Մեր ավանդապատումները.- Արին-բերդ բլուրում հայտնաբերված արձանագրությունը պարզաբանել է Երեւանի հիմնադրման եւ տեղադրման հարցերը… Երեւան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից…

Մեր ավանդապատումները – Երեւան

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-18-ում

Օտարերկրյա ճանապարհորդները եւս վկայում են, որ Երեւան անունը, ըստ հայոց մեջ տարածված այլ ավանդության, կապվում է Երվանդ թագավորի անվան հետ:

19-20-րդ դարերում Հայաստանի տարածքում հայտնաբերված հայոց հնագույն Արարատ-Ուրարտու (Բիայնիլի, Վանի թագավորություն) պետության արքաների սեպագիր արձանագրությունների հայտնաբերումն ու ընթերցումը հնարավորություն տվեցին ոչ միայն ճշգրտել մի շարք աշխարհագրական անուններ, այլեւ նոր ձեւով բացատրել դրանց իմաստը:

Ուրարտական արձանագրություններում ընթերցվում են Էրիանի, Էրիախի, Էրեբունի անունները: Ռուսա 1-ին (735-713թթ.) թագավորի արձանագրության մեջ, որ հայտնաբերվել է Սեւանա լճի ափին գտնվող Ծովինար գյուղում, 22 երկրանունների հետ հիշատակվում է նաեւ Էրիաինի անունը: Ռուս հնագետ Մ. Նիկոլսկին Էրիաինին (երկիրը) տեղադրում է Երցչանի շրջակայքում, Արին-բերդ բլուրի վրա եւ Երեւան անունը բխեցնում Էրիաինիից: Այս տեսակետը ընդունելի են համարում Ե. Շահազիզը, Խ. Սամվելյանը եւ ուրիշներ:

Շատ կարեւոր էր հատկապես Նիկոլսկու կռահումը, որ հնագույն Երեւանը պետք էր որոնել Արին-բերդ բլուրի տարածքում, որտեղ ռուս մեկ այլ հետազոտող՝ հնագետ Ա. Իվանովսկին առաջին անգամ ուսումնասիրել ու նկարագրել է ամրոցի ավերակները:

Էրիանին տեղադրել են նաեւ Սեւանա լճի շրջակայքում (Ի. Մեշչանինով, Գ. Մելիքիշվիլի, Գ. Ղափանցյան): Գ. Ղափանցյանը Էրիանի ամրոցն ու երկիրը նույնացնում է եւ կապում eria (aria) ցեղի անվան հետ: Նա Էրիանի երկիրը համարում էր նույն eria (aria) ցեղի երկիրը: Գ. Ղափանցյանը eria (aria) ցեղի հետ էր կապում նաեւ Էրիախի երկիրը, որը ոմանք նույնացնում են Էրիանի երկրի հետ: Էրիախին Ղափանցյանը տեղադրում էր Կումայրիի շրջանում:

Նորից անդրադառնալով eri (ari) ցեղի անվանը՝ նա հնարավոր էր համարում, որ Երեւան անունը առաջացած լինի eri-avan «eri-երկիր» ձեւից, որն ավելի ուշ հնչում է Երեւան ձեւով: Գ. Ղափանցյանը, Երեւան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից, միաժամանակ դա առեղծվածային է համարում, քանի որ, ըստ նրա, Էրիա ցեղը եւ երկիրը (Էրիախի), գտնվում էին Գյումրիի տարածքում: Ինչպես տեսնում ենք, վարկածների եւ տեսակետների շարքում Գ. Ղափանցյանը առաջ է քաշում այն տեսակետը, որ Երեւան անունը կարելի է բացատրել «Էրի աւան» իմաստով:

Երեւանի հիմնադրման եւ տեղադրման հարցերի պարզաբանման համար մեծ նշանակություն է ունեցել 1950թ. Արին-բերդ բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրությունը (Կ. Հովհաննիսյան) եւ Վանի քարաժայռի վրա փորագրված Խոռխոռյան հիշատակությունը (տարեգրություն), որը 1828թ. հայտնաբերել է արեւելագետ Ֆ. Շուլցը: Այդ արձանագրության մեջ ընթերցվում է Էրեբունի (բնակավայրի) անունը, որը հիմնադրել է Արգիշտի 1-ինը (մ.թ.ա 786-764թթ.), սակայն պարզ չէր, թե որտեղ է հիմնադրվել նոր բնակավայրը: Խոռխոռյան արձանագրության մեջ Արգիշտի 1-ինը գրում է. «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին, Էրեբունի քաղաքը կառուցեց Բիայնիլիի հզորության համար: Հողը ամայի էր: Հզոր գործեր ես այստեղ կատարեցի: Խաթե (եւ) Ծոպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»: Արին-բերդից հայտնաբերված արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ, Արգիշտին, Մենուայի որդին, այս հոյակապ բերդը կառուցեցի, կոչեցի Իրբունի, Բիայնիլի երկրի հզորության համար: Հողը ամայի էր: Հզոր գործեր կատարեցի»:

Այս երկու արձանագրությունները եւ Արին-բերդ բլուրի ստորոտից հայտնաբերված նորքեցի Պ. Տեր-Ավետիսյանի արձանագրությունը հնարավոր դարձրին ճշգրտելու Արգիշտիի կառուցած Էրեբունի ամրոցի տեղը, ճշգրտվեց նաեւ ամրոցի հիմնադրման տարեթիվը. մ.թ.ա. 782թ:

Արին-բերդի արձանագրության հայտնաբերումից եւ ընթերցումից հետո ուսումնասիրողների (Բ. Պիոտրովսկի, Մ. Իսրայելյան, Կ. Հովհաննիսյան) կողմից առաջ է քաշվում այն տեսակետը, որ Երեւան անունը ծագել է Էրեբունի անունից, իսկ Մ. Իսրայելյանը կարծիք է հայտնում, որ Էրեբունի նշանակում է «հաղթանակ»:

Էրեբունի անվան բացատրության մասին այլ կարծիք է հայտնում Ի. Դյակոնովը:

Նա Էրեբունին բաժանում է ere-ebani բաղադրիչների եւ ենթադրում, որ այն ere ցեղի երկիր իմաստն ունի: Ինչպես տեսնում ենք, այս բացատրությունը նման է Գ. Ղափանցյանի կարծիքին: Սակայն Ի. Դյակոնովի տեսակետի դեմ առարկում է Մ. Իսրայելյանը: Նրա կարծիքով՝ ուրարտերենում առկա է er/e/bu բայարմատը՝ իր, առեւանգել, հաղթել իմաստներով, եւ հավանական է համարում, որ բերդանվան հիմքում ընկած լինի հենց այդ բառը, որից էլ, ինչպես վերեւում նշվեց, հեղինակը ենթադրում է, որ առաջացել է Էրեբունի «հաղթանակ» անունը:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 19 (324), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։