Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Կանաչ լոբով աղցան
Բաղադրությունը – Կանաչ լոբով աղցան, Կանաչ լոբի – 0.5 կգ, գունավոր տաքդեղ – 2 հատ, սխտոր – 2 պճեղ, սամիթ – 0.5 կապ, բուսայուղ – 50 գ, գինու քացախ – 30 գ, շաքարավազ – 1 թեյի գդալ, աղ, սպիտակ պղպեղ:
Պատրաստման եղանակը – Լոբին լվանալ, կտրատել, գցել եռացող ջրի մեջ եւ եփել 3 րոպե: Հետո ջրքամել եւ գցել սառցաջրի մեջ: Առանձին ափսեի մեջ լցնել գինու քացախը, սպիտակ պղպեղը, աղը, բուսայուղը, շաքարավազը, աղ եւ 0.5 բաժակ ջուր:
Սա եռացնել եւ այդ ընթացքում վրան լցնել գունավոր տաքդեղը՝ կտրտած:
Թողնել 2 րոպե, կրակի վրայից վերցնել: Սրան էլ ավելացնել սառցաջրի միջից հանած լոբին: Սառելուց հետո վրան լցնել ծեծած սխտորը եւ կտրտած սամիթը: Անու՛շ լինի:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Բրազիլիայում ֆուտբոլի կախարդներն են – Բայց բոլորը չէ, որ մեկ էին
2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը կայացավ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Կորինտիանս Արենա մարզադաշտում: Հազարավոր երկրպագուներ աշխարհի տարբեր երկրներից ժամանել էին տոնական միջոցառմանը՝ ողջունելու մարզական այս գեղեցիկ տոնը: Բացմանը մասնակցեցին նաեւ մարմնամարզիկներ, դերասաններ, արվեստի գործիչներ եւ տարբեր կատարողեր: 25 րոպե տեւողությամբ արարողությանը մասնակցել է 600 մարդ: «We are one»՝ «Բոլորս մեկ ենք» երգի կատարմամբ էլ Ջենիֆեր Լոպեսը, Պիթ Բուլը եւ Կլաուդիա Լեյտեն եզրափակել են բացման հանդիսավոր արարողությունը, ինչից անմիջապես հետո տրվել է Բրազիլիա-Խորվաթիա հանդիպման մեկնարկը: Հանդիպումը առավել տեսարժան է համարվել, քան 2010թ. առաջնության բացման՝ Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Մեքսիկայի խաղը:
Հաղթողի թիվ 1 հավակնորդ համարվող Բրազիլիայի դեմ Խորվաթիան հրաշալի խաղ ցույց տվեց՝ լարվածությունը պահելով գրեթե մինչեւ խաղավարտ, իսկ հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով՝ 3:1:
Չնայած Բրազիլիան համարվում է ֆուտբոլի երկիր, իսկ բրազիլացիները՝ մոլի երկրպագուներ, այնուամենայնիվ, բոլորը չէ, որ մեկ եղան, սոցիալական խնդիրները ձուլվել են այս առաջնության կազմակերպման հետ, եւ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը զուգահեռ ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր:
Խոշոր քաղաքների փողոցներ են դուրս գալիս հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր պահանջում են առաջնության վրա ծախսվող գումարները ներդնել կրթության եւ առողջապահության ոլորտում: Բրազիլիայի իշխանությունը խոստացել է առանց միջադեպերի անցկացնել խաղերը, բայց լարվածությունը մնում է: Մյուս կողմից երկրում կան շատ մարդիկ, ովքեր անհամբեր սպասում էին առաջնությանը, չնայած իրենք էլ չեն հերքում, որ կյանքը վատանում է, ու թերեւս որոշակի չարդարացված ծախսեր են կատարվում:
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տվեց նաեւ իր առաջին զոհը… Չինաստանի Սունչժոու քաղաքի բնակիչը մահացել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելիս: 25-ամյա ֆուտբոլասերի դին հայտնաբերել են նրա բնակարանում, հեռուստացույցի առջեւ: Բժիշկների կարծիքով՝ մահվան պատճառ է դարձել անքնությունը, քանի որ ժամային գոտիների տարբերության պատճառով աշխարհի առաջնության խաղերը Չինաստանում հեռարձակվում են կեսգիշերից մինչեւ վաղ առավոտ: Մեկ այլ վարկածով՝ ֆուտբոլասերը մահացել է կամ կաթվածից, կամ էլ գերհոգնածությունից:
Նաեւ առաջին մեծ անակնկալը գրանցվեց՝ աշխարհի նախորդ առաջնության հաղթողները՝ աշխարհի չեմպիոն իսպանացիները խոշոր՝ 1:5 հաշվով պարտվեցին հոլանդացիներին: Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Արյեն Ռոբբենը հայտարարել է, որ Իսպանիայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակը չի կարող ռեւանշ լինել անցած աշխարհի առաջնության եզրափակչում կրած պարտության դիմաց (0:1), քանի որ սա ընդամենը խմբային փուլի խաղ է. «Բայց շատ հպարտ եմ իմ թիմով, պետք է օգտվենք այս հաղթանակից. այն մեզ պետք է լիցք տա, սա դեռ սկիզբն է»:
Արգենտինայի հավաքականը եւս համարվում է հաղթողի հավակնորդ, որը մեծ դժվարությամբ հաղթեց Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմին՝ 1:0, Գերմանիան ջախջախեց Պորտուգալիայի ուժեղ թիմին՝ 4:0, իսկ Իտալիան 2:1 հաշվով առավելության հասավ Անգլիայի նկատմամբ: Անակնկալ էր նաեւ Կոստա Ռիկայի հավաքականի՝ 3:1 հաշվով հաղթանակն աշխարհի կրկնակի չեմպիոն Ուրուգվայի ընտրանու նկատմամբ, քանի որ կենտրոնաամերիկյան թիմը ետնապահների թվին է դասվում: Հարավային Ամերիկա-Եվրոպա մրցավեճերից մեկում էլ Կոլումբիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Հունաստանին, Բելգիայի կազմակերպված թիմը դժվարին հաղթանակ տարավ աֆրիկյան Ալժիրի նկատմամբ՝ 2:1, իսկ Ռուսաստանի հավաքականը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից եւ 1:1 ավարտեց հանդիպումը Հարավային Կորեայի հավաքականի հետ: Խաղերը շարունակում են ընթանալ գոլառատ ու հետաքրքիր եւ շուտով պարզ կդառնան խմբերում հաղթողները, ովքեր էլ կշարունակեն պայքարը հաղթանակի ու մեդալների համար:
Վանաձորի «Թալգրիգ»-ը՝ Հայաստանի ֆուտզալի չեմպիոն
Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում Վանաձորի «Թալգրիգ» թիմը նվաճեց չեմպիոնի կոչումը: Բացի հաղթողից առաջնությանը մասնակցում էին եւս 3 թիմեր. Երեւանի «Պոլիտեխնիկ»-ը, Գյումրու «Գյումրի»-ն եւ Հրազդանի «Հրազդան»-ը: Առաջնության ընթացքում անցկացնելով 18 խաղ՝ «Թալգրիգ»-ն ունեցավ ընդամենը 3 պարտություն, 1 խաղ ավարտեց ոչ ոքի եւ տարավ 14 հաղթանակ:
Գոյության 9 տարիների ընթացքում հաղթող թիմը ֆուտզալի Հայաստանի առաջնություններում 2 անգամ զբաղեցրել է 3-րդ, մեկ անգամ՝ 2-րդ մրցանակային տեղը: Ինչպես թիմի մարզիչն է նշել՝ «Այս հաղթանակն արդեն թիմին հնարավորություն է տալիս գնալ չեմպիոնների լիգա՝ Եվրոպայի գավաթի որակավորման փուլ»: Վիճակահանությունը կանցկացվի հունիս-հուլիսին, որից հետո պարզ կլինի, թե օգոստոսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը որ թիմերի հետ է մրցելու Հայաստանի չեմպիոնը: Մինչ այդ թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաքներ՝ պատրաստվելով սպասվելիք առաջնությանը:
Հայ բռնցքամարտիկների հարուստ ավարը՝ Վրաստանից
Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտվեց բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաեւ հայ երիտասարդ բռնցքամարտիկները: Մեր բոլոր մարզիկներն էլ բարձրացել են պատվո հարթակ, ընդ որում՝ մեր 11 մարզիկներից 7-ը կանգնել են պատվոր հարթակի ամենավերին աստիճանին: Ոսկե մեդալ են նվաճել Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Արսեն Պողոսյանը (56 կգ), Գեւորգ Պետրոսյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (81 կգ), Սերյոժա Հակոբյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Գնել Մուրադյանը: Չեմպիոնական տիտղոս է նվաճել նաեւ մեր միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը:
Դավիթ Ասատրյանը (52 կգ) եւ Սամվել Մելիքյանը (60 կգ) նվաճել են արծաթե մեդալ, իսկ Էրիկ Պետրոսյանը (60 կգ) եւ Տիգրան Մելքոնյանը (69 կգ) կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մինսկում կայացած մեծահասակների միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ):
Արթուր Աբրահամը կշարունակի մենամարտել
WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մտադիր է եւս 2 մենամարտ անցկացնել այս տարի։ «Օգոստոսին արդեն նախատեսված է մեկ մենամարտ, սակայն ինքս ուզում եմ եւս մեկ մարտ անցկացնել դեկտեմբերին։ Մրցակիցները հայտնի չեն, բայց իմ գործակալը զբաղվում է այդ հարցով եւ շուտով պարզ կդառնա իմ առաջին հակառակորդը»,- ասել է անվանի բռնցքամարտիկը։ Նա դեռ 2 տարի կշարունակի ելույթները պրոֆեսիոնալ ռինգում:
«Փյունիկ»-ը՝ շախմատի ակումբային առաջնության հաղթող
Չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկ»-ը 5 խաղում տարավ 5 հաղթանակ եւ վաստակեց 10 միավոր՝ վստահ զբաղեցնելով 1-ին տեղը: 2-րդ հորիզոնականը 8 միավորով զբաղեցրեց ՊՆ ԲԿՄԱ-ն, որը վերջին փուլում 3,5:2,5 հաշվով հաղթեց իր հիմնական մրցակցին՝ ՖԻՄԱ-ին: Մրցանակային 3-րդ տեղը բաժին հասավ Շախմատի ակադեմիայի թիմին:
Հավելենք, որ «Փյունիկ»-ն ու ՊՆ ԲԿՄԱ-ն իրավունք ստացան մասնակցելու սեպտեմբերի 11-21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությանը:
Լեւոն Արոնյանը գրավեց 4-րդ տեղը «արագ շախմատ»-ում
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 4-րդ տեղը զբաղեցրեց Դուբայում (ԱՄԷ) ավարտված արագ շախամատի աշխարհի առաջնությունում: Մեր շախմատիստը տարավ 1 հաղթանակ եւ 4 խաղ ավարտեց ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը ընդհանուր հաշվարկով վաստակեց 10,5 միավոր եւ իտալացի Ֆաբիանո Կարուանայի, հնդիկ Վիշվանաթան Անանդի եւ ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ բաժանեց 2-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 4-րդ տեղը:
Աշխարհի չեմպիոն հռչակվեց նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը 15 հնարավորից վաստակեց 11 միավոր:
Մեր մյուս շախմատիստներից համեմատաբար հաջող հանդես եկավ Սերգեյ Մովսեսյանը, որը 9 միավորով գրավեց 17-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը առաջնությունն ավարտեց 47-րդ, իսկ Զավեն Անդրիասյանը` 79-րդ հորիզոնականում:
Դուբայում մեկնարկել է նաեւկայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 21 (326), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



