Շահեր որսալու պահը… Ազատ գոտու քաղաքական ուղին… Մոսկվան դժվարանու՞մ է ասել… Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հայապատկանության խնդիրը պետք է լուծել…

Մեր իշխանությունները անարձագանք են թողել Իրանի կողմից արվող հայտարարությունները: Թեհրանը երեք կարեւոր հայտարարություն է արել. նավթի նախարարը հայտարարել է, որ պատրաստակամ են Եվրոպային գազ մատակարարել եւ, որպես երկրորդ ճանապարհ, տեսնում են Հայաստանը: Առաջինը Թուրքիան է, սակայն այդ տարբերակն իրենց սրտով չէ: Այս դեպքում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը մի նոր մակարդակի կբարձրանա:

Մյուս հայտարարությունն Իրանի ազատ գոտիների հարցով պատասխանատու անձն է արել, վերաբերում է Հայաստան-Նախիջեւան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելուն:

Հաջորդ հայտարարությունը վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղու գործարկմանը:

Հասկանալի է, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է խոչընդոտել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը, քանի որ դա սպառնում է ռուսական շահերին: Դա սպառնում է հատկապես Ռուսաստանի էներգետիկ շահերին, քանի որ ներկայումս Եվրոպան, որպես ռուսական գազի այլընտրանք, տեսնում է իրանական գազը:

Ադրբեջանականն այլընտրանքային չի կարող լինել ոչ բավարար ծավալ ունենալու առումով, ինչի մասին գրել է «Լուսանցք»-ը:

Հայաստանը պետք է նույնպես քայլեր նախաձեռնի Նախիջեւանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված: Երկաթգծի շահագործումը եւս կարող է դառնալ ռազմա-քաղաքական խնդիր: Երկաթուղին եթե աշխատի, ապա պետք է լինի ապահով, իսկ ապահովությունը պետք է երաշխավորվի բոլոր երկրների կողմից, ինչը նաեւ քայլ է Հայաստանը տարանցիկ տարածաշրջանային երկիր դարձնելու գործում:

Կա նաեւ զուտ ռազմա-քաղաքական խնդիր: Եթե տնտեսական գոտին աշխուժանա Նախիջեւանի հատվածում, ապա Հայաստան-Նախիջեւան սահմանը՝ հանդիսանալով նաեւ ՀԱՊԿ սահման, նոր ներդրումներ անելու հարցեր է առաջ բերելու: Ինչպես տարածաշրջանի մյուս հատվածներում, այնպես էլ այստեղ նույնպես Ռուսաստանի Դաշնության, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների ընդհանուր շահերի բախում է տեղի ունենում, ինչը բնականաբար Հայաստանի շահերն առաջ տանելու նոր հեռանկարներ է բացում:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ռազմական բաղադրիչը,- Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով,- ԵՏՄ անդամ երկրներին ապագայում լուրջ ինտեգրացիա է սպասվում, եւ քաղաքական, եւ ռազմական ինտեգրացիա, քանի որ տնտեությունն ամեն ինչի հիմքն է: Եթե կա տնտեսություն, եթե այն միավորում է մարդկանց, ապա անպայման մենք նաեւ պաշտպանելու ենք այդ տնտեսությունն ու շահերը»: Հայտնի է, որ ՆԱՏՕ-ն էլ ԵՄ շահերը պաշտպանող ռազմական ուժ է, իսկ Եվրամիությունը վաղուց է ստանձնել տնտեսական, քաղաքական կամ ռազմական ինտեգրացիան:

Ժամանակն է մեր արտաքին փոխլրացնող քաղաքականությանը զուգահեռել փոխլրացնող նախաձեռնությունները, ինչը կբացահայտի մեր իրական ու կեղծ բարեկամների քայլերը:

Արամ Ավետյան

Ազատ գոտու քաղաքական ուղին 

Վերջերս Իրանի քաղաքաշինության եւ ճանապարհների նախարար Աբբաս Ախունդը Նախիջեւանի Ջուլֆա այցի ընթացքում հայտարարեց, որ Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններ են տեղի ունենում Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթուղու վերագործարկման հարցի շուրջ: Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների վերանայման ներկայիս պայմաններում Նախիջեւանի հիմնախնդրի նկատմամբ Իրանի այս շահագրգիռ նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ այդ հիմնախնդիրը հետզհետե վերածվում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների գործոնի:

Թեհրանը առաջարկել է նաեւ Նախիջեւանը դարձնել ազատ տնտեսական գոտի:

Բայց Նախիջեւանի հիմնախնդրի այսպիսի լուծումը ձեռնտու չէ տարածաշրջանում առկա մի շարք ուժերի: Մասնավորապես՝ Ռուսաստանը փորձում է Մաքսային միության մեջ ներգրավելով մեկուսացնել Հայաստանին եւ խափանել Իրանի հետ ռազմավարական կապեր հաստատելու միջոցով տարածաշրջանային գործոնի վերածվելու հայկական հեռանկարը:

Իհարկե, հաջողելու դեպքում Մոսկվան մի կրակոցով երկու նապաստակ է խփում՝ Հայաստանը մեկուսացվում է եւ՛ Արեւմուտքից եւ՛ Արեւելքից:

Բնականաբար, այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը ամեն կերպ խաղարկում է նաեւ Արցախյան հիմնախնդիրը: Նախիջեւանի հարցի լուծման իրանական տարբերակը իրական հեռանկար է ապահովում Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու, մեր ազգային խնդիրներն ու նպատակները լուծելու եւ բոլոր կողմերի միջեւ կամուրջ-խաչմերուկի դեր ստանձնելու միջոցով զարգացման համար:

Հասկանալի է, որ սա թուրքական կողմին եւս ձեռնտու չէ, ինչպես ռուսական կողմին, ինչը դրսեւորվեց Հայաստան-Նախիջեւան սահմանագլխի որոշակի լարումով: Միաժամանակ մեծացավ լարվածությունը Արցախ-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Եվրոպական ու Եվրասիական միությունների առճակատումը ինչպես վտանգավոր, այնպես էլ նպաստավոր իրավիճակներ կստեղծի եւ պետք է զգոն ու հետեւողական լինել: Մաքսային միության մաս կազմելով՝ Հայաստանը հիմնականում կմեկուսանա տարածաշրջանից եւ քայլ առ քայլ կկորցնի ինքնիշխանությունը, քանի որ Մոսկվան հաճախ տուրք է տալիս թյուրքական խաղերին:

Սակայն հակադրվելը եւս վտանգավոր է, ուստի պիտի ընտրել երկար բանակցելու գործելաոճը:

Իսկ Իրանի հետ պետք է շարունակել զարգացնել Նախիջեւանի հարցը, որը կարող է ընթացքում հետաքրքրի կամ Ռուսաստանին կամ Արեւմուտքին: Ըստ այդմ էլ՝ Հայաստանը կկողմնորոշվի Եվրոպական ու Եվրասիական միությունների արանքում:

Արման Դավթյան

Մոսկվան դժվարանու՞մ է ասել

«Այնպես չէ, որ Ռուսաստանն անմիջական մասնակցություն ունի Հայաստան-Նախիջեւան սահմանի լարվածությանը: Սակայն Մոսկվան իրազեկ է կատարվող դեպքերին ու իրադարձություններին, եւ ենթադրում եմ, որ Հայաստան-Նախիջեւան սահմանի լարվածությունը, ինչպես տարածաշրջանի այլ հակամարտություններ, ամեն դեպքում պաշտոնական Մոսկվայի հետաքրքրությունների շրջանակում է»,- ասել է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան, փորձագետ Վադիմ Դուբնովը:

Փորձագետի համոզմամբ, բոլոր այդ գործողությունները Ռուսաստանի հետ համաձայնեցվում են, եւ սահմանային լարված իրավիճակը պաշտոնական Մոսկվայի կողմից համակարգվում ու վերահսկվում է: «Դժվար է դատել եւ մեկնաբանել այն ամենը, ինչը սահմանին է եւ մեզանից հեռու, այս մասով չի կարելի որեւէ միանշանակ բան ասել»,- նշել է փորձագետը՝ ավելացնելով, թե պետք չէ սա կապել Եվրասիական միության ստեղծման եւ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ. «Քանզի չեմ կարծում, որ այդ հարաբերությունները միանշանակ են, ըստ իս՝ այդ հարաբերությունները բավականին բարդ են ու ոչ միայն այն հանգամանքով, որ Ռուսաստանը ցանկանում կամ չի ցանկանում Ադրբեջանին էլ մտցնել այդ միություն: Այստեղ կան մի շարք համաձայնագրեր, բազում երկկողմ հետաքրքրություններ…»:

* * *

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրելու է Մաքսային միության պայմանագիրը, նա հստակ նշել է այդ մասին. «Ոչ ոք մեզ չի խանգարելու Ղարաբաղի պատճառով, Նազարբաեւն առավելեւս… Հայաստանը որեւէ վտանգավոր փոխհարաբերությունների որեւէ կառույցի կամ պետության հետ չի գնա, եթե Ղարաբաղին կվնասի»։

Եթե Արցախի հարցը արտաքին վտանգներից ձերբազատվելով՝ ի դեմս Հայաստանի, այսպես թե այնպես կներառվի Եվրասիական միության շրջանակներում, ինչը նույն կերպ ներառված է նաեւ Եվրոպական միությունում, ապա չի բացառվում, որ Նախիջեւանի, ապաեւ Ջավախքի՝ ազատ տնտեսական գոտի դարձնելը նպաստի համահայկական շահերի համապարփակ արծարծմանը:

Ի վերջո՝ Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հայապատկանության խնդիրը եւ այս հարցերի ծավալումները միայն քաղաքական կամ իրավական հարթության մեջ չեն կարող լուծվել:

«Լուսանցք» թիվ 22 (327), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։