Եթե մասնակցել, ապա այսպես՝ հարձակողական – Հակամարտությունը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է, այլ՝ Արցախի ու Ադրբեջանի… Իսկ Անկարան նախապայմաններ է երգում…

Եթե Բաքուն կռահեր, որ հայ պատվիրակները համառ կգտնվեն իրենց դիրքորոշումներն ասելիս, հաստատ անվտանգության երաշխիքներ չէր տա: Բայց տվեց, եւ մեր պատգամավորները՝ ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, մեկնեցին Բաքու՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան՝ ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ-Ռոուդ» սեմինարին: «Հարավային Կովկաս. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով սեմինարին մասնակցել են նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին, 28 անդամ, այդ թվում նաեւ՝ գործընկեր երկրների ներկայացուցիչներ:

Մասնակցությունը շատ կարեւոր էր, քանի որ օրակարգը բավականին հագեցած էր, ներառում էր Հայաստանի շահերին վերաբերող շատ խնդիրներ՝ այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Հակամարտության շուրջ հայկական պատվիրակությունը ներկայացրել է մեր մոտեցումները եւ դիրքորոշումը, ինչպեսեւ բարձրաձայնել ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար տարվող հայատյացության քաղաքականության, ռազմական հռետորաբանության, մարդասպանների հերոսացման, սադրանքների եւ այլնի մասին: Բարձրաձայնվել են այն բոլոր խնդիրները, որոնք այժմ խոչընդոտում են նաեւ արցախյան հակամարտության կարգավորմանը:

«Միաժամանակ ներկայացրել ենք, որ այդ հակամարտությունը կարող է ունենալ շոշափելի արդյունք միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն ուղղակիորեն ներգրավվեն բանակցային գործընթացում»,– ասել է ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: Իսկ թե ինչպես է դրան արձագանքել ադրբեջանական կողմը, նա նշել է, որ այդ մոտեցումը նրանց համար անընդունելի էր, քանզի նրանք պնդում են, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է: Հայկական կողմը շարունակել է պնդել, որ հակամարտությունն ինքնին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացրած ագրեսիայի արդյունք է եւ այն, ինչ տեղի է ունեցել արցախահայության նկատմամբ, ամբողջությամբ համապատասխանում է ագրեսիայի բնորոշմանը միջազգային իրավունքի սկզբունքներին: Բանավեճի ընթացքում հերթական անգամ հայկական կողմը հայտնել է իր հավատարմությունը՝ հակամարտության կարգավորումը տեսնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում, միաժամանակ նկատելով, որ նույնիսկ այդ ձեւաչափի շրջանակում հնարավոր է ԼՂՀ-ն դիտել որպես բանակցային կողմ:

Եվրոպացի եւ ՆԱՏՕ ԽՎ-ի մյուս պատվիրակները ուղղակի դիտորդի դերում էին ու բանավեճն ընթացել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակների միջեւ: Թեեւ դրան արձագանքել են նաեւ այդ թեմայի շրջանակում իրենց զեկույցները ներկայացրած համապատասխան անձինք: ՀՀ ԱԺ պատգամավորները ներկաների ուշադրությունը հրավիրել են մի շարք խնդիրների վրա, որոնք առկա են այս հակամարտության համատեքստում ու, մասնավորապես, շփման գծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման եւ այլնի վրա:

Անդրադառնալով անվտանգության երաշխիքներին՝ նշվել է, որ հայ պատվիրակներին ուղեկցում են անվտանգության աշխատակիցները, որոնք նաեւ դահլիճում են ապահովել անվտանգությունը: Ու թեեւ մերոնք չեն տեսել, բայց հայ պատգամավորների մասնակցության դեմ ցույց է անցկացվել Բաքվում՝ սեմինարի աշխատանքներին զուգահեռ: Հայերի հիմնավորված ելույթները մեծ հիստերիա են առաջացրել Ադրբեջանում, քանի որ մեր եւ ադրբեջանական մասնակիցների միջեւ վեճ է ծագել, որից հայկական կողմը չի խուսափել:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները արագ տարածել էին, որ նիստի ընթացքում իր ելույթում «LINKS» կազմակերպության ղեկավար Դենիս Սամութը, անդրադառնալով դրական փոփոխություններին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ հիմնական սկզբունքները պետք է լինեն պետությունների սահմանների անձեռնմխելիությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ բարձրաձայնել, թե հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվել է, ուստի պետք է վերականգնվի: Ի պատասխան այս ելույթի՝ ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն իր բողոքն է արտահայտել, եւ պահանջել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներին որպես կողմ մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ է, նաեւ ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքի հարցին:

Հայկական պատվիրակության մյուս անդամը, պատգամավոր Թեւան Պողոսյանը հայտարարել է, որ «Սամութը եւ այլ միջազգային փորձագետներ աջակցում են պաշտոնական Բաքվին այն պատճառով, որ սեմինարն անցկացվում է Բաքվում»: Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի 4 բանաձեւերի մասին. «Ես առաջարկում եմ ծանոթանալ բանաձեւի տեքստին: Սկզբում կարդացեք, ինչ է այնտեղ գրած, եւ միայն դրանից հետո Հայաստանին ագրեսոր կոչեք»: Բացի այդ, հայ պատգամավորը մեղադրել է Ադրբեջանին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին միջամտելու համար (տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները), եւ հիշեցրել, որ Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է գտնվում:

Այնուհետեեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի տեսակետն արտահայտելու համար խոսք է վերցրել Ահմեդ Բերատ Ջոնքարը՝ հավաստիացնելով, որ Ադրբեջանը չի միջամտում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին. «Սա Հայաստանի ընտրությունն է, ուստի Հայաստանը շրջափակման մեջ է: Հայաստանը փաստացիորեն օկուպացրել է եղբայրական Ադրբեջանի հողերը: Մեր միասնական տեսակետը հայտնի է. Հայաստանը պետք է վերադարձնի գրավված ադրբեջանական հողերը, եւ այդ ժամանակ մենք սահմանը կբացենք»:

Իսկ հայ-թուրքական հորջորջյալ արձանագրություններում չկա ոչ մի տող «եղբայրական ադրբեջանական հողերի» մասին… Անկարան «մոռանում» է միշտ, որ նախապայմաններ էր առաջ քաշում ինչպես Արցախի, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարցերին անդրադառնալով…

Իսկ այդ արձանագրությունները պարտադրած եւ մասնակից երկրների ներկայացուցիչները դարձյալ լռում են՝ իրենց հիմարի տեղ դնելով:

Այն, որ որոշ եվրոպացիներ ու ամերիկացիներ, նաեւ «բարեկամ» ռուսաստանցիներ պարբերաբար սիրաշահում են Բաքվին, այլեւս զարմանալի չէ, բայց նաեւ ծիծաղելի չէ: Պետք է առավել կտրուկ լինել նմանների ու նման տեսակետների հարցում: Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը շատ կարեւոր գործընկեր է Եվրամիության համար, եւ մեկը, ում հետ ձեռք է բերվել հուսալի ռազմավարական գործընկերություն էներգետիկայի ոլորտում։

Մի քիչ էլ դե «եվրոպականացրել» է հանդիպումը՝ նշելով, թե երկարաժամկետ համագործակցությունն այդ երկրի հետ հիմնված է ժողովրդավարության եւ համընդհանուր արժեքների, մասնավորապես, հիմնարար ազատությունների վրա։

Այս մի եվրոպացին էլ մոռացել է, թե ինչ քննադատությունների արժանացավ Ադրբեջանի նախագահը վերջերս՝ ԵԽԽՎ նիստի ընթացքում իր գործընկերների կողմից, հատկապես՝ հիմնարար ազատությունների չգոյության առումով:

Դառնալով ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարին՝ նշենք մի կարեւոր հանգամանք եւս, ինչն անմենեւին մանրուք չէ նման հարցերում: Հայ պատվիրակները հրաժարվել են մասնակցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի անունից տրված ճաշին՝ հասկացնելով, որ Բաքուն մեզ համար միայն աշխատանքի վայր է, այն էլ՝ միջազգային խնդիրներով պայմանավորված։

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.