Ընդդեմ կուտակայինի դիմումները՝ մերժելի՞… Ընդդիմադիր քառյակը հապաղում է… Բարեփոխումներ, որ կհանգեցնեն նոր առճակատման… Միշտ չէ, որ նշանակում է երկկուսակցական համակարգ…

Մի շարք պետական մարմիններում, այդ թվում՝ նախարարություններում, աշխատողները դիմումներ են ներկայացնում կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու համար, բայց ղեկավարությունն այդ դիմումները չի ընդունում՝ խախտելով գործող օրենքը: Դիմումագրերի մեծամասնությունը երիտասարդներ են, ինչը նրանց դրդում է նորից մտածել փողոց դուրս գալու մասին:

Մամուլը ողողված է բողոքներով, մարդիկ նշում են, որ աշխատողներով՝ առանձին կամ միասնաբար դիմում են տարել հաշվապահություն, սակայն այն չի ընդունվել: Վստահ են, որ վերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ: Կրթական, բժշկական եւ այլ ոլորտների հիմնարկներում եւս աշխատակիցները դիմումներ են ներկայացրել, բայց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է: Մարդիկ զարմացած են, իրենք իրենց պետականամետ մարդ են համարում միանշանակ, բայց նրանց երեսին շպրտում են, թե՝ «պետության դե՞մ եք դուրս եկել»: Որոշ պետական մարմիններում էլ համապատասխան անձինք հորդորում են՝ իրենց հարգելով դիմումները հետ վերցնել («մոռացե՞լ եք ձեզ համար ինչեր եմ արել»), նաեւ հավելում են, որ «եթե ավելի բարձր աշխատավարձով տեղ գիտեք, ազատվեք, գնացեք…»:

Կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչները տարաբնույթ մեկանաբանություններ են անում, ինչն ավելի է սրում իրավիճակը: «Դեմ/եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մայրաքաղաքի կենտրոնում ցույցերից, երթերից բացի, որոշել է ծայրամասերում եւս իրազեկում անցկացնել ու ծանոթացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի խնդրահարույց կետերին: Ըստ նրանց, արդեն 70-80 գործատու կենսաթոշակային 5-10% պարտադիր վճարները չի պահում ու մուծումներ չի անում աշխատողներից: Նախաձեռնության անդամները կոչերով ու իրազեկման թերթիկներով քաղաքացիներին հորդորում են չտրվել սադրանքներին ու ճնշմանը, համարձակորեն միանալ պայքարին:

Առավել ազդեցիկ գործում են ՏՏ ոլորտի գործատուները, քանի որ մտավոր աշխատանքի մարդկանց նեղել դեռ չի հաջողվում, քանի որ այդ ոլորտի պատասխանատուներն անգամ հայտարարեցին, թե Հայաստանի այս օրենսդորության պատճառով իրենք իրենց կազմակերպությունները կգրանցեն Վրաստանում եւ կաշխատեն իրենց ցանկալի պայմաններով: Մի՞թե Հայաստանի բոլոր գործատուներին պետականորեն ուղղում են գրանցվելու այլ երկրներում… Վերջապես ե՞րբ է օրենքով կիրառվելու Սահմանադրական դատարանի «պարտադիր» բաղադրիչի հակասահմանադրական լինելու հիմնավորումը: Միշտ էլ կամավոր ձեւակերպման տակ (թողնվել է որպես մեղմացուցիչ հանգամանք) գործել է կամավոր-պարտադիր գործելաոճը, ինչի ականատեսը եղել ենք սոցիալական քարտերի, կենսաչափական փաստաթղթերի… այժմ էլ՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման պարագայում:

Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրեթե բոլոր պոլիկլինիկաներում պարտադիր կուտակային կենսաթոշակի գանձումները առ այսօր շարունակվում են: Ավելին, դժգոհություններ կան, որ աշխատողներին պարտադրում են դիմումներ չգրել, իսկ գրողներին էլ սպառնում են ազատել աշխատանքից: Հետաքրքիր պատկեր է Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների բնակչության մի մասին սպասարկող թիվ 8 պոլիկլինիկայում, որի տնօրենը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն է՝ Արմինե Հարությունյանը: Նա նշել է, թե կուտակայինի գանձումներն արվում են ըստ աշխատողների ցանկության: «Ով ցանկանում է, գանձում ենք գումարը, ով չի ցանկանում, չենք գանձում: Ոչ մեկը չի պարտադրում, մեզ մոտ դեմոկրատիա է: Ես նույնիսկ երեկ բոլորին մեկ առ մեկ հարցրել եմ, որովհետեւ հասկացա, որ պանիկա է սկսվել որոշ բուժհաստատություններում, որ պարտադրում են, եւ ես իմ կոլեկտիվից հարցրել եմ՝ ուզում եք, գանձում ենք, չեք ուզում՝ չենք գանձում»,- ասել է նա panorama.am-ին:

Այս բուժհիմնարկում կուտակային համակարգի «տակ» չի ցանկացել ընկնել 4 աշխատող, ովքեր էլ համապատասխան դիմում են գրել, իսկ 1974թ.-ից հետո ծնված 43 աշխատող էլ համաձայնել է, որ իրենցից գանձումներ կատարվեն: Դրանց թվում է նաեւ ինքը՝ տիկին Հարությունյանը, որի ցանկությամբ իր աշխատավարձից նույնպես պահումներ են արվում. «Իրենք այսպես են բացատրում՝ ասում են՝ մինչեւ սեպտեմբեր թող գանձեն, միեւնույնն է՝ վերահաշվարկ է կատարվելու, վերահաշվարկից հետո, եթե տեսնենք ինչ են որոշում, արդեն կընտրենք մեր ֆոնդը ու կշարունակեն վճարում կատարել: Հիմա էլ են արդեն ընտրում իրենց ֆոնդը: Եթե ինչ-որ փոփոխություն լինի օրենքում, չեն գանձի ու գումարները հետ կտան: Իրենք այսպես են տրամադրված»:

Ի դեպ, Նորագյուղ, Թաիրով, Հին Էջմիածնի խճուղի եւ Կիլիկիա թաղամասերի բնակչությանը սպասարկող թիվ 7 պոլիկլինիկան միացվել է թիվ 8 պոլիկլինիկային, որոնք աշխատում են Արմինե Հարությունյանի ղեկավարությամբ: Թիվ 7-ից հայտնել են, որ իրենք «փրկվել են՝ տարիքով մեծ են ու «կուտակայինի» տակ չեն ընկնում»: Ապառնալիքների ու պարտադրանքի մասին լուրերին անդրադարձել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ու ասել. «Որեւէ վախ չպետք է լինի, որովհետեւ չկա այդպիսի խնդիր: Կա օրենք ընդունված եւ օրենքին համապատասխան, յուրաքանչյուր կողմը իր իրավունքները պետք է իրացնի: Եթե կոնկրետ տեղեկատվություն ունենանք, ապա մենք նույնպես կոնկրետ կզբաղվենք այդ հարցերով»:

Ինչեւէ, խնդիրը կա, այն չի լուծվում, իսկ մեկնաբանվում է տարաբնույթ: Այսպես այլեւս չի կարող գործել օրենքը: Օրենքը կամ պարտադրում է, կամ՝ հանում կամավոր-պարտադիրը:

Այլապես ստվերային պարտադրանքները մնալու են: Երեւի դա եւս նպատակ է, որպեսզի կամաց-կամաց սովորեցնեն պարտադիրին, ինչպես սոցքարտերի «կամավոր» դեպքում եղավ, իսկ Արտեմ Սարգսյանը այդ կիրառմանը լավ ծանոթ է դեռ դաշնակցական սոցապնախարար Աղվան Վարդանյանի ժամանակից: Երբ միասնաբար համարակալեցին ազգը:

Անի Մարության

Ընդդիմադիր քառյակը հապաղում է

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հերթական հանդիպումից հետո նշեցին, թե քառյակը 12 կետից բաղկացած հայտարարություն է ընդունել, որը կներկայացվի ԱԺ-ում: Այդ 12 կետերը վերաբերում են ներքին քաղաքական հարցերին, օրենսդրական որոշ փոփոխությունների, կառավարության գործունեությանը, աշնանը կայանալիք հանրահավաքին: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի՝ 100% համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ քննարկման առաջարկին, ապա այն չի ստացել քառյակը, բայց այդ հարցը 12 կետերում առկա է:

«Չկան այնպիսի հարցեր, որոնք անհամաձայնության պատճառով դուրս են մնացել փաստաթղթից: Այն ամբողջությամբ բոլորի կողմից ընդունված ու համաձայնեցված է»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք 12 կետերը հանգեցնելու են իշխանափոխության, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասել է, որ քառյակի խնդիրն ի սկզբանե եղել է պետության ներսում արմատական փոփոխություններ իրականացնելը: Խնդիրներն էլ, նրա խոսքով, որոնք դրվել են մինչ օրս, միասնաբար լուծել են:

Այսպիսի բացատրությունները չեն բավարարում ընդդիմության հետեւորդներին, քանի որ քառյակի ընդունած 12 կետը թերեւս գաղտնի է պահվում, 4 ժամանոց նիստից հետո 1-2 նախադասություն են ասում ու հեռանում: Ի՞նչ ունեն հանրությունից թաքցնելու. հարցնում են միմյանց Ազատության հրապարակում պարբերաբար հավաքվող մարդիկ:

12 կետը՝ կառավարությանն ուղղված իրենց համատեղ պահանջները, շուտով հրապարակելու են, հիմա ձեւակերպումների վրա են աշխատում. հայտնում են քառյակի պատասխանատուները՝ նշելով, թե առաջիկայում ասուլիս կարվի եւ կհայտարարվի, թե ինչ պահանջներ են դրել ՀՀ կառավարության առաջ եւ ինչ է անելու, եթե մինչ աշուն դրանք չկատարվեն:

Գոհար Վանեսյան

Բարեփոխումներ, որ կհանգեցնեն նոր առճակատման

Խորհրդարանական ուժերից ՕԵԿ-ը առայժմ դուրս է մնացել ընդդիմադիր քառյակից (սպասվող հնգյակը չստացվեց), չնայած վաղուց է հայտարարել ընդդիմադիր դառնալու մասին: Բայց քառյակն ինքը դեռ փոխադարձ վստահության կարիք ունի, իսկ ՕԵԿ-ը տակավին վերջերս հեռացավ իշխանական կոալիցիայից: Չնայած 4 ընդդիմադիրները եւս անմասն չեն եղել իշխանության քաղցրությունն զգալու հաճույքներից, բայց դե…

Ինչեւէ, ՕԵԿ-ը հայտարարել է միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու մասին եւ նշել, որ հիմք ընդունելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործումը, կարեւորելով երկրում ընտրական համակարգի զարգացման հրամայականը՝ ՕԵԿ-ը սկսում է «ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու նպատակով կոնսուլտացիաներ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ներգրավելով նաեւ շահագրգիռ տեղական եւ միջազգային կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական բարեփոխումներ»:

Որպես ընդդիմություն՝ ՕԵԿ-ն իր քաղաքական օրակարգը սկսեց 100% համամասնականին անցնելու ընտրական համակարգը բարեփոխելուց: Կարծում են, թե գործուն հայաստանյան ընդդիմադիր դաշտը իրականություն է դառնում, բայց դրա համար պիտի ստեղծել այդ բարեփոխումները իրականացնելու քաղաքական կամք ունեցող միասնություն:

Բոլոր ընդդիմադիրներն էլ նշում են, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանում մեծամասնականով մանդատ են ստացել հիմնականում թաղային հեղինակությունները, մութ անցյալ ունեցող մարդիկ, ապա միանշանակորեն կարելի է բարեփոխել այս համակարգը: Հետեւաբար, առանց ընտրական համակարգի բարեփոխման, այն է՝ անցումը 100% համամասնականի, «անհնար կլինի պատկերացնել Հայաստանում որեւէ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում»:

Այսպիսով, ինչպես իշխանությունները, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիրները հանգում են սահմանադրական փոփոխությունների թեմային, ինչը հաստատ միակարծիք եւ փոխլրացնող իրավիճակների չի հանգեցնելու: Հատկապես՝ նախագահական համակարգը խորհրդարանականով փոխարինելու առաջարկը կդառնա հիմնական թեմա:

Արտակ Հայոցյան

* * *

ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարեւորած երկբեւեռ քաղաքական դաշտի կայացումը, ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, միշտ չէ, որ նշանակում է երկկուսակցական համակարգ:

Խոսքը, թերեւս 2 տարբեր ուղղությունների մասին է, որոնք ներկայացված կլինեն կոալիցիայով, մի խումբ կուսակցություններով, բայց ակնհայտ կերեւա, թե այդ որ կուսակցական խմբերն են:

Սա չի նշանակում, թե որեւէ կուսակցություն չի կարող մի բեւեռից մյուսն անցում կատարել:

«Լուսանցք» թիվ 19 (324), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։