Չգիտե՞նք, թե ով է «Նաիրիտ»-ի տերը եւ որտեղ է – «Նաիրիտ»-ի հարցը կքննարկի նաեւ Սոչիում՝ Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետների հանդիպման ընթացքում…

Վերնագիրը հարցականով ենք հնչեցնում, թեեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատակամ է ասում: Այն է՝ մենք չգիտենք, ով է երբեմնի մեր հսկա գործարանի տերը եւ որ գրողի ծոցն է հիմա: Բայց հերթականությամբ խոսենք:

Կառավարության շենքի դիմաց երեկ, մինչ գործադիրի նիստի սկսվելը, բողոքի ակցիա էին կազմակերպել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները՝ «Պահանջում ենք վերագործարկել Նաիրիտը», «Աշխատավարձերի պարտքի մարում», «Նաիրիտն է տնտեսության զարգացման գրավականը» եւ նույնանման բնույթի այլ պաստառներով: Նաիրիտցիները պահանջում էին մարել իրենց 16 ամսվա աշխատավարձը եւ վերջապես վերագործարկել գործարանը՝ ի շահ թե՛ իրենց եւ թե՛ պետության:

Նրանց սկզբում հանդիպեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ տեղեկացրեց գործարանի շուրջ ստեղծված վիճակը: Նախարարի խոսքերով՝ այժմ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվում եւ մշակվում իրավիճակից դուրս գալու ելքերը:

Նաիրիտցիները բղավում էին. «Մեռա՛ք ուսումնասիրելով»:

Նախարարը հազիվ էր կարողանում իր ձայնը լսելի դարձնել:

«Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ մանրամասն եւ հիմնովին ուսումնասիրելու գործարանի հետ կապված բոլոր խնդիրները: Աշխատանքային խմբում ես էլ եմ ընդգրկված, եւ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ուսումնասիրությունները կավարտվեն առաջիկա 1.5-2 ամիսների ընթացքում« վստահ եմ ելքեր կգտնենք՝ նաեւ ձեր աշխատավարձերը վճարելու հարցում»«- ասում էր նախարարը:

Հանկարծ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նրանց խնդրեց  կազմել 20 հոգանոց խումբ« ովքեր լավ են տիրապետում խնդրին. «Կառավարության նիստից անմիջապես հետո ես կընդունեմ Ձեզ: Հավատացեք խնդրում եմ: Մենք ուզում ենք ձեր հարցին լուծում տալ« ժամանակ է պետք‘ այն ուսումնասիրելու« մեղավորներին գտնելու համար: Ես առաջարկում եմ մի քիչ համբերել»:

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց« որ Նաիրիտի հարցը կքննարկի նաեւ Սոչիում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը« որը կկայանա հուլիսի 11-ին:

Նաիրիտցիները վարչապետին խնդրեցին պատժել մեղավորներին՝ 2300 ընտանիք սոված թողնելու համար:

Մեկ էլ վարչապետն ասաց ժողովրդին. «Մենք մի կոլապսի մեջ ենք մտած, այս երկու ամիս է ուսումնասիրում ենք, ծերը չենք կարողանում գտնել, ինչ են արել, ոնց են արել, ոնց են բերել: Երկու ամիս է չենք կարողանում գտնել՝ ով է սեփականատերը: Պիտի մեղավորներին ճշտենք ու պատժենք…»:

Շարունակությունն այլեւս չլսեցի: Վարչապետի խոսքերը ինձ թեւաթափ արեցին՝ հավատալու եւ չհավատալու դեպքում էլ:

Փաստորեն, եթե վարչապետն անկեղծ էր, սա ցավալի փաստ է մեր պետության համար, քանզի չգիտենք, թե ում ենք մասնավորեցրել մեր գործարանը, իսկ եթե անկեղծ չէր, ուրեմն մեղավորները չեն պատժվի:

Երկու տարբերակին էլ հավասարաչափ հավատալու եւ չհավատալու հիմքերը կան: Բայց ամեն ինչ կպարզվի սեպտեմբեր-օգոստոսին: Քանզի այդ ժամանակ է կառավարությունը խոստանում հրապարակել ուսումնասիրությունների արդյունքները:

Նկատենք, որ երբ վարչապետը խոսում էր նաիրիտցիների հետ, լրագրողները սկսեցին նրան հարցեր ուղղել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ լրագրողներին հորդորեց հարցերով չմիջամտել ու չխանգարել իր ու ժողովրդի զրույցը:

Վարչապետի հետ հանդիպումից մարդիկ եւ գոհ էին եւ դժգոհ: Գոհ էին, քանզի հանդիպումն անցել էր անկաշկանդ եւ 1 ամսվա աշխատավարձ տալու խոստում էր հնչել, իսկ դժգոհ էին, քանզի գործարանի ճակատագիրը դեռեւս անհայտ է:

Բայց Հովիկ Աբրահամյանը  խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին եւ նրանց ներկայացնել կառավարության ուսումնասիրությունների արդյունքները:

Վարչապետի մոտից դուրս գալուց հետո նաիրիտցիները բարձրախոսով հայտարարեցին« որ մինչեւ օգոստոս կառավարությանը չեն անհանգստացնի:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 24 (329), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.