Աշխարհի մարզական հեւքից – Բելառուսներն ադրբեջանցիներին խղճում են, իսկ մենք բելառուսներին խղճում եւ հանդիմանում ենք… Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ փորձարկումներում… Արցախը՝ չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունում…

Հիվանդներին խղճալու փոխարեն պետք է իրենք իրենց խղճան...

Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականն ադրբեջանցիների խնդրանքով հրաժարվել է Արամ Խաչատրյանի երաժշտությունից: Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի 30-րդ առաջնությունը կկայանա Բաքվում հունիսի 13-15-ը: Մինսկում կայացած մամուլի ասուլիսում Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Լեպարսկայան ասել է, որ կազմակերպիչների խնդրանքով հրաժարվել է Արամ Խաչատրյանի երաժշտությունից: Ըստ նրա, կես տարի հավաքականը հանդես է եկել Խաչատրյանի «Սուսերով պարի» ուղեկցությամբ, իսկ հիմա շտապ կարգով մարզվում է այլ երաժշտության տակ: Ըստ նրա, դրանով են պայմանավորված ցածր տեղերը Մինսկում կայացած աշխարհի գավաթի մրցաշարում՝ ժապավեններով ու գնդով վարժություններում: Բելառուսի ներկայացուցիչները մայիսի 31-ին զբաղեցրել են 6-րդ տեղը բազմամարտում (2-րդը՝ բուլավաներով վարժությունում), իսկ հաջորդ՝ 7-րդը՝ գնդերով ու ժապավեններով վարժությունում:

«Կարելի է նրանց հանդիմանել, բայց ավելի շատ խղճալ է պետք»,- նշել է մարզիչը: Մենք էլ բելառուսներին եւ՛ հանդիմանելու եւ՛ խղճալու բոլոր հիմքերն ունենք…

Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ փորձարկումներում

Հայաստանի հավաքականը Շվեյցարիայում իր հաջորդ ընկերական խաղը Ալժիրի ընտրանու հետ անցկացրեց: Ուսումնամարզական հավաքի ընթացքում մրցակցելով աֆրիկյան այս թիմի հետ, որը նախապատրաստվում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, մեր հավաքականըը զիջեց 1:3 հաշվով: Հայ ֆուտբոլիստները ձախողեցին 1-ին խաղակեսը՝ զիջելով 0:3 հաշվով: Թիկունքայինների գործողությունները (ինչպես նախորդ խաղին) թույլ էին կազմակերպվում, ինչի հետեւանքով վստահությունը կորցրեցին նաեւ առջեւի գծի ֆուտբոլիստները: Գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդը, այնուամենայնիվ, կարողացավ փոխել իրավիճակը 2-րդ խաղակեսում: Ինչ-որ բան կփոխվի խաղում,  մեր թիմն ավելի վստահ խաղաց եւ արդեն առաջին րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Արթուր Սարկիսովը: Չնայած տարածքային ու խաղային առավելությանը, մեր ֆուտբոլիստները նոր գոլ չխփեցին:

Մինչ այս՝ հանդիպումը էր եղել Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի հետ, որն ավարտվել էր Հայաստանի հաղթանակով՝ 4:3: Գերմանիայի հավաքականի հետ ստուգողական հանդիպումը նախատեսված է հունիսի 6-ին, որն ավելի դժվարին խաղ է լինելու:

Արցախը՝ չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունում

Շվեդիայի Օստերսունդ քաղաքում մեկնարկել է Չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը կոչում են նաեւ «Ֆուտբոլի աշխարհի գավաթ՝ առանց սահմանների» մրցաշար: Մասնակցում են 12 հավաքականներ, որոնք բաժանվել են 4 խմբի: Մասնակցում է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ընդգրկված է 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մեն կղզին եւ Զանգիբարը: ԼՂՀ-ի հավաքականը արդեն անցկացրել է իր 1-ին հանդիպումը՝ Իռլանդիայի մոտ Մեն կղզու հետ: Մեր ֆուտբոլիստները չնայած առջեւում են եղել 2:0 հաշվով, սակայն պարտություն են կրել 3:2 հաշվով: Ընդ որում վերջին 2 գնդակը մրցակիցները խփել են վերջին 2 րոպեներին: ԼՂՀ-ի հավաքականից դուբլի հեղինակ է դարձել Միհրան Մանասյանը: ԼՂՀ-ի հավաքականում ընդգրկված են Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից ֆուտբոլիստներ:

ԼՂՀ-ի հավաքականը, պարտությունը կրելով նաեւ Նիցայի շրջանից՝ 0:1, դուրս մնաց հետագա պայքարից։ Ավելացնենք, որ Անդրանիկ Բարիկյանը խաղավերջում վեճի բռնկվեց մրցավարի հետ՝ հարվածելով վերջինիս, արժանացավ կարմիր քարտի: Մեր հավաքականի մեկնարկային կազմն այսպիսին էր. Ստեփան Ղազարյան, Արարատ Առաքելյան, Նորայր Գրիգորյան, Նորայր Սահակյան, Գեւորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան, Արամ Բարեղամյան, Տիգրան Դավթյան, Դավիդ Գրիգորյան, Անդրանիկ Բարիկյան, Գեւորգ Նռանյան:

Խմբերում առաջին 2 տեղերը գրաված թիմերը կմտնեն քառորդ եզրափակիչ փուլ: Առաջնության հաղթողը կորոշվի հունիսի 8-ին: Հիշեցնենք, որ Մրցաշարում գրանցվել են 12 երկրների թիմեր՝ 1. ԼՂՀ-Արցախ, 2. Աբխազիա, 3. Քրդստան, 4. Թամիլ-Իլամ, 5. Զանզիբար, 6. Միացյալ Դարֆուր, 7. Էլան Վանին, 8. Քվեբեկ, 9. Պադանիա, 10. Սափմի, 11. Օքսիթանիա, 12. Արամեանս Սուրյոյե:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը վաճառվում են

2014թ. բոլոր 64 ֆուտբոլային հանդիպուների մոտ 180 հազար տոմսերի վաճառքը մեկնարկել է հունիսի 4-ին: Վաճառքը իրականացվում է ՖԻՖԱ-ի կայքի միջոցով, ինչպես նաեւ Բրազիլիայի 12 քաղաքներում: Աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2014թ. հունիսի 12-ից հուլիսի 13-ը՝ Բրազիլիայում:

Հոլանդիան դարձել է ներքնազգեստով կանանց ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Ֆուտբոլի՝ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ անց է կացվել ներքնազգեստով կանանց ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցում էին Հոլանդիայի, Բրազիլիայի, Հարավային Կորեայի, Ալժիրի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի հավաքականները։ Առաջնության մրցավարն է եղել հոլանդացի Էնդի վան դեր Մեյդեն։

Առաջնության հաղթող է ճանաչվել Հոլանդիայի հավաքականը։

Հայկական ֆուտբոլի ապագան

13-ամյա Գարիկ Վարդանյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում է 5 տարեկանից։ Գրոյի, ինչպես նրան անվանում են ընկերները, տաղանդը առաջինը նկատել է «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ով այն ժամանակ «Փյունիկ» մարզադպրոցի տնօրենն էր։ Գրոն դեռ 4 տարեկան էր, բայց Խորեն Հովհաննիսյանը չցանկացավ կորցնել խոստումնալից ֆուտբոլիստի ու 1 տարի անց ընդունեց մարզադպրոց։ Հիմա արդեն «Փյունիկ-2-2000» թիմի կիսապաշտպան Գարիկ Վարդանյանը ակումբի լավագույն խաղացողներից է։ Պատահական չէ, որ հենց նրա ցուցադրական ելույթն ընտրեցին մարզիչները՝ Բելգիայից ժամանած հյուրերին ցույց տալու համար իրենց խաղացողների տեխնիկական հնարավորությունները։ Առաջին իսկ հանդիպմանը հայ պատանին ապացուցեց, որ հանրահայտ մեր ֆուտբոլիստի հոտառությունն իրեն չի խաբել՝ 2009թ. մարզադպրոցների առաջնությունում 6 համարի մարզաշապիկով հանդես եկող կիսապաշտպան Գրոն 2 անգամ գրավեց «Ուլիս»-ի պատանեկան թիմի դարպասը, ինչի շնորհիվ «Փյունիկ-2-2000»-ը վստահ հաղթանակ տարավ։

«Գարիկը առանձնանում է իր տեխնիկական հնարքներով, գրագետ խաղացող է եւ կարողանում է տրամաբանել դաշտում խաղալիս, ինչպես տրամաբանում են շախմատ խաղալիս»,- ասել է թիմի 2-րդ մարզիչ Աղվան Այվազյանը: Չնայած Գրոն օրական միջինը 6 ժամ մարզվում է, դա նրան չի խանգարում գերազանց առաջադիմություն ցուցաբերել դպրոցում։ «Ամենաշատը սիրում եմ երկրաչափությունը, քանի որ այն տրամաբանելու հնարավորություն է տալիս»,- ասում է պատանի ֆուտբոլիստը, ով իր ապագա հաջողությունը տաղանդի հույսին չի թողնում. մարզվում է մեծ աշխատասիրությամբ։ Բացի պարապունքներից՝ առավոտյան մինչեւ դպրոց գնալը եւ դասերից հետո մարզվում է ինքնուրույն, զարգացնում տեխնիկան։

