Հայաստանը (հայոց նպատակները) քաղաքական ներքին ու արտաքին խաչմերուկներում – Ներկայացնում են հայ արիականներն ու ազգայնականները…

Հատված Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի 15.05.2014թ. խորհրդատվական նիստի «Միջազգային առկա իրավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» համատեղ քննարկումից

«Լուսանցք»-ը 5 հրապարակումներով ավարտեց հայ արիականների ու ազգայնականների վերոնշյալ խորհրդատվական նիստի որոշումների լուսաբանումը՝ կարեւորելով հայ ազգայնականության տեսակետների մատուցումը թերթի ընթերցողներին:

Հայկական լեռնաշխարհն իր աշխարհագրական դիրքով միշտ գրավել է առանցքային տեղ մարդկության զարգացման, քաղաքակրթությունների ձեւավորման, հատկապես աշխարհին տիրելու ձգտում ունեցողների ռազմա-քաղաքական հայեցակարգերում: Ինչպես նախահեթանոսական՝ համաարիական փառահեղ աշխարհակարգի, այնպես էլ նախաքրիստոնեական՝ հեթանոսական ժամանակներում՝ հզոր հայկական պետականության գոյության պարագայում, այնպես էլ այժմ՝ Հայկական բարձրավանդակի մի անկյունում ծվարած փոքրիկ տարածքով Հայաստանն ունի նման նշանակակություն:

Սակայն դա պետք է ոչ միայն ի ցույց դնել, այլեւ ծրագրված քայլերով ամրագրել միջազգային օրակարգում:

Բայց ավելի քան 20-ամյա Հայասատանի Հանրապետության անփոփոխ իշխանությունները (ՀՀ 3 նախագահներն էլ մի թիմի «արտադրանք» են) չկարողացան ազդեցիկ դեր ու նշանակություն ապահովել Հայաստանի համար: Իսկ դա արժեզրկել է հայության գոյության եւ դերակատարության գործոն-կարեւորությունը՝ մարդկության ճակատագիրը ներկայումս տնօրինել ցանկացող հզորների «աչքին»…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացրած վերլուծություններով փորձ արվեց վերաարժեքավորել Հայաստանի ու հայության անհրաժեշտ դերակատարությունը մեր տարածաշրջանի եւ, առհասարակ, ամբողջ աշխարհի՝ մշտապես փոփոխվող գաղափարական-քաղաքական իրավիճակներում: Իսկ դրանք փոփոխվում են միայն մարտավարությամբ. ռազմավարությամբ դրանք դարերով կայուն են…

Հայաստանի ներքին քաղաքականությունը գրեթե ամբողջությամբ թելադրված է դրսից եւ քաղաքական-տնտեսական վերնախավում կարողանում են հաստատվել հատուկ ընտրյալները՝ այս կամ այն հզոր պետության կամ գաղտնի օթյակի կողմից հովանավորվող: Ուստի հայ քաղաքական ներկա՝ իբր ձեւավորված դաշտից լրջորեն խոսել, նշանակում է, ուղղակի վերլուծել մի շարք տերությունների ազդեցության չափը եւ շահերը մեր բազմաչարչար հայրենիքում:

…ԽՍՀՄ-ԱՄՆ հակամարտության տարիներին, երբ աշխարհը երկբեւեռ էր, եւ ամեն ինչ կարծես հստակ էր, բոլոր ոլորտներում հաղթանակներ տանելու անզուսպ պայքար էր ծավալվել՝ համակարգերի մրցավեճ, սակայն, հակառակ այդ «երկկողմանի գերզարգացումներին», աշխարհն անընդհատ ճահճանում էր երկու՝ ապազգային ու հակամարդկային գաղափարախոսությունների ծայրահեղությունների արանքում: ԽՍՀՄ ծրագրավորված փլուզումը հանգեցրեց ԱՄՆ-ի միաբեւեռ ապագաղափարական, չծրագրավորված ծավալապաշտական տիրապետությանը, եւ աշխարհը դարձավ ավելի դաժան ու պարզապես հայտնվեց ինքնահոշոտման, ինքնաոչնչացման ճանապարհին, քանզի զենքն ու փողը վերջնականապես դարձան համամարդկային արժեքները «ճանաչելու» նախապայմանները: Սակայն միաբեւեռությունը երկար կյանք չունեցավ, եւ կրկին արծարծվում է երկբեւեռության հարցը, որը նախաձեռնել է Ռուսաստանը: Այն կշարունակվի Եվրամիություն-Եվրասիամիություն պայքարով:

