Հանցագործները պիտի պատասխա՛ն տան – ԵԱՀԿ ՄԽ-ի՝ երկակի ստանդարտները եւս մեղավոր են… Արցախում չկա խուճապ, մենք էլ զգոնանում ենք, իսկ եվրաերկակիությունը մնում է…

Հանցագործները պիտի պատասխա՛ն տան…

«Դիվերսիոն-հետախուզական խմբի անդամները հացագործություն են կատարել եւ ԼՂՀ իրավապահ մարմինները քր.գործ են հարուցել, նրանք պատասխան կտան օրենսդրության ու միջազգային նորմերին համաձայն»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նշել է, որ այդ մարդիկ սադրիչ գործունեություն են ծավալել, ընդ որում այդ ժամանակ հակառակորդը գործածել է նաեւ հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին: Բաքուն միշտ էլ փորձել է լարվածություն ստեղծել՝ ներքաղաքական, միջազգային խնդիրներ իրականացնելու համար, փորձել է ազդել այն կառույցների վրա, որոնք զբաղվում են ԼՂ խնդրով:

«ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն, մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ, եւ Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել, ունեցել է հաջողություններ, հաղթանակ է տարել: Հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա՝ միակողմանի հաջողություններ, միակողմանի զիջումներ ունենալու: Երկխոսությունը եւ վստահության մթնոլորտի ձեւավորումն է այն միակ ճանապարհը, որով կարող ենք ԼՂՀ խնդիրը խաղաղ եւ քաղաքական ճանապարհով հասցնել մինչեւ վերջ»,- հայտարարել է նախարարը:

Հայկական զինուժի պատասխանատուները ցավով են նշել, որ կան անհատներ, այդ թվում իրենց մարտական ընկերներից, կարծիք են հայտնել, թե ծառայությունը թերի է կազմակերպված: Ովքեր եղել են մեր սահմանագծի տարբեր հատվածներում, մանավանդ Քարվաճառում, որտեղ որ ԼՂՀ ՊԲ զորքերը հերթապահություն են իրականացնում, գիտեն, որ բարդ լեռնաանտառային պայմանները այսօր հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել, եւ այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են, «ընդհակառակը մենք այսօր փառք պետք է տանք մեր զինվորներին, ովքեր կարողացել են հայտնաբերել, վնասազերծել, 1 հոգու ոչնչացնել ու 2 հոգու գերեվարել»: Եթե բանակային գործընթաց է, եթե զինված ուժերին է առնչվում, ապա պետք է թույլ տալ զինված ուժերի ղեկավարությունը եւ համապատասխան փորձագետներն այդ գնահատականը տան. համոզված են ՊՆ պատասխանատուները: ՊՆ-ն գնահատականը տվել է, որ դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ են, միգուցե ուղեկցորդներ են: Իսկ թե ի՞նչ է սպասվում ադրբեջանական դիվեսանտներին, կորոշվի դատավարությամբ, արդեն քանի օր է համացանցում ցուղադրվում է տեսաֆիլմ՝ ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման մասին: Կան անհերքելի ապացույցներ, որ գործ ունենք հանցավոր խմբի հետ: 

