Միջնորդները միջնորդում են իրավիճակին տիրապետելու՛ համար – Յուրաքանչյուր հայ զինվորի մահվան դիմաց՝ ադրբեջանական նավթատարի կամ գազատարի պայթեցում…

Սահմանային սրացումների ուժգնացումը որոշ ուժերի կողմից արձանագրվում է որպես պատերազմի վերսկսման վտանգ, սակայն նրանք մոռանում են, որ Արցախի խնդիրը վերհանվեց եւ հետո պատերազմի վերածվեց ըստ գերտերությունների ծրագրերի՝ ԽՍՀՄ-ը քանդելու ծրագրի համաձայն: Չնայած հայկական կողմը կարողացավ նաեւ իր ազգային շահերը հետապնդել, ազատագրել մի շարք հայապատկան տարածքներ եւս, ինչը նախատեսված չէր գերուժերի կողմից, ինչի համար էլ հայերին առ այսօր չի ներում ո՛չ «մարդասեր» Արեւմուտքը, ո՛չ էլ «բարեկամասեր» Ռուսաստանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի վերջերին այցելել է հանրապետության հարավային ու արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ եւ տեղում ծանոթացել զինվորների ծառայությանն ու առօրյային: Նա ընդգծել է, որ սահմանների անառիկության ապահովումը միշտ եղել է եւ կմնա պետության ամենաառաջնային խնդիրներից մեկը, եւ այսուհետ էլ կարվի ամեն ինչ այս ուղղությամբ: Արցախի ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ադրբեջանի իշխանությունները արդեն բացահայտ ցուցադրում են իրենց արհամարհանքը ԵԱՀԿ ՄԽ գործունեության նկատմամբ, քանի որ սահմանային հատվածների հերթական դիտարկման ժամանակ առանց վարանելու կրակահերթ են բացել դիտարկումն իրականացնող եվրոպացիների ուղղությամբ: Հետո էլ առանց ամոթի հայտարարել են, թե հայկական կողմն է խախտել սահմանային անդորրը… Մեր պաշտպանության նախարարությունը համապատասխան հայտարություն է տարածել այդ սադրանքի մասին, նաեւ հավելել, որ հակառակորդի դիպուկահարներից շարունակվում են զոհվել զինծառայողներ, ինչն այդպես էլ չի կարգավորվում միջնորդների կողմից:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում՝ իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ, պատասխան պատժիչ գործողություններ, ինչի մասին զգուշացրել էին վաղուց: Մեր հակառակորդը դիմելով սադրիչ գործողությունների՝ արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում, վտանգում է բանակցային գործընթացը: «Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը եւ՛ ԵԱՀԿ ՄԽ գործունեության, եւ՛ միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, եւ՛ միջազգային հանրության նկատմամբ»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարությունում:

ՊՆ Սեյրան Օհանյանը նույնպես լինում է դիրքերում, հանդիպում զինվորների հետ: Օրերս նախարարը եղավ նաեւ Նախիջեւանի հետ սահմանագծում, որտեղ հայ դիրքապահները բարելավել էին հայկական սահմանապահ դիրքերը՝ առանց զոհերի տիրելով տարածքի բարձունքներին: Վերջերս նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վոլինկինին՝ ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական եւ ռազմաօդային կցորդի ներկայացման կապակցությամբ: Ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Իշչենկոյին ընդունել են նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպեսեւ նախանշվել են հետագա զարգացման ուղիները:

Մինչ այդ՝ ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի «28+Հայաստան» ձեւաչափով նիստին: ՆԱՏՕ-ական հավաքին քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր:

Եվրամիությունը կրկին հայտարարել է, որ  աջակցում է համանախագահների՝ 1994թ. կնքված զինադադարի 20-ամյակի կապակցությամբ արված հայտարարությանը. «Ինչպես ընդգծում են համանախագահները, այս համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն չլուծեց հակամարտությունը: Վերջնական կարգավորման բացակայությունը խորապես զգալի է նախեւառաջ ժողովրդի համար:

Եվրոպական միությունը խորապես մտահոգված է շփման գծի երկայնքով զինված միջադեպերի եւ զոհերի մեծ թվի առկայությամբ: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը եւ կոչ ենք անում կողմերին խուսափել լարվածությունը մեծացնող բոլոր հավանական գործողություններից: Այդ նպատակով մենք կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել զինադադարը, որի պարտավորությունը նրանք կրում են՝ շփման գծի 2 ուղղություններով ներխուժումները դադարեցնելու համար, եւ զսպվածություն պահպանել ինչպես մարտի դաշտում, այնպես էլ իրենց հրապարակային հայտարարություններում: Եվրոպական միությունը կոչ է անում կողմերին հավելյալ ջանքեր եւ միջոցներ գործադրել զինադադարի եւ խաղաղության ամրապնդման գործընթացի ուղղությամբ»:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին եւ Ժակ Ֆորին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձեւաչափով փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաեւ լարվածության թուլացման եւ փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները: Կարեւորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, մեր նախարարն ավելացրել է, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով: Հանդիպման ընթացքում դեսպան Ժակ Ֆորը, որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ, ներկայացրել է Պիեռ Անդիոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

