Վերստին շրջանառվում են աշխարհը վերաձեւող խիստ նպատակային ծրագրերն ու քարտեզները – Հայաստանը եւս պետք է հանդես գա որպես միջազգային ծրագրերի նախաձեռնող կողմ՝ աշխարհի բոլոր հնարավոր բեւեռների հետ…

Թվով 32 քարտեզները կից գրություններով կարելի է տեսնել «Լուսանցք»-ի թերթային տարբերակում (նաեւ PDF տարբերակում))... (- Հայկական լեռնաշխարհը իր բնիկներով՝ հայերով, միշտ է եղել եւ ի սկզբանե, վկա համաշխարհային պատմությունն ու քարտեզագրությունը, մինչդեռ այսօրվա արհեստածին երկրներն ու ազգ հորջորջվողներն ընդամենը մի քանի հարյուրամյա խառնածին զանգվածներ են՝ անծագում եւ անհայրենիք: – «Նոր Մերձավոր Արեւելք» նախագիծը Արեւմտյան Հայաստանում Քրդստան է մոգոնել, սա Արեւմուտքի եւ Իսրայելի ծրագիրն է: – Այսպես են «հաշվում» տարածաշրջանի բնակչությունը՝ առանց հաշվի առնելու ներկայիս Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի խառնէթնիկությունը եւ շուրջ 13-15 մլն. ծպտյալ հայերի գոյությունը այդ երկրներում… Անտեսված է նաեւ քրդացած հայերի գոյությունը… – Նախահեթանոսական Հայաստանը, որի վերաստեղծմանն են ձգտում հայ արիականները: – Հայկական լեռնաշխարհում միջազգային իրավունքներով ճանաչված Հայք-Հայաստանը, որը սակայն ավելի մեծ տարածքներ ունի բնականորեն, ինչն ամրագրված է համաշխարհային պատմությամբ: – Այս քարտեզները պետք է նաեւ դիվանագիտական խողովակներով շրջանառվեն ու տեղ գտնեն միջազգային քննարկումներում, անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբեւրմունքի կարժանանան: Մի բան պետք է հստակ լինի, երբ կային հայերը, չկային շատերը: – Եթե հրեաներին ցեղասպանել են Եվրոպայում, այլոց երկրներում ու միայն փոխհատուցմամբ բավարարվել, ապա հայերին ցեղասպանել են իրենց բուն հայրենիքում եւ բացի փոխհատուցումը՝ պետք է լուծվի նաեւ հայրենիքի վերադարձի հարցը… -Հայաստանը պետք է ներկայացնի ու միջազգայնացնի ոչ միայն Թուրքիայի մասնատման ծրագիրը, որ կներառվի աշխարհի վերաձեւման նախագծերում, այլեւ՝ ներկայիս Կովկաս-Այսրկովկասի, որը կարող է լինել նաեւ փուլային ծրագիր, որը կշահագրգռի նաեւ այլ երկրների: – Անկարան զուգահեռաբար իրականացնում է նոր օսմանիզմի կամ թուրքիզմի քաղաքականություն, որը նախնական փուլում ծրագրում է այս Թուրքիային բռնակցել ներկայիս Հայաստանը, Սիրիայի ու Իրաքի նավթագազաշատ տարածքները եւ Բալկանների մի մասը… Հետո արդեն Իրանն ու Միջին Ասիայի թյուրքական երկրները: – Համաթուրքականությունը (պանթուրքիզմ) համաշխարհային չարիք է, որը գիտակցում են բոլորը, բայց խաղացնում են՝ վստահ լինելով, որ այն չի կարող դառնալ իրական համաշխարհային չարիք… Իսկ քոչվոր թյուրքերը այս թերահավատների պատճառով իրենց տափաստաններից եկան ու հասան Հայկական լեռնաշխարհ… Այսօր արդեն կարգախոս են մոգոնել՝ «1 ազգ – 6 պետություն»… – Համաարաբականությունը (պանարաբիզմ) եւ համաիսլամականությունը (պանիսլամիզմ) սարսափեցնում են առաջին հերթին Իսրայելին, բայց սրանք նաեւ համաշխարհային վտանգ են ներկայացնում… Երկու դեպքում էլ միավորումներում ավելի քան 20-ական երկրներ են ներգրավված, որտեղ ծայրահեղականությունը նորություն չէ եւ դեռ արմատավորվում է: – Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը կամրացնի համաշխարհային երկբեւեռությունը, ինչը նպաստավոր իրավիճակ է երրորդ՝ խաղացող կողմերի համար: – Եթե համասլավոնիզմը (պանսլավոնիզմ) վտանգավոր է ռուսիզմի՝ ռուսական մեծապետականության վերածվելու հեռանկարով, ապա համաարիականությունը զերծ է այդ վտանգից, քանզի հենված է արարչական հավատի ու աստվածադիր օրենքների վրա… Այն ինչ երկնքում է, պետք է լինի նաեւ երկրի վրա…)

