Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Ադամանդի մշակման ծավալներն ուղղակիորեն կախված են ոսկերչական շուկայի զարգացումից… Կյանքը՝ տխուր, ապրուստը՝ թանկ (համեմատական հաշվարկներ)…

Սկիզբը՝ թիվ 17-18-ում

Ադամանդի նկատմամբ միջազգային պահանջարկը տեղափոխվում է Ասիա: Թեեւ ԱՄՆ-ն մնում է ադամանդի սպառման ամենախոշոր շուկան, բայց, մասնագետների գնահատմամբ, գալիք տարիների ընթացքում աճելու է Հնդկաստանի եւ Չինաստանի տեսակարար կշիռը սպառման ծավալում: Մինչեւ 2020թ. միջին խավը Չինաստանում աճելու է միջինում 10%-ով, Հնդկաստանում՝ 8%-ով: Այս հաշվարկների հիմք է եղել այն, որ 2000-2007թթ. ադամանդե ոսկեղենի պահանջարկը ԱՄՆ-ում աճել է մոտ 5%-ով, մինչդեռ Հնդկաստանում՝ 13%-ով, իսկ Չինաստանում՝ 15%-ով: Ի տարբերություն ԱՄՆ-ի, հնդկական եւ չինական շուկաներն ավելի քիչ են հագեցած, ինչը եւ ստեղծում է աճի լավ նախադրյալներ: Մասնավորապես ԱՄՆ-ում ոսկերչական արտադրանքի 52%-ը պարունակում է ադամանդ, իսկ Հնդկաստանում ընդամենը 32%-ը, Չինաստանում՝ 29%-ը:

Հասկանալու համար, թե ադամանդագործության միջազգային ոլորտում միտումները ինչ նշանակություն կարող են ունենալ մեր երկրի համար, տանք պատկերը:

Ադամանդի հումքի վերամշակումը եւ վաճառքը շարունակելու է մնալ խոշոր ադամանդագործական ընկերությունների (հիմնականում բելգիական եւ իսրայելական) վերահսկողության ներքո: Այս ընկերություններն իրենց արտադրական հզորությունները տեղափոխում են այնտեղ, ուր առկա է էժան աշխատուժ: Օրինակ՝  իսրայելական Yoshfe Diamonds International-ն ունի երկու գործարան Չինասատանում՝ ավելի քան 2,000 աշխատողով, բելգիական Eurostar-ն ունի գործարաններ Բոթսվանայում ու Չինաստանում: Իսկ Հայաստանի ադամանդագործության ոլորտի ընդլայնումը պայմանավորված կլինի նոր գլոբալ ընկերությունների մուտքով, որոնք կարտապատվիրեն հումքի մշակումը Հայաստան:

Մեկ այլ միտում է այն, որ ադամանդի մշակման ծավալներն ուղղակիորեն կախված են ոսկերչական շուկայի զարգացումից, ինչն իր հերթին պայմանավորված է համաշխարհային տնտեսության զարգացման եւ Հնդկաստանում ու Չինաստանում միջին խավի աճի դինամիկայով: Համաշխարհային տնտեսության զարգացման տարբեր սցենարների դեպքում ադամանդի մշակման ծավալների  տատանումները կարող են կազմել 5%-ից մինչեւ 57%: Տարբերությունը մեծ է, ուրեմնեւ՝ անորոշ, ու սա որոշակի ռիսկեր է պարունակում նաեւ ՀՀ-ի ադամանդագործության համար: Չնայած ԱՄՆ-ն մնալու է մշակված ադամանդի ամենախոշոր սպառող, ավելանալու են  զարգացող երկրների (Հնդկաստան, Չինաստան) շուկաների կշիռները: Մեր պարագայում սեփական հումքով աշխատող տեղական վերամշակողների համար անհրաժեշտություն է առաջանում կապեր հաստատել Հնդկաստանի եւ Չինաստանի ոսկերչական ընկերությունների հետ եւս:

Նկատվում է, որ վերջին շրջանում ադամանդագործությունը տեղափոխվում է հարավ-ասիական երկրներ: 2002-2011թթ. Չինաստանի տեսակարար կշիռը համաշխարհային ադամանդագործության մեջ 6%-ից հասել է 11%-ի: Չնայած Չինաստանն ու տարածաշրջանի մյուս երկրներն ունեն ծախսային առավելություններ, սակայն տեղական տարադրամի արժեւորումն ու աշխատավարձերի բարձրացումը աստիճանաբար չեզոքացնում են այն: Չինաստանում, Հնդկաստանում եւ այլ երկրներում Հայաստանի նկատմամբ առկա ծախսային առավելությունը նվազելու է տեղական տարադրամի արժեւորման հաշվին:

Միաժամանակ, հայկական դրամի արժեզրկման պարագայում Հայաստանում ադամանդի մշակումը կարող է նորից դառնալ գրավիչ արտասահմանյան վերամշակողների համար:

Մասնագետները մեկ այլ կանխատեսում հաշվի առնելով նշում են, որ ադամանդ հանքաարդյունահանող երկրների օրենսդրությունը պահանջում է, որպեսզի ադամանդի հումքի որոշակի մասը վերամշակվի  տեղում: Դրա հետեւանքով վերամշակող շատ ընկերություններ ստիպված են հիմնել մասնաճյուղեր այդ երկրներում: Նշված օրենսդրական սահմանափակումը սպառնում է բարձրացնել արդյունահանող երկրների տեսակարար կշիռը վերամշակման մեջ, նույնիսկ եթե վերջինս այնտեղ ավելի ծախսատար է: Սա կարող է սահմանափակել Հայաստանի հնարավորությունները թե՛ պատվերներ գտնելու եւ թե՛ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում: Մասնավորապես, Ռուսաստանում գործող սահմանափակումները թույլ չեն տալիս տեղի ընկերություններին վերամշակման զգալի ծավալներ արտապատվիրել այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան:

Այս ամենից զատ՝ ադամանդագործության ոլորտի գործունեությունը սերտորեն կապված է մասնագիտացված ֆինանսավորման համակարգի հետ: Սեփական հումքով աշխատող տեղական ընկերությունների գործունեությունն անհնար է առանց հատուկ վարկավորման համակարգի առկայության: Մոտ 100 աշխատողով գործարանին անհրաժեշտ կլինի տարեկան 1-1.4 մլն դոլար գումարով շրջանառու միջոցներ միայն հումքի ձեռքբերման համար):

Նկատի ունենանք, որ ադամանդի հումքի արդյունահանումը եւ վաճառքը խիստ կենտրոնացած է սակավաթիվ խաղացողների ձեռքում: Այս փաստը թույլ է տալիս նրանց վերահսկել առաջարկն ու շուկային թելադրել գներ: Մինչեւ 2020թ. սպասվում է ադամանդի պահանջարկի ավելցուկ առաջարկի նկատմամբ, որի արդյունքում հումքի հասանելությունը դառնում է կրիտիկական վերամշակողների համար: Հայաստանի համար խիստ կարեւորություն է ստանում մուտքը հումքի առաջնային շուկաներ, կամ համագործակցությունը առաջնային շուկաներում աշխատող գնորդների հետ: Ըստ մեր էկոնոմիկայի նախարարության համոզման, Հայաստանի համար առաջնային խնդիրներից պետք է լինի Ռուսաստանի հետ երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռք բերումը հումքի ապահովման տեսանկյունից:

Ոլորտի զարգացմանը մեծապես ազդում են ադամանդի բորսաները: Աշխարհի խոշորագույն բորսաները գտնվում են Նյու Յորքում, Բելգիայում, Իսրայելում,  Հնդկաստանում, Չինաստանում: Դրանցով է անցնում ադամանդի վաճառքի գերակշիռ մասը: Չնայած Հայաստանում արդեն եղել են բորսաներ ստեղծելու անհաջող փորձեր (ՙՇողակն՚-ի հիմնադիրն էր ուզում փորձել, սակայն ՊԵԿ-ի հետ խնդիրների պատճառով գործունեությունը դադարեցրել է), այն անհրաժեշտ է ոլորտի զարգացման համար: Բորսայի կարիքը կառաջանա արդյունաբերության զգալի ծավալների դեպքում, ինչը հնարավոր է ապահովել օտարերկրյա ներդրումների միջոցով: Բորսան իր հերթին, կնպաստի տեղական ընկերությունների զարգացմանը:

Ոլորտի զարգացման գլոբալ մեկ այլ միտում էլ այն է որ ադամանդագործության կենտրոնների ձեւավորման կարեւոր նախադրյալներն են պարզ եւ արտոնյալ հարկային ու մաքսային համակարգը: Այս կարգի պայմաններ ապահովելու համար որոշ երկրներ ստեղծել են հատուկ ազատ տնտեսական գոտիներ (Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թայլանդ, Շրի Լանկա): Մեր երկրում, չնայած ոլորտի համար արտոնյալ հարկային եւ մաքսային իրավական դաշտի առկայությանը (այս կարծիքին է էկոնոմիկայի նախարարությունը)՝ ադամանդ վերամշակողները առնչվում են որոշ վարչարարական խոչընդոտների:

Նախորդիվ եւ այս նյութերում ներկայացնելով ադամանդագործության բնագավառի անցյալը, ներկայի շարժերը ու ապագայի ծավալումները, ոլորտի առանձնահատկությունից ելելով՝ նաեւ ռիսկերն ու վտանգները, կամփոփենք, թե որն է Հայաստանի ադամանդագործության զարգացման տեսլականը: Այս մասին՝ հաջորդիվ:

Միայն հավելենք, որ Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը կարող է շատ բաներ փոխել մեր ադամանդագործական ոլորտում: Դրական կլինեն դրանք, թե բացասական, ժամանակը ցույց կտա, բայց երկու տեսակետներ կրողներն էլ փաստարկներ բերում են: ՀՀ-ն պիտի երկուսին էլ պատրաստ լինի. դրականին՝ հեռանկարի շարժերից անմասն չմնալու, իսկ բացասականին՝ ոլորտի գոնե անկումը թույլ չտալու համար:

Աստղինե Քարամյան

Կյանքը՝ տխուր, ապրուստը՝ թանկ

2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.3%, իսկ 2014թ. ապրիլի համեմատ՝  0.6% գնաճ: Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 0.9%-ով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.7% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է նրբերշիկի՝ 0.8%, տավարի մսի պահածոյի՝ 0.9%, տավարի, խոզի եւ ոչխարի մսերի՝ համապատասխանաբար 1.1%, 4.5% եւ 5.5% գնաճով:

2014թ մայիսին ապրիլի համեմատ ոչ ոգելից խմիչքի եւ այլ մթերքի ապրանքախմբերում գրանցվել է համապատասխանաբար 0.1% եւ 0.4% գնաճ:

2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 23.0%- ով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ՝ 0.6%-ով:

Մեկ տարում հանրապետությունում բանջարեղենի գներն աճել են 18.7%ով, իսկ հացամթերքինը՝ 0.5%-ով:

2014թ. մայիսին ապրիլի hամեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.5% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի ու ձվի 12.5-4.8% գնանկման արդյունք է: Զուգահեռ՝ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 18.7% գնաճ: Հանրապետությունում գրանցվել է ճակնդեղի‘4.6%, կարտոֆիլի՝ 7.3%, սխտորի՝ 14.2%, գազարի՝ 20.8% գնաճ:

Ինչ վերաբերում է ձվին, ապա հանրապետական միջին գինը 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ աճել 1.2%-ով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.8% գնանկում:

Գոնե զրոյական տոկոսներով անկում արձանագրած ապրանքախմբերի մասով վիճակը շատ արագ կփոխվի առաջիկայում՝ հենց էլէներգիայի թանկացման սպասումների համապատկերին: Բայց, ինչպես կասեր ֆինանսիստ Տիգրան Սարգսյանը համաշխարհային ճգնաժամի օրերին, եթե բացասական սպասումներ չունենանք, ճգնաժամ չի լինի: Այլ կերպ՝ մտածենք, որ ամեն ինչ էժան է ու թանկացում չի լինի...

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 19 (324), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։