ԼՂՀ ՊՆ-ն եւս արձանագրել է, որ միջնորդ կողմերը պետք է ավելի կտրուկ եւ ազդեցիկ գործեն: Արցախի ՊՆ-ն մեկնաբանել է նաեւ ադրբեջանական հերյուրանքները, որոնք  տարածում են ադրբեջանական քարոզիչները: Ներկայացվել է ադրբեջանական բանակի կորուստների եւ վիրավորում ստացած զինծառայողների անվանական ցուցակը, որոնց մեծ մասը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում եւ հետեւանք է բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության ու պաշտոնյաների կառումպացվածության: Ադրբեջանի բանակում արձանագրված կորուստների թիվը, ըստ իրենց իսկ աղբյուրների, առնվազն 35 է, վիրավորներինը՝ 54: Իսկ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալների՝ ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի: Հատկանշական է, որ վերոհիշյալ կորուստների մեծ մասը ինքնասպանություն եւ ինքնախեղում կատարած զինծառայողներ են, որոնց թվական ցուցանիշը, ըստ ադրբեջանական ՙԴոկտրինա՚ վերլուծական կենտրոնի, ամենաբարձրն է վերջին 10 տարվա ընթացքում:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը՝ դաշինքի փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Արցախը շահագրգռված է Եվրոպայի եւ նրա քաղաքական դաշտում գործող ուժերի հետ կայուն կապերի հաստատման եւ պահպանման մեջ՝ նշելով դրանց աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական կարեւորությունը, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերը կապ չունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»,- ասել է քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա, «այսօր մոլորակի բոլոր սահմաններում տեղի ունեցող դեպքերը կապ ունեն աշխարհում տարբեր անկյուններում տեղի ունեցող զարգացումների հետ: Սահմանում տեղի ունեցած կրակոցները ավելի շատ կապված են 3 արմատական տարածքների հետ, որտեղ կատարվածը արտահայտվում է նաեւ մեր սահմանային հատվածում: 1-ինն անվանեմ պայքար Եվրոպայի համար, 2-րդը՝ Ռուսաստանի ճակատագիրը եւ 3-րդը՝ իսլամիստների կողմից քաոսի տարածում Արեւելքում»:

Ներկա աշխարհակարգը արդեն սպառել է իրեն, եւ նոր ձեւավորվող աշխարհակարգում Հայաստանը մեծ գերտերությունների ձեռքին գործիք չդառնալու համար պետք է կարողանա սեփական քաղաքականությունը մշակել: «Մենք ունենք բոլոր հնարավորությունները սեփական քաղաքականությունը մշակելու համար, բայց դա չի կարող անել ոչ ներկա իշխանությունը եւ ոչ էլ ընդդիմությունը, քանի որ բոլորը կախված են մադրիդյան սկզբունքներից: Ամոթ է, որ երբ զինվոր են սպանում, մենք էլ ուրախանում ենք, թե մենք էլ 2 ադրբեջանցի սպանեցինք, զինվորները սրանում կապ չունեն, կապ ունեն նավթամուղերը, գազամուղերը եւ դրանց հետեւում կանգնած մարդիկ: Ի պատասխան զինվորի մահվան՝ պետք է նավթամուղ պայթեցնել ու ես համոզված եմ, որ այդ դեպքում զինվորների սպանության դեպքերը կտրուկ կնվազեն կամ էլ, ինչպես նշեցի, այնպիսի քաղաքականություն մշակել, որ չդառնանք գործիք, բայց մենք հավես չունենք աշխատել: Մենք հավես ունենք հիմա մենակ բամբասելու՝ ով ինչ ասեց, ում ասեց: Ոչ ներքին եւ ոչ էլ արտաքին քաղաքականություն մենք այսօր չունենք»,- հայտարարել է Աշոտ Մանուչարյանը: Այո, գազատարների ու նավթատարների վնասման դեպքում ԵԽԽՎ-ն ավելի լրջորեն մտահոգված կլինի եւ ավելի խիստ Ադրբեջանի նկատմամբ՝ իր հանձնառությունները կատարելու ձախողման առումով…

ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում հայկական պատվիրակությունը այս անգամ եւս ներկայացրել է բազում փաստեր ու խախտումներ, որոնք իրականացվել են ադրբեջանական կողմից: Անգամ Ադրբեջանում են նշում, որ ԵԽԽՎ-ում նախագահությունը ստանձնելու ընթացքում իրավիճակն ավելի է վատթարացել: Այս ամենը եվրոպական երկակի ստանդարտների հետեւանք է, քանի որ ցանկացած ադրբեջանական սադրանքից հետո եվրակառույցները «անգիր արած» նույն հայտարարություն են անում, որը ոչ թե սադրիչ եւ խախտող ադրբեջանական, այլ երկու կողմերին (նաեւ սադրանքը կանխած հայկական կողմին) է կոչ անում պահպանել պայմանավորվածությունները:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.