Սեյրան Օհանյանը 17-ամյա Սմբատ Ցականյանի անհետացման դեպքը եւս կապել էր ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների հետ: Տղայի ծնողները վստահ են՝ որդուն առեւանգել են դիվերսանտները (պատանու դին գտնվել է Քարվաճառի գերեզմանների մոտ): Իսկ վիրավորված կնոջ աչքի վերականգնման մասին կմտածեն ապաքինումից հետո. ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, դեպքի մանրամասներն էլ նախաքննությունը կպարզի: Ինչ մնում է ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների հետ շփվելու կանոնակարգին, ապա դա կհստակեցվի քր.գործի եւ մեղադրանքի հոդվածների հրապարակումից հետո: «Իրավական հարց կա, դատախազությունը, Արցախի իրավապահ մարմիները հայտարարություն կանեն, թե ինչ մեղադրանք է առաջադրվել, ինչ հոդվածներ են»,- ասել է ՊՆ մամուլի խոսնակը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշել է, որ եթե Կարմիր Խաչը ցանկանում է այցելել նրանց, ապա պետք է հստակեցվի՝ նախաքննական շրջանում ե՞րբ եւ ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով դա կարող է տեղի ունենալ կամ արգելվել: Ըստ նրա. «Արգելքը ցանկացած պահի կարող է լինել: Դա գործը վարող քննիչի հայեցողությանն է թողած»: Նա մեղադրել է ԵԱՀԿ ՄԽ-ին՝ երկակի ստանդարտները չարաշահելու եւ այս ամենին նպաստելու մեջ:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նշել է, որ եթե Հայաստանի քայլերը համարժեք չլինեին, կունենայինք Ադրբեջանի ավելի վատ վարքագիծ: Այս երկրին զենք վաճառող երկրները պետք է մտածեն իրենց քայլերի մասին, այս խնդիրը դեռ կա: Ըստ պատգամավորի. «Ուժի դեմ կա միայն ուժ կիրառելու խնդիր, որ քո դիմացինը գիտակցի, որ դու էլ ես ուժեղ: Հարկավոր է նաեւ միշտ այն գիտակցությունը սերմանել, որ Հայաստանը հզոր է, հայկական բանակը ավելի ուժեղ է եւ պատրաստակամ է ցանկացած խնդրի առերեսվելու եւ լուծելու: Օրինակով ապացուցելն է միայն ու միայն այն զսպողական մեխանիզմը, որ այսօր կարող է բերել հանդարտության»:

Կարծում ենք՝ ճիշտ կլինի նաեւ մերթ ընդ մերթ նախահարձակ լինելը:

Կարեն Բալյան

Արցախում չկա խուճապ, մենք էլ զգոնանում ենք, իսկ եվրաերկակիությունը մնում է

Թե ինչ սպասելիքներ կան միջազգային հանրությունից, Սեյրան Օհանյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը համամիտ են այն առաջարկներին, որոնք ներկայացնում է Հայաստանը. այն է՝ ստեղծել վստահության մթնոլորտ, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից եւ զերծ մնալ դիվերսիոն հետախուզական գործողություններից։ «Մենք դա բազմիցս հորդորել ենք եւ բոլոր հանդիպումների ժամանակ կոչ արել, որ հրադադարի ռեժիմը պահպանվի։ Բայց մենք գործ ունենք հարեւանի հետ, որն այլ կերպ է մտածում, եւ այս պարագայում մենք պետք է մեր սկզբունքները պահպանենք ու արժանի հակահարված տանք խախտումները կանխարգելելու համար»,- ընդգծել է պաշտպանության նախարարը, ով ցանկացել է, որ միջազգային հանրությունը հստակ գնահատականներ տա սահմանին կատարված դեպքերին եւ մատնանշի այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։

ԵԱՀԿ ՄԽ-ն հավասարության նշաններ է դնում իր հայտարարություններում, որպեսզի ստեղծված փխրուն իրավիճակը չվերածվի մեծ բախումների, բայց դա արդեն այսպիսի հետեւանքների է հանգեցնում:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ անդրադառնալով Քարվաճառում հայտնաբերված եւ վնասազերծված դիվերսանտներին՝ ասել է, որ նրանց ներթափանցումը որեւէ խուճապ չի առաջացրել Արցախում. «Խուճապ չկա եւ չի էլ կարող լինել։ Եթե ամբողջ Ադրբեջանը եւ իր դաշնակիցները չեն կարողանում խուճապ ստեղծել մեզ համար, մի քանի հոգանոց խումբն ի՞նչ կարող է անել։ Երկու տասնամյակից ավելի պահպանում ենք զինադադարի ռեժիմը մեր իսկ ուժերով, ինչպիսի՞ խուճապ կարող է առաջացնել մի քանի հոգանոց դիվերսիոն խումբը։ Իհարկե, խուճապային տրամադրություն չկա եւ չի էլ կարող լինել»։

Արցախի ԱԳՆ պատասխանատուներից ոմանց զայրացրել է («Լուսանցք»-ը հիմնականում համաձայն է այս տրամաբանությանը), որ «Երեւանում իրենց տներում նստած համացանցային հայրենասերներն անիմաստ վերլուծություններով ու չհաստատված փաստերով իրենք են խուճապ առաջացնում, բայց միայն իրենց թաղամասերում… Արցախում չկա ու չի լինի խուճապ»:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 25 (330), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։