Վիշապաքա՞ղ ենք, թե՞ վիշապի որս – Եթե ԵՏՄ-ին անդամակցելու գինը լինելու է Արցախը, ապա սա ռուս-թուրքական հերթական խարդավանքն է… Մոսկվայից կաշա՞ռք է առաջարկվում Հայաստանին…

Ադրբեջանի մայրաքաղաքում կայացավ եւս մեկ միջազգային հավաք՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցող հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը խոստացել էր ներկայացնել փաստեր, որոնք ադրբեջանական կողմի համար «երբեք ու երբեք քիչ չեն երեւա»: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչի եւ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հրավերով միջոցառմանը մասնակցել են պատվիրակության քարտուղար Անահիտ Գասպարյանը, ԱԳՆ ԵԱՀԿ բաժնի վարիչ Վահե Գեւորգյանը, մեր պատվիրակության կազմում եղել են նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը եւն:

Բաքուն այս օրերին դարձավ Հայաստանի ներկայացուցիչների դրսեւորման վայր եւ ՆԱՏՕ-ի ԽՎ «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով սեմինարին եկավ փոխարինելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը:

Ըստ հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավարի, իր կողմից ասվել է, որ հեռուստատեսությամբ է դիտել, թե ԵԽԽՎ ԽՎ-ում կայացած նստաշրջանի ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ինչպես է փորձել պիտակավորել ոչ միայն մեր երկիրը, այլեւ մեր երկրի իշխանություններին, «ինչը, բնականաբար, անհետեւանք չի կարելի թողնել»։ Կրիվոկապիչը եւ Օլիվերը իբր ըմբռնումով են մոտեցել այս հարցադրմանը եւ հույս են հայտնել, թե հաշվի առնելով, որ հյուր են ոչ միայն ԵԱՀԿ, այլեւ ընդունող երկրի հրավերով, ապա քննարկումը կանցնի քաղաքակիրթ բանավեճի միջոցով:

Չնայած Արտաշես Գեղամյանի խոստմանը, որ իր ասածները «Ադրբեջանում երբեք ու երբեք քիչ չեն երեւա», այն հաստատ քիչ երեւաց թշնամական երկրում, իսկ ահա Հայաստանում… ավելի արագ արձագանքի արժանացավ, այն էլ՝ ոչ դրական: Հիմնականում ընդդիմացողները նշել են, որ «Գեղամյանի մտքերը վտանգավոր են Արցախի համար»: Մասնավորապես դժգոհել են եւ դա արտահայտել համացանցում, թե «Գեղամյանը շատ կրքոտ ելույթ է ունեցել, շշմեցրել բոլորին, նոկաուտ արել ադրբեջանցիներին ու դարձել օրվա հերոս: Ապա իր քաջագործություններն է ներկայացրել հեռուստատեսությամբ՝ այսպես հասկացնել տալով հայաստանցիներին, որ ինքն էլի «Քյոռ օղլին է»… Սակայն Արտաշես Մամիկոնովիչը սեփական դհոլազուռնային աղմուկի մեջ չի մեկնաբանել իր արած մի հայտարարություն, որն էլ պետք է համարել նրա նոր նախաձեռնությունը: Նա ուրախությամբ է նշել, որ Հայաստանը միանում է Եվրասիական միությանը եւ ցանկություն է հայտնել, որպեսզի Ադրբեջանն էլ դառնա այդ միության անդամ՝ որպեսզի այլեւս Արցախի խնդիրը չլինի»: Իսկ թե ինչպես՝ նշել է. «Որպեսզի, ինչպես տեղի ունեցավ Էլզաս եւ Լոթարինգիայի դեպքում, Հայաստանն ու Ադրբեջանը չկարեւորեն, թե որ երկրի կազմում կլինի ԼՂ-ն: Կարեւորն այն է, որ այս դեպքում ԼՂ-ն եւս կդառնա ԵՏՄ անդամ»:

Սա իսկապես վտանգավոր, եթե չասենք՝ դավադիր տեսակետ է: Ինչպե՞ս պետք է հայի համար մեկ լինի, թե՝ Արցախը Հայաստանինն է, թե՝ Ադրբեջանինը: Եթե եվրոպացիների համար չկա բնական հայրենիք եւ նրանց համար մեկ է՝ թե որտեղ կապրեն եւ ում կազմում, ապա հայերը վաղուց հասկացել են, որ թուրքի տիրապետության տակ ապրել՝ նշանակում է մորթվել ու ոչնչանալ…

Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն Հայաստանի առջեւ պայման է դրել անդամակցել «միջազգայնորեն ընդունված սահմաններով», ինչի մասին արտահայտվեց թյուրք-ղազախ Նազարբաեւը Աստանայում: Այսինքն՝ առանց Արցախի:

Նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ ԼՂ-ն ՀՀ-ի մաս չէ ու կարիք չկա Արցախի խնդիրը դարձնել եվրասիական: Արցախը չճանաչված անկախ երկիր է: Բայց Արտաշես Գեղամյանը ուրիշ բան է ասել, որն էապես տարբերվում է նախագահի ասածից: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, քանի որ ոչ մի երկիր չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ուրեմն այն աշխարհի կողմից ընկալվում է որպես Ադրբեջանի մաս, չնայած հայկական երկրամաս է, ու եթե Ադրբեջանը եւ Արցախը ԵՏՄ-ին անդամակցեն, ապա ի՞նչ տարբերություն, թե Արցախն ում կազմում է…

