Ցավոտ կետեր – Հայաստանը՝ խաղողի բնօրրան եւ գինու ծիսական կենտրոն – Կարեւոր է, որ մենք հիմա էլ կարողանանք ճիշտ օգտագործել այս ֆենոմենը…

Հայաստանը խաղողի եւ գինեգործության բնօրրանն է (եւ ոչմիայն): Ու որպեսզի շատ անմիտների կողմից սա ազգային սնապարծություն չդիտարկվի, ընդգծեմ, որ ասածս փաստում են Արենիի վերջին հայտնագործությունները, ընդ որում՝ այլազգի գիտնականներով հանդերձ (այս հոդվածաշարը մասնակի հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում): «Հունա-հռոմեական դիցաբանություններում գինու աստվածներ Դիոնիսոսի եւ Բաքոսի կերպարները լավագույնս հայտնի են աշխարհին: Բայց դա ոչ վաղ անցյալում էր, ընդամենը առաջին-երկրորդ հազարամյակներում: Վերջին տարիներին Հայաստանում կատարվեցին պատմական երկու խոշոր հայտնագործություններ, որոնք դարակազմիկ նշանակության էին եւ էապես փոխեցին անցյալի նկատմամբ մարդկանց պատկերացումները: Խոսքը Ագարակի հնձանների եւ Արենիի քարանձավի մասին է: Դրանց ի հայտ գալով ապացուցվեց, որ արդեն երրորդ-չորրորդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհը հարեւանների կողմից համարվել է գինու ծիսական կենտրոն: «Դրսի» աշխարհից մարդիկ հարյուր հազարավոր կլիոմետրեր կտրելով եկել են Հայաստան, որպեսզի ծեսեր մատուցեն գինու եւ խաղողի աստվածներին»,- ասում է Հայ գինեգործների միության ղեկավար Ավագ Հարությունյանը՝  միաժամանակ հավելելով. «Այդպես եղել է, ու շատ կարեւոր է, որ հիմա, հազարամյակներ անց, մենք կարողանանք ճիշտ օգտագործել այս ֆենոմենը»:

Ինչպե՞ս, ի՞նչ ենք անելու:

Կխոսենք միայն ապագայից, քանզի ներկան այն է, ինչ գիտենք: Երբ նույնիսկ մի պահ, քաղաքական (ավելի ստույգ՝ ռազմա-քաղաքական) պատճառներով պայմանավորված, ռուսական շուկայից դուրս մղվեցին վրացական ու մոլդովական գինիները, հայկական գինին դարձյալ չկարողացավ այդ շուկայում ոտքի տեղ անել:

Տարբեր պատճառներ նշվեցին՝ շրջանառու միջոցների պակասի, պահանջարկի բացակայության, կամ որ ավելի ճիշտ է՝ պահանջարկի ու գնի անհամապատասխանության եւն: Ինչեւէ՝ փաստ է, ռուսաստանյան շուկան հայկական գինուն մշտական «պահատեղ» չտվեց: Հիմա մենք գինեգործության զարգացման ոլորտային ռազմավարություն ունենք (մշակվել է «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ կողմից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ)՝ կանխատեսումներով ու գործողությունների ծրագրով: Ի՞նչ է ենթադրում այդ ռազմավարությունը, ի՞նչ շուկաներ են նախանշվում, փնտրվու՞մ են արդյոք այլ շուկաներ:

Որ գինեգործության բնագավառում հաջողություն կունենանք՝ ոչ գործադիրը եւ ոչ էլ մասնագետները չեն կասկածում. դրա համար մենք ունենք ավանդույթ (խաղողի եւ գինեգործության բնօրրանն ենք), բնություն (արեւը, ջուրը, հողը, խաղողագործության բարձրադիր գոտիները) եւ յուրահատկություն (տեղական յուրահատուկ խաղողի սորտեր):  Իսկ տեսլականը հետեւյալն է՝ մինչեւ 2020թ.-ն 3 անգամ ավելացնել Հայաստանի խաղողի գինու արտադրության ծավալները  ներքին սպառման եւ արտահանման ծավալների աճի հաշվին՝ Հայաստանը դիրքավորվելով որպես խաղողագործության եւ գինեգործության ավանդական երկիր եւ առաջարկելով առանձնահատուկ բարձրորակ գինիներ միջին եւ բարձր գնային շրջանակում: Համեմատության համար որոշ թվեր նշենք. 2011թ. թողարկվել է 11,8 մլն ԱՄՆ դոլարի գինի, 2015թ. համապատասխան ցուցանիշը կլինի 27,1 մլն դոլար, իսկ 2020թ.՝ 55,3 մլն դոլար: 2011թ. արտահանվել է 2,5 մլն դոլարի գինի, 2015թ. կարտահանվի 10,7 մլն դոլարի գինի, իսկ 2020թ.՝ 29,5 մլն դոլարի: Եթե 2011թ. արտահանման մասնաբաժինը 21% է, ապա 2015թ. եւ 2020թ. դա համապատասխանաբար կլինի մոտավորապես 40 եւ 53%: Հիշյալ վերլուծության համաձայն, գինու  արտադրության կանխատեսվող թիրախներն ապահովելու համար անհրաժեշտ է հիմնել մոտ 850 հա լրացուցիչ այգետարածքներ:

Կրկին ըստ ռազմավարական վերլուծության, գինու արտադրությունը հաստատուն տեմպերով կաճի եւ 2020թ. դրությամբ Հայաստանում արտադրված գինու ծավալները կհասնեն մոտ 17,5 մլն. լիտրի: Իսկ այդ ծավալների արտադրության համար անհրաժեշտ խաղողի հումքն ապահովելու նպատակով առկա խաղողի այգետարածքները (գինու համար պիտանի) բավարար չեն. ՙԹեեւ չկա պաշտոնական, ճշգրտված ցուցանիշ, ոլորտի փորձագետները ներկայում Հայաստանում գինու համար պիտանի հողատարածքների չափը գնահատում են մոտ 2500 հա: Այս այգետարածքները բավարար են մինչեւ 2017թ. գինու արտադրությունը հումքով ապահովելու համար: Բայց սկսած 2018թ. անհրաժեշտ են լրացուցիչ բերքատու այգետարածքներ, որոնք հիմնելու գործընթացը հարկ է սկսել ոչ ուշ, քան 2015թ.-ն: Գինու արտադրության ծավալների աճի 2020թ. թիրախը ապահովելու համար անհրաժեշտ է հիմնել 800-850 հա նոր այգետարածքներ՚:

Ի դեպ, նշվում է, որ հաշվարկի հիմք է ընդունվել մեկ հա.-ից 7 տոննա բերքատվությունը:

Ինչ վերաբերում է արտահանման շուկաներին, ապա առաջնայիհն «թիրախներ» են դիտարկվում Ռուսաստանը եւ Չինաստանը, երկրորդային շուկաներ՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: 2011թ. Ռուսաստան է արտահանվել 600 հազ լ գինի, 2015թ.-ին նախատեսվում է 2 մլն 500 հազ լ, իսկ 2020թ.՝ 5 մլն 500 հազ լ: Չինաստան 2011թ. արտահանված գինու ծավալին ավելի լավ է չանդրադառնալ, բայց 2015թ. մտադիր են 160 հազ լ արտահանել, իսկ 2020թ.՝ 1 մլն 300 հազ լ:

Ռուսաստանը եւ Չինաստանն ընտրված են որպես առաջնային շուկաներ՝ հաշվի առնելով վերջիններս ամենաբարձր արտահանման գրավչության գնահատականը:

Ենթադրվում է այս շուկաների վրա կենտրոնացնել արտահանման խթանման եւ միջազգային շուկայավարման հիմնական մեխանիզմները:

Նաեւ՝ Չինաստանի շուկան  երկարաժամկետ հեռանկարում հանդես կգա որպես հարթակ Հարավ-Արեւելյան Ասիայի այլ երկրներ դուրս գալու համար:

Իսկ իբրեւ երկրորդային թիրախներ ընտրված են ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան՝ հաշվի առնելով վերջիններում առկա մեծաթիվ կազմակերպված Սփյուռքը եւ հայկական  գրավչությունը: Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ նույնիսկ, տարբեր հաշվարկների հենքով, հաշվարկված է շուկաներում 1 շնչի հաշվով սպառումը եւ, ըստ այդմ, աճի տեմպերը:

Օրինակ՝ հիմք ընդունելով Ռուսաստանի բնակչության թվի փոփոխության (ՄԱԿ-ի կանխատեսումների հիմամբ) եւ գինու սպառման դինամիկան 2012-2020թթ., նաեւ այն, որ այդ ժամանակահատվածում ՌԴ-ում գինու՝ մեկ շնչին ընկնող սպառումը տարեկան աճելու է միջինում մոտ 4%-ով, 2020թ. 1 շնչի հաշվով արտահանվելու է 12,3 լ գինի:

Ու թեեւ Ռուսաստան տարեցտարի ավելի շատ գինի է արտահանվելու, բայց այդ երկիր արտահանման բաժինը ՀՀ գինու ընդհանուր արտահանման մեջ 2015թ. 85%-ից 2020թ. դառնալու է 75%, որովհետեւ Չինաստան արտահանվելիքը 0,01%-ից վերաճելու է 18%-ի:

Ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն՝ գինեգործության զարգացման սահմանափակումները վերացնելու համար առանձնացվել են 6 ռազմավարական ուղղություններ, որտեղ անհրաժեշտ է կենտրոնացնել ռեսուրսները եւ ջանքերը:

Դրանք են՝ 1. հումքի ապահովում, 2. իրավական դաշտի բարելավում, 3. ֆինանսական աջակցություն, 4. կարողությունների զարգացում, 5. միջազգային շուկաների առաջմղում, 6. գինու ներքին սպառման խթանում:

Այլ կերպ՝ այս 6 կետը նաեւ գործողությունների ծրագիր է, որի իրագործման արդյունքում էլ հենց ակնկալվում է բնագավառի զարգացումն ու առաջմղումը:

Այս մասին կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 22 (327), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։