Խցակից իշխանությունն ու ընդդիմությունը – Ասում են մենք այժմ Հայաստանի Հանրապետություն ենք՝ Համամոլորակային գաղութի 285-րդ խուցը…

Իշխանությունները հավաստել են, որ ընդդիմադիր քառյակի պահանջներին կտրվի պատասխան: «12 կետից որեւէ կետ անպատասխան չի մնա, բայց կողմնակից չեմ, որ տրվում են վերջնաժամկետներ»,- ասել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ իշխանության ներկայացուցչի, իր խոսքը պետք չէ հասկանալ այնպես, որ այն ամենը, ինչ գրված է այդ կետերում, պետք է կատարվի իշխանության կողմից:

Որոշ ընդդիմադիրներ համոզված են, որ իշխանությունը քաղաքական կամք չի դրսեւորի քառյակի պահանջները կատարելու համար: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ՝ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ-ում ձեւական բնույթ էր կրում, քանի որ կառավարությունը, որն այդ բյուջեն կատարել էր, հրաժարական էր տվել՝ ԱԺ ոչ իշխանական ուժերի պայքարի ու պահանջների արդյունքում: Սրանում համոզված է ընդդիմադիր պատգամավորը, ինչը հերքել են իշխանության ներկայացուցիչները՝ նշելով, թե խնդիրը լուծվել է ներկուսակցական ոլորտում՝ Տիգրան Սարգսյանի դիմումի համաձայն:

Անդրադառնալով քառյակի պահանջներին՝ «Ժառանգության» ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը, ցանկության դեպքում, հանգիստ կարող են իրականացվել դրանք, եթե վերջապես քաղաքական կամք դրսեւորվի: Աշնանը ընդդիմության հանրահավաքում արդեն ավելի հստակ գնահատականներ կտրվեն:

«Երկու դեպքում էլ իշխանությունը խնդիր կունենա՝ եթե կատարի քառյակի պահանջները, եւ եթե չկատարի»,- ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հավելել է, որ չնայած ստորագրել են ընդհանուր փաստաթուղթը, բայց իրենց կուսակցության պահանջը նույնն է. «Իշխանափոխության մեջ ենք տեսնում լուծումը: Եվ եթե արտագաղթը չկասեցվի, ապա ժամանակի ընթացքում իշխանափոխություն պահանջող էլ քիչ կմնա»: Ուստի՝ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ սեպտեմբերին իրենց պես մտածողների թիվն ավելանա: «Դանդաղ, բայց զգալի արդյունք է այն, որ հունվարից հետո քառյակը կարողացավ ՀՀԿ-ի ձայները հասցնել 66-ի»,- նշել է ՀԱԿ պատգամավորը ու համոզմունք հայտնել, թե «ժամանակ կգա, եւ ՀՀԿ-ից շատերը կհեռանան, երես կթեքեն»… «Սերժ Սարգսյանը ինքն է օգնում ընդդիմությանն իր քաղաքականությամբ: Ո՞ր երկիրը, օրինակ, թույլ կտար, որ չգիտես ով գա ու նման պոռոտաբանությամբ զբաղվի մեր խորհրդարանում եւ ոչ մեկը դրան չպատասխանի»,- նշել է նա՝ մատնանշելով ոմն Կիսելյովի հակահայ հայտարարությունը եւ դրա շուրջ առաջացած աղմուկը: ՀԱԿ պատգամավորը, այնուամենայնիվ, տեսականորեն համաձայն է, որ կարող են կատարել քառյակի պահանջները, եթե դրա ցանկությունն ունեն, բայց…

Ընդդիմադիրները քառյակի ներկայացրած պահանջներում ամենից շատ կարեւորում են ցուցակների հրապարակումը, քանի որ այդպիսով իշխանությունները կզրկվեն առնվազն 700 հազար ձայներից՝ այն քաղաքացիների ձայներից, որոնք Հայաստանում չեն: Իսկ 100% համամասնական ընտրակարգին անցնելը այնքանով է կարեւորվում, որ իշխանություններն այդքան դեմ են դրան:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշված պահանջների կատարման համար 2-3 ամիսը բավարար է համարել: Անդրադարձել է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը. «Մեզ համար բացարձակ հիմնավոր չէին ներկայացված փաստերը, ավելին՝ զլմ-ների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Նազարյանը չի բացառել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությունը վատ մենեջմենթի արդյունք է, եւ ժողովուրդը պետք է վճարի վատ մենեջմենթի համար: Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք օգոստոսի 1-ից էլեկտրէներգիայի սակագնի բարձրացումը կանխելու համար»: ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ քառյակը կարող էր շատ ավելի խորքային պահանջներ ներկայացնել, ինչի մասին դեռ կխոսվի սեպտեմբերին:

ՕԵԿ-ը դուրս է մնացել քառյակից, բայց ընդունելի է համարում քառյակի ներկայացրած պահանջները, անգամ պատրաստ է փողոց դուրս գալ: Նման կարծիք ունեն նաեւ արտախորհրդարանական մի շարք քաղաքական ու հասարակական ուժեր: Իսկ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը հայտնել է, որ «ՀՀ-ում ամեն ինչ պատրաստ է համաշխարհային քաոսին միանալու համար»: Համամոլորակային քաոսը շարունակում է զարգանալ եւ դրան անընդհատ նոր պետություններ են ավելանում: «Մենք, որ լսում ենք Իրաք, Սիրիա, մեզ թվում է դրանք անսահման հեռու են մեր սահմաններից: Պետք չէ այդպես մտածել. դրանք բավականին մոտ են: Ինչ կատարվում է աշխարհում՝ անդրադառնում է մեզ վրա,- ասել է նա եւ հավելել,- մոլորակային խաղաղությունը դադարեցվում է: Ճիշտ է՝ տեղում կազմակերպվելը, հստակ կազմակերպված ուժն է, որ կարողանում է հետ մղել վտանգները եւ էապես ազդել զարգացումների վրա:

Պետք է լինել ուրիշ որակի, պետք է լինել Հայք, իսկ մենք այժմ Հայաստանի Հանրապետություն ենք՝ համամոլորակային գաղութի 285-րդ խուցը»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 22 (327), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։