Մեղավորը պատժեց «մեղավորներին».- վե՞րջ – սա՞ էր վարչապետի պատիժը… Երկիրը չի կարելի «մերոնք»-ի ու «չմերոնք»-ի վերածել, դա ինքնակործանման արմատն է…

Մշակույթի նախարարությունն իր նախարարով նույնիսկ կիսասարկավագի մակարդակին չի ձգում… Գառնին ո՛չ հեթանոսական տաճար է, ո՛չ էլ քրիստոնեական, բացառապես փողի աղբյուր է…

Իսկ այն պատիժները, որ կիրառվեցին, առավելապես ցուցադրական են, «քավության նոխազներ» գտնելու բնույթի, գլխավոր մեղավորը՝ մշակույթի նախարարը, դեռ իր տեղում է եւ սրբապղծությունների նոր փնտրտուքը չի դադարի…

Մարդկանց եւ կազմակերպությունների համառությունն անարձագանք չթողեց Զվարթնոցի եւ Գառնու «կերուխումների պատմությունը»: Բայց չգործեց պատճառահետեւանքային կապը: Միջադեպերից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել, խիստ նկատողություն է հայտարարվել մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար եւ նախարարի կամակատար Վլադիմիր Պողոսյանին:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից (նոր լրացում – նրա տեղում նշանակվել է իր որդին, որ աշխատել է հոր ենթակայության տակ… էստեղ են հարցնում՝ կարողա՞ էշի երկիրա…), հետո աղոտ տեղեկություն տարածվեց, թե աշխատանքից ազատվել է նաեւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրենը:

Իսկ ո՞վ է հրահանգել այս մարդկանց անել այն, ինչի համար պատժվեցին, ի՞նչ է, նախարարությունում «բարդա՞կ» է, ով ինչ ուզում անու՞մ է… Երկու դեպքում էլ՝ մշակույթի նախարարն իր տեղում չէ:

Անգամ ղեկավար շրջանակներից նշել են, որ հնարավոր կլիներ խուսափել այս ամենից, «եթե ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես գար նաեւ Մայր Աթոռը»: Իսկ համացանցը նորից կտրուկ էր. «Ի՞նչ մախինացիաներով է Հասմիկ Քյաբաբովնան յուրացնում մշակութային հուշարձանների վարձակալության գումարները» հոդվածում նշված է, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ից հաղորդել են, որ 2013թ. ընթացքում Գառնու տաճարը վարձակալության է հանձնվել 7, իսկ Զվարթնոցը՝ 6 անգամ:

«Թույլ տվեք չհավատալ այս թվերին, որովհետեւ ցանկացած քիչ թե շատ իրազեկ մարդ գիտի, որ մեր հասարակության պորճ ու պուզատի հատվածում նոր «թրենդը» հենց Զվարթնոցում ուտուշ-խմուշ-հարսանիք-կնունքներ անելն է, ու եթե այս տեմպերով գնա, այն կարող է շուտով մրցակցել անգամ «Փարվանա»-ի հետ: Ո՜նց էլ չլինի, ամիսը մի քանի անգամ նման կորպորատիվ միջոցառում նույն Զվարթնոցում լինում է, նույնն էլ՝ Գառնիում:

Վստահ եղեք՝ Հասմիկ Քյաբաբովնան դիտավորյալ թույլ չի տալիս գրանցել բոլոր կորպորատիվները, իսկ գոյացած գումարային ավելցուկը պարզապես գրպանում է»: Կամ՝ «Հիասքանչ է, այ էս տեմպերով էլ զարգացնում ենք մեր տուրիզմը… Տուրիստները հասնում են Գառնու տաճարի մոտ ու իրանց ասում են. «Հոպ փարթի ա, գնացեք՝ վաղը կգաք»: Հա՛, երեւի մտածում են, թե որ էսօր էտ մարդը տաճար չմտնի, մի օր ավել կմնա Հայաստանում ու ավել գումար կծախսի: Այ՛ քեզ հնարամիտ մշակույթի նախարարություն… ազգի մշակույթի պահպանման թեզեր են գրում, ու այդ թեզերը փարթիների ժամանակ քննարկում»: «Ախր խնդալու ա, էսքան ռեստորան, հյուրանոց ու եսիմ ինչեր կան երկրում, էդքան ազատ տարածություններ ու դաշտեր կան, սար ու ձորերի մասին չեմ խոսում… գնացեք ձեր հացը կերեք, մեկ ա, ի՞նչ տարբերություն՝ որտեղ եք ուտում, ձեր հաշվին չեք ուտում…»:

Մտավորականներն ու գիտնականները իրավամբ նշել են, որ եթե Հասմիկ Պողոսյանն իրեն շրջապատեր գիտակ եւ մշակութասեր մարդկանցով, այս ամենը չէր լինի: …Եվ ահա «ամենահաս» Վլադիմիր Պողոսյանը առաջարկով դիմել է Հասմիկ Պողոսյանին՝ Գառնի ու Զվարթնոց, նաեւ մյուս սրբավայրերում ուտուշխմուշները կանոնակարգելու համար: Պարզապես ծիծաղելի է՝ ով ում ինչ է ներկայացնելու…

Սա՞ էր վարչապետի պատիժը:

Ինչեւէ, մշակույթի նախարարությունը դադարեցնում է պատմամշակութային տարածքները տրամադրել վարձակալության հիմունքներով. «Նկատի ունենալով պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի եւ գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ մշակույթի նախարարի 2014թ. հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների եւ թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչեւ նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը»:

Եթե շարունակվի «մերոնք» ու «չմերոնք» գործելաոճը, որով փորձում են իրական մեղավորներին ազատել պատասխանատվությունից, ապա չի կարող խոստումներ տված կառավարությունը մաքրվել անցյալի մեղքերից ու հավատ ներշնչել ներկա գործերի հետ կապված:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 22 (327), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։