Էրդողանը համեմատվել է Աթաթուրքի հետ – օսմանիզմի եւ թուրքիզմի նոր առաջնո՞րդ… Հզոր հայկական բանակ, երբ անհուսալի են դաշնակիցները… Արցախի հարցը՝ ԵՏՄ տիրույթու՞մ – ինչու են Մոսկվան ու Մինսկը խաղեր տալիս Անկարայի ու Բաքվի հետ՝ թյուրքական խեղկատակության կենտրոն Աստանայում…

Էրդողանը համեմատվել է Աթաթուրքի հետ

Այնքան էլ մեծ արձագանք չեղավ, երբ Ավստրիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը գրեթե թշնամական արտահայտություններ թույլ տվեց Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի հասցեին, անգամ իրեն վեր դասեց նրանից:

Եվրոպացի թուրք դեմոկրատների միության հիմնադրման 10-ամյա տարեդարձի միջոցառումանը համեմատվելով Աթաթուրքի հետ՝ ինքն իրեն գովել է Էրդողանը. «Բա ասում էիք Մուստաֆա Քեմալը շատ ուշադիր է եղել երկաթուղային ցանցերի ստեղծման նկատմամբ: Թուրքիայում երկաթուղիները մենք ենք կառուցել: Աթաթուրքի Թուրքիան երկաթուղիների ռելսերի երկարությունը 10 մ-ից ավելի արտադրել չկարողացող Թուրքիա էր: Այժմ մենք 70 մ երկարությամբ երկաթուղային ռելսեր ենք արտադրում»:

Թուրքական զլմ-ները Էրդողանի այս պահվածքը բնութագրել են որպես սեփական անձի գովազդ եւ քարոզչություն՝ Թուրքիայում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում, որոնցում նա պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:

Իսկ Հայաստանը եւ հայությունը ի՞նչ բնորոշում տվեցին այս համեմատականին:

Գուցե մի օր էլ այդ համեմատության մեջ Էրդողանն ասի՝ թե 1,5 մլն հայը քիչ էր, որ ցեղասպանեց Աթաթուրքը, մենք ծրագրել ենք հիմնովին անել… Իսկ սա արդեն 10 կամ 70 մետր երկարությամբ երկաթուղային ռելսերի պատմությունը չէ…

Անկարան պարբերաբար քարոզչություն է ծավալում նոր օսմանիզմի եւ պանթուրքիզմի գաղափարների տարածման ուղղությամբ եւ չի բացառվում, որ վերոնշյալ համեմատականներում հիշի, որ Աթաթուրքը եւ շատ երիտթուրքեր ծպտյալ (կրիպտո) հրեաներ էին, եւ թյուրքական խառնամբոխը պետք է մի նոր ՙմեծ Թուրան՚ կերտի: Իրականում այդ Թուրանի գաղափարը կա, միայն թե ծագման մասին են վախենում խոսել, բարձրաձայնել:

Պատճառները մի քանիսն են՝

1. Կզրոյանա թուրքական հպարտության եւ ուժի մասին առասպելը, եթե պարզվի, որ ամեն բան արել, ղեկավարել ու դեռ հսկում են այլազգիները:

2. Ներկայիս Թուրքիայում ոչ-ոք վստահ չէ իր թյուրքական ծագման հարցում, հիմնականում խառնուրդներ են, կամ՝ հայերի ու այլազգիների ժառանգներ… Սա կցնցի ամբողջ Թուրքիան:

3. Անգամ փորձը՝ բացել պատմական արխիվները եւ հավաստել, որ հայերի ցեղասպանության հետեւում կանգնած են «թուրքացած» այլազգիներ, իսկ հայերի հայրենիքի մասնատումը այսօրվա ժողովրդավար հորջորջվող երկրների ծրագրերն էր նաեւ… կդառնա Թուրքիայի մասնատման պատճառ…

Հայկ Թորգոմյան

Հզոր հայկական բանակ, երբ անհուսալի են դաշնակիցները

«Եվրասիական տնտեսական միությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ գործընկերների շրջանում: Մասնավորապես, արդեն շուտով միության անդամ կդառնա Հայաստանը, Ղրղզստանի հետ բանակցությունները գտնվում են զարգացման փուլում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ հավելել, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ երկրների համար, որոնք դեռեւս չեն մտել դրա մեջ:

Եվրասիական միությունը, դեռ չձեւավորված, սկսել է թուրքահաճ խաղեր տալ, ինչը խիստ կասկածելի եւ վտանգավոր է դարձնում Հայաստանի անդամակցության հարցը: Անգամ ԱՊՀ պարագայում կար այդ թուրքահաճ կեցվածքը, ինչը թելադրում էին ԱՊՀ թյուրքական երկրները: Այսօր նման մի քաղաքականություն էլ Մաքսային միությունում Ղազախստանն է սկսել:

Առհասարակ մեծ հարց է՝ արդյոք Հայաստանի վրա հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն կպաշտպանի՞ մեզ: Չէ՞ որ ՀԱՊԿ անդամ երկրների մի մասը նաեւ համաթուրքական դաշինքի անդամ են եւ ի՞նչ են անելու նրանք, եթե ԱՊՀ-ական Հայաստանն ու համաթուրքական դաշինքի անդամ Ադրբեջանը նորից պատերազմեն…

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում պատասախանելով այս հարցին՝ անդրադարձել է նաեւ սահմանային հաճախակիացած միջադեպերի կապակցությամբ ՀԱՊԿ արձագանքի բացակայությանը՝ նշելով, թե Երեւանը չի դիմում ՀԱՊԿ-ին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: «Եթե այսպիսի հրաձգությունների, փոքր, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չպետք է կարողանա արձագանքել, ապա այդ բանակը ինչի՞ է հարկավոր»,- ասել է նախարարը եւ հիշեցրել, որ ՀԱՊԿ-ի միջամտության համար գոյություն ունեն ընթացակարգեր, որոնց համաձայն՝ այս կամ այն երկրի նախագահն է դիմում ՀԱՊԿ ղեկավարությանը ռազմական ագրեսիայի անխուսափելիության դեպքում:

Դարձյալ ոչ մի խոսք չի եղել այն մասին, որ իր անդամ պետության նկատմամբ ադրբեջանական չընդատվող դիվերսիաներին ՀԱՊԿ-ի արձագանքը կարող է լինել ոչ միայն ռազմական, այլեւ կանխարգելիչ բնույթի, ինչպես՝ համապատասխան նախազգուշական կամ դատապարտող հայտարարության տեսքով:

Համաժողովին մասնակցող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն էլ այս հարցի շուրջ տվել է մշտական անորոշ պատասխան՝ այդպես էլ չհստակեցնելով, թե Արցախի վրա ռազմական հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը միջամտելու՞ է, թե՞ ոչ: ՀԱՊԿ-ի գոյության 22 տարիներին ինչպես օտարազգի, այնպես էլ հայ պաշտոնյաները մշտապես նման հարցերի պատասխանը անորոշ են թողել՝ անուղղակիորեն հասկացնելով, որ չեն ցանկանում այս թեմաներով խոսել:

Ի դեմս Ղազախստանի եւ Թուրքիայի, Ադրբեջանն ունի Հայաստանին դեմ խոսող դաշնակիցներ, իսկ Հայաստանն ի դեմս Ռուսաստանի ու Բելառուսի՝ ունի գործընկերներ, որոնք նույն հաջողությամբ զանգվածային ոչնչացման զենքեր են վաճառում եւշ՛ Հայաստանին եւ՛ Ադրբեջանին:

Հետեւաբար՝ ՀԱՊԿ-ի դեպքում որեւէ երաշխիք չկա, որ մեր բարեկամ ու դաշնակից կոչվող երկրներն իրենց զինվորներին կուղարկեն իրենց իսկ վաճառած զենքերի դեմ, որոնց գործածումից զանգվածաբար կզոհվեն նաեւ իրենց զինվորները…

Արցախի հարցը՝ ԵՏՄ տիրույթու՞մ…

Ադրբեջանին ԵՏՄ հրավիրելու եւ ամեն գնով նրա անդամակցության հարցը կարգավորելու մղումը, հանգեցնում է այն մտքին, որ մեր՝ առանց այն էլ կասկածելի դաշնակիցները, Արցախի հաշվին սեփական շահերն են առաջ քաշում:

Հայտնի է, որ Բաքուն փորձում է ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխարինել մեկ այլով, որը կարող է լինել նաեւ ԵՏՄ-ն, եթե Ադրբեջանն ու Թուրքիան եւս ներգրավվեն այդտեղ: Այս մասին ակնարկել են եւ՛ Բաքուն, եւ՛ Անկարան: Իսկ Մոսկվան ու Մինսկը դեմ չեն…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։