Եվրոպացիերը կորցրել են վստահությունը. Ազգայնականությունը նոր ուժ կդառնա շուտով – Այս առումով միշտ ողջունելի է Հայաստանում ազգայնական ուժերի առաջխաղացումը…

…Հայ Արիական Միաբանությունը վաղուց է նախաձեռնել այդ գործընթացը, եւ ո՛չ միայն Հայաստանում: Նաեւ՝ Սփյուռքում: Հայ արիներն անգամ միջազգային ազգայնական միավորում փորձեցին ձեւավորել՝ համաարիական դաշինքի ստեղծմամբ, ինչը եւս ընթացքում է…

Եվրախորհրդարանի վերջին ընտրությունները փաստեցին, որ անգամ Եվրոպայում արդեն գիտակցում են ազգայինի, ավելին՝ ազգայնականության կարեւորությունը:

«Պոպուլիստների ու եվրահոռետեսների հաղթանակը բացատրվում է նրանով, որ ընտրողներն ավելի շատ են կորցրել վստահությունը քաղաքական էլիտաների հանդեպ»,- «Deutsche Welle» պարբերականի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: «Մենք չափազանց անհանգստացած ենք այդ միտումներով: Քաղաքացիների վստահության կորուստը ողբերգական երեւույթ է եւ հանգեցնում է ապագայի հանդեպ մեծ մտահոգությունների ու վախերի»,- ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը աջ արմատական կուսակցությունների հաջողությունը բացատրել է նաեւ Եվրամիությունում գործազրկության աճով եւ ներգաղթյալների հանդեպ քաղաքականությամբ, որը երբեմն հանգեցնում է քսենոֆոբիայի: «Դա պարարտ հող է աջ պոպուլիզմի եւ ազգայնականության բարգավաճման համար»,- ընդգծել է Բարոզուն:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ից մինչեւ մայիսի 25-ը Եվրամիության 28 անդամ պետություններում տեղի են ունեցել Եվրոպական խորհրդարանի ընտրություններ, որոնց արդյունքներով զգալի քվեներ են ստացել աջ եւ ձախ արմատական կուսակցությունները, որոնք դեմ են Եվրամիության ընդլայնմանը, եվրոյին, վերազգային ինստիտուտների լիազորությունների ընդլայնմանը եւ անգամ կողմնակից են ԵՄ կազմից իրենց պետությունների դուրս գալուն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգայնականների ղեկավարը նախագահական ընտրություններում գրավեց 2-րդ տեղը, իսկ նրա՝ Ժան-Մարի Լը Պենի դուստրը՝ Մարին Լը Պենը, օրերս հայտարարեց, որ եթե Եվրամիությունը շարունակի հանդես գալ ազգայինի դեմ, ապա ինքը հանրաքվե կկազմակերպի՝ Ֆրանսիան ԵՄ-ից դուրս բերելու համար:

Գերմանիայում եւ Ռուսաստանում միշտ կան ազգայնական շարժումներ, Հոլանդիայում, Բելգիայում, Նորվեգիայում եւ այլուր ազգայնականները հետզհետե հզորանում են, իսկ Հունաստանում անգամ ծայրահեղ գաղափարներով առաջնորդվող ուժ է հայտնվել: Ազգայնական կազմակերպություններ, շարժումներ կան նաեւ Հարավային Ամերիկայի ու Ասիայի բազմաթիվ երկրներում: Անգամ՝ ԱՄՆ-ում ու Կանադայում:

Իսկ ժողովրդավարական հորջորջվող, բայց իրականում բռնատիրական ու պարտադրող «ժամանակակից» աշխարհը շուտով իր դեմ կտրամադրի ոչ միայն տարբեր երկրների ազգային-ազգայնական ուժերին:

Այս առումով միշտ ողջունելի է Հայաստանում ազգայնական ուժերի առաջխաղացումը: Եթե չկարողանանք ինքներս ձեւավորել առողջ ու ազդեցիկ ազգայնական կառույց, ապա մեր երկրում դա կանեն ուրիշները:

Հայ Արիական Միաբանությունը վաղուց է նախաձեռնել այդ գործընթացը, եւ ո՛չ միայն Հայաստանում:

Նաեւ՝ Սփյուռքում:

Հայ արիներն անգամ միջազգային ազգայնական միավորում փորձեցին ձեւավորել՝ համաարիական դաշինքի ստեղծմամբ, ինչը եւս ընթացքում է:

Հուսանք, որ պետական ու քաղաքական պատասխանատուներն ի վերջո կհասկանան խնդրի կարեւորությունը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 18 (323), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։