Լսում են այն կողմին, ով…- Սրե՞նք իրավիճակը, որ միջնորդները Երեւան շտապեն… Առճակատում երրորդ երկրներում – Ադրբեջանը պարտվում է իր նախաձեռնություններում…

Այսօր, երբ կրկին սրվել է միջազգային իրավիճակը եւ ուկրաինական իրադարձությունները նորովի են բորբոքել արցախյան հիմնահարցը, մեր անվտանգության, երկրի սահմանների անառիկ պաշտպանության խնդիրը դարձել է հրատապ:

Իսկ այն, որ ադրբեջանական կողմը սահմանն անհանգիստ է պահում՝ ակնհայտ է: Ճիշտ է, մեր զինուժը հակառակորդին լռեցնելուն ուղղված անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում միշտ, բայց վտանգի զգացողությունը մնում է:

Վերջին շրջանում, բացի Արցախա-ադրբեջանական սահմանահատվածներից, Հայաստանա-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերն են ենթարկվում գնդակոծման: Հակառակորդը հիմնականում կրակ է բացում խոշոր տրամաչափի զենքերից, գործում են նաեւ դիպուկահարները:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները հրաման ունեն ամեն գնով կասեցնելու հակառակորդի վտանգավոր գործողությունները, բայց միայն պատասխանելով հարցը լուծում չի ստանում: Առավել եւս, երբ հրադադարի յուրաքանչյուր խախտման դեպքում, իսկ դրանք իրականացվում են բացառապես ադրբեջանցիների կողմից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեղադրական են հնչեցնում թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերի ուղղությամբ, առանց թացն ու չորը զատելու: Անգամ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների բացահայտ դիվերսիոն հարձակման ժամանակ նույն երկակի ստանդարտներն են գործում:

Իսկ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը մի քանի խնդիր է լուծում, նախ՝ աշխարհին ցուվադրում է, թե իր զինվորները, քաղաքացիները չեն հաշտվել Արցախի եւ ազատագրված տարածքների կորստի հետ, հետո էլ՝ իր ներքին խնդիրները կապում է Հայաստանի դեմ նախապատրաստվող հսկայական ծախսերի հետ, այնուհետեւ՝ բանակում առկա ինքնասպանության կամ սպանության դեպքերը վերագրում է սահմաններում անհանգիստ լինելուն:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Միայն հակահարվածներ է տալիս եւ դարձել է զինադադարի օրինապահ կատարողն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին բողոքող կողմը: Արդյո՞ք բավարար է: Մի՞թե պարզ չէ, որ լսում են այն կողմին, ով անհարմարություններ է ստեղծում…

Քաղաքական առումով, ադրբեջանական սադրանքն ուղղված է տարածաշրջանում լարվածության ու անկայունության պահպանմանը, ինչը ձեռնտու է նաեւ Անկարային: Իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններում մեծացնում է Ադրբեջանին ավելի շատ զիջելու մտադրությունները:

Իհարկե լավ է, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում ծառատունկ է եղել, որպեսզի հետագայում ծառերը մեծանան, ճանապարհը փակեն ու ադրբեջանական կողմից գյուղը չերեւա: Բայց ծառերը դեռ պետք է աճեն: Եվ ծառերը հաստատ «բրոնեժիլետ» չեն: Կամ՝ այս դեպքում Արցախի սահմաններին եւս ծառատու՞նկ անեն: Երբ խոսք է գնում, որ արձակվել է ավելի քան 2000 կամ 4000 կրակոց, ապա ինչ հույս կա, որ ծառերից այն կողմ, թեկուզ առանց երեւալու, վնաս չեն պատճառի:

Հիշեցնենք, որ երբ հայկական կողմը նախահարձակ էր լինում ու ավելի շատ կրակոցներ էր արձակում, Բաքուն որոշում էր կայացրել արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով պարիսպ կառուցել: Չինական պատի ադրբեջանական տարբերակը:

Բայց հիմա նրանք դրա կարիքը չեն զգում: Եվ շատ իզուր: Քանզի եթե զգային, ապա զիջումների մասին իրենք կմտածեին, մեզ չէին առաջարկի: Միջնորդներն էլ Երեւան կշտապեին՝ հայերին հանգստացնելու, որ նոր խնդիրներ չառաջանան:

Մեկ այլ վտանգ էլ կա սահմաններին: Եթե մեր քաղաքացիները մոլորվում եւ հայտնվում են հակառակորդի տարածքում, ապա ի՞նչ վստահությամբ կարող ենք պնդել, որ մեր թշնամիները եւս չեն «մոլորվի» ու հայտնվի հայկական կողմում՝ բայց նպատակադրված: Իսկ որքանո՞վ ենք ապահովագրված, որ այդպիսի «փոխադարձ այցեր» չեն լինի հայ-վրացական, հայ-իրանական կամ հայ-թուրքական սահմաններում:

Ցավոք, որոշակի դեպքեր եղան եւ՛ Նախիջեւանի կողմից եւ՛ հայ-թուրքական սահմանային հատվածներում: Ադրբեջանցիները երջանիկ պատահականությամբ են ձերբակալվել, որպես անծանոթ դեմքեր, իսկ ռուս սահմանապահները երբեմն «չեն նկատում» քրդերի (ինչը լրացուցիչ պետք է ճշտել) կամ առեւտրականների առատաձեռն անցումները, ինչը հղի է վտանգներով:

Ինչի՞ց է սկսվում Հայրենիքը հարցի պատասխանը, մե՛ր պարագայում, այսօ՛ր, սահմանն է:

Հայկ Թորգոմյան

Առճակատում երրորդ երկրներում

Ադրբեջանը, ի հակակշիռ Արցախի անկախության ճանաչումների (ԱՄՆ-ի, Ավստրալիայի որոշ նահանգների եւն), փորձում է հակաքայլեր կատարել:

Վերջերս հերթական անգամ մեծ հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության թուլացմանն ուղղված Բաքվի ջանքերին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Թաունսն առաջարկել է բանաձեւն առաջ տանել, սակայն նրա գործընկերներից որեւէ մեկը նրան աջակցություն չի հայտնել: Հանձնաժողովի նախագահ Ռայան Հայնեսը հայտարարել է, որ միջնորդությունը ձախողվել է: Այսպիսով, Թենեսի նահանգը դառնում է ԱՄՆ 4-րդ նահանգը, որը մերժում է ադրբեջանամետ ուժերի ներկայացրած հակահայկական եւ փաստերը խեղաթյուրող բանաձեւերը:

«Մենք ողջունում ենք Թենեսիի Ներկայացուցիչների պալատի այսօրվա որոշումը, որով այն ցույց տվեց, որ ամուր կանգնած է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի դեմ հանդես եկող ադրբեջանական կառավարության եւ նրա կողմից մոլորեցվող օրենսդիրների»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանի խորհրդի նախագահ Սթիվ Մեսրոբյանը:

Հիշեցնենք, որ Հավայան կղզիների օրենսդիր մարմինը եւս մերժել է Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական բանաձեւը, ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը մերժել է Խոջալուի դեպքերի վերաբերյալ բանաձեւը, իսկ Վայոմինգի օրենսդիրները, մերժելով HJ 002 բանաձեւը, ազդեցիկ հաղորդագրություն են ուղարկել «բռնակալ Իլհամ Ալիեւին»:

Կան էլի ձախողումներ: Ու դրանք կշարունակվեն:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 18 (323), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։