Պարզաբանում մի լրատվության վերաբերյալ

«Ժամանակ-Երեւան» թերթը այսօր լուր էր տպագրել, ըստ որի «Հայ արիների բռունցք»-ը մի շարք այլ կազմակերպությունների հետ որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հայ Արիական Միաբանությանը (ՀԱՄ) միանգամայն հասկանալի է այս լուրի ենթատեքսը, որ սակայն, ամենեւին չի համապատասխանում իրականությանը: Ըստ այդմ, ուզում ենք տեղեկացնել, որ՝
1. «Հայ արիների բռունցք»-ը ՀԱՄ-ին համակիր եւ աջակցող կառույց է, որը առավելապես հասարակական-քաղաքական նախաձեռնություն է, եւ որ գործում է ոչ թե Հայաստանում, այլ լոսանջելեսահայության շրջանում: «Հայ արիների բռունցք» անվանումով կուսակցության ստեղծումը 2000թ. սկզբներին նախաձեռնել էին ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանն ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Կուսակցության այդ ընտրացուցակով էլ 2003թ. ԱԺ ընտրություններին մասնակցեցին Հայաստանի շուրջ մեկ տասնյակ ազգայնական ուժեր: Այնուհետեւ կուսակցությունը չվերագրանցվելով՝ ինքնաբերաբար լուծարվեց, իսկ Ռազմիկ Վասիլյանի անժամանակ մահից հետո «Հայ արիների բռուցք»-ը վերաստեղծելու մասին չի խոսվել երբեւէ: Սակայն, գտնվեցին ՀԱԲ-ի մարտիկներ, ովքեր ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի մահից հետո ինչ-ինչ պատվերով փորձեցին «վերականգնել» գոնե ՀԱԲ-ը («Հայոց ազգային բանակ»-ը), ստեղծելով «Հայոց ազգային բանակում» հասարակական կազմակերպությունը (նպատակայնորեն էլի ՀԱԲ հապավումով), քանզի իրենց հասանելի չէր «հայ արիներ» հասկացությունը: Եվ եթե նմաններին փորձում են «շփոթել» «Հայ արիների բռունցք»-ի՝ այն կառույցի հետ, որ այժմ գործում է ԱՄՆ-ում, համակրում եւ աջակցում է ՀԱՄ-ին, ապա մենք այստեղ հստակ միտում ենք տեսնում:
2. ՀԱՄ-ը չի կարող հայտարարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, քանզի վերջինս, ինչպես ինքներդ էլ գրել եք, դեռ չի առաջադրվել նախագահի թեկնածու: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել է, որ Հայ Արիական Միաբանությունը բանակցային գործընթացների մեջ է եւ’ որոշակի իշխանական, եւ’ որոշակի ընդդիմադիր ուժերի հետ, եւ միա’յն պաշտոնական հայտարարությամբ հանդես գալով ՀԱՄ-ը կասի իր կարծիքը: Նա չի բացառել նաեւ ազգայնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը: Ի գիտություն՝ պատերի տակ ՀԱՄ-ը երբեք կարծիք չի հայտնում:
«Ժամանակ-Երեւան»-ը մի արտահայտություն էլ էր թույլ տվել՝ «կորած-մոլորած մի քանի անդամանոց կազմակերպություններ…»: ՀԱՄ-ը չէ, որ պիտի հուշի, թե բառը գրելուց առաջ մտածել է հարկավոր, քանզի բառն արժեք է, որ արժեւորում է այդ բառն արտաբերողին: Ու գրելուց առաջ ընդամենը հարցում անել է անհրաժեշտ՝ նախ կազմակերպության անդամների թիվը ճշտելու համար: Եվ հետո՝ ծանոթանալ է պետք տվյալ կազմակերպության գործունեությանն ու այդ կազմակերպության մասին հարցում անող երկրների աշխարհագությանն ու տարբեր միջազգային լրատվական ու այլ կառույցների թվին:
Միով բանիվ, ուզում ենք հուշել «Ժամանակ-Երեւան»-ին, որ իրենց լրատվություն աղբյուրները վատ են աշխատում: Այլ կերպ՝ ժամանակ առ ժամանակ հարկ է ստուգել նաեւ լրատվության աղբյուրներին:


Հայ Արիական Միաբանության
լրատվական կենտրոն
25. 09. 2007թ.

 


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։