Օգոստոսի 1-ից ստիպված ենք էլէներգիայի ամեն կՎտ-ի դիմաց 4 դրամով ավելի վճարել:
Չգիտեմ, ո՛նց է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դուրս գալու մարդկանց այդչափ, մե՛ղմ ասած «քուֆուրի» ու կոնկրետացրած անեծքների տակից:
Ի՞նչ կարծիքի է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ինչու՞ պիտի մասնավոր ընկերության պարտքերը վճարի սպառողը: Նախարարի պատասխանը ներկայացնում եմ առանց մեկնաբանության, որից պարզ է դառնում մի բան. նախարարն էլ դեմ չէ սակագների թանկացմանը:
«Սակագնի թանկացումով զբաղվելը հաճելի գործ չէ, եւ եթե մեղմ արտահայտվեմ, ապա ես էլ ոգեւորված չեմ սակագների բարձրացումից: Սակայն կան հարցեր, որոնք պետք է լուծումներ գտնեն: Եվ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները, որոնք կատարվել են ընդհանուր էներգետիկայի համակարգի ընկերությունների ներկայացրած փաստաթղթերից եւ հիմնավորումներից հետո, հիմնավոր են: Սակագների թանկացումն այսօր անխուսափելի է: Դրանով է պայմանավորված երկրի էներգետիկայի անվտանգությունը եւ հետագա կայուն աշխատանքը ամբողջ էներգահամակարգի: Եվ քայլերը, որոնք այսօր արվում են հանձնաժողովի կողմից, հիմնավոր են եւ նպատակային: Պարզապես դա ոչ մեկիս համար ցանկալի չէ՝ եւ՛ քաղաքացիների, եւ՛ մեզ համար: Բոլորս ենք մտահոգված: Եվ հենց դրանով է պայմանավորված այն, որ երկրի նախագահը առաջարկեց վարչապետին տարբերակներ գտնելու մեղմելու համար անապահով ընտանիքի հարցերը սակագնի բարձրացման հետ կապված… Այդ պարտքերը գոյացել են մի շարք աշխատանքներից ելնելով: Դրանք առաջացել են ներդրումների, որոշ շահագործման ծախսերի, կապիտալ վերանորոգման աշխատանքերի հետեւանքով: Գիտեք, իրականացվել է Երեւանի ՋԷԿ-ի կապիտալ վերանորոգման համար« որի համար ծախսվել է մոտ 9«5 մլրդ դրամ: Դա տեխնոլոգիապես հիմնավորված հերթական պլանային վերանորոգում է, որի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հուլիսի 29-ին: Բայց քանի որ աշխատանքներն արդյունավետ են կազմակերպվում, հավանաբար, մի քանի օր շուտ կավարտենք: Որովհետեւ մեզ պետք է էժան էլէներգիա, իսկ այս ՋԷԿ-ի արտադրած էլէներգիայի գները բավականին նպաստավոր են»:
Այդ հարցը՝ անապահովներին աջակցության, գործադիրի երեկվա նիստում արդեն քննարկվեց ու որոշվեց ավելացնել 105 հազար նպաստառուների նպաստի չափը:
Ի միջի այլոց, իսկ ո՞վ է մտածելու այն հազարավոր ընտանիքների մասին, ովքեր նպաստառու չեն, որովհետեւ այլ մտածելակերպ ունեն, փաստաթղթեր չեն ներկայացնում նպաստառու դառնալու համար, բայց պակաս կարիքավոր չեն:
Պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ բեռի տակ ենք մտնելու:
Բացի այդ՝ հնարավոր է, որ այս 4 դրամին էլի թանկացում հետեւի:
Ու դա էներգետիկայի նախարարը կարծես չի թաքցնում:
Այսպես՝ գործող ատոմակայանը կանգնելու է կապիտալ վերանորոգման: ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգումը մոտավորապես 300 մլն դոլարի սահմաններում կլինի՝ նախնական հաշվարկներով, եւ դարձյալ նախնական հաշվարկներով՝ աշխատանքները կտեւեն վեց ամիս: Ինչ վերաբերում է սակագների վրա ազդեցությանը, ապա, նախարարի խոսքերով, «որոշակի ազդեցություն կարող է ունենալ: Բայց պետությունը ծրագրեր ունի, օրինակ՝ մոտակա 3-4 տարիներին կառուցել Երեւանի ջերմային 2-րդ էներգաբլոկը, որն ավելի համար սակագներ է նախատեսում եւ մեզ ձեռնտու տարբերակ է»:
Մի խոսքով, ՀՀ-ի քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ պարտաճանաչորեն վճարել են սպառած էլէներգիայի դիմաց, այսօր պատժվում են: Եվ, անկախ այն հանգամանքից, թե դրան ինչ բացատրություն է տրվում, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, հայտարարը՝ էլէներգիայի թանկացումը փաստ է:
Իսկ նաեւ սեփական վատ կառավարման հաշվին պարտք կուտակող ընկերությունները կմարեն իրենց պարտքերը սպառողներիս հաշվին: Ընդհանրապես վերջերս մեզ մի լավ ձեռք առան էներգետիկ ձեռնածություններով:
Աստղինե Քարամյան
Վրաստանից էլէներգիա չենք ուզում, մեկ-մեկ առնում ենք
Ինչու՞ է Վրաստանին մշտապես էլէներգիա տվող Հայաստանը այսօր նույն ապրանքը Վրաստանից գնում:
«Թյուրիմացություն է, երբ ասում են« որ մենք Վրաստանից էլեկտրաէներգիա ենք գնում: Ու որպեսզի այս թյուրիմացությունը շահարկման առիթ չդառնա, պարզաբանեմ, որ սկսած 2009թ.-ից Հայաստանն Իրանից գազ է ստանում եւ փոխարենը մատակարարում է էլեկտրաէներգիա:
Այս տարիների ընթացքում 2 մլրդ խմ գազ է ստացվել եւ փոխարենը Իրանին մատակարարվել է 6 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Այս ընթացքում եղել են վերանորոգման աշխատանքներ կամ վթարներ« ու որպեսզի ստացած գազի դիմաց կարողանայինք ամբողջովին ապահովել մատակարարվող էլեկտրաէներգիան« 2009թ.-ից սկսած որոշակի քանակի էլեկտրաէներգիա Վրաստանից ենք վերցրել, ինչը ծրագրային բնույթ չի կրում. այլ յուրաքանչյուր դեպքի համար տարվում են առանձին բանակցություններ:
Այսինքն՝ առանձին բանակցությունների արդյունքում ձեռքբերվել է համաձայնություն էլեկտրաէներգիան Իրան արտահանելու՝ լրացնելու այն բացը, որն առաջացել է վթարների կամ վերանորոգումների ժամանակ: 2009թ-ից մինչ օրս տարեկան վերցրել ենք ընդամենը 50-60 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Ի՛նչ առեւտրի կամ էլեկտրաէներգիայի գնման մասին կարող է խոսք լինել: Դրանք բոլորը շահարկումներ են եւ իրականությանը չեն համապատասխանում»- ընդգծեց նախարարը:
Իսկ ի՞նչ է, մեր արտադրող կայանները չէի՞ն կարող լրացնել այն բացը, որն առաջանում էր վթարների կամ վերանորոգումների պատճառով: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը պատասխանեց, թե եթե Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխարեն փորձեինք արտահանել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան« ապա տնտեսական կորուստներն ավելի մեծ կլինեին« քանի որ այդ էլեկտրաէներգիան թանկ է:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



