Մեր օրենքներով պետական գաղտնիությունը՝ հումորային ուղղություն – ՀՀ բոլոր քաղաքացիների անձնագրային եւ այլ տվյալները նորից հայտնվել են համացանցում… Ռուսաստան էլ գաղտնագրումը ուշացրեց…

…Արդյո՞ք մարդու գենետիկ տվյալներն իրավունք ունեն պետականացնելու կամ ինչ-որ միջազգային գաղտնի կառույցի սեփականությունը դարձնելու… սա համազգային, համաշխարհային վտանգ է, ինչի մասին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը 2000թ. առ այսօր խոսում է…

Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ բոլոր քաղաքացիների քաղաքային ու բջջային հեռախոսահամարներն ու մեքենաների համարանիշները, ինչպես նաեւ անձնագրային տվյալները հայտնվել են համացանցում: Այսքանից հետո, յուրաքանչյուր ոք armsearch.info համակարգի օգնությամբ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար պետք է ընդամենը ընտրի նշված բաժիններից որեւէ մեկը եւ սեղմի «OK» կոճակը:

Ըստ համակարգի՝ իրենց տրամադրած տեղեկատվությունը ճշգրիտ է 2012թ. դրությամբ: Բնակիչների մոտ սա տարակուսանք է առաջացրել, շատերը վստահ են, որ այս ձեւով խախտվում է գաղտնիության իրավունքը: Կայքն անհասանելի է դեռ, բայց հակերների եւ ոմանց համար անհասանելի ոչինչ չկա…

Խնդրի հետ կապված տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ տարիներ առաջ տեղեկատվական արտահոսք է եղել, տվյալները մինչ օրս շարունակում են գործածել: Սա այնքանով է խնդիր, որ այդ տվյալներն արդեն 4 տարի է պտտվում են, տարբեր ձեւերով վաճառվում են, ցանցում տեղադրվում ֆայլերի ձեւով եւ այլն: «Բնականաբար, օրենքի խախտում է՝ ինչպես արտահոսքը, այնպես էլ տվյալների տարածումը: Ընդհանրապես անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում սարսափելի վիճակում է: Ցավոք, առանձնապես ոչ հասարակությունն է հետաքրքրվում, ոչ լրատվամիջոցները… շարունակվում է տարածվել»,- փորձագետը:

Հեռախոսի կամ անձնագրի համար իմանալը բավարար է, որպեսզի հնարավոր լինի տիրապետել մարդու անձնական տվյալներին: Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ զգուշացնում էր, որ անձնական տվյալները հնարավոր չի լինելու գաղտնի պահել ինչ-ինչ պահոցներում եւ շուտով համարակալված մարդիկ (որ նույնականացված են լինելու իրենց տրված քարտերի համարանիշների հետ) հասանելի են լինելու այն ուժերին, որ արդեն տիրապետում են աշխարհի գրեթե ամբողջ բնակչության տվյալներին:

ՀՀ քաղաքացիների տվյալների բազան համացանցում պտտվում է տարիներ շարունակ, իսկ իրավապահ մարմինները եւ նույն հասարակությունը դրան այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Գործում է անգամ կայք, որտեղից կարելի է հեշտությամբ, մի քանի վայրկյանի ընթացքում ստանալ որեւէ անձի բնակության հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի համարը: Շուտով երեւի սոցիալական եւ կենսաչափական քարտերի տվյալները եւս կդառնան հասանելի (եթե արդեն այդպես չէ), ինչպես զգուշացրել էին հայ արիները:

Panorama.am-ի հարցին՝ սա հիմք չէ՞, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը հետապնդում սկսեն, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է. «Հիմնականում ոստիկանության իրավասության մեջ է: Դրանով ԱԱԾ-ն կարող է զբաղվել զուտ այն պատճառով, որ այդ բազաները նաեւ ադրբեջանական հաքերային խմբերն են տարածում՝ ներկայացնելով, որ իրենք են կոտրել: Չնայած իրականում ուղղակի ցանցում գտել են ու տարածում են»: Ըստ նրա, այլ հարց է, թե սկսած հետապնդումը ինչ արդյունք կտա: Խնդիրը նաեւ այն է, որ միայն մեկ կայք չէ, տվյալներն ամբողջ ցանցում ցրված են: Առնվազն 2 անգամ են այդ տվյալները դուրս եկել, ինչը փորձագետի բնորոշմամբ, նշանակում է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը մեզ մոտ այնքան անմխիթար վիճակում է, որ պարբերաբար արտահոսքը լինում է, առանձնապես հետեւանքներ չի ունենում: Նա հիշեցրել է, որ ժամանակին ոստիկանությունն այդ տվյալները վերավաճառող մի քանի անձի ձերբակալել է, բայց սկզբնաղբյուրը չեն հայտաբերել:

Իսկ որտեղի՞ց է եղել արտահոսքը: Այս հարցին փորձագետը պատասխանել է, որ դա եւս մեծ հարց է. «Մի՞ տեղից է գնացել, թե՞ տարբեր տեղերից քիչ-քիչ հավաքել են: Այդտեղ փաստացի օպերատորների բազաներն են, անձնագրային բազաներն են: Կարելի է ենթադրել, որ արտահոսքը ոստիկանությունից է եղել, հաշվի առնելով, որ այսքան բան միանագամից իրար վրա է հավաքված: Կարող էր նաեւ կադաստրից լինել»: Այս տվյալները, ըստ փորձագետի, տարածվում են նաեւ այսպես ասած օրինական եղանակով, ինչը նույնպես մեծ խնդիր է. «Մեր անձնական տվյալները ոչ միայն քրեական ձեւով են տարածում, այլեւ օրինական: Հասցեն, ըստ ընտրական օրենսգրքի, տեղադրված է elections.am-ի վրա: Ես ձեր անունը կարող եմ փնտրել եւ իմանալ որտեղ եք ապրում: Սա անձնական տվյալների թափանցիկություն է բոլորի համար, որն էլ օրինական ձեւով է արվում»:

Փաստորեն բոլոր խոստումները, որ տրվում էին դեռ անհատական համարանիշներին փոխարինող սոցիալական քարտերի համակարգը ներդնելով, թե գաղտնիությունը պահպանվելու է՝ սուտ են եղել: Ճիշտը հայ արիներն էին, որոնց պետական պատասխանատուները միտումնավոր աղմկարարներ էին որակում… Ուրեմն՝ նրանք ճիշտ են նաեւ մարդկանց համարակալելու եւ շուտով մարդու մարմնում չիպ տեղադրելու առումով, ինչը կամաց-կամաց հաստատվում է կենսաչափական տվյալների հավաքագրմամբ՝ երբ մարդու մատնահետքն ու աչքի ծիածանափայլ թաղանթի տվյալները եւս ընդգրկվում են:

Արդյո՞ք մարդու գենետիկ տվյալներն իրավունք ունեն պետականացնելու կամ ինչ-որ միջազգային գաղտնի կառույցի սեփականությունը դարձնելու… սա համազգային, համաշխարհային վտանգ է, ինչի մասին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը 2000թ. առ այսօր խոսում է…

Ինչո՞ւ են մարդկանց անձնական տվյալները հրապարակվում ԿԸՀ կայքէջում: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնակայն կայքում տեղադրված է ՀՀ ընտրողների ռեգիստրը, որտեղ ներկայացված են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների որոշ տվյալներ, ՀՀ Ընտրական օրենսգրքի իմպերատիվ, պարտադիր պահանջ է: Այս մասին էլ Panorama.am-ի թղթակցին ասել է ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Հաճախ քաղաքացիներից մտահոգություններ են լսվում այն մասին, թե ինչու են ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակվում իրենց անձնական տվյալները, այն է՝ անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվն ու օրը, հաշվառման վայրի հասցեն, բնակարանը/տունը: Դժգոհած քաղաքացիները նկատում են, որ հրապարակված տվյալները վերաբերում են իրենց անձնական կյանքին եւ դրանք պիտի հրապարակվեին բացառապես իրենց թույլտվությամբ:

ԿԸՀ պաշտոնյան եւս, ինչպես ինքն է նշել, նման մտահոգություններով նամակներ ստացել է, բայց ոչինչ անել չի կարող՝ ՀՀ օրենսդրությունն է այդպիսին: Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ԿԸՀ համացանցային կայքի մշտական ու անբաժանելի մասն է: «Ընտրական օրենսգիրքը սահմանում է, թե ինչ տվյալներ պետք է նշված լինեն ընտրողների ռեգիստրում, ընտրացուցակներում, եւ ըստ այդմ, ՀՀ ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի ու համայնքների: Ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են ՀՀ բնակչության Պետական ռեգիստրում ընդգրկված ՀՀ որեւէ համայնքում հաշվառված եւ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների անուններ»,- վկայակոչելով ՀՀ օրենսդրությունը՝ ասել է Նունե Հովհաննիսյանը: Նույն օրենսգրքով նշվում են այն տվյալները, որոնք պետք է պարտադիր լինեն ընտրողների ռեգիստրում՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն՝ մարզ համայնք: Իսկ համապետական ընտրությունների քվեարկությունից 40 օր առաջ ռեգիստրում տեղադրվում է նաեւ տեղամասի համարը:

Հարցին, թե օրինակ, տան կամ բնակարանի հասցեների հրապարակումն արդյոք մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտում չէ, գուցե մարդը չի ցանկանում, որ իմանան՝ որտեղ է ինքը բնակվում, իրավաբանը պատասխանել է, որ կա օրենսդրական պահանջ, եւ ԿԸՀ-ն պարտավոր է հետեւել այդ նորմին: Իհարկե, օրենքը պետք է պարտադրի, չէ՞ որ նրանք, ովքեր դրսից պարտադրեցին համարակալումը եւ անձնական տվյալների հավաքագրումը, նրանք էլ օրենքներ են պարտադրում (այս ամենի հետ միասին նաեւ՝ անբարո), որ իրենց հեշտ ու հարմար լինի տվյալ երկրում գործելու համար...

«Դա հակասահմանադրական նորմ չէ ու Սահմանադրական դատարանում այդ նորմը չի վիճարկվել (իսկ ՍԴ-ն 2006-ին անօրինակն համարեց մարդկանց տվյալների հավաքագրումը սոցիալական քարտերի դեպքում, եւ ի՞նչ. Ո՛չ մի ազդեցություն,- խմբ.):

Կարծում եմ՝ ճիշտ չէ այդպես մտածելը, որովհետեւ չի վիճարկվել հարցը: Դրա հետ մեկտեղ ունենք ռեգիստրի մասին օրենքը ու այդ տվյալները վերցվում են այնտեղից: Դա հակաօրինական գործառույթ չէ»,- ասել է ԿԸՀ իրավաբանական վարչության պետը եւ հավելել, որ այդ տվյալների հրապարակումը վտանգավոր չէ ու նույնիսկ շատ է բարելավել ընտրական գործընթացը:

Նրա խոսքով, երբ 90-ականներին չկար պետռեգիստրի համակարգը, ընտրողների անունները ընտրացուցակներում չկային կամ կային՝ սխալներով, ինչի հետեւանքով ընտրական գործընթացներում թերություններ էին առաջանում…

Այսօր եվրոպական շատ երկրներում նման ռեգիստր կա, մարդիկ կարողանում են գտնել իրենց անունները, նախապես իմանալ ու դիմել անճշտությունները վերացնելու համար: Մենք այսօր ունենք կատարյալ ցուցակներ»:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են, իրավաբանը ընդամենը իրավունքի բանեցմամբ է զբաղված, ինչը եթե քաղաքական չէ, ապա հաստատ իրավական չէ, բայց միեւնույնն է՝ «մուտիլովկա» է, որ ծանոթ է բոլորիս ու բոլոր ոլորտներում:

Նարե Մշեցյան եւ Վահագն Նանյան

- Արդեն շա՛տ ուշ է՝ Ռուսաստա՛ն

Չնայած ասում են՝ ավելի լավ է ուշ, քան՝ երբեք: Այսուհետ ռուսատանցիների անձնական տվյալները կպահվեն միայն ռուսական տեղեկատվական բազաներում:

ՌԴ Պետդուման ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք 2016թ. պարտադրում են արտասահմանյան կազմակերպություններին ռուսաստանցիների անձնական տվյալները տեղադրել բացառապես ՌԴ տարածքում գտնվող տվյալների բազաներում: Օրենսդիրների կողմից որպես քաղաքացիների անձնական բնույթի տվյալներ են համարվել նրանց էլեկտրոնային փոստերի հասցեները, անձնական գրառումները, ծածկանունները, հասցեներ եւ այս տիպի այլ տվյալներ: Ըստ այդ նախագծի՝ հեռահաղորդակցության, ինչպես նաեւ համացանցի միջոցով տվյալների հավաքագրման ժամանակ օպերատորը պարտավոր է այդ տվյալների պահումը, համակարգումը, տեղեկատվության ճշգրտումը (թարմացում, փոփոխություն) իրականացնել ՌԴ տարածքում տեղակայված տվյալների բազաների հաշիվներում:

Պետդումայի սույն օրենսդրական նախաձեռնությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել թե քաղաքացիների եւ թե փորձագետների շրջանում: Վերջիններս պնդում են, որ օրենքի կիրարկումից հետո գրեթե անհնար է դառնալու առցանց տարբերակով արտասահմանյան հյուրանոցներում համարներ պատվիրել, ինչպես նաեւ արտասահման մեկնելու համար տոմսեր գնել: Քանզի այդ բոլոր դեպքերում պահանջվում է անձնական որոշ տվյալների փոխանցում այդ հաստատությունների տվյալների բազաներին, ինչը, փաստորեն, արդեն արգելվելու է վերը նշված օրենքով:

«Լուսանցք» թիվ 25 (330), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։