Երբ սպիտակն էլ է սեւացվում – Երբ սադրիչ Ադրբեջանին եւ ինքնապաշտպանվող Արցախին կամ Հայաստանին նույն մեղավոր նժարի վրա են դնում… Մեր թշնամիները երկխոսելու ունակ չեն…

Երբ սպիտակն էլ է սեւացվում

Հակառակորդի կողմից հրադադարի խախտումների, սահմանային լարվածության եւ Արցախի շուրջ բանակցային գործընթացը տապալելու կապի մասին է խոսել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մեզ պարտադրեցին պատերազմ, որի ընթացքում մենք հաջողություններ ունեցանք եւ այսօր էլ պարտադրում են որ հակամարտություն, ուժերի, սպառազինությունների մրցավազք, եւ մենք առանց որեւէ երրորդ ուժի մեր առջեւ դրված խնդիրներն իրականացնում ենք»,- հայտարարել է նախարարը եւ հավելել, որ միայն երկխոսության, ռազմաքաղաքական շրջանակներում վստահության եզրերի ձեւավորման արդյունքում կարող ենք ստեղծել մթնոլորտ բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ:

Իսկ վստահության եզրերը նախեւառաջ դիպուկահարների հետքաշումն է, դիվերսիոն հետախուզական գործողություններից հրաժարումը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ միջազգային հետաքննության անցկացումը: Բայց հակառակորդը ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմաններին շարունակում է սադրիչ գործողություններ իրականացնել:

ՀՀ եւ ԼՂՀ սահմանագծում լարվածությունն Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական աշխատանքի շնորհիվ է.- հայտնում է հայկական կողմը, ադրբեջանցիները միշտ էլ փորձում են քաղաքական տարբեր իրադարձությունների շրջանականերում լարվածություն ստեղծել եւ, ինչպես ասում են, նրանց «եռանդը» մարում է մեր արժանի հարվածներից, պատժելուց հետո միայն: Բայց կարճ ժամանակ անց վերսկսվում է:

Իհարկե, միջազգային կազմակերպությունների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկների ղեկավարների հայտարարությունները որոշակի ազդում են, սակայն դրանք հիմնականում երկակի ստանդարտների կիրառմամբ են ասվում, ինչը սադրիչ Ադրբեջանին եւ ինքնապաշտպանվող Արցախին կամ Հայաստանին նույն մեղավոր նժարի վրա է դնում թերեւս:

Իսկ հայտարարությունները չպետք է լինեն միակողմանի, եթե միջազգային կառույցները ցանկանում են հաջողության հասնել: Իրավիճակին պետք է երկկողմանի, լիարժեք գնահատական տրվի, եւ դա պետք է լինի իրադրության սթափ վերլուծության արդյունք:

Ըստ պաշտոնական Երեւանի դիրքորոշման, երկխոսության շրջանակներում մի այնպիսի իրավիճակի պետք է հասնել, որ հասկանալի լինի՝ ինչ է նշանակում մեկը մյուսին զիջել: Եթե զիջումը միակողմանի է, դա դառնում է միակողմանի պարտադրանք: «Ավելի լավ է իրենք ԼՂ ինքնորոշման հարցը խաղաղ պայմաններում լուծելու, Արցախի պատմական, պապական տարածքներում ինքնորոշվելու իրավունքը վերականգնելու ուղղությամբ աշխատեն: Մնացածը, թե ինչ փոխզիջում կլինի, բոլորը քաղաքական, առավել եւս ռազմական փորձագիտության արդյունք պիտի լինի»,- ասել է պաշտպանության նախարարը:

Սա բերում է նրան, որ հայկական կողմերի սահմաններն ավելի են ամրապնդվում, Հայաստանը որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, այսօր ամեն ինչ անում է, որպեսզի փոխգործունակ կարողությունների ստեղծման միջոցով, ԼՂՀ ղեկավարության եւ Պաշտպանության բանակի հետ ստեղծենք զսպող մեխանիզմներ: Անհրաժեշտության դեպքում մեր զինծառայողները ԼՂՀ ՊԲ-ի եւ ամբողջ ժողովրդի, հայ ժողովրդի հետ միասին ամեն մի թիզ հողի համար մարտնչելու են.- բազմիցս նշել են ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը:

Արման Դավթյան

Մեր թշնամին երկխոսելու ունակ չէ

Արգենտինա եւ Ուրուգվայ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով թուրքական խնդրին՝ նշել է. «Մենք Թուրքիայի հետ խոսելու շատ բան չունենք, երկար ժամանակ բանակցել ենք արձանագրությունների ստորագրման համար, սակայն Թուրքիայի խորհրդարանը դրանք չվավերացրեց,- ասել է նախագահը եւ հավելել,- այդպիսով, ինչի՞ մասին պետք է խոսենք»:

Թուրքիայի հետ Հայաստանի արեւմտյան սահմանը փակ է արդեն 2 տասնամյակից ավելի, եւ նույնն է Ադրբեջանի հետ ունեցած արեւելյան սահմանի պարագայում: Մնում է միայն հարավում մի նեղ սահման Իրանի հետ եւ հյուսիսում ավելի լայնը՝ Վրաստանի. մի երկիր, որը դիմել է ՆԱՏՕ-ին միանալու համար, վերջերս Եվրոպական բլոկի հետ կնքել է ազատ առեւտրի համաձայնագիրը եւ շարունակում է ԵՄ-ում լիիրավ անդամ դառնալու գործընթացը:

Այս իրավիճակում ՀՀ նախագահը կարեւորել է արտաքին քաղաքականության փոխլրացումային ձեւը եւ Եվրամիության ու Եվրասիամիության հետ համագործակցության եզրեր գտնելը: Բայց, ցավոք չի խոսել հայ-թուրքական կոչված ու արդեն վարկաբեկված արձանագրություններից Հայաստանի ստորագրության ետկանչման մասին, ինչը կարող է Անկարային փաստի առաջ կանգնեցնել:

Այսպես նաեւ կսպառվի թուրքական նախապայմանների թեման:

«Եվրոպացիների հետ մենք կշարունակենք բանակցությունները այն տարբերակով, որը չի խանգարի Մաքսային միությանը մեր ինտեգրվելուն Ռուսաստանի հետ»,- նշել է նախագահը՝ վերահաստատելով իր չափավոր տրամադրվածությունը եւ հայի համար շահավետ տարբերակներ գտնելու կարեւորությունը:

Վահագն Նանյան:

Քաղաքականությունից դեպի բակային նարդու առաջնություն Ացախում

Հունիսի վերջերին ճանաչողական այցով Հայաստան ու Արցախ  էր այցելել Եվրոպական խորհրդարանի փոխխոսնակ Յացեկ Պրոտասեւիչը: Լեհ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան բավականին հագեցած օրակարգ է ունեցել, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության փոխանցմամբ, Երեւանում նա հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հայ պաշտոնյաների հետ Եվրախորհրդարանի փոխնախագահը քննարկել է Եվրոպական հարեւանության քաղաքականության Առաջընթացի զեկույցի առաջարկները, ինչպես նաեւ հայ-եվրոպական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Իսկ Արցախում պաշտոնական հանդիպումներից զատ Եվրոպական խորհրդարանի փոխխոսնակը զբոսնել է Ստեփանակերտում եւ հետեւել քաղաքի բակերից մեկում ընթացող նարդու «առաջնությանը»:

«Լուսանցք» թիվ 24 (329), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։