Ֆուտբոլային մրցաշար Արցախում ռուս լրագրողների մասնակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հասկանալի պատճառներով ֆուտբոլային կյանք գրեթե չկա, քանի որ հարեւան Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է արցախյան թիմերին հանդես գալ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ «Լեռնային Արցախ» անվանումը կրող թիմը, որում խաղում էին նաեւ արցախցի ֆուտբոլիստներ, ներկայացնում էր Կապանը: ԼՂՀ-ն ներկայացնող միայն 2 պատանեկան թիմեր մասնակցում են Հայաստանի առաջնություններին: Արցախում վերջին տարիներին կառուցվել են մի շարք ֆուտբոլային խաղադաշտեր, որոնք նպաստում են պատանեկան եւ սիրողական ֆուտբոլի զարգացմանը:

Ամեն տարի Ֆուտբոլի միջազգային սիրողական լիգան (IAFA) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնում է սիրողական ֆուտբոլի մրցաշար Արցախի մարզերի թիմերի միջեւ: Բացի դրանից 2 անգամ արդեն խաղարկվում է IAFA-ի անկախության գավաթը: 2 տարի առաջ IAFA-ի հիմնադիր, գործարար Արմեն Բարխուդարյանի հրավերով Արցախ էր ժամանել 1990-ականների լավագույն ռմբարկու Սալվատորե Սկիլաչին: Մայիսի 31-ին Արցախի Հադրութ քաղաքում տեղի ունեցավ IAFA-ի գավաթի  խաղարկությունը, որն այս անգամ կրում էր «Դիզակ» անվանումը, որին մասնակցում էին թիմեր Արցախից՝ Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, Մարտակերտ, Բերձոր, Հադրութ, Խաչեն, Ասկերան բնակավայրերից, ինչպես նաեւ երկու թիմ Մոսկվայից՝ Արմեն Բարուդարյանի «Դիզակ» թիմը եւ ռուս լրագրողների ՆՏՎ թիմը, որի կազմի մեջ ընդգրկված էին  «ՆՏՎ պլյուս»-ի մեկնաբաններ Նոբել Առուստամյանը, Միխայիլ Մոսակովսկին եւ Ֆիլիպ Կուդրյավցեւը, Eurosport ալիքի մեկնաբան Իգոր Կատիմանովը, Радио спорт-ի մեկնաբան Ռոման Շերբան, Sportbox կայքի լրագրող Մաքսիմ Ալլանազարովը, Ռիդուս գործակալության լրագրող Մաքսիմ Կորոտկինը, ինչպես նաեւ լրագրողներ Մաքսիմ Խորոշինը, Սեմյոն Վասիլեւը եւ Սամվել Առուստամյանը:

Հադրութի մարզադաշտի բացման արարողությունը կայացել է մայիսի 12-ին: Նշենք, որ խաղադաշտը կառուցվել է ՀՖՖ-ի աջակցությամբ: 10 թիմերը բաժանվեցին 3 խմբերի: 2 խմբում ընդգրկվեցին 3-ական թիմեր, իսկ մյուս խումբը բաղկացած էր 4 թիմից: Փլեյ-օֆֆ դուրս եկան Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու եւ Խաչենի թիմերը: Կիսաեզրափակիչում Ստեփանակերտը 3:2 հաշվով հաղթեց Մարտունուն, իսկ Շուշին՝ 5:0 հաշվով պարտության մատնեց Խաչենին: Եզրափակիչում Արցախի մայրաքաղաքի թիմը 1:6 հաշվով առավելության հասավ Շուշիի թիմի նկատմամբ: Մրցաշարի լավագույն ռմբարկուն Նոբել Առուստամյանի կողմից ստացավ մեր ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը:

Ռուսաստանցի մասնակիցները իրենց ոչ հաջող ելույթը բացատրեցին երկար ճանապարհ անցնելու, շոգի եւ բարձր լեռնային կլիմայի ազդեցությամբ: «Դիզակ» թիմի կազմում հանդես էին գալիս մոսկվայաբնակ հայեր, ովքեր Արմեն Բարխուդարյանի ընկերներն էին: Ռուսաստանցի լրագրողները Հայաստան էին ժամանել Նոբել Առուստամյանի առաջարկով: Նրա համար ընկերների հետ Արցախ այցելելը յուրահատուկ նշանակություն ուներ, քանի որ պապը Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղից է: Ընկերները միանգամից արագ արձագանքել են ու համաձայնել մեկնել Արցախ:

Մրցաշարն անցկացվեց Հադրութի նորակառույց խաղադաշտում: Ֆուտբոլային մրցաշարը հավաքել էր քաղաքի գրեթե բոլոր մանուկներին եւ պատանիներին: Մրցաշարից հետո անցկացվեց կենցաղային տեխնիկայի վիճակախաղ եւ այլ հանդիսություններ:

Ֆուտբոլ են խաղում նաեւ բարեգործները

Մխչյան համայնքում կայացավ «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամի կազմակերպած ֆուտբոլային մրցաշարը: Մրցաշարին մասնակցել էին Հայաստանում գործող տարբեր հասարակական ու բարեգործական կազմակերպություններ, ովքեր ցանկություն էին հայտնել մասնակցել մրցաշարին:

1-ին հորիզոնականն է զբաղեցրել «Ինժեներներ» թիմը, որը պարգեւատրվել է մեդալով եւ արժանացել հաղթողի համար նախատեսված գավաթին: 2-րդ հորիզոնականում է հայտնվել «Մխչյանցիներ» թիմը: Լավագույն եռյակը եզրափակել է «Գետաշենցիներ» թիմը: Այս 2 թիմերը արժանացել են մեդալների ու պատվոգրերի: Ավելացնենք, որ այն մասնակից թիմերը, որոնք պայքարը լքել էին վաղ փուլերում, ստացել են մրցաշարի մասնակցության վկայական:

«Յունիոն»-ը՝ Հայաստանի գավաթակիր

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց 2014թ. գավաթին տիրեց Երեւանի «Յունիոն»-ը: ԵՊՀ-ի մարզադահլիճում կայացած եզրափակիչ խաղում հողթող թիմը, որի կազմը համալրված է Ռուսաստանում բնակվող հայազգի բասկետբոլիստներով, լարված պայքարում 78:73 հաշվով պարտության մատնեց Երեւանի «Ինժեներ»-ին: Վերջինիս կազմում ընդգրկված էին սփյուռքահայ բասկետբոլիստներ:

Օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլիոնիսը Հայաստանում

Հունիսի 3-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին եւ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլիոնիսին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց լիտվական բասկետբոլի զարգացման գործում Շարունաս Մարչյուլիոնիսի վաստակը, ով իր վարպետությամբ աչքի է ընկել ու հիացմունքի բազում պահեր պարգեւել իրեն, սպորտաձեւի բազում սիրահարների ու երկրպագուների: ԱԺ փոխնախագահը հաճելիորեն զարմացրեց Շարունաս Մարչյուլիոնիսին իր գործունեության եւ ընդհանրապես բասկետբոլի մասին լավատեղյակությամբ:

Լիտվացի հանրահայտ մարզիկը տեղեկացրեց, որ հանդիպելու է Հայաստանի բասկետբոլի դպրոցների սաների հետ եւ նրանց հետ անցկացնելու է դասընթացներ, ծանոթանալու նրանց հմտություններին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայկական եւ լիտվական մշակութային, սպորտային կապերի զարգացման եւ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւս ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին տիկնոջ հետ: Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսը: Գերմանիայի Կրեֆելդ քաղաքում կայացած մենամարտում այդ երկրի դրոշի ներքո հանդես եկող 26-ամյա Սյուզին նոկաուտով հաղթեց IFBA վարկածով աշխարհի չեմպիոն Դան-Բի Քիմին: Հարավային Կորեան ներկայացող մարզուհին դիմացավ 9 ռաունդ: Հայուհին նկատելի առավելություն ուներ ամբողջ մենամարտի ընթացքում, իսկ 9-րդ ռաունդում Դան-Բի Քիմի մարզիչը իր մարզիկին նոկաուտից փրկելու համար պարզապես վազեց ռինգ (առհասարակ սրբիչ են նետում ռինգ)՝ դադարեցնելով մենամարտը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Սյուզի Կենտիկյանը տիտղոսը պաշտպանել էր 2013թ. դեկտեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով իտալուհի Սիմոնա Գալասին:

Իսկ Վիկ Դարչինյանը պարտվեց

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը պարտվեց ջամայկացի Նիկոլաս Ուոլթերսին: Ցավոք, հայ բռնցքամարտիկը պարտվեց նոկաուտով՝ Չինաստանի Մակաո քաղաքում կայացած մենամարտում: Բայց նա վճռական է՝ շարունակելու իր ելույթները:

Չէի սպասում, որ Հայաստանում կտեսնեմ նման բան

Ուրախ եմ, որ Հայաստանում երիտասարդները սկսել են ապրել առողջ ապրելակերպով, մշտապես մարզվում են զբոսայգիներում, պարում են, հետեւում իրենց մարմնին: Նման մրցությունների ականատես էի եղել դրում, բայց չէի սպասում, որ Հայաստանում նման բան կարող եմ տեսնել: Այսուհետեւ կհետեւեմ հայաստանյան մրցություններին, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին հանգստանում է Երեւանում եւ ներկա էր «Միքս Բաթլ ֆեսթ-2014» սպորտային միջազգային փառատոնին: Նա փառատոնի հատուկ հյուրն էր: Նման պատվի էին արժանացել նաեւ փողոցային վորքաութի աշխարհի չեմպիոն Դենիս Մինինը (Ուկրաինա) եւ Street Workout միջազգային կազմակերպության ղեկավար Եվգենի Կոչերգան (Ուկրաինա):

Փառատոնի ընթացքում հայ երիտասարդները ցուցադրական ելույթներով հանդես եկան փողոցային վորքաութ (street workout), սպորտային մարմնամարզություն, պարկուր, բրեյքդանս, կապոեյրա եւ արմրեսթլինգ, բատուտ մրցաձեւերում: Կայացան նաեւ կապոեյրան ընդդեմ պարկուրի, վորքաութն ընդդեմ բրեյքդանսի մենամարտեր: «Միքս Բաթլ ֆեսթ-2014»-ը միջազգային կարգավիճակ ունեցող փառատոն է, իսկ Երեւանում առաջին անգամ է անցկացվում նման միջոցառում: Առողջ ապրելակերպի փառատոնը, լինելով միջազգային երիտասարդական մարզական շարժում, նպատակ ունի քարոզել առողջ ապրելակերպ, մասսայականացնել փողոցային ուժային մարզումների մշակույթը, նպաստել ֆիզիկապես եւ հոգեպես առողջ, ուժեղ սերնդի ձեւավորմանը: Ցուցադրական ելույթների վերջում Արթուր Աբրահամը եւ Դենիս Մինկինը մրցեցին բազկամարտում, սակայն հաղթեց համերաշխությունը: Երկուսն էլ ուժերը զիջեցին մրցակցին:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում անցկացվում են նմանատիպ սպորտային միջոցառումներ: Պարզապես հիացած եմ, քանի որ սրանք աշխարհում լայն տարածում գտած ուղղություններ են, որոնցով զբաղվում են բոլոր դեռահասներն ու երիտասարդները: Միայն կցանկանայի, որ այս ամենը դիտեին ավելի շատ մարդիկ, դահլիճը լիներ լեփ-լեցուն ու մարզիկները հանդես գային ոչ միայն ցուցադրական ելույթներով, այլեւ՝ մրցեին: Նման բան youtube-ում տեսել էի ամերիկացի երիտասարդների կատարմամբ: Ուրախ եմ, որ այսուհետեւ Հայաստանում կարող եմ տեսնել նման ելույթներ: Ինձ շատ է դուր գալիս այս ամենը: Սա առողջ ապրելակերպ է»,- նշել է Արթուր Աբրահամը:

Հայազգի անվանի բռնցքամարտիկը հայտնել է, որ դեռ կշարունակի մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում եւ կուրախացնի իր երկրպագուներին:

Լեւոն Արոնյանը Ստավանգերի սուպերմրցաշարում

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին պարտությունը կրեց Ստավանգերում ընթացող շախմատի խոշոր միջազգային մրցաշարում: Նա սեւերով մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ալեքսանդր Գրիշչուկը վաստակեց 2 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատար իտալացի Ֆաբիանո Կարուանային: Լեւոն Արոնյանը 1,5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական, սակայն նրան հետապնդողները դեռ շարունակում են իրենց խաղերը: 4-րդ փուլում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Պյոտր Սվիդլերի հետ:

Սամվել Սեւյանը գրավել է առաջին տեղը

Միջազգային վարպետ Սամվել Սեւյանն ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանային կարգով անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա նվաճել 1-ին մրցանակը:

Մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ եւ միջազգային վարպետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելառուսից, Հունգարիայից եւ Կանադայից:

Գեւորգ Հարությունյանի եւ Դավիթ Պետրոսյանի ելույթները «Մումբայ օփենում»

Հնդկաստանում մեկնարկել է «Մումբայ օփեն» անվանումը կրող մրցաշարը: Այս ստուգատեսին մասնակցում են նաեւ Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գեւորգ Հարությունյանն ու Դավիթ Պետրոսյանը:

Առաջին փուլում մեր 2 շախմատիստներն էլ իրենց խաղերն ավարտել են հաղթանակով:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 19 (324), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։