Մարդկանց համարակալումը հասնում է չիպավորման ընթացքին – հայ արիները դեռ պայքարում են… Կամավոր-պարտադիր սկզբունքը դառնում է ճնշող լծակ – ստեղծվել է ընդդիմացող միավորում…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է համաշխարհայնացման տարաբնույթ գործընթացներին, ժամանակին ներկայացրել ենք նաեւ մարդկանց համարակալման շրջանակներում թաքնված ապազգայնացման ու մարդկանց ստրկացման վտանգները: Դրանք համարակալման անվանափոխությունից հետո ստացան անհատական համարանիշ, սոցիալական քարտ եւ այլ անվանումներ, այժմ նաեւ կենսաչափական քարտ եւ անձնագիր, որը մարդկանց չիպավորման գործընթացն այլեւս ազդարարեց: Հաջորդը, որքան էլ մեզանում դեռ կան անհավատներ, լինելու է մարդու մարմնում չիպի տեղադրումը, եւ դա էլ համոզելու եւ անցկացնելու են «օրենքների» շրջանակներում… Կենսաչափական (բիոքարտի) խնդիրներին մենք եւս անդրադարձել ենք:

Վերջերս պարզվեց, որ կառավարությունը փոխել է 2012թ. սեպտեմբերի 13-ի իր 1202-Ա որոշումը: Արդեն կարելի է ստանալ էլեկտրոնային ստորագրություն առանց նույնականացման քարտի: Եվ ինչպես մարդկանց համարակալման նախնական ժամանակահատվածում, այժմ էլ անաղմուկ կիրառվում է կամավոր-պարտադիր սկզբունքը, եւ կազմակերպություններն ու մարդիկ անախորժություններից եւ անհարկի քաշքշուկներից խուսափելու համար մեր «ցեղակրոն» կառավարության ջանքերով գնում են դեպի «համաշխարհային գաղտնի կառավարության» ստեղծած պայծառ ապագան՝ ստրուկների համաշխարհային եւ համամարդկային համակենտրոնացման բազա…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ), «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի եւ քարտավորման» եւ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումները (միացել են այլ կազմակերպություններ եւս), նաեւ հազարավոր քաղաքացիներ շարունակում են պայքարել միջազգային ստրկացման դեմ, բայց երբ «ձուկը գլխից է հոտած», պայքարը մեծ ծավալումներ չի ստանում:

Հիմա էլ առանց նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրություն տրամադրում են որոշակիորեն, որպեսզի նույնականացման քարտերի պարտադրանքն այդ ստորագրությունն ստանալիս հիմնականում զանգվածային չերեւա: Եվ մարդիկ առօրյա կյանքից հոգնած ու անտարբեր (այսպես են դարձրել)՝ հետզհետե «մտնում» են համակարգչային կյանք ու շուտով այնտեղ էլ բնակվելու են… մինչեւ գլխի ընկնեն…

Հակաօրինական որոշմամբ կառավարությունը ստիպում է բոլորին վերցնել նույնականացման քարտը, որը հերթական անգամ ամրապնդում է անհատների (ուրեմնեւ՝ ազգերի) տվյալների կուտակումն ու արտահանձումը՝ ըստ պահանջատերերի: Մարդու ազատություններն ու իրավունքները սահմանափակող եւ ոչ իր կամքով բացահայտող այս հակասահմանադրական բիոմետրիկ փաստաթղթերի վերջնական հաջողությունը ՙհամաշխարհային գաղտնի կառավարության՚ ծրագրած 2-րդ փուլն է՝ սոցիալական քարտերի համակարգի ներդրումից հետո: Շուտով սոցիալական քարտերը պետք չեն գա (հիմա էլ իմաստազրկված են առավելապես), երբ նույնականացման քարտերը (կենսաչափական անձնագրերում դրված չիպերով) հաղթահարեն բոլոր ներքին ու արտաքին դժվարությունները: Կմնա վերջին փուլը, ինչպես նշեցինք՝ մարդկանց չիպավորման: Եվ չիպավորված որեւէ մեկը չի կարող հեռու մնալ աշխարհի գաղտնի տերերի հսկողությունից,  չի կարող փախչել նրանց հետապնդումից: Չիպը ռադիոսարք է, որի ալիքները հասանելի են ամենուր եւ ամեն տեղից:

Արտակ Հայոցյան

Կամավոր-պարտադիր սկզբունքը դառնում է ճնշող լծակ

Հատված՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հերթական նամակից (Հայ Արիական Միաբանության առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան, «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի ներդրման» միավորման ղեկավար՝ Ռուբեն Ալանակյան, Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ՝ Աշոտ Բադալյան, «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ՝ Շահեն Ծատուրյան, «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման նախագահ՝ Խաչիկ Ստամբոլցյան, «Հայաստանի կանաչների միության» նախագահ՝ Հակոբ Սանասարյան):

