Վստահության եւ ժամանակի ճգնաժամ է
ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները արդեն որերորդ անգամ հասկացնում են, որ քառյակ ասվածը առավելապես մի ընդդիմադիր համագործակցություն է, որը կարող է մի օր էլ եռյակի վերածվել… ու վերջ: Սա իրականություն է, ուստի ճիշտ է այն մտայնությունը, որ Հայաստանում վստահության խորը ճգնաժամ կա:
Շատերը քառյակի կազմաքանդումը մոտալուտ են համարում, անգամ նշում են, թե դա կլինի այն ժամանակ, երբ ընդդիմության առաջադրած 12 պահանջներն անտեսվեն իշխանության կողմից: Ի՞նչ է անելու քառյակը, երբ ՀՀԿ-ն բացահայտ մերժի 12 պահանջները, իսկ ՀՀԿ-ն հեռահար տեղեկացրել է, որ չեն պատրաստվում 12 պահանջները կատարել որպես հրահանգ, այդ ոճը ընդունելի չէ, բայց բարձրացված հարցերը նշված են նաեւ իշխող կուսակցության ծրագրերում: Սա եւ մեխին եւ նալին խփելու տարբերակն է: Իսկ ընդդիմությունը հայտնել է, թե իր պահանջների չբավարարման դեպքում սեպտեմբերյան հանրահավաքում կասի հետագա քայլերը:
Ինչեւէ, մինչեւ սեպտեմբեր ժամանակ կա մի քիչ եւ ամեն բան պարզ կդառնա:
Բայց ավելի մեծ հույսեր փայփայող ուժեր էլ կան, որ բարձրաձայնել են, թե «Սերժ Սարգսյանը մինչեւ հոկտեմբեր չի դիմանա»:
Իսկ կմիավորվե՞ն արդյոք քաղաքացիական բոլոր ընդդիմադիր ուժերը եւ ընդվզման օջախները այս հարցում: Թերեւս ոչ, ինչը առ այսօր չի հաջողվել կազմակերպել ոչ մի ուժի:
Տրանսպորտի, գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, ի պաշտպանություն Աֆրիկյանների շենքի, Թեղուտի պահպանության, ընդդեմ կուտակայինի ու կարմիր գծերի, ինչպեսեւ քաղաքացիական այլ խմբեր ու նախաձեռնություններ կան, որ կարող են համախմբվել ու բոլոր հարցերը միանգամից բարձրացնել, բայց… Ափսոս, քանի որ քաղաքական շրջանակներից ավելի ակտիվ գործող քաղաքացիական շարժումներն այսօր երկրում որոշակի եղանակ են փոխում, նրանց հետ հաշվի են նստում եւ՛ իշխանությունները, եւ՛ իրենց ոչ իշխանական համարող քաղաքական ուժերը։
Դառնալով խորհրդարանական քառյակին, որ այդպես էլ հնգյակ չդարձավ՝ ՕԵԿ-ին մերժելով, նշենք, որ ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միասին կլինեն, քանի դեռ համատեղ առաջադրած 12 պահանջները հետաքրքրում են մարդկանց: Իսկ ընտրազանգվածը դեռ հետաքրքրությունների շրջանակներից դուրս է, քանի դեռ իշխանափոխության խնդիրը իրական չէ: Բայց մարդիկ արդեն մտածում են, որ եթե պահանջներից մեկը ընդդիմությանը վերահսկողության գործառույթներով օժտելն է լինելու, ապա այսօրինակ գործելաոճով դա առնվազն տարօրինակ է: Քանի որ եթե ընդդիմությունը գործ ունի իշխանություններին քննադատելու հետ, ապա ուրիշ կերպար է ընդունում, իսկ երբ փորձում են համագործակցել կամ ինչ-ինչ ձեւերով մտնել կառավարության կազմ, ապա այլ կերպարի մեջ են հայտնվում: Եվ արդյո՞ք վերահսկողական գործունեությունը չի դառնա մի նոր կերակրաման այն ուժերի համար, որ այսօր ընդդիմադիր են, բայց երեկ կամ երեկ չէ առաջին օրը իշխանություն էին ու դաշնակից ՀՀԿ-ին:
Քառյակը սա հասկանում է, նաեւ նկատում է, որ 12 պահանջները կարող են մերժվել, ուստի՝ հանդես եկավ լրացուցիչ՝ նոր 6 կետանոց առաջարկով. ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը միասնական պահանջ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Պահանջը բաղկացած է 6 կետերից՝ 1. Էլեկտրացանցերում առաջացած 17 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքի 1/3-ը պետք է մարի պետությունը: 2. 3-4 տոկոսով կրճատել էլցանցերում տեխնիկական կորուստները: 3. Սակագնի մեջ վերանայել արտադրող կայանների ամորտիզացիայի եւ մաշվածության խնդիրը: 4. Էներգահամակարգում ֆինասական ներդրումները պետք է ազատվեն հարկերից: 5. Վերաիմաստավորել եւ սահմանել թույլատրելի շահույթի չափը: 6. Էլցանցեր-արտադրող կայաններ հարաբերություններում իրականացնել ֆինանսական առողջացման ծրագիր:
Ամեն դեպքում մոտենում է օգոստոսյան արձակուրդային ժամանակահատվածը, երբ հանդարտվում են նաեւ քաղաքական ուժերն ու լրատվամիջոցները, ուստի ցանկալի է, որ 12, 6, անգամ 3 կետանոց պահանջներով ընդդիմադիրները կարողանան զգաստ պահել իշխանությանը եւ պայքարի մեջ հանրային այն խմբերին, որոնք փորձում են շտկել վիճակը երկրում եւ մեր կյանքում:
Անի Մարության
Նախագահ դառնում են նիստուկացո՞վ
Որոշ տեղեկությունների համաձայն, երկար ժամանակ է, ինչ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը զբաղվում է իր քաղաքական ապագայով: Ըստ այդ լուրերի, նա «արտերկրից հատուկ իմիջմեյքերներ է վարձել, ովքեր ԲՀԿ նախագահին նախագահական նիստուկաց, պահվածք ու արարողակարգ են սովորեցնում»:
ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը կարծես չի հերքել այս փաստը եւ «Ժողովուրդ» թերթին հարցին պատասխանելով ասել է. «Գագիկ Ծառուկյանն ունի տարբեր մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որին անդրադառնալու նպատակահարմարություն չկա այս պահին: Դրանից զատ, ԲՀԿ նախագահը մշտապես տարբեր հանդիպումներ է ունենում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց ու խմբերի հետ: Դրանք ոչ հրապարակային հանդիպումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ ու մտքերի փոխանակումներ: Այդ հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ եւ դրանց մասնակցում են խմբեր ու մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ արտերկրի բազմաթիվ ոլորտներում լուրջ դերակատարում ունեցող անձինք»:
Մի՞թե Գագիկ Ծառուկյանն արդեն սկսել է պատրաստվել նախագահական ընտրություններին:
Արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց դա հիմնավորել, թե՞ Ռոբեր Քոչարյանը նոր խաղ է սկսել:
Նույն պարբերականը եզրակացրել է, թե նիստուկացը՝ նիստուկաց, բայց այդ փորձագետների աշխատանքը զուր կանցնի, եթե վերջիններս չկարողանան ազդել ԲՀԿ ղեկավարի արարողակարգային ընդունելությունների, հագուստի եւ դրանց գույների ընտրության վրա…
Փաստորեն, նախկին նախագահները մեկ այլ տարբերակ՝ իրենց նախագահական «փորձարկումները» իրականացնելու համար դեռ չեն գտնում, եւ Գագիկ Ծառուկյանը մնում է ստուգման միակ ու անվնաս աղբյուրը:
Նման կարգավիճակում հայտնվել է նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ չի բացառվում, որ զուգահեռ կգործի նաեւ նրա՝ «նախագահական» տարբերակը: OԵԿ-ը քառյակին առաջարկել է 12 կետերը դարձնել ավելի իրավական ու դիմել դատարան: Այսպես ավելի աղմկալից է լինում: Նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետն արդեն մոտենում է ավարտին, իսկ ՕԵԿ ղեկավարը արտահերթ նախագահական ընտրություններ չի ցանկանում, դա կբերի շատ ավելի լուրջ ցնցումներ, ինչը «հանրությանը պետք չէ, քանի որ հանրությունը հոգնել է այս իրավիճակից»:
Արթուր Բաղդասարյանին այսօր ցնցումներ պետք չեն, քանի որ նա չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը: Դրա համար նա անգամ Սահմանադրական փոփոխությունները այն գլխավոր խնդիրը չի համարել, որ «կանգնած է հանրության առջեւ»: Իսկ արդյո՞ք ՕԵԿ ղեկավարը ունի նախագահական նիստուկաց, այս մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 24 (329), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



