաղեցրեց երկրորդ տեղը:

Կանանց առաջնության նմանատիպ մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը «արմագեդոնում» պարտության մատնեց Աննա Զատոնսկիխին եւ իրավունք ստացավ վիճարկել չեմպիոնի կոչումը Իրինա Կրուշի հետ մրցամարտում: Մեր հայրենակիցը սեւերով պարտվեց, իսկ սպիտակներով ոչ-ոքի խաղաց: Արդյունքում, 25-ամյա շախմատիստուհին առաջնությունն ավարտեց նույնպես 2-րդ հորիզոնականում:

Լոնդոնն անվանել են սելֆիների մայրաքաղաք

Լոնդոնը սկսել են կոչել սելֆիի համաշխարհային մայրաքաղաք: Այս իմաստով Անգլիայի մայրաքաղաքն առաջ է անցել Նյու Յորքից, Ամստերդամից ու Բարսելոնից:

Suggestme.com կայքն ուսումնասիրել է սոցցանցերի ավելի քան 6 միլիոն հաղորդագրություն: Արդյունքում պարզվել է, որ սելֆիների 14%-ից ավելին արվել է Լոնդոնում: 2-րդ եւ 3-րդ տեղերում են Նյու Յորքն ու Ամստերդամը, որտեղ սելֆիի սիրահարները նախընտրում են լուսանկարվել Թայմս սքուերի, Ազատության արձանի, Ռեյքսմյուզեումի եւ Վան Գոգի թանգարանի ֆոնին: Տասնյակում են Բարսելոնը, Փարիզը, Բեռլինը, Հռոմը, Սիդնեյը, Ստամբուլը եւ Աթենքը:

Միաժամանակ, եթե դասակարգումն արվի առանձին տեսարժան վայրերով, ապա սելֆիների առաջատարը Հռոմի Կոլիզեն է:

Անցյալ ամիս նմանատիպ աղյուսակ էր կազմել «Time»-ը: Առաջատար էր դարձել Մակատի քաղաքը՝ Ֆիլիպինների տնտեսական կենտրոնը: Այնուհետ Նյու Յորքի Մանհեթենն է եւ Մայամին: Լոնդոնն այս ցանկում 93-րդն էր:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

 

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 18 (323), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։