ԱՄՆ-ի՝ միաբեւեռ աշխարհի կերտման գաղափարը նույնիսկ Եվրոպան այնքան  էլ հրճվանքով չի ընդունել: Դեռեւս ԽՍՀՄ-ԱՄՆ «սառը պատերազմի» տարիներին Եվրոպան որոշակի անկախության էր ձգտում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի գլխավորությամբ: Այս հարցում Մեծ Բրիտանիան (գումարած Իսրայելի աջակցությունը) ԱՄՆ-ի «հաստ աղին» է Եվրոպայում եւ Եվրոպական Միասնական Տան կայացման լրջագույն հակառակորդն է, քանզի ԱՄՆ-ի խոսափողը լինելով՝ առաջնային դրիք է գրավում Եվրոպական աշխարհամասում, հետեւաբար՝ աշխարհում: Ուստի իրապես վախենալով ԱՄՆ-ի ոստիկանական, մեծապետական կեցվածքից՝ որոշակի մասոնական շրջանակների աջակցությունն ունեցող եւ ամերիկացիներին անհնազանդ եվրոպական եռյակը եւս փորձում է երկփեղկել աշխարհը՝ երբեմն մեղմելով կարծրատիպերը Ռուսաստանի հանդեպ:

ԱՄՆ-ին սարսափեցնում է այս հեռանկարը, եւ Վաշինգտոնն, իր մշտական համախոհ Լոնդոնի աջակցությամբ, մերթ ընդ մերթ ցնցում է «ծերուկ Եվրոպայի» բզկտված մարմինը: Իրաքյան երկու պատերազմները սառեցրեցին Երոպա-Ռուսաստան մերձեցումները, բայց վտանգը մնաց: Դա չբավարարեց ԱՄՆ-ին եւ Հարավսլավիան, հետո՝ Սերբիան ռմբահարելով ու մասնատելով, կարողացավ սրել ռուս-եվրոպական հարաբերությունները, միաժամանակ «հիմնավորելով», որ առանց ԱՄՆ-ի՝ Մոսկվան կուտի եվրոպային… Միասնական Եվրոպայի գաղափարը նորից հօդս ցնդեց:

Որպեսզի երբեւիցե չկորցնի Եվրոպան, ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ կրկին ամրագրեց երկբեւեռության գաղափարը՝ տնտեսապես թույլ, ազգային հարցերում զգայուն Ռուսաստանի հետ՝ հասկանալով որ Վաշինգտոնն ունի առավելություն այդ պայքարում: Ռուսաստանը, իհարկե վարելով իր խաղը, եռանդուն լծվեց այդ գործին, սպասելով իր պահին: Ուկրաինական դեպքերը տվեցին հանգուցալուծումը, ինչը սկսվել էր Կովկասի  ու Սիրիայի հակամարտությունների ընթացքում: Կովկաս-Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում Մոսկվան սկսեց իր շահերը նաեւ ռազմական ուժով պաշտպանել, ինչն արդեն զգուշացում էր Արեւմուտքին: Իսկ Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորմամբ (մինչ այդ Աբխազիայի ու Հարավային Օսիայի՝ Վրաստանից անջատմամբ), նաեւ ուկրաինական որոշ տարածքների ներկայումս վերահսկմամբ Մոսկվան ազդարարեց համաշխարհային մյուս բեւեռի գոյության մասին: Եվ չուշացավ Ռուսաստան-Չինաստան տնտեսական կապերի ու ռազմա-քաղաքական հարցերի համակարգումը, ինչն էլ ազդակ էր աշխարհի երկրներին՝ կողմնորոշվելու առումով:

Այստեղ մեզ համար ներկայումս առաջնային են դարձել ոչ միայն Արցախի ու ազատագրված տարածքների կամ Մեղրու միջանցքի վերաբերյալ շահարկումները, այլեւ՝ Ջավախքի ու Նախիջեւանի հարցերը, որոնք եւս կարող են ներգրավվել աշխարհի վերաձեւման ծրագրերում, ինչպես Արեւմտյան Հայաստանում ինչ-որ Քրդստան ստեղծելու հարցը: Ահա այս բազմաշերտ իրողությունների մեջ պետք է կողմնորոշվի հայությունը եւ կարողանա հաստատակամորեն հետամուտ լինել հայկական շահերին:

