Կադրային քայլեր՝ Հայաստանից դուրս վերահսկվող… ՀԱԿ-ը չի՞ ուզում հանդիպել ՕԵԿ-ի հետ… Քաղաքական դաշտը դեռ չի կայացել – Իսկ Վերահսկիչ պալատը կարո՞ղ է տրվել ընդդիմությանը…

Կադրային քայլեր՝ Հայաստանից դուրս վերահսկվող

Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձավ ԱՄՆ-ից, հրապարակումներ եղան, թե «Ժառանգություն»-ում այնքան էլ ուրախ չեն նրա վերադառնալու փաստից, քանի որ նա կուսակիցներին նոր ֆինանսական միջոցներով ապահովելու հարցը չէր լուծել: Կուսակիցները նաեւ անհանգիստ են դարձել իրենց առաջնորդի փոփոխական տրամադրությունից, ով երբեմն խոսում է կտրուկ փողոցային ցույցերի անցնելու, հետո՝ դասական հացադուլի կամ ծոմապահական տարբերակների մասին, հետո էլ մի այլ ցանկություն է առաջ քաշում… իսկ կուսակիցների հետ շփման ժամանակ երբեմն էլ բղավում է:

Այս ընթացքում հայտնի դարձավ, որ «Ժառանգություն»-ը գնալու է ներքին փոփոխությունների ճանապարհով: Ստյոպա Սաֆարյանը դուրս է գալիս կուսակցության վարչության կազմից եւ պետք է զբաղվի հասարակական ոլորտի հետ շփումներով: Չնայած խոսք կա նաեւ կուսակցությունից հեռանալու մասին: Ըստ իր պարզաբանումների, նա գործունեություն է ծավալելու իր հիմնադրած «Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտ»-ում, շարունակելու է նաեւ Երեւանի ավագանու գործունեությունը:

Հիշեցնենք, որ կարճ ժամանակ առաջ պատգամավոր Թեւան Պողոսյանն էր մանդատից հրաժարվելու քայլը կատարել, ինչին հետեւելու էր «Ժառանգություն»-ից հեռանալու քայլը, սակայն կուսակցության ղեկավարին հաջողվեց ետ պահել նրան այդ քայլերից: Բայց այս անգամ կարծես ավելի լուրջ խոսակցություններ կան, որ «Ժառանգության» ղեկավար մարմնում փոփոխություններ են սպասվում, ինչը կհստակեցվի առաջիկա համագումարին, որտեղ էլ հենց Ստյոպա Սաֆարյանը հրաժեշտ է տալու գլխավոր քարտուղարի պաշտոնին:

ԱՄՆ-ից դժգոհ վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանին հնարավոր է հակակշիռ հայտնվի, ով կարեւորագույն դիրք է գրավելու կուսակցությունում: Դա ԱՄՆ-ում ամիսներ շարունակ «վերապատրաստվող» Զարուհի Փոստանջյանն է լինելու: Բացառված չէ նույնիսկ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մնա սոսկ կուսակցության առաջնորդ՝ չգլխավորելով վարչությունը, ինչը եւ կդառնա Զարուհի Փոստանջյանի մենաշնորհը, ում, վերապատրաստումից հետո, համարում են առավել հեռանկարային: Խոսքն ամերիկյան հրահանգները կատարելու հեռանկարի մասին է հաստատ:

Իսկ Զարուհի Փոստանջյանը վաղուց է ապացուցել, որ պատրաստ է ՀՀ իշխանությունների դեմ (անկախ այն բանից, որ դա օտարները երկրի դեմ են գործածում) գործել եվրոպական կառույցներում, անգամ թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հետ ուս-ուսի տված՝ նույնիսկ չխորհրդակցելով կուսակիցների հետ: Վերջերս իզուր չէր, որ հենց ԱՄՆ-ից «Ժառանգության» հնարավոր նախագահացուն խիստ տոնով քննադատեց ընդդիմադիր քառյակին՝ միայն իր կուսակցությանը համարելով ճշմարիտ ընդդիմություն:

«Րաֆֆի Հովհաննիսյանը որպես առաջնորդ եղել է, կա եւ մնալու է: Որեւէ փոփոխություն այդ առումով չի լինելու»,- ասել է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերն այն մասին, որ կայանալիք համագումարում կուսակցությունը նոր նախագահ կընտրի: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այս պահին նախագահի փոփոխության խնդիր չկա: Ինչ վերաբերում է լուրերին, թե համագումարից հետո, կուսակցությունում այլեւս չեն լինի շատ հին կուսակիցները, փոխնախագահը հերքել է ու պնդել, թե ամենահին անդամները կլինեն վարչության անդամներ, բայց կլինեն նաեւ երիտասարդներ: Ինչեւէ, հունիսի 28-ին համագումարի նշանակված օրն է:

