«Էդ կնիկը մշակույթի նախարարությունը գոմի է վերածել… պիտի անհապաղ մեկուսացնել իր մի քանի խամաճիկների հետ»… Հունիսի 15-ը՝ ՀՀ պետական խորհրդանիշների օր… Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնն է… Ազգային մշակույթների փառատոն է…

«Էդ կնիկը մշակույթի նախարարությունը գոմի է վերածել… էդ կնիկը ազգուրաց մեկն է, որին պիտի անհապաղ մեկուսացնել իր մի քանի խամաճիկների հետ»… Ոմանք այդպես էլ մնացին ստամոքսով մտածողներ ու հետույքով տրամաբանողներ

Նախորդ տարվա վերջից առ այսօր «Լուսանցք»-ն անդրադառնում է Գառնո տաճարի նկատմամբ սրբապղծություն նախաձեռնած մշակույթի նախարարության գործողություններին ու դրա դեմ հանդես եկող հազարավոր մարդկանց, տասնյակ մտավորականների ու գիտնականների, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների, արիադավան-հեթանոս հավատի հետեւորդների, կազմակերպությունների ու հանրային նախաձեռնությունների բողոքի քայլերին: Ի վերջո, այդ հզոր ալիքը կասեցրեց սրճարանաշինությունը պատմական հուշարձանի տարածքում: Առայժմ հնարավոր եղավ փրկել հայկական հինավուրց մշակութային արժեքը մեր մշակույթի թուրքաբարո նախարարության ճանկերից:

Խոսքը սրճարանի կառուցման մասին է, որ նախարար Հասմիկ Պողոսյանն ու նրա խամաճիկը՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանները պահպանող ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանը շահադիտական նպատակներով ցանկանում են ամեն գնով կառուցել: Պարզվել էր, որ մի ռուսաստանաբնակ հայ փող է ներդրել ու հիմա պահանջում է իր սրճարանը: Հիմա պիտի ենթադրել՝ կամ այդ փողերը այլեւս չկան ու չեն կարող ետ տրվել… ու պիտի ամեն կերպ կառուցվի սրճարանը… կամ՝ էլի ինչ-որ նոր շահագրգռություններ են ի հայտ եկել…

Եվ ահա, ընդամենը 1 օր առաջ մշակույթի նախարարի թողտվությամբ արդեն բացահայտ կերուխում է կազմակերպվում տաճարի տարածքում: Սրանով փորձ է արվում ցույց տալ, թե նախարար Հասմիկ Պողոսյանը թքած ունի մեր պատմական արժեքների ու նրա պաշտպանների վրա…

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը այս անգամ այսպես պատասխանեց, որ ամեն բան ասված է եւ՛ Տաճարի, եւ՛ Հայոց հավատի եւ՛ ազգային ու ծիսական սրբությունների մասին, այժմ սպասում է վարչապետի պատասխանին, ում գրել է եւս մեկ անգամ: Պատասխանից հետո էլ կանի իր քայլերը, պատասխան չլինելու դեպքում կանի ավելի համարժեք քայլեր… «Էդ կնիկը մշակույթի նախարարությունը գոմի է վերածել, ցանկանում է հին տաճարների հաշվին ընտանեկան անասնապահությունը զարգացնել ու ակնկալում է Հայաստանի գլխավոր կթվորուհու պաշտոնն առնել Գառնո տաճարը ոչնչացնելու հաշվին… Կամ էլ՝ էդ կնիկը ազգուրաց մեկն է, որին պիտի անհապաղ մեկուսացնել իր մի քանի խամաճիկների հետ… Ես պաշտոնապես զգուշացրել եմ երկրի նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին՝ սրճարանը խանգարելու է հայ արիադավան տոների ու ծեսերի անցկացմանը եւ ԿՐԿՆՈւՄ ԵՄ՝ ԱՐՅՈւ՜Ն Է ԹԱՓՎԵԼՈւ…»:

Հերիք եղավ, Գառնին սրբություն է, ասում են նաեւ հնեաբանները, արվեստագետները, քաղաքական ու հասարակական գործիչները, ԱԺ պատգամավորները եւ պարզապես հայոց պատմությամբ ու մշակույթով մտահոգ հազարավոր մարդիկ…

