Շաբաթվա ծաղրը՝ ծաղկաքաղով – Համեմատեց Նժդեհի ու Անդրանիկի հետ… Ըստ քաղաքապետի՝ արխիվները փորփրել պետք չէ՞… Միկոյանը Նապոլեոնն է կամ Լենինը՝ մշակույթի նախարարի հերթական գոհարները…

Համեմատեց Նժդեհի ու Անդրանիկի հետ

Վերջին օրերին կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին եւ, չնայած հայկական կողմի հակազդմանը, հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում մենք ունեցանք մարդկային կորուստ:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում: Իր կազմում բազմաթիվ ազատամարտիկներ ունեցող «Նախախորհրդարան» շարժման ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը կայքերից մեկին հարցազրույց է տալիս եւ անդրադառնում Հայաստանից Քեսաբ ազատամարտիկներ ուղարկելու թեմային: Խզմալյանը նախ ի ցույց է դնում հայոց պատմության մասին իր «Գիտելիքները»՝ համոզված պնդելով, թե Գարեգին Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը արտաքսվել են Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունների կողմից: Սրանով չբավարարվելով՝ նա ավելի հեռուն է գնում՝ Ժիրայր Սեֆիլյանին ու Շանթ Հարությունյանին համեմատելով Գարեգին Նժդեհի ու Անդրանիկ Օզանյանի հետ:

Փաստորեն, ըստ «Նախախորհրդարան»-ի ներկայացուցչի, զենքով հեղափոխություն անելու կոչերի համար դատապարտված ծայրահեղական Ժիրայր Սեֆիլյանը եւ նախկինում հոգեբուժարանում բուժված, բահի կոթով նախագահական նստավայրը գրոհող Շանթ Հարությունյանը հայոց պատմության մեջ ունեն նույն դերակատարումն ու նշանակությունը, ինչ Նժդեհն ու Անդրանիկը…

Չարժե նույնիսկ մեկնաբանել: Սրանից բացի Խզմալյանը նույն հարցազրույցում նաեւ ուշագրավ բացահայտումներ է անում՝ հայտարարելով, թե Սեֆիլյանը, որպես «Նախախորհրդարան» եւ «Սարդարապատ» շարժումների համակարգող, իր վրա է վերցրել կազմակերպչական աշխաանքները եւ մի քանի հոգու ուղարկել է Քեսաբ՝ վերլուծական-հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար…

Քեսաբում «Նախախորհրդարան»-ի իրականացրած «հետախուզական օպերացիան» նաեւ հետաքրքիր է նրանով, որ ինչպես իր հարցազրույցում բացահայտում է Խզմալյանը, դրա անմիջական կատարողներից եւ Քեսաբ մեկնողներից մեկը եղել է, ոչ ավել-ոչ պակաս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը: Եվ այդ մասին հայտարարում է կինոռեժիսոր Խզմալյանը՝ հավանաբար գտնվելով Ջեյմս Բոնդի հերոսական արկածների տպավորության տակ… Զարմանալի է, թե իրենց հիվանդագին գաղափարներն իրագործելու համար ինչքան հեռու կարող են գնալ այս մարդիկ, որ հանդգնեն շահարկել արցախցի ազատամարտիկ Վահան Բադասյանի անունը: Ավելին, այդ մասին բարձրաձայնում է Խզմալյանը՝ մեծամտորեն հայտարարելով, թե ինքն ու իր նմանները Բադասյանին ուղարկել են Քեսաբ՝ «հետախուզություն» անելու համար: Անհասկանալի է մի բան. ինչու այս «հետախուզական կառույցին» մինչ այդ չէր հետաքրքրել Հալեպում, Դամասկոսում, Հասակեում նույն վտանգներին դիմակայող հայությանն օգնության հասնելու խնդիրը…