Կարեն Բալյան

ՀԱԿ-ը չի՞ ուզում հանդիպել ՕԵԿ-ի հետ

ՀԱԿ-ը հարկ չի համարում հանդիպել ՕԵԿ պատգամավորների հետ, ուրիշ բան, եթե ԲՀԿ-ի հետ հանդիպման հարց լիներ: Իսկ ՕԵԿ-ն արդեն հանդիպել է «Ազատ դեմոկրատներ»-ին, «Ժառանգության»-ը, ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին:

Թեպետ Հովհաննես Մարգարյանը վստահեցրել էր, որ պայմանավորվածություն կա նաեւ ՀԱԿ-ի հետ, սակայն հանդիպում չի կայացել: Հրապարակվեց, թե Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում Լեւոն Զուրաբյանին ուղեկցում ու համոզում էր հանդիպել իրենց հետ: Ինչո՞ւ չեք համաձայնում հանդիպել՝ «Հրապարակ»-ը հարցրել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, ով հակադարձել է. «Իսկ ո՞վ ասաց՝ չենք համաձայնել՚: ՙՈւ ե՞րբ է լինելու հանդիպումը, եթե պետք է արդեն կայացած լիներ»: «Չենք քննարկել ոչ մի բան»,- ի պատասխան նշել է ՀԱԿ պատգամավորը: Եվ այսպես էլ քառյակը չի դառնում հնգյակ:

Քաղաքական դաշտը դեռ չի կայացել – Իսկ Վերահսկիչ պալատը կարող է տրվել ընդդիմությանը

Ընդդիմությանը որոշակի վերահսկողական լիազորություններ տալու հարցն արդեն քննարկվել է: «Իհարկե, որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա, թեեւ չեմ կարող ասել, որ ընդդիմությունն այսօր բացարձակապես չունի այդ լիազորությունը: Խնդիրը սահմաններն են: Այդ լիազորությունները պետք է ընդլայնվեն, բայց ինչ սահմաններում՝ առանձին քննարկման հարց է: Այս հարցը արդեն քննարկման առարկա դարձել է»,- ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է որոշ մարմիններում ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալուն, մասնավորապես ընդդիմությունը կարեւորում է Վերահսկիչ պալատը, Դավիթ Հարությունյանը նշել է, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ, բայց պետք է քննարկեն՝ այս փուլում իրենք պատրաստ են դրան, թե ոչ. «Այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել, հարկավոր է ուղղակի ծանոթանալ այլ երկրների փորձին, ընդ որում՝ այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում: Եվ շարժվենք ըստ այդմ»: Նշվել է, որ չկայացվածության խնդիրը ոչ միայն ընդդիմության մեջ է, այլ վերաբերում է քաղաքական դաշտին եւ հավասարապես բոլոր կուսակցություններին: «Մենք դեռեւս չենք կարողացել կայացնել մեր քաղաքական դաշտը. դա գաղտնիք չէ եւ նախագահի ելույթում էլ է հնչել այդ մասին: Աշխարհում կա նաեւ հակառակ միտումը. Շատ զարգացած երկրներում քաղաքականությունն արդեն պակաս հետաքրքիր է եւ ավելի մարգինալ տարրերն են սկսում զբաղվել քաղաքականությամբ, իսկ հասարակության զգալի մասն էլ կորցրել է հետաքրքրությունը դրա նկատմամբ»,- նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: Ըստ նրա, շատ շուտով, երբ մարգինալ տարրերը սկսեն լրջորեն զբաղվել քաղաքականությամբ, հասարակության զգալի հատվածն էլ նորից կսկսի զբաղվել դրանով. «Մենք այդ փուլին դեռ չենք հասել, դեռ ունենք լուրջ խնդիր կայացնելու, բեւեռացնելու քաղաքական կուսակցությունները: Այո, այդ ճանապարհին կան նաեւ դժվարություններ, որովհետեւ երկրի առջեւ ծառացած են շատ լուրջ մարտահրավերներ, ու շատ հաճախ գաղափարների, ծրագրերի առումով կուսակցությունները սկսում են իրարից չտարբերվել»:

Եվ ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարեւորած երկբեւեռ քաղաքական դաշտի կայացումը միշտ չէ, որ նշանակում է երկկուսակցական համակարգ, եւ այստեղ խոսքը թերեւս երկու տարբեր ուղղությունների մասին է, որոնք ներկայացված կլինեն դաշինք-կոալիցիայով, մի խումբ կուսակցություններով, բայց ակնհայտորեն կերեւա, թե այդ որ երկու կուսակցական խմբերն են: Սա չի ենթադրում, թե որեւէ կուսակցություն չի կարող մի բեւեռից մյուսն անցում կատարել:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 22 (327), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։