Գենետիկ ապարատի խախտում, որ մահապատիժ չէ… չարորակն ու բարորակը նույն նորմալ բջիջներն են – Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը չվախենալու եւ պայքարելու կոչ է անում…

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ստեղծվել է 1946թ.« երբ Երեւանում բացվեց 80 մահճակալանոց Ռենտգենաբանության եւ ռադիոլոգիայի ինստիտուտը։

1977թ. ինստիտուտն անվանվեց հիմնադիր ակադեմիկոս Վ.Ա. Ֆանարջյանի անվամբ։

1981թ. ինստիտուտը տեղափոխվեց նորակառույց 9 հարկանի 500 մահճակալանոց շենքերի համալիր« որտեղ գործում էին 15 վիրաբուժական« քիմիաթերապեւտիկ« ռադիոթերապիայի եւ 10 ախտորոշիչ բաժանմունքներ« պոլիկլինիկա« զանազան օժանդակ ծառայություններ։

1985թ. ինստիտուտը վերանվանվեց Ուռուցքաբանության գիտական կենտրոն« իսկ 2004թ.-ից՝ հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի հետ միաձուլվելուց հետո« կոչվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ)։

Այստեղ այժմ 160 բժիշկներ են աշխատում, որոնցից մեծ մասը բժշկական գիտությունների դոկտորներ եւ թեկնածուներ են:

* * *

Առողջապահությունն այն ոլորտն է, որի զարգացումն ուղղակիորեն կախված է երկրի տնտեսական վիճակից: Քանզի բուժման առաջադեմ մեթոդներ ունենալու համար հարկավոր է գումար ծախսել, շա՜տ գումար ծախսել: Հարուստ երկրներում առողջապահության ոլորտի նկատմամբ պետական հոգածությունը մեծ է (բացառիկ դեպքեր կան, իհարկե): Այս առումով, հասկանալի է, մենք գլուխ գովել չենք կարող: Եվ ցավոտ տեղ է ուռուցքաբանության ճյուղը: Քաղցկեղը դարի ամենատարածված հիվանդություններից է« որի ահագնացող չափերի դեմ պայքարը ոչ միայն մեր առողջապահության ոլորտի խնդիրն է« այլեւ՝ այլ երկրների: Համայն մարդկության խնդիրն է սա: Ի՞նչ վիճակ է մեզ մոտ, ինչպե՞ս ենք պայքարում մենք, ի՞նչ խնդիրներ ունենք եւ որո՞նք են լուծման ուղիները: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանին՝ ակնկալելով անկեղծ եւ հնարավորինս ոչ մասնագիտական զրույց, քանզի ճշմարտությունն է, որ լավագույնս ի ցույց կդնի ոլորտի զարգացման խոչընդոտները (այս հրապարակումը մասամբ տպագրվել է «ՀՀ»-ում:):

Հիվանդության «դիմանկարը»

 – Ի՞նչ է, ի  վերջո, չարորակ ուռուցքը: Պայքարելու համար նախ հասկանալ է պետք:

– Չարորակ ուռուցքը օրգանիզմի նույն բջիջներն են, դրանք նոր բջիջներ չեն: Սակայն նորմալ բջիջների կենսագործունեությունը ունի երեք հիմնական փուլ՝ բջջի գոյացում, զարգացում (երիտասարդ տարիք, հասունացում, տրոհում) եւ մահ: Փաստորեն, բոլոր փուլերը կան՝ ծնունդ, հասունացում, կիսվել՝ իր նմանը ծնել եւ մահանալ: Նույնը կենդանական աշխարհն է, մարդկային օրգանիզմն է՝ ծնվել, հասունանալ, պտուղ տալ եւ մահանալ: Բջիջը ամբողջ օրգանիզմի պատկերը կրկնում է իր մեջ: Նորմալ պայմաններում նորմալ բջիջը անցնում է այս փուլերը: Ընդ որում, անցնում է որոշակի գենետիկ ապարատի հսկողությամբ, նրա թելադրանքով, որպեսզի իր գործը, ինչպես ասում են, արած լինի իր կյանքում: Զանազան այլ պատճառներով հսկող մեխանիզմը խաթարվում է, այն՝ որ բջիջը պետք է հասունանար եւ հետո մահանար, բջջի կորիզի գենետիկ ապարատի խաթարման հետեւանքով բջիջը արդեն չի անցնում իր գործունեության բոլոր փուլերը: Եվ նա երիտասարդ տարիքում է կիսվում, տրոհվում եւ արդյունքում բազմանում է անվերահսկելի: Այսինքն՝ բջջի գործունեությունը վերահսկող ապարատը խաթարվում է, եւ դրա հետեւանքով բջիջը չի անցնում իր զարգացման բոլոր փուլերը: Ամեն մի նոր ծնված բջիջ կիսվում է, առաջացնում երկուսը, երկուսն իրենց հերթին՝ չորսը, չորսը՝ ութը եւ այդպես անսահման աճ, անսահման եւ անվերահսկելի:

Բարորակի դեպքում էլ նույն մեխանիզմն է: Կրկնում եմ՝ չարորակն ու բարորակը նույն նորմալ բջիջներն են, որոնք զանազան ազդակների ազդեցության ներքո, դրանք կլինեն արտաքին, թե ներքին գործոններ, խաթարվում են, խաթարվում է գենետիկ ապարատը եւ ստանում ենք այդպիսի պատկեր: Բարորակ ուռուցքից ժողովուրդը չի վախենում, բայց չարորակի նկատմամբ ունի իր սարսափը, տագնապը: Բարորակ ուռուցքն ինքը նույնպես կարող է մահվան պատճառ դառնալ, որովհետեւ նրա բջիջերի բազմացումը նույնպես դարձել է անվերահսկելի: Սակայն նա չունի մի այլ՝ շատ կարեւոր հատկանիշ, ինչը ունի չարորակը: Բարորակը զուրկ է ճյուղեր տալու, այլ օրգաններ տեղափոխվելու հնարավորությունից: Իսկ չարորակը կարող է: Բջիջների մեջ գոյություն ունի մի կապ, նորմալ բջիջները շաղկապված են, եւ շատ մեծ ուժ է հարկավոր, որպեսզի այդ նորմալ բջիջներն իրարից անջատեն: Չարորակ ուռուցքի մեջ այդ կապերը թուլանում են: Եվ ավիշի միջոցով, արյունատար կամ մանր ավշատար անոթների միջոցով, մազանոթներով տեղափոխվում են այլ օրգաններ, ճյուղեր է տալիս, մետաստազներ է տալիս: Այլ օրգան տեղափոխված բջիջը կամ բջիջների մի խումբը կարող է նորից պատճառ դառնալ նոր ուռուցքի գոյացման: Մինչդեռ նա մայր ուռուցքի, այսպես ասենք, դուստր ուռուցքն է: Եվ նա էլ իր հերթին անվերահսկելի է ու շարունակում է կիսվել, զարգանալ, շատանալ, եւ այդ երկրորդը իր հերթին կարող է պատճառ դառնալ երրորդ օրգանի ուռուցքի: Ինչպես մայր ուռուցքից կարող են բջիջները տեղափոխվել այլ օրգաններ, այնպես էլ դուստր ուռուցքներից: Եվ սա արդեն կոչվում է ուռուցքային պրոցեսի գեներալիզացիա՝ տարածում ամբողջ օրգանիզմում: Եվ ուռուցքը իր կենսագործունեության ընթացքում առաջացնում է զանազան թունավոր նյութեր, որոնք ներծծվում են օրգանիզմում եւ ազդում սրտի, թոքերի, լյարդի եւ երիկամների, բոլոր օրգանների վրա: Բարորակ ուռուցքը չունի այդ ճյուղեր տալու հատկանիշը, բայց տեղում է մեծանում, կարող է հսկա չափերի հասնել եւ խանգարել մյուս օրգանների, հարեւան օրգանների նորմալ ֆունկցիան: Նա կարող է իր աճի հետեւանքով քայքայել հարեւան օրգանները: Սա է դրանց հիմնական տարբերությունը: Բայց բարորակն էլ պետք է կանխարգելել:

- Եթե ուռուցքը գենետիկ ապարատի խախտման հետեւանք է, ապա ինչի՞ հետեւանք է այդ ապարատի խախտումը:

– Կան 100-ից ավելի տեսություններ, եւ ամեն մի տեսություն ընդունելի է մեկ օրգանի կամ մի խումբ օրգանների համար, բայց մյուսի համար ընդունելի չէ: Դրա համար այսպիսի դասակարգում գոյություն ունի, որ պատճառները կարող են լինել ֆիզիկական (մեխանիկական, ուլտրամանուշակագույն ճառագայթներ եւ այլն), քիմիական (քաղցկեղածին նութերը (եւ էնդոգեն՝ օրգանիզմի ներսում առաջացած եւ էկզոգեն՝ արտաքին)), նաեւ՝ կենսաբանական՝ վիրուսները:

«Դիմանկարը»՝ թվերով

 – Հիվանդների թիվն ավելանում է, բուժու՞մն է անարդյունավետ, թե՞…

– Չեմ ժխտում, տարեցտարի մեր երկրում քաղցկեղով հիվանդների թիվն ավելանում է: Եթե 1995թ. Հայաստանում 100.000 բնակչից չարորակ ուռուցքով հիվանդանում էր 125-130-ը, ապա  2013թ. 100. 000-ից հիվանդանում է 241-ը: Դա միայն մեր երկրի պատկերը չէ: Հիվանդացության աճ է նկատվում ամբողջ աշխարհում: Գլոբալ խնդիր է սա՝ տնտեսապես զարգացած, զարգացող եւ թերզարգացած երկրներում, ամենուրեք: 2013թ. մեր երկրում հայտնաբերվել է 7911 նոր հիվանդ: Եթե սրան գումարենք նախորդ տարիներին բուժված, սակայն ուռուցքի կրկնողությամբ հիվանդների թիվը (չարորակ ուռուցքներով հիվանդների մասին է), ապա թիվը հասնում է 9000 հիվանդի: Պատկերը կարող էր այսպիսին չլինել, եթե բարձիթողության մակարդակը բարձր չլիներ:

- Ի՞նչ բարձիթողության մասին է խոսքը, երբ հիվանդությունը գաղտնի է թակարդ լարում, անցավ է զարգանում:

– Այնպես չէ, որ դրա դեմ միջոց չկա: Մարդիկ զլանում են գնալ պոլիկլինիկաներ եւ հատուկ սարքերով (ուլտրաձայնային եւ ռենտգեն սարքեր) ստուգվել եւ դիմում են բժշկի, երբ հիվադությունն արդեն խորացած է լինում: Կամ՝ տարին մեկ անգամ ընդհանուր ստուգում չեն անցնում:

 – Չեն անցնում, որովհետեւ սոցիալական խնդիր կա:

– Երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում, բուժումն ավելի ծախսատար է լինում (չթաքցրեց զայրույթը եւ շարունակեց): 1998թ. վերջում մեզ մոտ հաշվառվան մեջ մնացել էր (արտագաղթով պայմանավորված պատկերը լիարժեք հստակ չենք կարող տալ)՝ 21605 հիվանդ: Որոնցից 5 եւ ավելի տարի ապրողների քանակը 13048 է: 2013թ. այդ 21605-ի փոխարեն համապատասխան ցուցանիշը դարձել է 36600: Եթե այն ժամանակ 5 եւ ավելի տարի ապրողների թիվը 13048 էր, ապա հիմա 20521 է: Նրանք գործնականում առողջ մարդիկ են: Ովքեր ունեցել են 1-2-րդ փուլերի ուռուցք,  բուժվել են, իսկ մահացողները հիմնականում եղել են վերջին փուլերում գտնվող հիվանդներ:

«Դիմանկարը»՝ խնդիրներով

  – Որո՞նք են ուռուցքաբանության խնդիրները, որոնք լուծելիս կհաղթահարվեն շատ խոչընդոտեր:

– Ուռուցքաբանության ոլորտի զարգացման ազգային ծրագիր դեռ չունենք հաստատված, մշակել ենք, դեռ չի քննարկվել, հաստատվելու դեպքում մեծ միջոցներ պետք է ներդնել: Բայց մյուս կողմից էլ հասկանում եմ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, պետությունն ի վիճակի չէ լրացուցիչ միջոցներ տրամադրել, ու ստացվում է ինչպես միշտ…

- Այլ կերպ՝ վերջին պահին-պահի տակ: Բայց դա մեզ համար շռայլություն է, պետությունը այդպիսով հարց չի լուծում եւ գումարներ է վատնում: Բացի այդ՝ մանավանդ մեր երկրի պարագայում՝ մարդկային կապիտալից թանկ բան չկա:

– Համաձայն եմ՝ գոնե նվազագույնը պետք է անենք: Պլանային ծրագիրն անպայման պետք է իրականացնենք: Այն խոցելի խմբերը, որ գոյություն ունեն, այն հասակային խմբերը, որոնց մոտ առավել հաճախ է հանդիպում չարորակ ուռուցքը, գոնե նրանց հետ պետք է անցկացնել այդ պրոֆիլակտիկ ստուգումները: Այդ դեպքում բավականին կնվազի բարձիթողությունը: Արտերկրում, օրինակ, այդպիսի պետական ծրագրեր կան, կատարվում են՝ ընդ որում եւ՛ առանձին օրգանների եւ՛  ընդհանուր օրգանիզմի ստուգմամբ: Իսկ բարձիթողությունն էլ շատ է փոխում բուժման արդյունքների պատկերը:

Բարձիթողության ամենաբարձր տոկոսը եղել է 47.8%: Սա 2010թ. տվյալ է եւ խոսքը հիվանդության արդեն 3-րդ, 4-րդ փուլերի մասին է: 2013թ. նվազել է այդ ցուցանիշը 4%-ով: Թեկուզ փոքր թիվ է, բայց կյանքեր են մարդկային: Մարդիկ պիտի հասկանան, որ ուռուցքը դատավճիռ չէ, հիվանդություն է, որ կարելի է բուժել, եթե հայտնաբերվի վաղ՝ 1-ին եւ 2-րդ փուլում: Առաջին երկու փուլերում բուժված բազմաթիվ հիվանդներ կան, որոնց բուժումը արդյունավետ է եղել, արմատապես բուժվել են, վերադարձել ընտանիք, հասարակություն, աշխատանքի, իսկ վերջին երկու փուլերում խոսքը գնում է կյանքը երկարացնելու, մարդկանց ցավերը մեղմացնելու մասին:

Տեսեք, պատկերը որն է, առաջին երկու փուլերում բուժվածների մասին չի խոսվում, խոսվում է միայն վերջին փուլերում բուժվողների եւ մահացողների մասին: Այստեղից էլ թյուր պատկերացումը ոլորտի մասին եւ դրանից էլ բխող վախը:

Մինչդեռ վաղ հայտնաբերված ուռուցքներով հիվանդների արմատական բուժումը կա եւ մեկ եղանակի կիրառում չէ: Համալիր, զուգակից եղանակներ են՝ վիրահատություն, ճառագայթային բուժում եւ քիմիաթերապիա-հակաուռուցքային թերապիա: Ի դեպ, ասեմ, որ վիրահատությունների առումով զգալի են մեր կոլեկտիվի հաջողությունները: Կատարվում են ծավալուն, բարդ վիրահատություններ՝ նվազագույն հետվիրահատական մահացության տոկոսով՝ 0.4%: 2013թ. մեր կենտրոնում 3400 վիրահատվածներից մահացել են 28 հոգի: Գիտե՞ք՝ ինչ վիրահատություններ ենք անում՝ ընդհուպ մինչեւ արհեստական օրգանների ձեւավորում՝ կերակրափողի, ստամոքսի, միզապարկի, ոսկրերի: Ստամո՞քսն ենք հեռացնում, ստեղծում ենք արհեստական ստամոքս բարակ աղիքի գալարից, ոսկրերն ենք հեռացնում, դնում ենք էնդոպրոթեզներ… Ճառագայթային բուժման համար մենք այսօր ունենք ամենաժամանակակից սարքերը՝ եւ ախտորոշման եւ բուժման համար: Ունենք ռադիոիզոտոպային լաբորատորիա, համակարգչային շերտագրում ենք անում, լաբորատոր բավականին բարդ ու նուրբ քննության եղանակներ ենք ներդրել: Բանն այն է, որ ուռուցքային բջիջի վրա գոյություն ունեն հատուկ ընկալիչներ՝ ռեցեպտորներ, որոշում ենք դրանք եւ որոշում, թե ինչպես բուժել հիվանդին: Հորմոնա՞լ բուժում է պետք, թե՞ քիմիաթերապիա եւ ինչ պրեպարատներով: Եվ այս ամենն, ի դեպ, անում ենք միջազգային պրոտոկոլների համաձայն: Նույն մոտեցումն է ճառագայթային բուժման մասով: Այսինքն՝ ե՜ւ հորմոնալը, ե՛ւ ճառագայթայինը, ե՛ւ քիմիաթերապիան, ե՛ւ վիրահատությունը պատշաճ մակարդակի վրա են դրված:

- Իսկ եթե մեր մասնագետներն այդքան լավն են ու լավ են բուժում, հապա ինչու՞ են հիվադները արտերկիր մեկնում բուժվելու:

– Խնդիրն այս պարագայում այն է, որ մենք դիագնոստիկ որոշ սարքեր չունենք, օրինակ «Պետսկան» գոյություն ունի, չունենք, բայց երեւի շուտով մեր երկիրն էլ կունենա այդ սարքը: Մենք չունենք, որովհետեւ շատ թանկ սարք է: Բայց գիտենք, որ ուռուցքաբանության նոր՝ միջուկային բժշկության կենտրոնը կունենա այդ սարքը, որը կախտորոշի՝ կա՞ն արդյոք ուռուցքային էլեմենտներ եւ ճիշտ տեղակայումը նաեւ կորոշի:

- Կարծես միայն պետական ֆինանսավորմամբ չեք աշխատում:

– Պետությունը ֆինանսավորում է, բայց այդ ֆինանսավորումը սիմվոլիկ է: Օրինակ՝ գանգուղեղի ուռուցքի վիրահատությունը, որը նույն պետության գնահատմամբ, ենթադրենք արժե 900 հազ. դրամ, պետությունը ի վիճակի է տրամադրել 116 հազարը ընդամենը: Նույնը ստամոքսի ուռուցքի պարագայում, աղիքի, միզապարկի, որոնք թանկ վիրահատություններ են: Բացի այդ՝ հետազոտությունները վճարովի են, եթե սոցիալապես անապահով խմբում չեն):

- Ու՞մ հաշվին է քիմիաթերապիան:

– Ոլորտի մեկ այլ խնդիր է քիմիաթերապիայով բուժումը: Քիմիաթերապիան հազվագյուտ է անցկացվում մեկ պրեպարատով: Մենք զուգակցում ենք ազդեցության տարբեր մեխանիզմներով օժտված երեք պրեպարատներ: Եվ սխեմաները՝ թե որ դեղը որի հետ զուգակցել, միջազգային պրոտոկոլներով ենք անում: Սակայն, խնդիրն այն է, որ դեղագործական արդյունաբերությունը հսկայական տեմպերով է առաջ գնում եւ 2 տարին մեկ մի նոր պրեպարատ է սինթեզվում եւ գցվում շուկա: Շուկան էլ հիվադանոցներն են: Բայց սկզբնական թողարկված պրեպարատները բարձր գին ունեն, մինչեւ գալիս է սերիական արտադրությունը: Նոր պրեպարատի պահանջարկը մեծ է, բայց հիվանդների միայն 10%-ն է ի զորու ձեռք բերել այդ դեղերը, մնացյալը չեն կարող, շատ է թանկ:

Քիմիայի համար սոցանապահով խավին պետությունը հատկացնում է 60 հազ. դրամ, ոչ անապահովերին՝ 30 հազ. դրամ, մինչդեռ դեղն արժե 800 հազ. դրամ (իսկ արտերկրում քիմիաթերապիայի մեկ կուրսն արժե 35 հազ. եվրո):

Մեկ այլ խնդիր էլ ապարատային պարկն է: Վերջին 5 տարիներին մեր ապարատային պարկը զգալիորեն հարստացել է: Բայց դա չի նշանակում, որ հագեցվածության առումով համաքայլ ենք գնում եվրոպական առաջատար կլինիկաներին: Մեր մասնագետներից շատերը եվրոպական օնկոլոգների միության անդամներ են: Մերը տեխնիկայի խնդիր է, ոչ մասնագիտական: Բացի դրանից` նաեւ շենքային պայմանների խնդիր կա: Թեպետ, օրինակ, ճառագայթման սենյակը հատուկ անվտանգության պայմաններով է. ճառագայթները չպետք է շենքից դուրս թափանցեն, անձնակազմի առողջության խնդիր կա: Հիվանդը մտնում է ներս, եւ բուժանձնակազմի հետ հաղորդակցվում բարձրախոսով: Կան հատուկ ֆիքսող սարքեր, որպեսզի ճառագայթների խուրձը նպատակային ուղղվի հենց պաթոլոգիկ օջախին, որպեսզի առողջ հյուսվածնքերը պաշտպանվեն: Սա հենց այնպես չէ: Ի դեպ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները գալիս եւ ստուգում են‘ սենյակի պայմանները համապատասխանում են ստանդարտներին, թե՞ ոչ:

- Ի՞նչ հիմք ունեն այն խոսակցությունները, որ կենտրոնի ճառագայթման ապարատները լավը չեն:

– Չեմ կարող ասել, թե ինչ հիմք ունեն, բայց դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ապարատները մշտապես փորձաքննության են ենթարկվում, թե դրանց գլխիկը ինչքան ռադիոակտիվ նյութ է պարունակում եւ դեռ ինչքան կարող է աշխատել ու ճառագայթային բուժում անցկացնել: Մեր ներխոռոչային ճառագայթման աղբյուրը բոլորովին նոր է: Ունենք հեռահար ճառագայթային բուժման սարք՝ կրկին արտերկրից բերված: ՄԱԳԱՏԵ-ի փորձագետները եկել-ստուգել են, բացի այդ ստուգում են մեր «Պետատոմհսկողության» մասնագետները: Իսկ խորհրդային տարիների սարքերը վաղուց են դուրս գրված: Ունենք ռուսական արտադրության էլեկտրոնների գծային արագացուցիչ, բայց սա ոչ թե խորհրդային արտադրության է, այլ՝ 2005թ.: Հիմա ստացել ենք շվեդական արտադրության սարք՝ բոլորովին նոր՝ 2013թ. արտադրության, որը ճառագայթային բուժման հզոր սարք է: Թե որտեղից են ծագում այդ խոսակցությունները, չեմ կարող ասել: Բայց կարող եմ հասկանալ պատճառները՝ մարդիկ նեղված են եւ սոցիալական խնդիրը «ստիպում» է ցեխաջուր լցնել մասնագետի վրա: Բայց հավատացեք, դա էլ խնդիր չէ: Մենք բժիշկներ ենք, եւ մեր գլխավոր առաջադրանքը մարդկանց բուժելն է:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 21 (326), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։