Եվ ընդհանրապես, Քեսաբի հետ կապված իրավիճակի նրբություններն ու վտանգավորությունը լրջությամբ պատկերացնելու համար արժե, որ Սեֆիլյանը, Խզմալյանը եւ նրանց նմանները առկա իրողությունները վերլուծեն ու գնահատեն նաեւ միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետության՝ Հայաստանի Հանրապետության տեսանկյունից:

Slaq.am

Արխիվները փորփրել պետք չէ՞

«Ամենահիշարժանն այն է, որ Անաստաս Միկոյանը 3-րդ համաշխարհային պատերազմը կանխեց: Եվ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ 600 հազար հայեր զոհվեցին, շատ հնարավոր է էդ ժամանակ էլ այդքան հայ զոհվեր»,- ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Անաստաս Միկոյանի կենսագրությունում հիշել դրական դրվագ, որի համար արժե նրա կիսանդրին տեղադրել Երեւանում:

Անդրադառնալով Միկոյանի ներկայացրած հայերի գնդակահարության ցուցակին՝ Տարոն Մարգարյանը ասաց© «Պատմաբաններն են ասում, ես նման փաստաթուղթ չեմ տեսել, որ ասում են նման փաստաթուղթ կա, որեւիցե օր այդ փաստաթղթերը ցույց չտվեցին: Ես չէի ուզենա, որ մենք շատ արխիվներում փորձեինք ման  գալ, որովհետեւ ոչ միայն Միկոյանի հետ կապված, այլ նաեւ շատ-շատ այլ մարդկանց մասին կարող ենք փաստեր ունենալ»:

Նշենք, որ բազմաթիվ փաստաթղթեր են հրապարակվել մամուլում:

Հարցին, թե հանրության կարծիքն այս դեպքում չպե՞տք է հաշվի առնել, հանրությունը դժգոհ է, նա պատասխանեց՝ «Սա այն հարցը չի, որ մենք դնենք լայն քննարկման, ընդամենը մեկ կիսանդրի է տեղադրվելու: Իմ կարծիքով, հասարակական դժգոհությանն ավելի շատ որոշ ուժեր դրդում են, սովորական քաղաքացիներին որ հարցնեք, իրենց ոչ մեկին էլ դա չի հետաքրքրում»:

Lragir.am

Միկոյանը Նապոլեոնն է կամ Լենինը

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ  հակասական խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի կիսանդրին Երեւանում տեղադրելու հարցում վերջին խոսքը պետք է ասեն գիտնականները. «Ըստ էության հանրային քննարկում գնում է, ես տարբեր դիրքորոշումներ եմ լսում եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրը վերաբերմունքի իր բանաձեւն է հանում, բայց, այնուամենայնիվ, ես շատ կուզենայի, որ գիտնականներն ասեին իրենց վերջին խոսքը, կարծում եմ, որ դա շատ անհրաժեշտ է, որովհետեւ հասարակության, յուրաքանչյուր անհատի գիտելիքը չի կարող բավարարել, որպեսզի ինքը լիարժեք գնահատի»։

Նախարարը նշեց, որ այսօր շատ են կենտրոնանում այդ խնդրի վրա, դարձրել են «օրվա հարց», այնինչ Հայաստանում ավելի կարեւոր հարցեր կան, որոնք անուշադրության են մատնվում…

Նախարարի խոսքով՝ ցանկացած քաղաքական գործիչ ունեցել է եւ՛ իր դրական, եւ՛ բացասական կողմերը, եւ Միկոյանը բացառություն չէ, ուղղակի անհրաժեշտ է կշռադատված մոտեցում ցուցաբերել:

«Օրինակ, Նապոլեոն Բոնապարտը, խոշոր գործիչ է եղել իր երկրի համար, բայց մյուս կողմից ինչքան խնդիր է առաջացրել մյուս ժողովուրդների համար։ Նույնը Ստալինը, Լենինը, չի կարելի ժխտել»:

News.am

«Լուսանցք» թիվ 19 (324), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։