Մեր ավանդապատումներ շարքից – Երեւան… Գոյություն ունեն Երեւան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ եւ ավանդություններ…

Երեւանի ավանդապատումները

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-17-ում

Երեւանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հատկանշական է այն փաստը, որ Երեւանի տարածքն անընդհատ բնակեցված է եղել: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել եւ տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր: Ժամանակագրական առումով քաղաքի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը Երեւանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երեւանյան լճի մոտ, Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100 000 – 35 000 տարի առաջ): Այնուհետեւ, Երեւանի տարածքում մարդու բնակության հետքերը հայտնաբերվում են նոր բնակավայրերում՝ ստեղծելով պատմական հուշարձանների մի ամբողջական շղթա: Թվարկենք դրանք. Շենգավիթ, (մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներ), Ծիծեռնակաբերդ, Ավան, Զեյթուն թաղամասեր, Կայարանամերձ հրապարակ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես), Կարմիր-բերդ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ), Կարմիր-բլուր (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ -1-ին հազարամյակի սկիզբ), Արին բերդ (Էրեբունի, մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ), Ավան-Առինջ (մ.թ.ա. 2-րդ-1-ին դարեր), վաղ միջնադարյան Երեւան (Կենտրոն), Երեւանի բերդ (7-րդ դար, 16-րդ դար) եւ այլն:

Ուսումնասիրողներին (Ղ. Ալիշան, Ղ. Ինճիճյան) եւ Երեւան այցելած օտարերկրյա ճանապարհորդներին (Ժ. Շարդեն, Ռոբերտ Կեր Փորտեր, Ուիլյամ Աուզլեյ, Լինչ) հետաքրքրել է հատկապես Երեւան անունը:

Երեւան անունը (յերեւան ձեւով) հայ մատենագրության մեջ առաջին անգամ հանդիպում է V դարի հնագույն մի հիշատակարանում (ՙՀնոց եւ նորոց պատմութիւն վասն Դավթի եւ Մովսէսի Խորենացւոց, թուղթ Դիոնէսիոսի՚, Կ. Պոլիս, 1874):

Երեւանի մասին հաջորդ հիշատակությունը վերաբերում է 607թ., երբ Դվինում հրավիրված եկեղեցական ժողովին մասնակցել են նաեւ Դավիթ Երեցը եւ Ջոջիկ անունով վանականը Երեւանից («Գիրք Թղթոց» մատենագրութիւն նախնեաց, 1901):

VII դարի պատմիչ Սեբեոսը եւս վկայություն ունի Երեւանի մասին, կապված 642-643թթ. արաբական արշավանքների հետ (Սեբէոս, Պատմութիւնք, 1672 թ., Ձեռագիր մատյան, 2639): Հովհ. Դրասխանակերտցու (IX-X դդ., Պատմութիւն Հայոց), Ս. Անեցու (XII դար, «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»), Ստ. Օրբելյանի (XIII դար, «Պատմութիւն նահանգին Սիսական») եւ այլ մատենագիրների աշխատություններում եւս հիշատակություններ կան Երեւանի մասին: Հայ մատենագրությունում Երեւանը հիշատակվում է Երեւան, Էրեւան, Էրվան, Էրուան, Երեւան, Արեւան եւ այլ ձեւերով:

Օտարերկրյա ճանապարհորդների եւ ուսումնասիրողների աշխատություններում Երեւանը հիշատակվում է Erivan, Irvan, Iravan, Ýðè­­âàí, Åðåâàí, Èðåâàí եւ այլ ձեւերով: Ենթադրվում է, որ հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (II դար) «Աշխարհագրություն» աշխատության մեջ նշված Tervan բնակավայրը Երեւանն է, եւ Irvan անվան I-ն թյուրիմացաբար գրվել է T ձեւով, քանի որ Tervan-ը քարտեզում նշված է նույն աշխարհագրական լայնության վրա, ինչ Երեւանը:

Գոյություն ունեն Երեւան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ եւ ավանդություններ: Ամենահին եւ ամենատարածված բացատրությունը կապված է Նոյի անվան հետ: Ժողովրդի մեջ տարածված ավանդության համաձայն, ջրհեղեղից հետո, երբ ջրերը ետ են քաշվել, Նոյը Արարատ սարից տեսել է ցամաք ու բացականչել« «երեւաց, երեւաց», որն էլ հետագայում ձեւափոխվելով դարձել է Երեւան: Այս ավանդությունը հին է եւ միշտ տարածված է եղել ժողովրդի մեջ: Այդ են վկայում Երեւան այցելած օտարերկրյա ճանապարհորդները, որոնց տեղացիները պատմել են այդ ավանդությունը:

Առաջիներից մեկը, ով վկայում է այդ մասին ֆրանսիացի ճանապարհորդ ժան Շարդենն է, որը 1672-73թթ. եղել է Երեւանում: Տեղի հայերը Շարդենին պատմել են, որ Երեւանը Նոյի բնակության վայրն էր մինչեւ ջրհեղեղը եւ կառուցվել է նույն տեղում ջրհեղեղից հետո:

Երեւան անունը եւ քաղաքի հիմնադրումը Նոյի հետ են կապում նաեւ Ուիլյամ Աուզլեյը, Ռոբերտ Քեր Փորթրը, Ա. Հաքստհաուզենը, Լինչը եւ ուրիշներ: Հայ պատմագրության մեջ վերոհիշյալ ավանդությանը անդրադարձել են Ղ. Ինճիճյանը, Մ. Սմբատյանը եւ ուրիշներ: Այս տեսակետը այսօր էլ մնում է որպես ժողովրդական ավանդություն եւ վկայում է, որ Երեւանը շատ հին բնակավայր է:

Երեւան անվան բացատրության այլ տեսակետի համաձայն Երեւան անունը կապվում է Երվանդյան հարստության վերջին թագավոր Երվանդ 4-րդի անվան հետ (մ.թ.ա. 220-201թթ.): Հ. Նալյանը ենթադրում է, որ Երեւանը Երվանդի կառուցած Երվանդաշատ մայրաքաղաքն է, այլ ուսումնասիրողներ, որ Երվանդավան քաղաքն է եւ այլն:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 18 (323), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։