Ինչու՞ է քնել նախարարը… ՀՀ մշակույթի նախարարությունը ոչնչացնում է հայկական մշակույթը… Իսկ մեր սուրբ հողը Արարատյա՛նն է, ո՛չ՝ Սիոնը կամ Երուսաղեմը…

Ինչու՞ է քնել նախարարը, երբ հազարամյակներ առաջ վրացու, թուրքի կամ ադրբեջանցու անունն անգամ գոյություն չուներ…

Պարզ է, որ մշակույթի նախարարությունը երկրում անտեսելով ազգային արժեքները, չէր կարող դրսում պաշտպանել դրանք: Ժամանակը չունի, պաշտպանությունը փողաբեր չէ: Հայկական լավաշը, տոլման, խաշլաման, հարիսան եւ այլ ուտեստներ «դարձել» են թուրքական, ադրբեջանական, վրացական ու իրանական, անգամ խաչքարերն են փորձում ադրբեջանականացնել՝ պնդելով, թե պետականորեն բնական (մարտի 21-ին) արիական ամանոր տոնող Իլհամ Ալիեւը հայերի կողքին բնակված ու քրիստոնեացված աղվանների ժառանգորդն է…

Վրացիներն ավելի հեռու գնացին, նրանք «սեփականացրին» նաեւ գինին ու կարասը: Իսկ մեր մշակույթի նախարարությունը իր պոակ-մոակ-ներով լռված է…

Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինու արտադրամասը, իսկ նախարարությունը ՅՈւՆԵՍԿՈ-ում չի ծիծաղում վրացիների վրա: Քաղաքակրթության զարգացման ամենավաղ շրջանի գինու արտադրամասը հայտնաբերվել է Հայաստանի լեռներում. հաղորդում է AP գործակալությունը: Միջազգային հետազոտողների խումբը Վայոց Ձորի մարզում հայտնաբերել է գինու պատրաստման համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ գինու հնեցման համար տակառներ, բաժակ, անգամ խմելու համար նախատեսված պնակ, որոնք, ըստ մասնագետների, ավելի քան 6000 տարեկան են:

Այդ ժամանակ վրացու, թուրքի կամ ադրբեջանցու անունն անգամ գոյություն չուներ…

Համաձայն Լոս Անջելեսի Համալսարանի հետազոտական խմբի համաղեկավար Գրեգորի Արեշյանի՝ սա գինու ստեղծման ամբողջական գործընթացի ամենաառաջին օրինակն է: «Այն, ինչ հայտնաբերել ենք, կարելի է գինու ամենահին արտադրամասի վկայություն համարել»,- ասել է Փենսիլվանիա նահանգի Բիոմոլեկուլյար հնաբանության լաբորատորիայի տնօրեն Պատրիկ ՄաքԳովենը:

Ըստ հնագետների, քարայրում հայտնաբերվել է 3 մ բարձրություն ունեցող ավազան, որը կարող է ծառայած լինել որպես գինու ճզման սարք, որտեղ մարդիկ ոտքերով գինի են քամել խաղողից, մեթոդ, որը ավանդական է եղել դարեր շարունակ:

Հետազոտողները գտել են նաեւ խաղողի սերմեր, ճզմած խաղողի եւ հազարավոր չորացրած որթատնկիների մնացորդներ: Մինչ հայաստանյան հայտնաբերումը, խաղողի ամենահին մնացորդները հայտնաբերվել էին Եգիպտական փարավոն Սքորփիոն 1-ի դամբարանում: Դրանց տարիքը հաշվվում էր 5100 տարի (այս ժամանակ էլ վրացի, առավել եւս թյուրքական խառնամբոխ չի եղել):

Քանի որ գինու պատրաստման սարքավորումները գտնվել են դամբարանների մոտ, հետազոտողները ենթադրում են, որ գինին օգտագործվել է ծիսակատարությունների ժամանակ: Այսինքն՝ գինին Քրիստոսի արյունը չէ, այլ արիական-հեթանոսական ու աստվածային խմիչք է, որ հայերն են արարել…

Գինու, ներառյալ խաղողի (Եվրասիական) մշակման մշակույթը, առաջին անգամ սկսել է օգտագործվել Հայաստանում, ապա նաեւ շրջակա լեռնային վայրերում, ու հետո տեղափոխվել է ավելի հարավ:

Նարե Մշեցյան

ՀՀ մշակույթի նախարարությունը ոչնչացնում է հայկական մշակույթը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին եւ քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, ողջունելով տնտեսվարողներին՝ վարչապետը նշել է. «Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը: Մենք պետք է կանգնենք գյուղացու կողքին: Համոզված եմ, որ ունենք մեծ հնարավորություն՝ գյուղը զարգացնելու համար: 2015թ. պետական բյուջեն մշակելիս կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու նաեւ ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի ներդրողների համար հնարավորություն ստեղծենք աշխատելու գյուղերում»:

Այնուհետև գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները՝ գինեգործության բնագավառի զարգացման նպատակով:

Մասնավորապես, անդրադառնալով տնտեսվարողների կողմից բարձրացված «Ակցիզային հարկի մասին» օրենքում առկա որոշ հարցերի՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարներին՝ աշխատել գինեգործների միության հետ՝ քննարկելու նշված օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը՝ տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

Հովիկ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել գինեգործներին՝ բարձրակարգ սարքավորումներով լաբորատորիա հիմնելու եւ մասնագետների վերապատրաստման գործում: Միաժամանակ, վարչապետը հորդորել է նրանց՝ խաղողի մթերման աշխատանքները կազմակերպել բարձր մակարդակով՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար:

Քննարկվել են նաեւ մթերվող խաղողի գնին, տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին:

Կառավարության ղեկավարը կարեւորել է գինեգործների փորձն առկա խնդիրների լուծման գործում եւ պատրաստակամություն հայտնել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ՝ ակնկալելով տնտեսվարողների կառուցողական առաջարկություններն ու նախաձեռնությունները:

«Լուսանցք»-ը տեղեկացնում է վարչապետին (վստահ ենք, որ մշակույթի նախարարն այդ մասին գործադիր իշխանության ղեկավարին չի զեկուցել), որ Վրաստանը  միջազգային հարթակներում սեփականել է գինեգործության առաջնահերթությունը, ինչին մենք այս հոդվածաշարում կանդրադառնանք դեռ, իսկ մեր մշակույթի նախարարությունը (կներեք, բայց իրերն ու երեւույթներն իրենց անունով կոչել պարտավոր ենք, քանզի խոսքը մեր ազգային մշակույթի հետեւողական ոչնչացմանն է վերաբերում) սատկող գրտան հավի պես նստել է ու տեղից չի շարժվում: Պապս ասում էր՝ սատկող գրտանն է, որ չի զգում, որ տակից ձվերը տարել են…

«Լուսանցք» շաբաթաթերթ

* * *

Սերժ Սարգսյանն ընդունել եւ զրուցել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ՝ ազգային-եկեղեցական հարցերի մասին: Նախագահը մեծապես կարեւորել է սուրբ հողում (մի՞թե մեր հայոց սուրբ հողն Արարատյան չէ) բազմադարյա պատմություն եւ հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ այն գալիք սերունդներին փոխանցելու գործում: (Հուսանք՝ գալիք սերունդները սուրբ հողը հստակ կզատեն):

«Լուսանցք» թիվ 22 (327), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։