Պահանջներ՝ առանց հրաժարականի պահանջի – Ընդդիմությունն անցնում է կառուցողական գործելաոճի… Միաժամանակ քառյակը նախանշել է ժամկետներ…

Պահանջներ՝ առանց հրաժարականի պահանջի

Վերջապես ընդդիմադիր քառյակը հրապարակեց իր պահանջները: Դրանց շարքում Արցախի անվտանգության, «Նաիրիտ»-ի վերագործարկման, գյուղմթերքների ավելացման, տնտեսության զարգացման, մենաշնորհների վերացման եւ այլ խնդիրներ են արծարծվել, բայց քառյակի կետերում չկա իշխանափոխության խնդիր: Իսկ իշխանափոխության հարցը առանձին-առանձին ու ոչ մեկ անգամ բարձրացրել են ԱԺ ոչ իշխանական բոլոր չորս ուժերը, ինչը միասնական հանդես գալու դեպքում բացակայում է…

Կողմերը պնդել են, թե բավականին երկար են աշխատել հայտարարության վրա, որը 12 կետից է բաղկացած: Այսպես՝ իշխանափոխությունը այլեւս մի կողմ դրած, քառյակը հայտարարեց, թե հաստատում են, որ «Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու ժամանակը հասունացել է, համակարգը առողջացնելու համատեղ ուժերի անհրաժեշտություն կա»: Քառյակն արձանագրել է, որ համատեղ միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել, իրենք էլ դարձել են հանրության ու իշխանությունների միջեւ միջնորդ: Ըստ նրանց, կառավարության քայլերը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, ուստի՝ արտագաղթն ու տնտեսական անկումը կասեցնելու նպատակով անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ: 1. Վերացնել պարտադիր բաղադրիչը, պահումները վերադարձնել քաղաքացիներին: 2. Վերանայել տեսանկարահանող սարքերի եւ կարմիր գծերի վերաբերյալ օրենսդրությունը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%-ը: 3. Առնվազն 3 անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Հանել սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումը: 4. Կրկնապատկել գյումթերքի արտադրությունը: 5. Գյուղատնտեսական վարկերը արտարժութայինից վերածել դրամայինի: 6. Հաստատել «Նաիրիտ»-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի պարտքը: 7. Բացառել «Որոտան-ՀԷԿ»-երի վաճառքն ու մասնավորեցումը: 8. Բացառել հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը: 9. Ընդունել մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ: 10. Փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հաջորդ ընտրություններն անցկացվեն 100% համամասնական ընտրակարգով: 11. Ընդդիմությանն օժտել վերահսկողական գործառույթներով: 12. Չստորագրել որեւէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը:

Իսկ քանի որ ճտերն աշնանն են հաշվում, քառյակն աշնանը, մինչեւ կկվի կանչելը, կհրավիրի հանրահավաք, որտեղ կամփոփի պահանջների կատարման ընթացքը:

Խորհրդարանական ընդդիմադիրներն առկա պայմաններում անհրաժեշտ են համարում գործել միասնական գաղափարի շրջանակում, ժողովրդին էլ դարձնելով այդ գործընթացի մասնակիցն ու գլխավոր երաշխավորը: «Կառավարությունը հրաժարական տվեց, ինչը նշանակեց, որ քառյակը հասավ իր նպատակին, բայց եւ սպառեց իր միասնական օրակարգը: Եվ սույն համաձայնագիրը հենց այդ նպատակն է հետապնդում: Կոնգրեսի անունից կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք կարծել ու համոզված ենք, որ երկրի գլխավոր չարիքն այսօր Սերժ Սարգսյանն է եւ առաջին լուծումը նրա հեռացումն է, երկրում հաշվետու իշխանություն ձեւավորելու մեջ: Բայց մենք հասկանում ենք, որ պետք է ձեւավորել միասնական համակարգ, ու սա դիտարկում ենք առաջին փուլ, իսկ վերջնական նպատակը հենց այն է, ինչ ես ասացի»,- նշել է Լեւոն Զուրաբյանը եւ հավելել, որ շնորհավորում է ժողովրդին այս համաձայնագրի ստորագրության կապակցությամբ: Գրեթե նույնն ասել են նաեւ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները՝ Արմեն Ռուստամյանը, Ռուբեն Հակոբյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Իշխանական կողմից անմիջապես արձագանքեցին: «Ես շատ ուրախ եմ, որ վերջապես շատ առողջ առաջարկներ են արել եւ դրանք մեր քննարկման առարկան կդառնան: Նշված բոլոր կետերը՝ մի մասը կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ, մյուս մասը մեր ելույթների ժամանակ արդեն մեր քննարկման առարկան են»,- նշել է ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ նրա, գրեթե բոլոր կետերն իրենց ուշադրության կենտրոնում են, թիրախային են եւ առանց քառյակի ներկայացման էլ լուծում պետք է ստանան. «Պարտադիր կուտակային բաղադրիչն արդեն վերանայվել է եւ առաջիկայում էլ այդ օրենքը կվերանայվի, իշխանություններն արդեն տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերի եւ տուգանքների մասով լսումներ են անցկացրել, խնդիրը քննարկել են եւ պատրաստ են եւս մեկ անգամ վերադառնալ այդ խնդրին»: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, թե չեն ժխտում, որ խնդրի ուսումնասիրության անհրաժեշտություն կա եւ պատրաստ են քննարկել դա: Նշել է նաեւ, որ չի կարող ասել, թե բոլոր պահանջները կբավարարեն, պետք է նայել՝ որն է համապատասխանում իրականությանը եւ որտեղ իսկապես կան չարաշահումներ: Այդ հարցերին արդեն դեմ չեն լինի անդրադառնալ:

Եթե գալիս է այն կառուցողական ընդդիմությունը, որը հարկավոր է պետությանն ու իշխանությանը, ապա դա հանրապետական պատգամավորի կողմից ողջունելի է միանշանակ. «Բայց չսպասեք, որ խնդիրներն արագ կլուծվեն, օրինակ՝ այդ նույն տուգանքների հարցը արագ չի փոխվի, այն պետք է լուրջ ուսումնասիրությունների առարկա դառնա, իսկ գյուղատնտեսության մասով պահանջները կառավարության ծրագրով արդեն նշված են եւ երբ չենք կատարի՝ այդ ժամանակ կխոսենք»: Ինչ վերաբերում է պահանջների համար քառյակի նախանշած ժամկետներին, ապա նա հորդորել է իրենց հետ «նախապայմանների լեզվով չխոսել եւ ոչ էլ ուլտիմատումներով» խոսել. «Ոչ թե մենք այս 12 կետերին պետք է անդրադառնանք ու տանք պատասխաններ, այլ ընդամենն ասում ենք, որ դրանք այն հարցերն են, որոնք ընդրկված են մեր ծրագրերի մեջ»: Իսկ եթե սեպտեմբերին ընդդիմադիրները քայլեր ձեռնարկեն, դա չի վախեցնում իշխող կուսակցությանը, չնայած նրանք չենք ժխտում, որ նշված հարցերը քննարկման առարկա են:

«Քառյակի ասածը վերջին ճշմարտությունը չէ: Իրականությունը այլ է»,- ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այն հարցին, թե արդյո՞ք քառյակի նախանշած ժամկետներում՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը, հնարավոր է վարչապետը փոխվի, քանի որ քառյակը պնդում է, որ հենց իրենց համատեղ գործունեության արդյունքում Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: «Իսկ ո՞վ ասաց, որ պահանջների արդյունքում վարչապետը փոխվեց: Հարգարժան նախկին վարչապետի դիմումը հարգել ենք ու փոխել ենք վարչապետին»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է ներկայացված 12 կետերին, ԱԺ հանրապետական փոխխոսնակը հայտնել է, որ իշխանության օրակարգն ավելի լայն է, այդ կետերում ամբողջական օրակարգ ներառված չէ, բայց կարեւորել է, որ «քառյակի ներկայացրած կետերում չկան ռադիկալ կոչեր, ինչը կառուցողական մոտեցում է»: Ըստ ԱԺ փոխխոսնակի, մի բանում են իշխանությունն ու ընդդիմությունը միասնական՝ Լեռնային Ղարաբաղի հարցում: «Իշխանություն, ընդդիմություն թե այլընտրանք, հասարակական եւ քաղաքացիական նախաձեռնություններ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ինքնիշխանության հարցում բոլորս միասնական ենք: Իսկ մնացած կետերի վերաբերյալ իշխանությունն ու կառավարությունը իրենց կարծիքը հայտնել են, օրինակ կուտակայինի հետ կապված կամ 100% համամասնականի»,- հայտարարել է ԱԺ փոխխոսնակը՝ ավելացնելով, որ դա չի էլ նշանակում, որ չի կարելի նստել ու երկխոսել այլ հարցերի շուրջ: Բայց ՀՀԿ-ական ԱԺ փոխխոսնակը նշել է, որ այս կետերի մեջ քառյակը մոռացել է կամ դեռ չի հասցրել հստակեցնել օրվա ամենակարեւոր օրակարգային հարցը՝ համակարգային փոփոխությունները, որոնք առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չեն:

Կարեւոր է, որ ընդդիմությունն անցնում է կառուցողական գործելաոճի, ինչն այս դժվարին օրերին, երբ առկա են միջազգային տարբեր ճնշումներ մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում, իսկ ադրբեջանական կողմը փորձում է թուրքական աջակցությամբ ապակայունացնել զինադադարի կարգավիճակը, արեւմտյան ու ռուսական ուղղություններն էլ իրենց շահերն են առաջ քաշում տարածաշրջանում:

«Լուսանցք»ը միշտ կարեւորել է գաղափարական, նպատակային գործող ընդդիմադիրների առկայությունը, ինչը կարող է համակարգված պայքարել, անգամ պարտադրել իշխանություններին՝ մտածել ժողովրդի բարեկեցության ու երկրի զարգացման մասին:

Պատասխանատու ընդդիմությունը կարող է առաջնորդել (առանց օտարի թելադրանքի) ժողովրդական զանգվածներին, եթե դրա կարիքը իսկապես առաջանա: Այսպես ընդդիմությունը կդառնա ժողովրդի ճնշման միջոցը, ինչն էլ իշխանությանը կստիպի մնալ զգաստ եւ աշխատունակ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.