Հանրային ծառայությունների համարանիշը՝ փորձանք մարդկանց գլխին, նաեւ՝ պետության – Հայ արիները մարդ-համարանիշի ստեղծման մեջ են տեսել մարդկանց համարակալման վտանգը…

Հարկերն ու տուրքերը չեն հավաքվում

…Սա այն էր, ինչ տարիներ շարունակ ասում էին ընդդեմ մարդկանց համարակալման շարժման մասնակիցները: Սոցիալական քարտի համարանիշը նույնությամբ պատճենված է նույնականացման քարտում, ինչը ստացել է հանրային ծառայությունների համարանիշ անվանումը: Մեր պաշտոնյաները օրինակ են բերում արտասահմանյան փորձից, իբր արդյունավետացում ցույց տալու համար, սակայն արտերկրում համարանիշը փոփոխական է նաեւ, ինչպես անձնագրինը: Այս դեպքում ճիշտ են հայ արիներն ու սոցքարտերի եւ կենսաչափական քարտերի դեմ պայքարողները…

Հանրային ծառայությունների համարանիշի կիրառումը, պարզվում է, որոշ բարդություններ է ստեղծել մեր քաղաքացիների համար: Եվ ոչ միայն քաղաքացիների: Ու երեւի հենց դրա համար է, որ արդեն կառավարությունն ինքն է խոսում այդ խնդրի մասին:

Գործադիրի երեկվա նիստում թեմային անդրադարձավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բանն այն է, որ հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու եւ վճարելու ժամանակ, նաեւ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ: Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս՝ անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով: «Համապատասխան օրենքի լրացման արդյունքում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ վճարելու հարցում բարդություններ ու դժվարություններ են ստեղծվել քաղաքացիների համար, որոշ դեպքերում նաեւ վճարման անհնարինություն, որի հետեւանքով լրջագույն խնդիր է առաջացել համայնքներում բյուջեների մուտքերն ապահովելու համար»,-ասաց Տ. Մարգարյանը:

Օրինակ, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի տուրքը չվճարվելու դեպքում տուրք վճարող է դառնում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն է, ապա այն անձը« որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը: Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ նույն ավտոտրանսպորտային միջոցը մի քանի անգամ վերավաճառվել է լիազորագրի հիման վրա եւ գործարքների արդյունքները չեն հաշվառվել պետական լիազորված մարմնում, որի հետեւանքով սեփականությունը հաշվառվել է սկզբնական սեփականատիրոջ անունով: Կամ՝ բանկերին պարտադրվում է ավտոկայանատեղի տեղական տուրք վճարողից պահանջել այլ փաստաթղթերի հետ մեկտեղ հանրային ծառայությունների համարանիշ՝ վճարումն ընդունելու համար, ինչը անհնարին է դարձնում օրենքի պահանջի կատարումն ավտոմեքենայի վերջին սեփականատիրոջ կողմից: Նույնը վերաբերում է նաեւ փոխադրամիջոցի գույքահարկի վճարման դեպքերին:

Կամ՝ Երեւանի ավագանու դեռ երկու տարի առաջվա որոշման համաձայն‘վճարողներն ավտոկայանատեղի տուրքը վճարում են անկանխիկ՝ Երեւանի քաղաքապետարանի հաշվեհամարին՝ բանկային եւ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով, էլեկտրոնային եղանակով, «sms» վճարմամբ: Եվ Երեւանում լայն տարածում է ստացել բջջային կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի տուրքի վճարումը եւ ավագանու որոշմամբ, ի տարբերություն Հայաստանում այլ տուրքերի վճարման եղանակների, նախատեսված է նաեւ լրացուցիչ հնարավորություն տեղական տուրքը վճարելու համար, ինչը շատ հարմարավետ ու արդյունավետ գործիք է: Բայց արի ու տես, որ օրենքը չի կարգավորում բջջային կարճ հաղորդագրության միջոցով տուրքի վճարման հետ կապված հարաբերությունները:

Մեկ այլ խնդրահարույց վիճակ է աղբահանության ոլորտում: «Ստեղծվել է մի այսպիսի վիճակ. հասարակական նշանակության շինության սեփականատերը ամիսներ շարունակ վճարում է աղբահանության վճարը եւ հաշվառման բազայում գրանցված են նրա անհատական տվյալները, եւ եթե հետագայում նա իր սեփականությունը հանդիսացող տարածքները հանձնել է վարձակալության մի քանի սուբյեկտների, ապա նշված սուբյեկտներն մի խնդրի առաջ են կանգնում՝ աղբահանության վճարի վճարում սեփականատիրոջ հանրային ծառայությունների համարանիշով, որը պետք է ներկայացնեն վճարում կատարելու ժամանակ, քանի որ անհատական տվյալների բազայում հաշվառված է սեփականատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը»: Եթե սեփականատերը բացակայում է տվյալ համայնքից կամ գտնվում է ՀՀ-ից դուրս, ապա խնդիրներ կծագեն ոչ միայն աղբահանության վճար վճարողի համար, այլ նաեւ տվյալ համայքի համար բյուջե չմուտքագրվող տեղական վճարի առումով:

Խնդիրներ են առաջանում նաեւ փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի սեփականատիրոջ մահվան դեպքում, համապատասխանաբար, ավտոկայանատեղի տեղական տուրքի կամ աղբահանության վճարման ժամանակ:

«Այս օրինակները չեն սպառվում»,- շեշտեց Տարոն Մարգարյանը ու միաժամանակ հավելեց. «Եվ քաղաքացիների համար լրջագույն խնդիրներ են առաջացել տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ կատարելու տեսակետից»:

Մի խոսքով, գործադիրն առաջարկեց հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համայնքի բյուջե վճարվող հարկերի« տուրքերի եւ պարտադիր վճարների վրա: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը կուղարկվի ԱԺ:

Սա այն էր, ինչ տարիներ շարունակ ասում էին ընդդեմ մարդկանց համարակալման շարժման մասնակիցները: Սոցիալական քարտի համարանիշը նույնությամբ պատճենված է նույնականացման քարտում, ինչը ստացել է հանրային ծառայությունների համարանիշ անվանումը: Մեր պաշտոնյաները օրինակ են բերում արտասահմանյան փորձից, իբր արդյունավետացում ցույց տալու համար, սակայն արտերկրում համարանիշը փոփոխական է նաեւ, ինչպես անձնագրինը: Այս դեպքում ճիշտ են հայ արիներն ու սոցքարտերի եւ կենսաչափական քարտերի դեմ պայքարողները: Նրանք դեռ սոցքարտերի ներդրման ժամանակ էին պնդում, որ մեզ մոտ համարանիշը նույնականացվում է անձի հետ (անհատական քարտ է փաստացի), անփոփոխ է, եւ մարդը, ինչպես համակենտրոնացման ճամբարում համար է ստանում ու այդպես էլ ապրում (կարող է անգամ անուն, սեռ կամ էլի բաներ չունենալ): Հայ արիները մարդ-համարանիշի ստեղծման մեջ են տեսել այն հիմնական վտանգը, որ յուրաքանչյուր մարդու անհատական տվյալները՝ առողջության, սեռական կողմնորոշման, ընտանեկան ու սեփականության (կենսաչափական քարտերից հետո նաեւ մատնահետքն ու աչքի ծիածանափայլ թաղանթի մասին տվյալները) կարելի է իմանալ, ինչը հենց մարդկանց համարակալման վերջին փուլն է, որը կավարտվի չիպավորմամբ՝ մարդու մարմնում չիպի տեղադրմամբ: Այն հեռակառավարվող սարք է եւ համարանիշը, որ փոխարինելու է մարդուն, բոլոր տվյալները (միշտ լրացվող) կփոխանցի այն կենտրոններին, որտեղից էլ սկսել եւ ղեկավարվում են այս ծրագրերը:

Ի դեպ, սկզբում այնքան էլ հակված չէինք հավատալու նրանց տեսակետին՝ կարծելով, թե անհիմն մտավախություն է, բայց հիմա ամեն ինչ տանում է դրան, որ մտահոգություն հայտնողները ճիշտ են դուրս գալիս: Հանրային ծառայության համարանիշն այդպես էլ մարդկանց չազատեց փաստաթղթային քաշքշուկներից: Ճիշտ հակառակը՝ դարձավ հերթական ու մշտապես պարտադիր փաստաթուղթ՝ մնացյալ այլ փաստաթղթերի կողքին:

Ստիպված ենք նորից նշել, որ անմեղ ձեւակերպումներն այլեւս չեն կարող թաքցնել այս վտանգները, ինչը մարդու անձնականից վերաճում է ազգային վտանգի, քանի որ բոլորի բոլոր տվյալներին տիրապետելով, անտեսանելի հակառակորդը հստակ գիտակցում է՝ ո՛ր ազգի, ո՛ր պետության հետ ինչպե՛ս ու ի՛նչ հարցեր առաջացնի, ի՛նչ խնդիրներ ներարկի այդ հանրություն՝ իշխելու եւ ենթարկեցնելու համար:

Եթե դեռ այս ամենը հեքիաթ է թվում մեր իշխանություններին, ապա նրանց գենետիկ կոդը էն գլխից է խաթարված ու վաշխառուական գիտակցությունը վաղուց է սպանել բնական ենթագիտակցությանը, ուրեմնեւ՝ բնազգաց մարդուն: Իսկ նմանների համար համարակալումը, թե չիպ-ռոբոտացումը ոչ մի խնդիր չի առաջացնում… Բայց մարդ մնացած մարդկանց մոտ, ինչպես կասեր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, սա գենետիկ ինքնապաշտպանության համար մղվող պայքար է, որի պարտությունը մարդ տեսակին կհասցնի այնպիսի մի վիճակի, որ այսօրվա սեռա-հոգեկան ու այլ բնախեղմումները դեռ պարզունակ կթվան:

Անի Մարության  եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 18 (323), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։