Սա արտաշեսգեղամյանական տրամաբանություն չէ միայն: Գիտենք, որ կա նաեւ զորիբալայանական այսօրինակ տեսակետ: Այսպես անթաքույց կոչ է արվում Արցախը Հայաստանին վերամիավորելու փոխարեն բռնակցել Ռուսաստանին: Իսկ արդյո՞ք կա տարբերություն հայկական տարածքը Ադրբեջանին, Թուրքիային կամ Ռուսաստանին բռնակցելու հարցում: Իհարկե՝ ոչ, ինչը գիտենք պատմությամբ: Իսկ արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի հրահանգն է եղել, թե՞ Արտաշես Գեղամյանի սիրելի մոսկովյան տերերի: Հիշենք, թե ի՛նչ պաթոսով էր նա պատմում, թե ինչպես է իր գրքերը նվիրել Վլադիմիր Պուտինին, երբ նա Երեւանում էր… Այս դեպքում, եթե անգամ զուգահեռ հրահանգներ են եղել, ապա միեւնույնն է՝ հստակ է, որ Արտաշես Գեղամյանը Բաքու էր գնացել պաշտպանելու Մոսկվայի դիրքորոշումը, միաժամանակ Բաքվին հուշելով, որ չեզոք Արցախը կարող է նաեւ ադրբեջանական լինել… Եթե անգամ Երեւանը շահագրգռված է Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն, քանի որ «վերեւներից» խոսք են տվել, թե այդպես կլռեցնեն Բաքվին, ապա այս մի քանի հարյուր տարում ռուսը եւ թուրքը միասին ու միշտ լռեցրել են հային: Այն հային, ով անվերապահորեն հավատացել է, թե թյուրք-թաթարական խառնամբոխը եւ մոնղոլ-թաթարացված ռուսը տարբեր են…

Այս փաստը վտանգում է ոչ միայն ԼՂՀ, այլ նաեւ ՀՀ անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը: Այս դեպքում պիտի ոչ միայն չխոսել Արցախի անկախության ճանաչման, այլեւ՝ Հայաստանի հետ վերամիավորման որոշումն անգամ արծարծելու մասին:

Կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները պետք է բացատրություն տան ամեն դեպքում, իսկ ԼՂՀ իշխանությունները լինեն ավելի կտրուկ:

Երբ որեւէ հայ հայտարարում է, թե «այսօր ո՞վ է հիշում, թե ում է պատկանում Էլզասը, եւ արդեն որեւէ նշանակություն չունի, թե այն ֆրանսիական է կամ գերմանական», ապա պետք է հիշել, թե ինչ է ասել Ադոլֆ Հիտլերը, երբ պատրաստվում էր ողջակիզել հրեաներին. «Արդյո՞ք ով է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը…»:

Եվ եթե մի կողմից «Միացյալ Եվրոպայի կենտրոններից մեկի տարածքների» հարցերն են արծարծվում, ապա մեր դեպքում խոսում ենք Արարչատուր եւ Աստվածազարմ Բնական Հայաստանի՝ Հայկական լեռնաշխարհի մասին…

Ադրբեջանցի ռազմական փորձագետ եւ ռազմական լրագրող Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ «հնարավոր է Լեռնային Ղարաբաղին հարակից 3 շրջանների վերադարձը»: Նա մանրամասնել է, որ խոսքը Ակնի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանների մասին է՝ Ադրբեջանը պատրաստ է այդ տարածքների վերադարձման դիմաց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը… Իսկ գործարքի կայացման մեջ մեծ դեր է վերապահված Ռուսաստանին: Ադրբեջանցու խոսքերով՝ Ռուսաստանը ցանկանում է 2015թ. իր խաղաղապահ ուժերը տեղակայել տարածաշրջանում:

Հիմա հասկանալի՞ է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ (անգամ եթե միայն այդպես լիներ՝ մերժելի էր նույնպես), ռուս-թուրքական հայակեր դաշինքը ավելի մեծ նպատակներ կարող է որդեգրել, եթե շարունակենք լռել…

Արտակ Հայոցյան

Կաշա՞ռք է առաջարկվում Հայաստանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Հայաստանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը, կապված բնական գազի, նավթամթերքի ու չմշակված ադամանդի արտահանման հետ: Համաձայնագիրը կնքվել է դեռեւս 2013թ. դեկտեմբերին, ըստ որի նախատեսվում է վերը նշված ապրանքների՝ դեպի Հայաստան անմաքս ներմուծումը:

Լուրը թերեւս ուրախացնող է, քանի որ այլեւս մեզանում նավթամթերքի ու բնական գազի սակագինը չեն կարող բարձրացնել՝ պատճառաբանելով մաքսատուրքերը: Սակայն, առաջանում է նաեւ մտահոգություն, թե դեռեւս 2013թ. կնքված համաձայնագիրն ինչու՞ է հիմա հաստատվում Մոսկվայի կողմից: Չէ՞ որ նման համաձայնագրերն առհասարակ հաստատվում են կնքվելուց անմիջապես հետո:

Ակնհայտ է, որ ձգձգումը պայմանավորված է եղել որոշակի հարցերով, ինչը կարելի էր ենթադրել… այն որպես խաղաթուղթ եւ առեւտրի միջոց է եղել Մոսկվայի ձեռքին: Արդեն գրեթե չենք կարող բացառել, որ սա կապված է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հետ: Հայաստանի ու Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արծարծումները բացահայտեցին այս ամենը:

Ռուսաստանը հերթական անգամ Հայաստանին կանգնեցրել է փաստի առաջ ու հասկացնել է տալիս, որ առանց Մոսկվայի չեն կարգավորվի հայկական հարցերը: Բայց մենք ճիշտ հակառակը գիտենք, ու պատմական անցյալը ակնհայտ հաստատում է ռուս-թուրքական դաշինքի վտանգը, ինչի գոյության դեպքում հայ-ռուսական դաշինք ասվածը նահանջում է, անգամ թակարդ է դառնում:

«Լուսանցք» թիվ 23 (328), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.