Մշակույթի նախարարությունը Զվարթնոցի տաճարը եւս հանձնել է «շահագործման»… Հերթը կհասնի մյուս հինավուրց տաճարներին ու հուշարձաններին, եթե հակամշակութային եւ հակազգային մարդիկ շարունակեն մնալ այս ոլորտում…

Վահագն Նանյան

Հունիսի 15-ը՝ ՀՀ պետական խորհրդանիշների օր

ՀՀ դրոշը։ Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերեւից ներքեւ), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի եւ երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Այն չափերով ու գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920թթ) դրոշի կրկնությունն է։

Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։

ՀՀ զինանշանը։ Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական 4 թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են սրբազան Արարատ լեռան (Մեծ եւ Փոքր Մասիսների) պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի 2 կողմից պատկերված են առյուծ եւ արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության եւ արիության ուժը։ Ներքեւում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության ու անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը եւ խաղաղասիրությունը։

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին։

2006թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։

Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը եւ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։

ՀՀ օրհներգը։ Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգն ընդունվել է 1991թ. հուլիսի 1-ին, եւ հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։

«Լուսանցք» շաբաթաթերթ

Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնն է

Հայ արիների հյուրընկալության, լի-առատության եւ Վարդավառ-սիրո տոնի միջեւ նշվում է ողջախոհության Աստվածուհու տոնը, եւ արորդիները փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով, որ Նա իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակային, նաեւ՝ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ  եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամների աջակցությամբ հերթական անգամ կնշվի Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը:

Հայ արիները եւ ազգայնականները կփառաբանեն Նանե Աստվածուհուն, Հայ Աստվածներին, նաեւ Տիեզերքի Արարչին եւ Ազգին Հայոց…

Ծիսակարգ կկատարվի նաեւ վասն հայրենիքի վերամիավորման:

ՀԱՄ Լրատվական կենտրոն

Ազգային մշակույթների փառատոն է

Առաջին անգամ (հունիսի 16-20-ը) Հայաստանում կազմակերպվել է երգի (էստրադա, ջազ, ֆոլկ, դասական) ու պարի (դասական, մոդեռն, ժամանակակից, լատինո, ֆոլկ) միջազգային մրցութ-փառատոն: Մասնակցում են 22 ազգերի ներկայացուցիչներ, նաեւ Արմավիրի մարզից, Գյումրիից, Հրազդանից, Աբովյանից, Էջմիածնից, Երեւանում բնակվող ազգային փոքրամասնական 11 համայնքներից մասնակիցներ, ովքեր ներկայացվել են 6 տարբեր տարիքային խմբերով՝ անհատական, խմբային, դուետներով, տրիոներով ու խմբերգերով: Ժյուրիի կազմում են Հայաստանից ու արտերկրից՝ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Սիրիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Վրաստանից հրավիրված մասնագետներ: Ուկրաինայի ինքնաթիռը հասկանալի պատճառներով չի կարողացել գալ եւ միայն ժյուրիի կազմում կա ուկրաինացի ներկայացուցիչ:

Մրցույթի բոլոր մասնակիցներն ընտրվել են ըստ այսպես ասած «քասթինգի»՝  երգերի ու պարային համարների ձայնագրությունների դիտումով: Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա գալա-համերգ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ամեն տարիքային եւ ոճային խմբում կներակայացվեն 1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները, որոնց կշնորհվեն գավաթներ, մեդալներ, պատվոգրեր: Կարեւորվել է, որ փառատոնը տալիս է հիանալի հնարավորություն օտարին ներկայացնելու մեր երկիրը, մշակույթն ու պատմությունը: Մրցութային օրերից զատ նախատեսված է արտերկրից ժամանած խմբերի համար զբոսաշրջային ծրագիր հայկական պատմական ու գեղատեսիլ վայրերով: Փառատոնը լինելու է շարունակական: Միջոցառման նկարահանումից էլ հետագայում կպատրաստվի ֆիլմ, որը կներկայացվի հայ եւ օտարազգի հանդիսատեսին:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 21 (326), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։