Էներգետիկ եւ նավթա-գազային մարտահրավերներ – 2.- Նավթը՝ աշխարհաքաղաքական ազդեցիկ գործոն… Գազն էլ՝ քաղաքատնտեսական ճնշելու գործիք…

Նավթը՝ աշխարհաքաղաքական գործոն

Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA) հրապարակել է համաշխարհային էներգետիկ ոլորտում ներդրումների կանխատեսումների վերաբերյալ ընդարձակ զեկույց: Կազմակերպության գնահատականների համաձայն՝ մինչեւ 2035թ. համաշխարհային էներգետիկ ոլորտում ներդրումները պիտի կազմեն առնվազն 48 տրլն դոլար, որպեսզի բավարարվի նույն ժամանակահատվածում էներգետիկայի ոլորտում ձեւավորվելիք պահանջարկը: Հիշեցվել է, որ վառելիքաէներգետիկ ռեսուրսների նկատմամբ պահանջարկը արագ տեմպերով աճում է, որն էլ արտացոլվում է ոլորտում ներդրումների ծավալների ավելացման միջոցով: Բավական է նշել, որ միայն 2013թ. համաշխարահային էներգետիկ ոլորտում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1,6 տրլն դոլար, որը 2 անգամ գերազանցում է 2000թ. կատարված ներդրումներին:

Ընդ որում՝ ներդրումների մեջ արդեն կարեւոր տեղ են զբաղեցնում էներգախնայողությանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված ծախսերը, որոնք միայն 2013թ. կազմել են 130 մլրդ դոլար: Փաստ է, որ արդյունահանող ընկերությունները դյուրամատչելի հանքերից արդյունահանելոց հետո ստիպված են առաջիկայում արդյունահանել ավելի բարդ տեղանքներից, որն անշուշտ կմեծացնի ընդհանուր ծախսերը:

Չնայած նրան, որ տեխնոլոգիաների զարգացումը մասնակիորեն փոխհատուցում է ավելացող ծախսերը, այնուամենայնիվ IEA-ի կանխատեսումների համաձայն՝ հավանականությունը մեծ է, որ 2035թ. նավթի միջազգային գները կկազմեն 128 դոլար՝ 1 բարելի դիմաց: Bloomberg-ի տվյալներով, այժմ Brent նավթի բարելի գինը 108 դոլարի սահմաններում է: Զեկույցում նշված է, որ աշխարհում ամենաշատը սպառվում է մերձավորարեւելյան նավթը: Ավելին՝ «Համաշխարհային ներդրումները էներգետիկ ոլորտում» զեկույցի փորձագետները նշել են, որ տարածաշրջանի երկրները չպետք է նվազեցնեն ներդրումների ծավալները: Այս տարածաշրջանում ներդրումների տարեկան չափը պետք է կազմի առնվազն 90 մլրդ դոլար, որպեսզի համաշխարհային շուկայում պահպանվեն նավթի առկա գները, հակառակ դեպքում 1 բարելի գինը կհասնի մինչեւ 130 դոլարի:

Մերձավոր Արեւելքում ներդրումների դանդաղեցման միտումները պայմանավորված էին Հյուսիսային Ամերիկայում ածխաջրածնային պաշարների արդյունահանման բումով, որի պատճառով ներդրողները շտապողականություն չցուցաբերեցին ներդնել Մերձավոր Արեւելքում: Սակայն ինչպես նշում է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդուլլահ ալ-Բադրին՝ կարիք չկա չափազանցնել ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի ազդեցությունը համաշխարհային շուկաների վրա, քանի որ մերձավորարեւելյան նավթը դեռեւս մնում է ամենաէժանը: Այսօր նավթի արդյունահանման ծավալներով 1-ին տեղը զբաղեցնում է Սաուդյան Արաբիան՝ օրական արդյունահանելով 11,7 մլն բարել նավթ: Հաջորդը ԱՄՆ-ն է՝ 11,1 մլն բարելով, մինչդեռ կանխատեսվել է, որ 2020թ.-ից ԱՄՆ-ն կշրջանցի Սաուդյան Արաբիային. դա տեղի կունենա արդեն 2018թ-ից:

Վահագն Նանյան

Գազն էլ՝ ճնշելու գործիք

Նավթի եւ գազի առաքման ու վերջնական սպառողին հասցնելուն ուղղված ծախսերը այս ոլորտում ներդրումների կարեւոր բաղադրիչն են կազմում: Եվ խողովակաշարերի կառուցումը, բախվելով այս կամ այն երկրի շահերին, լուրջ դժվարություն է ստեղծում պաշարների մատակարարման համար: Կանխատեսումները վկայում են, որ ապագայում եւս նավթագազային պաշարների տրանսպորտային ապահովումը կապված է լինելու մեծ ծախսերի հետ: «Համաշխարհային ներդրումները էներգետիկ ոլորտում» զեկույցում հրապարակված կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 20 տարիների ընթացքում տրանսպորտային ապահովման ծախսերը կկազմեն 3,6 տրլն դոլար, որը նավթագազային ոլորտում ամբողջ ներդրումների 15%-ն է կազմում:

Ընդ որում՝ այդ ծախսերի 2/3-ը ուղղված է լինելու բնական գազը վերջնական սպառողին հասցնելուն: Իսկ մնացյալ 1 տրլն-ն ներդրվելու է նավթի տեղափոխման ոլորտում ենթակառուցվածքներ կառուցելուն, որը ներառում է հանքերից մինչեւ արտահանման տերմինալներ հում նավթի փոխադրումը:

Ներդրումների կենտրոնացում նկատվում է հատկապես հեղուկ գազի (LNG) փոխադրման ոլորտում, որը հնարավորություն է տալիս հսկա տանկերների միջոցով մեծ հեռավորություն տեղափոխել բնական գազը: Տանկերային փոխադրումներին զարկ տրվեց 2006թ. ռուս-ուկրաինական գազային ճգնաժամից հետո, երբ ռուսական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարման հուսալիության աստիճանը կտրուկ նվազեց: Այսօր հեղուկ գազի առեւտուրը կազմում է տարեկան 330 մլրդ խմ, որը առաջիկա 20 տարում կհասնի մինչեւ 640 մլրդ խմ-ի: Արտահանումը զարգանում է Ռուսաստանում եւ Ավստրալիայում: Խոշոր ներմուծողներ են Ճապոնիան, Չինաստանը: ԵՄ-ն եւս մտադիր է ավելացնել հեղուկ գազի ներմուծման ծավալները՝ փորձելով թուլացնել ՌԴ-ից կախվածությունը, չնայած ԱՄՆ-ից հնարավոր մատակարարվելիք հեղուկ գազի գինը 2 անգամ կգերազանցի ռուսական գազի գնին:

Հեղուկ գազի խոշոր առաջարկ են ներկայացնում Հյուսիսային Ամերիկան ու Արեւելյան Աֆրիկան: Հեղուկ գազի արտահանումը դանդաղորեն զարգանում է նաեւ Ռուսաստանում եւ Ավստրալիայում: Խոշոր ներմուծողներ են Ճապոնիան, Չինաստանը, Եվրամիությունը նույնպես մտադիր է ավելացնել հեղուկ գազի ներմուծման ծավալները` այդպես փորձելով թուլացնել ռուսական գազից կախվածությունը, չնայած որ Միացյալ Նահագնգներից հնարավոր մատակարարվելիք հեղուկ գազի գինը 2 անգամ կգերազանցի ռուսական գազի գնին:

Հեղուկ գազի ոլորտում ենթակառուցվածքների զարգացումը առաջիկայում եւս կմեծացնի շուկաների նկատմամբ հասանելիությունը` դիվերիֆիկացիայի միջոցով բարձրացնելով նաեւ մատակարարման անվտանգությունը, սակայն խողովակաշարային առաքումների համեմատ բարձր գները կարող են ի վերջո ի չիք դարձնել Եվրոպայի ու Ասիայի երկրների` էժան գազ ներմուծելու հույսերը:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.