Աշխարհի վերաձեւման ճանապարհին հին ու նոր ծրագրեր են հայտնվում միջազգային քննարկումներում, նաեւ շրջանառության մեջ են դրվում տարաբնույթ քարտեզներ, որոնք բացի քարոզչական նպատակներ հետապնդելուց՝ ծառայում են որպես խայծեր, հետագա ռազմա-քաղաքական տեղաշարժերի համար: Ամենահայտնի վերաձեւման ծրագրերը «Մեծ Մերձավոր Արեւելք» եւ «Նոր Մերձավոր Արեւելք» նախագծերն են, որտեղ Հայաստանի դերը սահմանափակված է, ինչի մասին մշտապես ահազանգել է «Լուսանցք»-ը, նախազգուշական հայտարարություններով է հանդես եկել Հայ Արիական Միաբանությունը:

Ցավոք, Հայաստանը որպես միջազգային ծրագրերի նախաձեռնող կողմ, հանդես չի գալիս: Իսկ բանակցել կարելի է բոլոր ուղղությունների հետ, ծրագրեր պետք է առաջադրվեն բոլոր համաշխարհային բեւեռների ու շահագրգիռ կողմերի համար: Իհարկե փոխշահավետ, բայց կարող են նաեւ պաշտպանվել մեզ շահեկան այն ծրագրերը, որ կառաջադրեն ուրիշները:

Հայտնի է, որ աշխարհաքաղաքական հիմնական փոփոխությունները կատարվել ու կատարվում են համաշխարհային գլխավոր խաչմերուկում՝ Մերձավոր Արեւելքում, որից հետո սկսում են ծավալվել տարբեր ուղղություններով: Հայկական լեռնաշխարհն այսօր, որպես ինքնուրույն տարածաշրջան, «չի աշխատում», քանի որ Մերձավոր Արեւելք-Կովկաս մերօրյա կապը թուրքական ջանքերով «փակել է» բնական ու պատմական հայկական գործոնի ճանապարհը: Բայց ոչ բոլոր համաշխարհային քաղաքական ուղղություններն են թուրքահաճ, ուստի Երեւանը պետք է իր արտաքին քաղաքականության մեջ ներառի Մերձավոր Արեւելք-Հայկական Լեռնաշխարհ-Կովկաս ձեւակերպումը (Հայկական լեռնաշխարհը իր բնիկներով՝ հայերով, միշտ է եղել, վկա համաշխարհային պատմությունն ու քարտեզագրությունը, մինչդեռ այսօրվա արհեստածին երկրներն ու ազգ հորջորջվողներն ընդամենը խառնածին զանգվածներ են՝ անծագում եւ անհայրենիք)…

