Հայկական խոհանոց – Դանդուռով ձվածեղ… Աշխարհի մարզական հեւքից – Աշխարհի չեմպիոնի պարտությունը Հայաստանում խորհուրդ ունի… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը (հեռ` 531-027, 531-028)- (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Դանդուռով ձվածեղ

Բաղադրությունը – Դանդուռ – 1 կապ, հավկիթ – 2 հատ, սոխ – 1 գլուխ, սամիթ եւ համեմ – ըստ ճաշակի, բուսայուղ – 30 գ, աղ:

Պատրաստման եղանակը – Դանդուռի ցողունները լվանալ աղաջրում, հետո սառը ջրում թողնել երկու րոպեի չափ: Այնուհետեւ աղաջրում խաշել, աղաջրից հանել եւ գցել սառցաջրի մեջ: Ջրքամել եւ մանր կտրատել:

Բուսայուղը լցնել թավայի մեջ, պատրաստել սոխառած: Վրան լցնել մանր կտրտած դանդուռը, սամիթն ու համեմը: Սրանց վրա էլ լցնել հարած ձուն: Կափարիչով փակել եւ մարմանդ կրակին թողնել չորս րոպե: Մատուցել սխտոր-մածունով: Անու՜շ լինի:

Աշխարհի մարզական հեւքից.-

Երկաթե եւ առասպելական Տիգրանը

Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929թ.-օգոստոս 13, 1984թ.)։ Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար։ Միջազգային կարգի գրոսմայստեր (1952թ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960թ.), շախմատային տեսաբան եւ վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966թթ.), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977թթ.), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թթ., Թբիլիսիի Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Էբրալիձեի գլխավորությամբ։ Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947թ. ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949թ. առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 եւ 1956 թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951թ. առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) եւ 1952թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955թ. միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958թ.՝ 3-4-րդը, 1962թ՝ 2-3-րդը։ 1959թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։ 1962թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Միխայիլ Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Հայ շախմատիստը հաղթեց 1963թ. եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966թ. պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկիին, իսկ 1969թ. շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց  նրան։ 1971-1980թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

Էջմիածնի եկեղեցական թանգարանում են պահվում Տիգրան Պետրոսյանի թագն ու թիկնոցը, որոնք աշխարհի չեմպիոնը ժամանակին ընծայաբերել է երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսին:

Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ եւ վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը։ Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետեւողականորեն, մինչեւ հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից եւ չբացահայտելով իր թույլ կողմերը։ Նա դժվար պարտվող շախմատիստ էր։

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը հունիսի 17-ին կդառնար 85 տարեկան: «Երկաթե Տիգրան»-ի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ բազմաթիվ մրցաշարեր են անցկացվել Երեւանում եւ հանրապետության տարբեր մարզերում: Հատկապես խոշոր մրցաշարեր են կազմակերպվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը, Հայաստանի շախմատի ակադեմիայում, Վանաձորի եւ Գյումրիի շախմատի դպրոցներում: Մայրաքաղաքում անցկացված միջոցառումներից շատերին ներկա է գտնվել նաեւ Երեւանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետն ու գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, նախ, ծաղիկներ են դրել Տիգրան Պետրոսյանի հուշարձանին, այնուհետեւ մասնակցել Աջափնյակ եւ Շենգավիթ վարչական շրջանների շախմատի դպրոցի սաների ընկերական մրցամարտի մեկնարկին։ Նրանք եւ այլ պաշտոնատար անձինք ներկա են գտնվել քաղաքապետարանի հարակից այգում կազմակերպված միաժամանակյա խաղաշարին, որն անցկացրել է հայկական շախամատի մեկ այլ անվանի շախմատիստ՝ Ռաֆայել Վահանյանը:

Միջոցառման շրջանակում ներկայացվել է նրան նվիրված «Անկրկնելի հաղթանակներ» խորագիրը կրող գիրքը: Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ անցկացվեց նաեւ «Վահանյանի գավաթ» շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին նաեւ արտերկրից ժամանած թիմեր՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներից: «Տիգրան Պետրոսյանը  մեծ տաղանդ էր: Վստահ եմ, որ  նա կկարողանար մի քանի անգամ պաշտպանել իր չեմպիոնական տիտղոսը: Տիգրանը շատ հետաքրքիր մարդ էր, նա տրամադրության մարդ էր: Արտակարգ հումոր ուներ: Բայց երբ տրամադրություն չուներ, շատ ծանր մարդ էր դառնում: Ես հիշում եմ, երբ ԽՍՀՄ հավաքականը 1984թ. պետք է մրցեր աշխարհի հավաքականի հետ, նա ցանկանում էր միանալ թիմին, սակայն արդեն իսկ վատառողջ էր: Բժիշկները չթողեցին: Հենց այդ թվականին էլ Պետրոսյանը մահացավ»,- հիշել է Ռաֆայել Վահանյանը:

Մագնուս Կառլսենը՝ աշխարհի եռակի չեմպիոն

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ավարտվեցին արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները։ Արագ ձեւաչափում գրանցվել են հետեւյալ արդյունքները: Ըստ 15 խաղից հետո հավաքած միավորների՝ 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 11: 2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 10,5: 3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 10,5: 4. Լեւոն Արոնյան՝ 10,5: 17. Սերգեյ Մովսիսյան՝ 9: 47. Գաբրիել Սարգսյան՝ 8: 79. Զավեն Անդրիասյան՝ 6,5: Ընդամենը 113 մասնակից: Կայծակնային առաջնության վերջնական արդյունքները: Մասնակիցների վերջնական դասավորությունը (21 խաղից հետո՝ ըստ հավաքած միավորների)՝ 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 17: 2. Յան Նեպոմնյաշի (Ռուսաստան)՝ 16: 3. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 16: 4. Լե Կուանգ Յեմ (Չինաստան)՝ 14: 5-8., Լեւոն Արոնյան, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Մամեդյարով եւ Մամեդով (Ադրբեջան)՝ 13,5: 9-10. Գաբրիել Սարգսյան, Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)՝ 13: 29. Զավեն Անդրիասյան՝ 12: 69. Սերգեյ Մովսեսյան՝ 10: Ընդամենը 116 մասնակից: Երկու ձեւաչափերում էլ աշխարհի թիվ 1 շախմատիստն ապացուցեց իր բարձր կարգը՝ գրավելով 1-ին տեղը: Այս տարի հաղթելով Անանդին՝ Կառլսենը պաշտպանել էր աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:

Աշխարհի չեմպիոնի պարտությունը Հայաստանում խորհուրդ ունի – Իսկ աշխարհի չեմպիոնը գնահատեց Հայաստանի գեղեցկությունը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի եւ «Ակրոնիս» ընկերության հրավերով հունիսի 22-24-ը Հայաստանում էր շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։ Նրան ուղեկցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարներ։ Նորվեգացի շախմատիստն այցելեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ծաղիկներ դրեց շախմատի աշխարհի եւ օլիմպիական բազմակի չեմպիոնի հուշարձանին։ Այնուհետեւ չեմպիոնը կայծակնային շախմատի միաժամանակյա խաղ անցկացրեց Հայաստանի շախմատի ակադեմիայի մինչեւ 12 տարեկան սաների հետ։ Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, նորվեգացի գրոսմայստերը եւ շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Լեւոն Արոնյանը, ում գլխավորությամբ Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ օլիմպիական եռակի չեմպիոն, այցելել են Տաթեւի վանք, որտեղ ծանոթացել են միջնադարյան վանական համալիրի պատմությանն ու ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն իրականացնում է Տաթեւում։ Այնուհետեւ գրոսմայստերները տեղի բնակչության եւ հոգեւորականների հետ անցկացրեցին շախմատի միաժամանակյա խաղ՝ 10 խաղատախտակի վրա։ Ըստ չեմպիոնի, աշխարհը պետք է օրինակ վերցնի Հայաստանից՝ շախմատը դպրոցներում դասավանդելու փորձի համար։ «Շատ գեղեցիկ տեղ էր Տաթեւը, եւ ինչ-որ իմաստով ինձ հիշեցրեց հայրենիքս։ Այս երկրում շախմատային մշակույթն ուղղակի ապշեցուցիչ է, եզակի երեւույթ աշխարհի համապատկերում»,- ասել է Մագնուս Կառլսենը, ում հայրենիքում շուտով կմեկնարկի շախմատի համաշխարհային օլիմպիադան։

Աշխարհի չեմպիոնն անդրադառնալով Լեւոն Արոնյանի հետ առաջին հանդիպմանը, պատմել է, որ 2004թ. աշխարհի առաջնության առաջին փուլում է հանդիպել Լեւոնին. «Նա այն ժամանակ այնքան լավ չէր խաղում, որքան հիմա, սակայն մյուս կողմից՝ ես ընդամենը 13 տարեկան էի։ Ինքն ինձ առաջին խաղում գերազանցեց, սակայն ինձ հաջողվեց հասնել ոչ-ոքիի՝ փրկելով իրավիճակը։ Երկրորդ խաղը նույնպես ոչ-ոքի ավարտվեց ու երրորդը խաղացինք, եւ ես տանուլ տվեցի, ու սիրտս կոտրվեց։ 2007թ. աշխարհի առաջնության փուլից Լեւոնն ինձ դուրս թողեց, շատ երկար ու հետաքրքրական մրցաշար էր։ Դրանից հետո շատ այլ հետաքրքրական մենամարտեր ենք ունեցել, սակայն դրանցից ոչ մեկը չեմպիոնական չէր»:

Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հունիսի 22-ին շախմատային բլից խաղում պարտության էր մատնել Մագնուս Կառլսենին։ Մեկ այլ ՀՀԿ պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյանն էլ ֆ/բ իր էջում գրառել է. «Երեկ իմ կյանքի ամենահաճելի օրերից մեկն էր։ Շախմատային երկու պարտիա խաղալու հնարավորություն էր ընձեռվել աշխարհի բացարձակ չեմպիոն Մագնուս Կառլսենի եւ իմաստուն խաղի հայ արքա Լեւոն Արոնյանի հետ։ Սա անմոռանալի է։ Բայց օրվա թագնուպսակը իմ գործընկեր Տաճատ Վարդապետյանի հաղթանակն էր նորվեգացի հրաշամանուկի՝ Մագնուս Կառլսենի նկատմամբ… Սա նախախնամության կամքն էր՝ աշխարհի բացարձակ չեմպիոնին փոխանցելու 2 ուղերձ. 1-ին ուղերձը Հայաստանի՝ շախմատային գերտերություն լինելն է, որտեղ աշխարհի չեմպիոնը կարող է պարտվել անգամ պարզ պատգամավորին կամ բակում շախմատ խաղացող մարդկանց եւ երկրորդը՝ ինչը հուշում է, որ Մագնուս Կառլսենի շախմատային արքայությունը կավարտվի հենց մեր ձեռքով»։

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 22 (327), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 22 (327), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։