…Ու սա միայն Հայաստանի մտահոգությունը պիտի չլինի: Համաթուրքական համաժողովում շուտով Ղրիմի հարցը կքննարկեն…
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ուկրաինայում կայացած նախագահի ընտրություններին Հայաստանի պաշտոնական արձագանքը հասկանալու համար հղում է արել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված մեր նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքին։ «Արձագանքը տեսեք նախագահի շնորհավորական ուղերձի մեջ, որն ուղարկվել է Ուկրաինայի նորընտիր նախագահին, այսինքն՝ ճանաչում ենք այդ ընտրությունները: Եթե Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել, ինչպե՞ս կարող ենք չճանաչել»,- նշել է նախարարը՝ արձագանքելով բոլոր հնչեցվող հարցականներին: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցան նախագահի, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նախագահի ընտրության 1-ին փուլում հաղթեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն:
Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ «շարունակվող հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առեւտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը եւ հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու մեր երկրների հանձնառությունը կնպաստեն երկկողմ միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում ընկած են Հայաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության բազմադարյա կապերը»:
Իհարկե, Կիեւը վրդովված է Երեւանի այն քվեարկությամբ, որը ՄԱԿ-ում պաշտպանեց Մոսկվայի տեսակետը Ղրիմի հարցում, չնայած ուկրաինական ժամանակավոր իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին, որ կշարունակեն համագործակցել Հայաստանի հետ: Բայց եթե հիշենք, թե Կիեւը քանի անգամ է ընդդեմ Հայաստանի քվեարկել ՄԱԿ-ում ու տարբեր եվրակառույցներում՝ հօգուտ Ադրբեջանի, ապա դեռ հարց է՝ ով, երբ ու ինչի համար պետք է դադարեցնի համագործակցությունը:
Ուկրաինան Ադրբեջանի հետ նույն կառույցում՝ ՎՈւԱՄ-ում (նաեւ՝ Վրաստանի հետ), բազմաթիվ խնդիրներ է հարուցել Հայաստանի ու Արցախի համար եւ, եթե այս մասին հայկական կողմը դեռ չի բարձրաձայնում, չի նշանակում, որ ուկրաինացիները դա կարող են անել առանց հիշողության ծանրաբեռնվածության:
Ինչեւէ, Ուկրաինան ունի մի նախագահ, ով ընտրվել է առանց Ղրիմի, առանց արեւելյան Ուկրաինայի բնակչության հիմնական մասի քվեի: Հետաքրքիր է, որ նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշչենկոն դեռ լռում է, մինչդեռ հայտարարել էր, որ չընտրվելու դեպքում նոր Մայդանի հեղափոխական ալիք է անելու: Չնայած արդեն մի շարք գործիչներ, այդ թվում զինյալ խմբերի հովանավորներից, նշել են, որ «Յուլիան տրոյական ձի է Ուկրաինայի քաղաքական դաշտում»: Այս երկրի նախագահը վարչապետի պաշտոնում թողել է Արսենի Յացենյուկին՝ նշելով՝ «գոնե առայժմ»: Իսկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի քաղաքագլխի ընտրություններում հաղթանակ է տարել բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն, ով Ուկրաինայի նորընտիր նախագահի մերձավոր զինակիցն է: Նա նախագահական ընտրություններին դրել էր իր թեկնածությունը, սակայն հետագայում հեռացրել այն՝ սատարելով Պյոտո Պորոշենկոյին: Կիեւի քաղաքագլխի ընտրություններում հաղթական տանելուց հետո Վիտալի Կլիչկոն ասել է, որ երկրում նախագահական եւ Կիեւի քաղաքապետի ազատ ու արդար ընտրություններ անցկացնելուց հետո Մայդանի ցուցարարներին պետք է հեռանալ: Նորընտիրները հասկանում են, որ Մայդանը կարող է դառնալ բումներանգ… Մայդանի հիմնական խնդիրը կատարվել է, եւ եկել է բարիկադները հեռացնելու ժամանակը. պնդում են նորընտիրները: Կիեւի նոր քաղաքապետը, բացի այդ, հորդորել է ազատել քաղաքի Կրեսչատիկ փողոցը եւ վերականգնել երթեւեկությունը՝ վերադառնալով «նորմալ, խաղաղ կյանքի», խոստացել է պաշտպանել Մայդանի իդեալները եւ առավել սերտ տնտեսական ու քաղաքական կապեր հաստատել Եվրամիության հետ:
Մեկ այլ տեղ քաղաքացիական պատերազմի պայմաններում անցկացվող ընտրությունները օրինական չէին ճանաչվի, բայց Արեւմուտքը ինքն է ինքնաավերման մղել Ուկրաինային, եւ աշխարհը ճանաչեց ընտրությունների լեգիտիմությունը: Վերջին տվյալներով՝ հաշվարկվել էր քվեների 97,19%-ը, որոնց համաձայն առաջին իսկ փուլում Ուկրաինայի նախագահ է ընտրվել միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն՝ ստանալով ընտրողների քվեների 54,51%-ը: Նրա հիմնական մրցակից Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների ընդամենը 12,87%-ը: Պաշտոնապես Ուկրաինայի նախագահի ընտրություններում ընտրելու իրավունք է ունեցել 35 մլն. քաղաքացի, ովքեր կարող էին իրենց իրավունքն իրացնել 33,6 հազար ընտրատեղամասերում: Երկրի տարածքը ընդհանուր բաժանված էր 213 ընտրատարածքի, սակայն ընտրությունները կայացել են միայն 189-ում: Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում մեծամասամբ ընտրությունները տապալվել են, որտեղ շարունակվում են զինված գործողությունները:
Այդ մարզերում ընտրողների ընդհանուր թիվը մոտ 5 մլն. է, եւ նրանց գերակշիռ մասը չի մասնակցել ընտրություններին: Ընտրություններ տեղի չեն ունեցել Ղրիմում, քանի որ վերջինս, ինչպես հայտնի է, հանրաքվեից հետո մտել է Ռուսաստանի կազմ: Ամենաբարձր տոկոսը գրանցվել է երկրի (բենդերականների) արեւմտյան շրջաններում՝ Լվովում, իսկ ամենացածրը հարավ-արեւելքում, մասնավորապես Օդեսայում, որտեղ նույնպես առկա են անջատողական տրամադրություններ:
Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացրել 1200 դիտորդներ 47 երկրից, որոնցից միայն 1000-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներն են: ԵԱՀԿ ԽՎ-ն, Եվրոպայի խորհուրդը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպական խորհրդարանը նույնպես ունեցել են իրենց ներկայացուցիչները: Սակայն, որեւէ դիտորդ չի գործուղվել Ռուսաստանից: Այդ որոշումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պայմանավորել է ռուս դիտորդների համար անվտանգության երաշխիքների բացակայությամբ, Ուկրաինայում հակառուսական գործողություններով:
Վերջերս մեծ արձագանք էր ստացել ռուս լրագրողներին երկիր մուտք գործելն արգելելու ուկրաինական սահմանապահների գործողությունները: Ռուսական զլմ-ների փոխանցմամբ, Ուկրաինայի ԿԸՀ կողմից հավատարմագրված ռուս լրագրողներին արգելվել է մուտք գործել Ուկրաինա եւ լուսաբանել ընտրությունների ընթացքը: Հնարավոր չի եղել խուսափել նաեւ ողբերգությունից: Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունների կիզակետում սպանվել է իտալացի լրագրող Անդրեա Ռոկելին եւ նրա թարգմանիչ Անդրեյ Միրոնովը, իսկ ֆրանսիացի ֆոտոլրագրող Ուիլյամ Ռոգելոնը ստացել է վնասվածքներ: Օրերս միայն ազատ արձակվեցին 2 ռուս լրագրողներ, որոնց մեղադրում էին ահաբեկիչ լինելու մեջ:…
Ինչեւէ, Մոսկվան, այնուամենայնիվ, ողջունել է ուկրաինական ընտրությունները, սակայն կոչ է արել դադարեցնել անհապաղ երկրի արեւելյան հատվածում ուժգնացող զինված բախումները: Ռուսաստանի հայտարարությունը ողջունել են Եվրամիությունում: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: ՆԱՏՕ-ի ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները ուկրաինական ընտրությունները անվանել են ժողովրդավարական ընտրություններ, որոնց պետք է հաջորդեն երկրում լարվածության թուլացումը, ճգնաժամի հաղթահարումն ու ապագա տնտեսական, քաղաքական բարեփոխումները:
Այն, որ ընտրությունները չեն կայացել Ուկրաինայի առանձին մասերում, Արեւմուտքում համարում են, որ դա չպետք է մեղադրանք հնչի, քանի որ պետությունում խնդիրներ են ստեղծվել ընտրությունների ժամանակ: Նշել են, թե կան այլ օրինակներ, ինչպես Մոլդովան: Մոլդովական ղեկավարությունը համարվում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված՝ չնայած ընտրություններ տեղի չեն ունենում Մերձդնեստրում: Նման իրավիճակ է Վրաստանում եւ Կիպրոսում:
Փաստորեն, Ուկրաինայում խորացող ճգնաժամը լուծելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ էր այնպիսի իշխանություն, որն ընդունելի լիներ ինչպես արտաքին դերակատարների, այնպես էլ սեփական հասարակության համար, եւ միակ ընդունելի միջոցը համապետական ընտրություններ էին, ինչը սակայն լիակատար իրականացված համարել չի կարելի: Կրեմլը փաստերով մեղադրում է Արեւմուտքին ռուսախոս բնակչության դեմ Կիեւի իշխանությունների «պատժիչ գործողությունները» սատարելու մեջ: Մոսկվան անգամ զարմանալի հայտարարություն արեց, թե պարտավորվում է ճանաչել ուկրաինական նոր իշխանություններին, ստիպել անջատողականներին վայր դնել զենքերը, ինչի դիմաց Արեւմուտքն ու Կիեւը պիտի պարտավորվեն դադարեցնել ՙհակաահաբեկչական գործողությունները՚ եւ սկսեն երկրում սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որով որոշակի ինքնավարություն կտրվի Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններին: Հակառակ դեպքում Մոսկվան կշարունակի նախկին քաղաքականությունը:
Վլադիմիր Պուտինի այդ հայտարարությունը պայմանավորվել է Արեւմուտքի կողմից սպասվող նոր պատժամիջոցների գործոնով:
Սակայն Ռուսաստան-Չինաստան նոր հարաբերությունները, գազային 30-ամյա պայմանագիրը ռուսական կողմին թույլ է տալիս ոչ միայն չեզոքացնել Արեւմուտքի պատճառած ֆինանսական վնասները, այլեւ այդ ծրագրերի համաձայն զարգացման տանել Ռուսաստանի հեռավորարեւելյան շրջանները, որ սահմանակից են Չինաստանի հետ:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունն արդեն անցել է ռուսական օրենսդրության, եւ կառավարության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, թե դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ օգնություն ստանալու նպատակով: Նույնը նաեւ այլ մարզերում է հնարավոր շուտով: Ռուսաստանը վերականգնեց իր պատմական ներկայությունը Սեւ ծովում եւ ինչ-որ առումով հավասարակշռեց ՆԱՏՕ-ի ազդեցությունն իր սահմանների մոտ: Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ Ուկրաինայի հարավ-արեւելյան տարածաշրջանների հնարավոր միացումները կամրապնդեն ռուսական դիրքերը նաեւ Եվրասիական միության կազմավորման հարցում:
Եվ սա սկսել են գիտակցել Եվրոպայում: Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական ֆորումում, որին նաեւ եվրոպացիներ մասնակցեցին, Ռուսաստանի նախագահը եվրոպացիներին զգուշացրեց նորից չընկնել ԱՄՆ-ի թակարդը: Ամերիկան հեռու է, ավելի ապահով այս ամենից, իսկ Ռուսաստանը չի այրում կամուրջները Եվրոպայի հետ. հասկացրել է Վլադիմիր Պուտինը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այնքան էլ կողմ չէ Արեւմուտքի կողմից նոր ճնշումներին, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ մաեւ եվրոպական երկրների տնտեսության վրա:
Այս ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ղազախստանում էր՝ Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու: Այստեղ տհաճ մի բան եղավ, ինչը, սակայն, անսպասելի չէր: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ասել էր. «Կա տհաճ թեմա՝ որպեսզի չգրգռենք Ադրբեջանում մի ընկերոջը (Իլհամ Ալիեւին), դուք ինչպես անդամակցել եք ԱՀԿ-ին, այդպես էլ պետք է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեք ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով (առանց Լեռնային Ղարաբաղի եւ նախկին Ադրբեջանակն ԽՍՀ հարակից շրջանների,- «Իզվեստիա»)»:
Սերժ Սարգսյանը առաջարկել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին հարցը քննարկել մինչեւ հունիսի 15-ը:
Մենք էլ Ղազախստանի նախագահին հիշեցնենք, որ ինքն այն երկրի նախագահն է, որ համաթուրքական դաշինքի 6 պետություններից մեկն է: Այսինքն՝ ղազախներն ընդունել են իրենց թյուրքական ծագումը, եւ զարմանալի չէ նման թուրքահաճ մոտեցումը: Ավելին՝ Նախիջեւանում կայացած համաթրքական համաժողովում հենց այդպիսի որոշում էլ ընդունվել է՝ ընդդիմանալ Հայաստանի բոլոր առաջխաղացումներին, առավել եւս եթե առկա է Արցախի խնդիրը: Ու սա միայն Հայաստանի մտահոգությունը պիտի չլինի: Համաթուրքական համաժողովում շուտով Ղրիմի հարցը կքննարկեն: Սա էլ՝ ի գիտություն մեր բարեկամ ռուսների:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 18 (323), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