Իհարկե, միանգամից հնարավոր չէ միջազգային օրակարգում ամրագրել «հայկական լեռնաշխարհ» տարածաշրջանը, բայց քանի որ Մերձավոր Արեւելքի հետ կապված եւ աշխարհի վերաձեւմանը նպաստող բոլոր ծրագրերում իրապես առկա է Հայկական բարձրավանդակը, քայլեր պետք է արվեն մշտապես: Հատկապես այն դեպքերում, երբ Արեւմտյան Հայաստանի տարածքում խոսք է լինում երբեւէ չգոյ Քրդստանի ստեղծման մասին:

Թուրքիայի մասնատման ցանկացած ծրագիր պետք է ներառի հայկական հարցը՝ հայ դատն ամբողջապես, եւ սրան պիտի ձգտի ու հասնի հայությունը, նախեւառաջ պաշտոնական Երեւանը:

Ի վերջո այսօր Կովկաս-Այսրկովկաս ասված տարածաշրջանում կարելի է նախաձեռնել քայլեր, որոնք կտանեն դեպի Արեւմտյան Հայաստան ու այլ հայապատկան տարածքներ: Հայ Արիական Միաբանությունը առաջարկել է մի քանի ծրագիր, որոնք կնպաստեն Հայկական լեռնաշխարհի գործոնի աշխուժացմանը:

- Կովկաս, որտեղ կա 6 (3 ճանաչված եւ 3 չճանաչված) պետություն:

Ի դեմս ԱՄՆ-ի ու Ավստրալիայի, նաեւ Կանադայի մի շարք նահանգների, քաղաքների վարչական կամ օրենսդիր մարմինների որոշումների, Արցախի Հանրապետությունը ճանաչվել է անկախ երկիր: Արցախի քաղաքների հետ նաեւ քույր(եղբայր)-քաղաքների որոշումներ են ստորագրվել նշյալ ու այլ երկրների մի քանի բնակավայրերի հետ: Որոշ նահանգներում էլ Հայոց ցեղասպանության ճանաչումն է առաջնային տեղ գրավել եւ այս ամենը դեռ նպատակայնորեն չի արծարծվում, ինչը պիտի առաջնային թեմաների շարքում լիներ թերեւս:

Ի վերջո պետք է սկսել գործել, ասենք՝ առաջիկայում հայտարարել, որ Կովկասում այլեւս կա 6 պետություն՝ Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ավելացել են Արցախը, Աբխազիան ու Հարավային Օսիան: Պետք է նախաձեռնել այսպես կոչված Համակովկասյան տուն, որտեղ խորհրդարանական սկզբունքով կաշխատեն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Արցախի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները: Դիտորդի կարգավիճակով կարող են ընդգրկվել Հյուսիսային Կովկասի՝ Ռուսաստանի Դաշնության հանրապետությունների ներկայացուցիչները, իհարկե՝ Մոսկվայի համաձայնությամբ:

Սա կարող է արգելափակել նաեւ Հյուսիսային Կովկասի ընդգծված իսլամացման «Ծովից ծով» (Կասպից եւ Սեւ ծովերի շրջանում) գործընթացը, ինչը ժամանակին նախաձեռնել են չեչեն եւ արաբ ծայրահեղականները: Այդ ծրագրով միավորվում են հետեւյալ երկրները՝ Դաղստան, Չեչնիա (որ Իչքերիա էր անվանվել), Ինգուշիա, Հյուսիսային Օսիա (որը միակ քրիստոնեական երկրամասն (արիական անցյալով) է այստեղ եւ կրոնական առումով խանգարում է միասնական իսլամական Կովկասի ծրագրին), Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաեւո-Չերքեզիա, Ադըղեյ եւ Աբխազիա:

Կարծում ենք՝ Մոսկվային եւս ձեռնտու է մեր ծրագիրը, քանի որ ռուսաստանյան հանրապետություններով ներկա է լինում Կովկաս-Այսրկովկասում, ինչպեսեւ՝ հեռու է մնում իսլամական հետագա վտանգներից: Այս առումով երեւի թե ընդվզեն Վրաստանն ու Ադրբեջանը, բայց դա կարող է հենց իրենց դեմ աշխատել, եթե մյուս բոլոր նշյալ երկրները համաձայնեն նախագծի հետ: Նշյալ երկուսի հրաժարման դեպքում նախընտրելի կլինի նաեւ Ջավախքի ու Նախիջեւանի անկախացման շարժումների ներկայացուցիչների ներգրավումը:

Սրան զուգահեռ հայ արիները առաջարկել են ստեղծել Կովկասի եւ Հայկական լեռնաշխարհի բնիկների դաշինք, որը եւս կարեւորում է Հայկական լեռնաշխարհի գործոնը: Այս ծրագիրը կարող է ավելի առաջնային դառնալ, եթե չգործի Կովկասում այլեւս 6 պետություն նախագիծը (3 չճանաչված երկրները պետք է ճանաչվեն):

Կովկասի եւ Հայկական լեռնաշխարհի բնիկների միավորումը կարող է ներառել ոչ միայն տարածաշրջանի պետական կազմավորումները, այլեւ պետականություն չունեցող բնիկ ազգերի ներկայացուցիչներին: Վրաստանի դեպքում կարող են լինել աջարները, սվանները, լեզխումները եւ այլք, Ադրբեջանի դեպքում՝ թաթերը, թալիշները, խազարները եւն:

Բնիկության թեման կարեւորելով՝ Հայ Արիական միաբանությունն ու Հայ Ազգայնականների համախմբումն առաջարկել են Երեւանում նախաձեռնել «Փոքրատարածք երկրների, փոքրաթիվ ազգությունների եւ պետականություն չունեցող ազգ-ժողովուրդների միություն», որը կարող է միջազգայնացնել ամեն մի «փոքր հարց»:

Սա կնպաստի Երեւանի՝ փոքր հնարավորություններով երկրների ու ազգությունների իրավունքների պաշտպանության կենտրոնը դառնալուն, ինչը կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը միջազային ասպարեզում:

Ըստ հայ արիների, Կովկասյան տան այլ՝ բնիկների իրավունքների պաշտպանության դաշինքը նույնպես կնպաստի մեր նպատակների միջազգայնացմանը: Նախկինում չեչեն գրոհայինները Կովկասյան տան ընդգծված իսլամական տարբերակն էին առաջարկում, իսկ վրացիները այդպիսի տան՝ զուտ տնտեսական համագործակցության նախագիծն առաջ քաշեցին: Սակայն տարածաշրջանի բնիկների իրավունքների ու զարգացման թեման հաստատ առաջնային կդառնա, քանզի Կովկասում հզոր է մնացել էթնիկ ինքնության գործոնը…

Համաշխարհային վերաձեւմանը նպաստում են նաեւ անկախական շարժումները, որի մասին գրել է «Լուսանցք»-ը: Վերջերս Շոտլանդիայի անկախության հարցը նորից քննարկումների պատճառ դարձավ Եվրոպայում: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն նախօրոք հասկացրել է, որ «անկախ Շոտլանդիան հազիվ թե կարողանա անդամակցել Եվրամիությանը», իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել հրաժարվել անկախանալու մտքից: Իհարկե կոչ կանեն Վաշինգտոնից, չէ որ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի դավադրությունների հեղինակն է եվրոպայում… Հիշեցնենք, որ «անկախական» է նաեւ բրիտանական Հյուսիսային Իռլանդիան:

Եվրոպայում անկախական շարժումներ կան նաեւ Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ականդինավյան երկրներում եւ այլն, ինչը կարող է լուրջ փոփոխությունների պատճառ դառնալ ոչ միայն Եվրոպայում: Չէ՞ որ ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի փլուզումները թողեցին իրենց հետքերը: Բայց միայն Եվրոպան չէ համակված անկախական շարժումներով, դրանք առկա են նաեւ Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում, Ասիայում ու Աֆրիկայում, այսինքն՝ աշխարհը դեռ ականատես կլինի նոր պետությունների առաջացմանը եւ հներից որոշների անհետացմանը…

