Ղրիմը պետք է դարձնել ռուսական Արցախ
Չպատասխանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Աստանայի համաժողովում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում անդրադարձավ հայության բոլոր հատվածներին ընդվզում պատճառած այդ ալիեւյան նամակին: Համառոտ, մեր դիտարկմամբ, պատասխանն այսպիսին էր՝ Հայաստանը Եվրասիական միության մեջ կմտնի իր սահմաններով եւ ի՞նչ կապ ունի Արցախը դրա հետ: Իսկ ԼՂՀ-ն կմնա որպես չճանաչված պետություն Հայաստանի հովանավորության ներքո ու փաստացի կհամարվի Հայաստանի մի մասը: Նախագահի խոսքում հասկացվում էր նաեւ, թե ոմանք ինչպես դրսում, այնպես էլ ներսում այնպես են ընդվզում՝ կարծես թե Արցախը Հայաստանի կազմի մեջ է:
Այս տրամաբանությամբ էլ Հայաստանի նախագահը պետք է արձագանքեր Աստանայում: Ինչեւէ, Եվրասիական տնտեսական միության համաժողովում նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Քննարկվել է նաեւ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը: Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաեւ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:
Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի միանալու հարցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը նշել է հետեւյալը. «Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը»: Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչների օժանդակությամբ ավելի արագ է իրականացվել Եվրասիական հանձնաժողովի խրթին հարցերի մասնագիտական մշակումը, որը թույլ է տվել ամրագրել առկա արդյունքները: Ինչն, ըստ մեր նախագահի, հնարավոր դարձավ նաեւ «Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ»:
Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու շուտափույթ ստորագրման պատճառը մի շարք գործոններով է պայմանավորված, իսկ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձեւավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է եւ մարդիկ պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Հայաստանի նախագահը նշել է նաեւ մեկ այլ գործոն, միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո պետք է ձեռնամուխ լինել գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովել մի շարք կարեւոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս:
«Իմ կողմից հաստատում եմ պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի միանալու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը Ազգային ժողովի քննարկմանը եւ հաստատմանը ներկայացվի ամենասեղմ ժամկետներում»,- ավարտել է խոսքը Սերժ Սարգսյանը: Նա, ինչպես ասում են՝ գնդակը ուղարկել է եվրասիական դաշտ, իսկ պատասխանը դեռ չկա:
Երեւանում մեր նախագահն ավելի անկեղծացավ. «Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որեւէ վնաս չի կարող մեզ տալ: Նախ պետք է ասեմ, որ որեւէ խոչընդոտ չկա Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ մի 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են ու վերաբերում են մեր առեւտրային հարաբերություններին»: «Այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է»,- հավելել է նախագահը:
Իհարկե, ասվածն էլի կտրուկ եւ ամբողջական չէ, բայց գոնե այսքանը պետք է Աստանայում ասվեր, սակայն երեւի թե իսկապես անակնկալի է եկել Սերժ Սարգսյանը:
Բայց կարելի էր հետո, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ոճով հայտարարել, թե մի «տհաճ թեմա էլ կա» Ուկրաինայում մի ընկերոջ չգրգռելու մասին (ղազախը նշել էր՝ Ադրբեջանում): Եվ նույն ղազախական ոճով պետք է դիմեր նաեւ Ռուսաստանի նախագահին, ով նույնպես նախօրոք տեղյակ էր նամակից. «Դուք առանց Ղրիմի անդամակցեցիք ԱՀԿ-ին, պետք է Եվրասիական միություն էլ մտնեք ՄԱԿ-ի ճանաչած սահմանների շրջանակում՝ նման պատճառաբանությամբ»: Կամ էլ՝ Նուրսուլթան Նազարբաեւին պիտի ասվեր, որ սա եւս մտնի առաջ քաշած պայմանների մեջ:
Մի խոսքով՝ կարելի էր Արցախի հարցը բումերանգի վերածել ու հարվածել ղազախին, ռուսին ու բելառուսին:
Եվրասիական միությունը ոչ միայն 170 միլիոնանոց շուկա ունեցող տնտեսական, այլեւ քաղաքական կառույց է, որին մեր երկրի անդամակցությունը բխում է ոչ միայն Հայաստանի, այլեւ, անգամ նախեւառաջ՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից: Եվ ռուսական խաղերը պետք է արժանի հակահարվածների արժանանան: Այլապես թուրքամետ եվրասիականությունը մի նոր փորձանք կդառնա Հայաստանի գլխին: Ու սա միայն Հայաստանի մտահոգությունը պիտի չլինի: Համաթուրքական դաշինքը շուտով Ղրիմի հարցն էլ կքննարկի: Ու Երեւանը հարկ չէ, որ այս անգամ էլ, ինչպես ՄԱԿ-ում, պաշտպանի Ռուսաստանի շահերը… Իսկ ասելիք ու բացատրելիք կա ու լիքը:
Արամ Ավետյան
«Մայդան» բառը կհայտնվի նաեւ ղազախերենում
Ղազախստանի քաղաքացիական հասարակությունը համախմբվում է ընդդեմ Եվրասիական միության, ինչը կարող է մի նոր հեղափոխական ալիքի պատճառ դառնալ: Ակտիվիստները հայտարարել են համախոհ ուժերի համախմբման մասին: Նշվել է, որ «մայդան» բառը ղազախներին հայտնի է, ինչն ըստ իրենց՝ նշանակում է «երկիրը ժողովրդին վերադարձնել»: Այս կարգախոսի ներքո է Ալմաթիում կայացել համազգային քաղաքացիական հավաքը, նոր քաղաքական համակարգ է ստեղծվել, որը պիտի միավորի ժողովրդական մտածելակեպ ունեցող քաղաքացիներին:
Հավաքը, ըստ տեղեկությունների, կազմակերպվել է արեւմտյան ուղղության նախաձեռնությամբ՝ Ղազախստանի համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ համագործակցութամբ: Ելույթներում խիստ քննադատության են ենթարկել իշխանությունների գործողությունները, նախ եւ առաջ սննդամթերքի, կոմունալ վճարների գների բարձրացման համար: Խոսել են իշխանության նկատմամբ վերահսկողության բացակայության, իրավապահ եւ դատական մարմինների կողմից օրենքի ու Սահմանադրության անդադար խախտումների մասին: Ակտիվիստների կարծիքով, Ղազախստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, քանզի քաղաքացիների քաղաքական իրավունքները բազմաթիվ օրենքներով գրեթե հասցվել է զրոյի:
Հավաքի մասնակիցները չեն շրջանցել Եվրասիական միությանը Ղազախստանի անդամակցության հարցը, ուկրաինական իրադարձությունների համապատկերին շատերի մոտ ձեւավորվել է դիրքորոշում, որը հեռու է իշխանությունների վարած քաղաքականությունից: Ղազախստանում հակաեվրասիական շարժում է սկսվում, ինչին աջակցում են զլմ-ներն ու սոցիալական կայքերի օգտատերերը:
«Լուսանցք» թիվ 19 (324), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



