Խորքային փոփոխության խաբկանքը – Չի փոխվում ներքին կյանքի էությունը… ՀՀ 3 նախագահների սպասվելիք երկխոսություն չի կարող լինել, թերեւս կա ու կմնա միայն 2 նախագահների երկխոսությունը…

Հայաստանի քաղաքական դաշտի թեժացման համար, ինչ-որ մի պահի, մեկ էլ հանկարծ ՀՀ 3 նախագահներից մեկը մյուսի, կամ՝ մյուսների մասին տեսակետներ է հայտնում, եւ ըստ այդ տեսակետի աջակիցների ու հակառակորդների, հստակեցվում են քաղաքական ասպարեզի գործող ուժերի կողմնորոշումը, հնարավոր քայլերը: Սա, իհարկե ներքին սպառման խնդիր էլ է լուծում, բայց առավելապես անհրաժեշտ է լինում օտար ուժերին, երբ նրանք միջազգային իրավիճակի որոշակի սրումների ժամանակ տարբեր երկրներում փնտրում են աջակիցներ, նաեւ ցանկանում են տեսնել հնարավոր ընդդիմացողների քանակը…

Եվ ահա նորից իր մասին հիշեցնել տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Սերժ Սարգսյանին նորից  մեղադրեց գործած ու չգործած մեղքերի մեջ: Հիշեցնենք, որ վերջերս նաեւ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ խիստ քննադատությամբ, որով մեղադրեց գործող նախագահին Աստանայում Արցախի հարցը  որպես հայոց պետության անբաժան մաս չդիտարկելու համար: Իսկ հարցը Եվրասիական միության համաժողովում կասկածի տակ առնելու տպավորություն ստեղծելն էլ Ադրբեջանի նախագահի նպատակն է եղել… Բայց սա այլ թեմա է:

Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ասել, որ նա առանցքային դեմքերից է երկրի թալանի ու ընտրակեղծարարության հարցում: Վարչապետը դեմ է այդ մեկնաբանությանը, բայց համաձայն է այն մասով, որ ինքը երկրի առանցքային դեմքերից է: Իսկ ՀՀ 1-ին նախագահի հոդվածին անդրադառնալիս նշել է. «Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար… Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, միթե՞ կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը: Տարիներ առաջ նա իջել է ՀՀ նախկին նախագահի պատվանդանից եւ առայսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ: Ինչ-որ մի երկուսի կողմից գրված եւ միայն նույն երկուսի կողմից ընթերցված գրվածքների վրա հղումներ անելով բազմաթիվ ստեր շարադրել, որպեսզի վերջում կառավարությանը պիտակավորի թալանի մեղադրանքներով»: Վարչապետը խոսքը ավարտել է ժողովրդական ձեւով. «Աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերը առաջ տանի: Ամոթ է: Չի ստացվելու»:

Պարզ էր, որ ՀՀԿ-ն չէր կարող չանդրադառնալ, ինչը եւ կատարվեց միահամուռ կերպով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ շատ կոշտ գնահատականներով կբնորոշեր ՀՀ 1-ին նախագահին, եթե չհարգեր վերջինիս տարիքն ու վաստակը: Նա հայտարարեց, որ ամենեւին էլ չի կիսում հարցազրույցում արտահայտած մտքերը, ու հատկապես համաձայն չէ այն պնդման հետ, թե Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Հետաքրքիր է, «ժամանակներն անցնում են, մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է»,- ասել է ԱԺ նախագահը՝ նկատի ունենալով սովի, ցրտի ու մթի տարիների ալան-թալանն ու ազգադավ քաղաքականությունը:

«Այսպիսի ցինիզմով, մաղձով ու նենգությամբ տոգորված հոդվածները մեկնաբանության կարիք չունեն»,- հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի 1-ին նախագահի հոդվածը, որը վերնագրված էր որպես Սերժ Սարգսյանի կործանման Ճանապարհային քարտեզ…

«Եթե մարդը երջանիկ ժպտում է, որ Հայաստանը, ինչպես իրենք են ասում, գնում է կործանման, այսինքն՝ դրանից իրենք երջանիկ են, ի՞նչ ասեմ,- ասել է ՀՀԿ խոսնակը եւ հավելել,- մեկ անգամ չենք խոսել այդ մասին, Հանրապետության նախագահը հստակ պատասխան տվել է, եւ ավելացնելու բան չունեմ: Ես ասել եմ, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն համարվում են մեկ միասնական տնտեսական գոտի, եւ համոզված եղեք՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ Մաքսային միությանը միայն կլինի նաեւ՝ ի շահ ԼՂՀ-ի»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը զարմացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի պահվածքից. «Թող ինքն իրեն 1-ին նախագահի պես պահի. ո՞վ է ավազակապետը… Հո ես չեմ նստելու նրա խոսքերը մեկնաբանեմ: Ես ասել եմ չէ, որ ընդհանրապես նախագահները իմ համար սիմվոլ են եղել, եւ ես չեմ ուզում քննարկեմ»:

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին հատկապես զայրացրել էր 1-ին նախագահի այն խոսքը, թե Սերժ Սարգսյանը առաջնորդվում է բացառապես իր եւ սեփական ավազակախմբի շահերով, որոնք ոչ միայն որեւէ կապ չունեն պետության եւ ժողովրդի շահերի հետ, այլեւ խորապես հակասում են դրանց։ «Ես չեմ ուզում Լեւոն Տեր-Պետրոսյանին վիրավորած լինեմ, բայց ամեն մարդ պետք է իր չափն ունենա եւ իր չափի մեջ խոսի, որովհետեւ ավազակախումբ հենց մեր առաջին ղեկավարի կողմից է եղել, երբ որ Հայաստանում ամբողջովին արդյունաբերությունը կորցրեց, փակեց բոլոր ճանապարհները, արդյունաբերությունը ընդհանրապես վերացավ Հայաստանի, եւ հիմնական միջոցները որպես մետաղ վաճառվեցին: Այդ մասին ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի խոսում: Հիմա ավազակապետությունը թալանե՞լն է, թե՞ նոր ճանապարհներ, ելքեր գտնելն ու երկրի տնտեսությունը պահելը»:

Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադառնալով 1-ին նախագահի հոդվածին եւ քառյակի գործունեությանը վերաբերող հարցին, նշել է, որ Լեւն Տեր-Պետրոսյանի դիտարկումները որեւէ կապ չունեն քառյակի օրակարգում քննարկվող հարցերի հետ. «Քառյակի հանդիպումների ու պահանջների ձեւավորման նպատակն այն է, որ իշխանություններին ստիպի իրականացնել կոնկրետ քայլեր երկրում արտագաղթի տեմպերի նվազման, բարոյահոգեբանական վիճակը փոխելու ուղղությամբ: Որեւէ այլ ամրագրում՝ այն է Հայաստանի կործանում կամ որեւէ այլ դրսեւորում, այս պահին քառյակի քննարկման օրակարգում չկա: Ուստի չեմ կարող պատասխանել, թե 1-ին նախագահի խոսքը կամ վարքագիծն ինչի՞ն է ուղղված»:

Մամուլն արձագանքեց, թե 90-ականներին էլ ինչպես ԱԺՄ-ն ու ՀՅԴ-ն, այնպես էլ ազգայնական խմբավորումներն էին ասում, որ անհրաժեշտ է ազատվել Լեւոն Տեր-Պետրոսյանից ու «նրա թայֆայից», քանզի համոզված էին, որ թալանված ու կեղեքված երկիրը կործանվում է այլեւս…

Իսկ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր հոդվածը կոչել «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»։

Իհարկե, մենք եւս կնշենք, որ հոդվածում քննադատության ինչ-որ մաս տեղին է, որոշակի բաներ ծայրահեղացված են, բայց եթե ՀՀ 1-ին նախագահը կարծում է, թե գործող նախագահի հրաժարականից հետո ինքն է գալու իշխանության, ապա հաստատ սխալվում է: Որ պահին նա առաջադրվեց նախագահի թեկնածու, նրա իսկական դեմքը կհանվի ցուցադրության: Հիմա չեն խոսում, դրա ժամանակը չունեն, այլ խնդիրներ կան:

Իսկ թե ով կլինի հաջորդ նախագահը, պարզ չէ, բայց ավելի քան 20 տարի գործող ՀՀ քաղաքական դաշտում իշխանական, թե ընդդիմադիր բոլոր գործող ուժերը մի տեղից են դուրս եկել ու չկա ոչ մի տարբերություն: Չի փոխվել անգամ մերթ իշխանություն, մերթ ընդդիմություն դառնալու հռետորաբանությունը:

Իհարկե եղան ծայրահեղ մեկնաբանություններ եւս, ինչը հատկապես համացանցային արձագանքներում գերիշխող էր: «Լեւոն Տեր-Պետրոսյանի հիվանդության ախտորոշումը՝ ծերունական փսիխոզն է կամ մառազմ», «Սա էլ դեռ նրա վերջին քաղաքական համերգը չէ…», «Ամեն բառի, ամեն մտքի մեջ կռապաշտության պակաս չկա։ Ժամանակին հենց այդ նույն կռապաշտության մեջ էին, քանի որ կռապաշտությունը հենց իրենց՝ ՀՀՇ-ական «ընտրյալներին» էր վերապահված», «Հիվանդները դառնում են կամակոր, չարակամ, եսակենտրոն, փնթի։ Առաջանում է նորը յուրացնելու դժվարություն, դատողության եւ քննադատական մակարդակի իջեցում։ Այս ֆոնի վրա հաճախ դիտվում են հետապնդման, թալանի զառանցական մտքեր։ Նման հիվանդները մեծ մասամբ անօգնական են, նրանց դեմքն արտահայտում է ցրվածություն, տառապանք, անառիթ ծիծաղում կամ լաց են լինում», «Որոշ գրասենյակներ էլ քաղաքական ռեսուրսի բացակայության պատճառով ժամանակ առ ժամանակ իրենց մասին փորձում են հիշեցնել, այնինչ բարձրացրած հարցերն իրենց կառավարման տարիներին անգամ իրագործելու ճիգ էլ չեն արել» եւ այլն։

Կան նաեւ այսպիսի մեկնաբանություններ. «Ա՛յ ցավներդ տանեմ, Լեւոնն ինչ ասել է, կապված սահմանադրական «բարեփոխումների» եւ նորանշանակ կառավարության առջեւ դրված խնդիրների համար, շատ ճիշտ է ասել: Այո՛, Սերժի նախաձեռնած բարեփոխումներն ընդամենն արհեստածին, դատարկ գաղափար են, որն ուղղված է ոչ թե երկրում բարեփոխումեր իրականացնելուն, այլ պարզապես Սերժի վերարտադրվելուն», «Սերժ Սարգսյանը շատ լավ հասկացել է, որ այս հարցում Սահմանադրության դրույթները էսօր հանդիսանում են սեփական իշխանությունը վերարտադրելու գրեթե միակ խոչընդոտը (հաշվի առնելով, թե ինչ տիպի ընտրակեղծիքների մեքենա է կարողացել կառուցել «վերջին բոլշեւիկը»)», «Մեր երկրում այլ բարեփոխումներ են պետք, որ մեզ չխանգարի վերացնել «սաշիկիզմը», վերանայել ու իսկապես բարեփոխել հարկային օրենսդրությունը՝ ի նպաստ մանր եւ միջին բիզնեսի զարգացմանը» եւ նման տեսակետներ:

Անգամ հիշել են, թե ինչպես էր ՀՀ 1-ին նախագահը սատարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ նրա միջոցներով հեղափոխություն անելու հեռանկարով: Այն ժամանակ գրել էին, որ «վատ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է ԲՀԿ-ին եւ Գագիկ Ծառուկյանին առանձնացնել քաղաքական գործող դաշտից, դա անընդունելի է եւ իրականության հետ կապ չունի: ԲՀԿ-ին օգնելով՝ 1-ին նախագահը օգնում է նաեւ 2-րդ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին»:

Եվ շատերն էին հարց տալիս, ի՞նչ է՝ «Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանո՞վ է ուզում փոխարինել, թե՞ կարծում է Գագիկ Ծառուկյանը «կնստի» նախագահ, ինքն էլ՝ վարչապետ, ու այդպես կղեկավարի երկիրը»…

«Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամ Տիգրան Խզմալյանը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածին ասել է. «Շնորհավորում եմ երկրի առաջին կամ հաճախ ասում են՝ հիմնադիր նախագահին եւ մեզ բոլորիս, որ նրա քաղաքական գործառույթը դարձել է ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի փաստաբան լինելը: Ես չգիտեմ՝ ԲՀԿ-ուն ունի՞ դրա կարիքը, թե՞ ոչ, մեկնաբանել բավական դժվար է: Բայց կարծում եմ՝ մեր առջեւ շատ ավելի կարեւոր խնդիր կա…»:

Իսկ թե իրականում ում եւ ինչի համար էր պետք այս «նախագահական գզվռտոցը», շուտով ավելի պարզ կդառնա, երբ միջազգային իրադարձությունները սկսեն առավել ազդեցիկ դառնալ ներազգային իրավիճակի վրա:

Համենայնդեպս պարզվեց, որ սպասվելիք՝ ՀՀ 3 նախագահների երկխոսություն չի կարող լինել, թերեւս կա ու կմնա միայն 2 նախագահների երկխոսությունը…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 21 (326), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.