…Նորից փորձում են մեզ ապացուցել, որ մեզ իբր չեն ստիպում, քանի որ մեզ տրված է իրավունք հրաժարվել համարանիշից: Պատասխանում ենք. – Ո՛չ, ստիպում են ստանալ նույնականացման քարտ, քանի որ հրաժարվում են տալ առանց վտանգավոր չիպի հին տեսակի անձնագիր: Ոստիկանությունն այս պայմաններում խոսում է տեղեկանքի մասին. անգամ չդիտարկելով, որ այն վիրավորական է այն մարդու համար, որ համոզմունքներ ունի, ով նաեւ սահմանադրորեն է պաշտպանված, նաեւ տեղեկացված է, թե ինչ միջազգային վտանգներ կան նման գաղտնի ծրագրերի հետեւում…

Ի՞նչ է նշանակում եւս մեկ դիմում գրելը՝ օրենքով եղած իրավունքները պաշտպանելու համար: Հիմա երկիրը օրենքի՞ երկիր է, թե թղթե դիմումների…  Այսպես՝ կառավարությունը կրճատել է մեր իրավունքները, փոխարինելով սոցքարտի մասին բացակայության տեղեկանքով, իր փոքր մասի (համարանիշի) բացակայության մասին տեղեկանքով, որպեսզի ստիպի բոլորին վերցնել գոնե առանց համարանիշի նույնականացման քարտ: Սա հոգեբանական ձեռնածություն է:

Դրանով մեր իշխող վերնախավը վիրավորում է այն քաղաքացիներին, ովքեր ընդհանրապես դեմ են հակասահմանադրական նույնականացման քարտին, այդ թվում՝ մատնահետքեր հանձնելուն (նախորդ մեր նամակի N 4 պնդումը) հավասարեցնում է բոլոր անմեղ քաղաքացիներին, հանցագործներին ու ահաբեկիչներին եւ հեռակառավարվող չիպին, որը ստրկացման հեռահար ակնարկ է, ինչի միջոցով մեզ այլեւս համեմատում են ստրուկների կամ անասունների համարակալման հետ:

…Այսպիսով, մենք  հերթական անգամ ապացուցել ենք, որ իշխանությունները նույնականացման քարտերի պարտադրանքով խախտում են Սահմանադրական դատարանի որոշումը ՍԴՈ 649, Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, մարդու իրավունքները, մենք ապացուցել ենք, որ հերթական անգամ  իշխանությունները, տվյալ դեպքում՝ ոստիկանությունը, հստակ չի պատասխանում մեր հարցերին:

Որ այս նախագիծը վտանգավոր է բազմաթիվ պատճառներով, նշել ենք մեր 2 նամակների 1-16 փաստարկներով: Միաժամանակ մենք ապացուցել ենք, որ ոստիկանության պնդումները պատասխան նամակում անհիմն են: Եվ նորից կոչ ենք անում՝ Ձեր բարձր կարգադրությամբ կանխարգելել նախորդ կառավարության սխալը, չեղյալ հայտարարել վերոնշյալ Կ-402 նշաններով սկսվող մարդու իրավունքները ոտնահարող հակասահմանադրական օրենքները, որոնք խախտում են Սահմանադրական դատարանի որոշումը, վերականգնել առանց չիպի թղթե 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ անձնագրեր ստանալու իրավունքը, դադարեցնել բիոմետրիկ փաստաթղթերի ցանկացած պարտադրանքը:

Նախագիծը «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ Կ-510-05.05.2014-ՏՀ-010/1 ենթադրում է հաշվետվություն էլեկտրոնային տեսքով: Դա նույնպես նշանակում է նորից նույնականացման քարտերի պարտադրանքը, ինչպես նաեւ թանկ համակարգիչներ ու համակարգչային ծրագրեր, նաեւ՝ րիդեր (reader-կարդացող սարք) նույնականացման քարտի համար:

«ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» Կ-529-19.05.2014 011/0 նախագծի 67 էջում մենք տեսնում ենք վտանգավոր խոսքեր. «…Ավարտին հասցնել կենսաչափական կողմնորոշիչ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրումը, որը կդյուրացնի բոլոր քաղաքացիների համար հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրոնային ծառայություններից օգտվելը», որտեղից հետեւում է, որ պլանավորում է ստիպել բոլորին վերցնել նույնականացման քարտ:

Կոչ ենք անում նաեւ կանխարգելել վերոհիշյալ նախագծերը Կ-510-05.05.2014-ՏՀ-010/1, Կ-529-19.05.2014 011/0, որոնք պարտադրում է քաղաքացիներին ստանալ նույնականացման քարտ եւ դրանով խախտում են 4.10.2006թ. Սահմանադրական դատարանի ՍԴՈ-649 որոշումը, Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, մարդու իրավունքները:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 25 (330), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։