Բայց, ի վերջո, աշխարհի վերաձեւման գլխավոր քարտեզը գծվում է Մերձավոր Արեւելքից, ինչի մասին խոսեցինք վերեւում:

Իսկ այստեղ թուրքերը փորձում են մոռանալ իրենց եկվոր ու քոչվոր անցյալը եւ փորձում են տեր զգալ: Ավելին՝ ծավալվել ու դառնալ աշխարհակալ… Նրանք երբեք չեն հրաժարվելու համաթուրանիզմից-պանթուրքիզմից: «Մեծ Թուրանի» ստեղծման երազանքը դեռ չի մարել եւ թերեւս կմարի միայն թյուրքական տարրին իր ալթայական տափաստանները «գործուղելու» միջոցով…

Սրանք այդ Թուրան ասվածն ակնկալում են ծավալել հետեւյալ կերպ՝ հորիզոնական ուղղությամբ՝ Բալկաններից (ներառյալ՝ թրքացվող եւ իսլամացվող Բոսնիա եւ Հերցեգովինան, Կոսովոն) Հունաստանով ու Բուլղարիայով, ներկայիս Թուրքիայով, Կովկասով ու Միջին Ասիայով մինչեւ չինական Ույղուրստան եւ ռուսաստանյան Սախա-Յակուտիա, անգամ Կամչատկա, եւ ուղղահայաց ուղղությամբ՝ ռուսաստանյան Թաթարստանից Բաշկորտոստանով, Կովկասով, Հայաստանով մինչեւ Իրան ու Արաբական թերակղզու երկրներ, եթե չասենք՝ մինչեւ Եգիպտոս եւ Հյուսիսային Աֆրիկա:

Մեջբերելով ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հոդվածներից հատվածներ՝ նշենք. «Սա թյուրքական համաշխարհային տիրապետության հասնելու վաղեմի երազանքն է: Եթե նկատի առնենք, որ այժմ գործում է «1 ազգ՝ 6 պետություն» համաթրքական համագործակցությունը եւ Թուրքիան (779,5 հզ. կմ2) Ադրբեջանի (այժմ՝ մոտ 75 հզ. կմ2) ու Միջինասիական թյուրքական երկրների (Ղազախստան (2.724,9 հզ. կմ2), Ուզբեկստան (447,4 հզ. կմ2), Թուրքմենստան (488,1 հզ. կմ2) եւ Ղրղզստան (199,9 հզ. կմ2)) հետ արդեն երազում են հասնել իրենց պիղծ նպատակներին, ապա ամենեւին ծիծաղելի չի պատկերվում «Մեծ Թուրանի» գաղափարը, երբ արդեն իսկ մի ահռելի տարածք, մոտ 140-150 մլն. բնակչությամբ ապրում է այդ հույսով, որտեղ առավելապես բնակվում են թյուրքական կամ արդեն թյուրքացված տարրեր: Իսկ «Մեծ Թուրան» ստեղծելու համար նշված տարածքների ահռելի չափերն ու բնակչության քանակը պատկերացնելու համար պարզապես աշխարհի քարտեզը պետք է աչքի տակ անցկացնել»: Հայ արիների ղեկավարը զարմանում է, որ «առաջին հերթին թյուրքական գործոնը խաղաքար դիտարկող Եվրոպան, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը պետք է սա հիշեն, բայց…»:

Այս վտանգը մշտառկա է եւ հայտնի չէ, թե որտեղից կսկսի ծավալվել, ինչի մասին եւս զգուշացրել է ՀԱՄ առաջնորդը. «Թյուրքական լեզվաընտանիքի ճյուղերի անդամներից են նաեւ եվրոպական համարվող էստոնացիները, ֆինն-ույղուրական տարրերը, որոնք բնակվում են ինչպես Էստոնիայում ու Ֆինլանդիայում, այնպես էլ հարակից ռուսաստանյան տարածքներում: Երբեք որեւէ մեկի մտքով գուցե չանցներ, որ մի օր եվրապական հունգարների թյուրքախառը գենը կխոսի հօգուտ հայասպան սաֆարովի, ում Բուդապեշտը թուրքական ոճով կծախի Բաքվին: Բայց եղավ: Ու չի կարելի բացառել, որ նույնը կարող է լինել ֆինների, էստոնացիների հետ կամ այլոց հետ, հատկապես էստոնացիների, որոնք դեռ խորհրդային տարիներից տառապում էին ռասիզմով, եւ հայերին նույնպես չէին սիրում:

Թուրքերն ու ադրբեջանցիները այսօր վխտում են Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Կիպրոսում (որի մի մասը վաղուց զավթել ու թուրքական Կիպրոս են հռչակել), Հունաստանում, Բուլղարիայում ու այլ եվրոպական երկրներում, իսկ Բոսնիա եւ Հերցեգովինան ու Կոսովոն անուղեղ եվրախամաճիկները կարծես հենց թուրքերի համար էլ «պոկեցին» Սերբիայից, եւ այն այժմ թրքացվում է: Հատկապես՝ Կոսովոն, որը սերբերի համար մի սրբազան տարածք է պատմական, ինչպես Արցախը՝ հայերիս համար:

Թուրքերն ու ադրբեջանցիները վխտում են նաեւ Իրանում ու արաբական երկրներում եւ արդեն առաջիկայում նախատեսում են «Մեծ Թուրանի» առաջին «պատառները» այնտեղից ստանալ (Սիրիա, Իրաք եւ Իրան), իհարկե նաեւ Հայաստանից, որին վաղուց արդեն «անիծյալ սեպ» են համարում՝ խրված համաթուրանականության կոկորդին»:

Անգամ «Նոր Թուրքիա» միջանկյալ մի ծրագիր է արծարծվում, եւ նախագծված քարտեզում Թուրքիայի տարածքում են ներառվել հարեւան երկրներից 8-ի տարածքներ. Հունաստանից, Բուլղարիաից, Կիպրոսն ամբողջությամբ, Սիրիայից, Իրաքից, Իրանից, Վրաստանից (բացի Աջարիան, թուրքերը հավակնում են ստանալ նաեւ Աբխազիան) եւ Ադրբեջանից: Վերջինի անունը խորամանկ ու հեռահար քայլով է ներառված՝ Ադրբեջանից «վերցված» է Նախիջեւանը, քանզի Հայաստանը միշտ է հավակնելու Նախիջեւանին, ինչը թյուրքական խաղով թույլ Ադրբեջանից հանձնում են ուժեղ Թուրքիային: Այսինքն՝ ի՞նչ տարբերություն, եթե ապագայում միասնական «Մեծ Թուրան» են ուզում:

Թուրքական զլմ-ները արդեն հրապարակել են «Նոր Թուրքիա» քարտեզը, որի հեղինակները ներկայիս Թուրքիայի սահմաններից դուրս ներառել են Կիպրոսը, Սիրիայի հյուսիսային շրջանները, Իրաքի ու Հունաստանի հյուսիսային հատվածները, Իրանից մի փոքր մաս՝ սահմանակից Նախիջեւանին, ինչպես նաեւ որոշակի տարածքներ Ադրբեջանից ու Վրաստանից: Այս քարտեզով հոդվածում խոսվում է նախկին Օսմանյան կայսրության տարածքներում նոր, հզոր պետության ստեղծման մասին:

Չի կարելի բացառել, որ «Մեծ Թուրանի» ստեղծման ճանապարհին թյուրքական ,աշխարհակալները» շտապել են նախեւառաջ տարածաշրջանում կարգավորել իրենց հարցերը, քանի որ «Մեծ Մերձավոր Արեւելք», «Նոր Մերձավոր Արեւելք» եւ նմանատիպ այլ նախագծերում գերակշռում է Թուրքիայի մասնատման ծրագիրը (չնայած Ադրբեջանին մեծ տարածքներ են հատկացվում Իրանից), եւ առավելապես խաղարկվում է «Մեծ Ադրբեջանի» ու «Մեծ Քրդստանի» ստեղծումը, ինչը սիոնական եւ արեւմտյան նախագծողները կարեւոր են համարում ոչ միայն Թուրքիան եւ Իրանը քանդելու գործում, այլեւ Մեծ եւ Միացյալ Հայաստանի վերաստեղծումը կանխելու հարցում:

Հետաքրքիր է, որ թուրքական լրատվամիջոցներն այս հոդվածն ու քարտեզը հրապարակեցին այն գործողություններից հետո, երբ թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորները հանդիպեցին ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանտում, որից հետո նա մարտի 21-ին իր զինյալներին կոչ արեց դադարեցնել զինված պայքարն ու անցնել «ժողովրդավարական պայքարի»: Այս կոչն առաջին քայլն է քրդական խաղաքարտը նորից շրջանառության մեջ դնելու համար:

Մենք մտածելու բան չունենք, ո՛չ «Մեծ Քրդստան» է մեզ պետք, ո՛չ էլ առավել եւս «Մեծ Թուրքիա»,  պետք է ընդդիմանալ այս տեսություններին ազգովի, ամենուր, որտեղ գեթ 1 հայ կա:  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է մոտենում, բայց դեռ պահանջատիրության հարցերը պետական քաղաքականություն չեն դարձել…

Միայն Մեծ եւ Միացյալ Հայաստանը կարող է լինել Հայկական լեռնաշխարհում եւ դա արդար է ինչպես երկնային, այնպես էլ երկրային օրենքներով, արդար է ինչպես պատմական, այնպես էլ բարոյական ու բոլոր առումներով:

Ի վերջո, որպես միավորման առաջին քայլ կարելի է համարել Հայաստան-Արցախ իրավական վերամիավորումը, ինչը գուցե միջազգային որոշակի խնդիրներ ստեղծի, բայց ժամանակի հետ կհարթվի ու կնպաստի համահայկական խնդիրների առաջընթացին:

Իսկ համաթրքական պատերը նաեւ ճաքեր ունեն, որից օգտվելով կարող ենք տարածաշրջանում արժեւորել հայկական ու հայանպաստ բնախագծերը: «Լուսանցք»-ն անդրադարձել է «թուրքերի հայր. ստեղծելու քայլերին, ինչը ներթուրքական հակամարտություն ունի… Աթաթուրքը, ով համարվում է «թուրքերի հայրը», արդեն իր թաթար, ադրբեջանցի եւ թուրքմեն մրցակիցներն ունի: Իսկ վերջերս անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանն է համեմատվում Աթաթուրքի հետ:

Աթաթուրքը, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին՝ «ազգի հայր» լինելու ճանապարհին հաստատ կնպաստեն ներքին հակասությունների սրմանը, ինչից պետք է օգտվել: Հայտնի է, որ Անկարան Աթաթուրքի անունը գործածում է նրա՝ բոլոր թուրքերի հայր լինելն ընդգծելով, ինչը այլեւս չի շոյում վերամբարձ ադրբեջանական ալիեւյան կլանին: Հեյդար Ալիեւին «ազգի հայր» հռչակելու մասին քայլեր են արվել եւ թուրքական զլմ-ները նշել են, որ Աթաթուրքի, եւ վերջերս էլ Աթաթաթարի նորօրյա արծարծումները հանգիստ չեն տալիս ալիեւների ոչ ադրբեջանական ծագման ժառանգներին (խոսվում է նրանց քրդական արմատների մասին): Թուրքերի վաղեմի եւ թաթարների վերջերս «ազգի հայր» հռչակելու արարողությունները իհարկե մեծ Ադրբեջան երազող Իլհամ Ալիեւին զայրացնում են: Նա տարիներ շարունակ հսկայական գումարներ ծախսելով՝ իր հոր արձաններն է տեղադրում Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում, Եվրոպական երկրներում, անգամ Մեքսիկայում հաջողացրեց, սակայն այդ երկրի մտավորականները վերջերս հանել տվեցին այն:

Իսկ Թուրքմենստանում կարծում են, որ թյուրքերի նախահայրենիքը իրենց երկիրն է, թուրքմեններն էլ նախնական թուրքերն են, ուստի՝ այդ երկրի հանգուցյալ նախագահ Սափարմուրադ Նիյազովը, ով կենդանության օրոք Թուրքմենբաշի էր հռչակվել (նաեւ երկրի հավերժ նախագահ) պիտի հանդիսանա «թուրքերի հայրը»…

Այժմ էլ «Նոր Միջին Արեւելք» հասկացությունն է մտել շրջանառության մեջ եւ Միջին Արեւելքի նոր քարտեզ է ի հայտ եկել: Սիրիայի եւ Իրաքի պատերազմական դեպքերը, Լիբանանի վրա կատարած հարձակումները այլեւս այդ ծրագրի մաս են կազմում: Ինչպիսի՞ն է լինելու նախատեսվող տարածաշրջանը, ի՞նչ պետություններ են հայտնվելու, ովքե՞ր են տուժելու եւ ովքե՞ր շահելու.- հնչում են բոլորին հուզող հարցերը: Ըստ որոշ քարտեզների՝ մնում են Աֆղանստանը, Արաբական շիա պետությունը, Հայաստանը, Ադրբեջանը, անկախ Բելուջստանը, անկախ Քրդստանը, Իրանը, Իսլամական սուրբ պետությունը, Հորդանանը, Լիբանանը եւ Եմենը… կորցնում են Աֆղանստանը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Քուվեյթը, Պակիստանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Արեւմտյան Ափը…

Այսօր «Իրաքի եւ Շամի (կամ՝ Լեւանտի) իսլամական պետություն» խմբավորումը, որ մոտ է կանգնած «Ալ-Ղաիդա»-ին, քանդուքարափ է անում Իրաքը եւ մոտեցել է Իրանի սահմանին: Հայտարարվել է «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին եւ հայտարարվել, թե այն ի զորու է ստեղծել խաղի նոր կանոններ: Իրաքյան Քրդստանը իր հերթին է պատրաստվում է անկախության հանրաքվեի, որը ողջունել է Իսրայելը… որ վաղուց է ծրագրել Քրդստանի ստեղծումը Արեւմտյան Հայաստանի տարածքում: Իսրայելը նաեւ նոր օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ մեղադրելով «Համաս»-ին ահաբեկչության մեջ:

Այս անգամ քայլեր պիտի հետեւեն մեր կողմից՝ «Մեծ Քրդստան» կամ «Մեծ Թուրքիա», թե «Մեծ Ադրբեջան» մեզ պետք չեն, դրա համար էլ գործել է պետք: Կարիք չկա տուրք տալու Անկարայի նոր խաղին, իբր պատրաստ է բանակցել Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ, պատրաստվում են բացել հայ-թուրքական կոչված սահմանը եւ այլն… Այս ամենն արվում է, որպեսզի Թուրքիան խուսափի հայ-թուրքական արձանագրությունների ձախողման պատասխանատվությունից՝ միաժամանակ պահպանելով համաթրքական ծրագրի արդիականությունը: Իսկ այն նկատելիորեն իրականացվում է նաեւ Ադրբեջանի ու Ղազախստանի միջոցով…

Այս թեմաներով ասելիքը շատ է, դեռ կխոսենք, իսկ «Լուսանցք»-ը փորձեց ընթերցողների հետ խոսել նաեւ քարտեզներով, որոնք հաճախ ավելի շատ բան են ասում, քան երբեմն նշվում է դրանց մեկնաբանություններում: Քարտեզներով քարոզչությունը նաեւ «աչքներին սովորեցնելու» միջոց է ծառայում:

Արտակ Հայոցյան եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 24 (329), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։