Այս առումով միայն ազգային-գաղափարական եւ էապես բարոյական իշխանությունները կարող կլինեն առաջնորդվել զուտ Հայաստանի շահերով՝ խուսափելով այս կամ այն ծուղակից, այս կամ այն պետության կցորդը դառնալուց: Հայաստանն ինքը պետք է նախաձեռնող լինի եւ լուրջ դերակատարում ունենա, հատկապես երբ վերոհիշյալ բոլոր գերտերությունները շահագրգռված են փոքրիկ Հայաստանի գոյության խնդրում (իհարկե՝ ոմանք առանց հայերի), իսկ մեր խնդիրը՝ Հայաստանը հայերի համար եւ հայորեն պահելն է՝ հաշվի առնելով նաեւ մեզ աջակից գերուժերի աշխարհաքաղաքական շահերը:

Եթե Թուրքիան շարունակի մնալ որպես ՆԱՏՕ-ի հենակետը տարածաշրջանում, իսկ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը անտեսվի եվրոպական կառույցների կողմից, ապա՝ խստացնելով մեր պայմանները, պետք է տարածաշրջանում նախաձեռնել Իրան-Հայաստան-Ռուսաստան ուղղահայաց եւ Իրան-Հայաստան-Եվրոպական որոշակի շրջանակներ բազմակողմանի կապերը:

Պիտի նոր համակարգեր նախաձեռնել, ինչպես՝ Իրան(պարսկական)-Հայաստան-Հունաստան-Իտալիա(հռոմեական) հորիզոնական (չորս քաղաքակրթությունների դաշինք) քաղաքակրթական համաշխարհային հայեցակարգի ձեւավորումը: Հետագայում քառյակին կարող են միանալ նաեւ եգիպտական ու հնդկական քաղաքակրթությունները, որը կնշանակի համաարիական հզոր աշխարհակարգի վերականգնում: Չինական, իսկ ավելի ստույգ՝ արեւելյան (նաեւ ճապոնական, կորեական եւ այլն) քաղաքակրթության՝ համաարիական դաշինքին միանալու դեպքում էլ կփոխվի ներկայիս ավերիչ ու կործանման տանող աշխարհակարգը, երկրագնդի բնակչությանը վերադարձնելով արարչատուր եւ աստվածազարմ արարիչ էությունը…

Հայաստանը որպես առաջին քայլ, կարող է նպաստել, որ Արցախի հարցով զբաղվող Մինսկի խմբի կազմը դառնա եվրասիական: Ռուսաստան-Միացյալ Նահանգներ-Ֆրանսիա եռյակին կարող է միանալ Չինաստան-Հնդկաստան-Իրան եռյակը, քանի որ Հայկական լեռնաշխարհը եւ՛ աշխարհագրորեն, եւ՛ պատմականորեն, եւ՛ տնտեսապես Եվրոպա-Ասիա կապի կարեւորագույն ռազմավարական առանցք է:

Եթե Արեւմուտքը մեր տարածաշրջանը թոթափի թյուրքական վտանգից, ապա չպետք է բացառել, որ վերոնշյալ ուղղահայաց եւ հորիզոնական քաղաքական ուղղությունները կարող են Հայաստանից շարժվել դեպի Հռոմ-Բեռլին-Փարիզ, մի խոսքով՝ Բրյուսել-Վաշինգտոն ուղղությամբ, համապատասխան պարտավորություններով ու ակնկալիքներով: Խնդիրը հայկական շահերը նկատելի ու լուծելի տեսնելու մեջ է…

Բազմաբեւեռ աշխարհը փոքր երկրների եւ պետականություն չունեցող ազգությունների փրկության (գոնե հարաբերական անկախության) նախապայմանն է եւ համաշխարհայնացման տնտեսական (գլոբալիզացիա) եւ քաղաքական (մեկաշխարհական) փորձերը կասեցնող լավագույն երաշխիքն է, ուստի այն մեր արտաքին քաղաքականության գերխնդիրն է:

Միայն արտաքին անկախ քաղաքականություն վարելով՝ կկայունանա մեր երկրի ներքին քաղաքականությունը, որն էլ թույլ կտա զբաղվել տնտեսության իրական զարգացմամբ, սոցիալական ու իրավական հարցերի կարգավորմամբ, հայության ու Հայաստանի հիմնախնդիրների, անվտանգության ու պաշտպանության վերջնական՝ դրական ու հաղթական լուծմամբ:

«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։