Հայապատկան հողերը՝ Հայաստանին – Հայ արիները վաղուց են բարձրաձայնում Ադրբեջանի եռատման մասին՝ հայ-ռուս-իրանական զինակցությամբ…

Ադրբեջանական զինուժը շարունակում է գնդակոծել հայկական գյուղերը, ինչպես մեր, այնպես էլ իրենց բնակիչներին վախեցնելու համար: Առավելապես՝ ադրբեջանցիներին վախեցնելու, քանի որ ներքին խնդիրները ահագնացող են: Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները թաքցնում, իսկ ոչ պաշտոնականները հաստատում են, որ այդ երկրում սկիզբ են առել հետզհետե ուժգնացող միջէթնիկական ու միջկրոնական բախումներ, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել «սրբազան» կամ «անջատողական» պատերազմների, երկիրը կքայքայեն ներսից:

Մահմեդական երկու ուղղությունների (շիա եւ սուննի) ներկայացուցիչներն են կանգնած այս բախումների կողմերում, որ կամենում են ստեղծել իրենց էթնիկական-կրոնական ինքնավարությունները՝ գրեթե կրկնելով սիրիական կամ իրաքյան տարբերակները: Այս ամենը հրահրվում է իսլամական տարբեր կենտրոնների ու ահաբեկչական կազմակերպությունների կողմից՝ նպատակ ունենալով Ադրբեջանը եւս վերածել մուսուլմանական ահաբեկչական պետության: Ոմանք էլ տեսնում են ռուսական հետք՝ համոզված լինելով, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանն անցնելու է Ադրբեջանի կազմաքանդմանը: Սա կհետաքրքրի նաեւ Իրանին, քանզի Բաքուն Իրանի կազմաքանդման առաջին գծում է արդեն Իսրայելի հետ:

Թե ովքեր են կանգնած ծայրահեղական իսլամիստների թիկունքում, դեռ կպարզվի, բայց ակնհայտ է, որ Սիրիայից ու Իրաքից հետո՝ հնարավոր է Ադրբեջանը դառնա թիրախ, եւ այստեղ տեղի ունենան պատերազմական գործողություններ: Եթե Ադրբեջանի մասնատումը ռուս-իրանական ծրագիր է, ապա Հայաստանը չի կարող կողքից դիտողի կարգավիճակում մնալ: Նախ, որ այդ հարեւան կոչված երկրի զգալի մասը հայկական հողերի վրա է գոյատեւում, հետո էլ՝ պատերազմական գործողությունները առնչվելու են Հայաստան-Արցախի հետ:

Այստեղ պետք է հստակ կողմնորոշվել, եթե հերթական ռուս-թուրքական պայմանագիրը ձգձգվելու է հերթական ռուս-պարսկական պայմանագրի պատճառով, ապա հայերիս համար ոչ մի տարբերություն չկա, թե որը կիրականանա. երկու դեպքում էլ դա վնասաբեր է Հայաստանի ու հայության համար, եթե առանց մեր շահերը հաշվի առնելու են կատարվելու:

Հայ արիները վաղուց են բարձրաձայնում Ադրբեջանի եռատման մասին, հայ-ռուս-իրանական զինակցությամբ, ինչը արդեն հիմնովին կքայքայի Ադրբեջանը: Այս դեպքում՝ ոտքի կկանգնեն բոլոր ազգային փոքրամասնությունները, որոնք կարող են ստեղծել իրենց ինքնավարությունները Ռուսաստանի եւ Իրանի տարածքում: Իսկ հայապատան հողերը կվերամիավորվեն Հայաստանին՝ արդեն Արցախի հետ միասին:

Եվ այս ծրագրի (Հայաստանի հետ, թե առանց Հայաստանի) դեմ գործելով՝ Բաքուն ստիպված է շարունակել գնդակոծությունները հայկական գյուղերի վրա՝ նաեւ սեփական երկրի ներսում տպավորություն ստեղծելով, թե իրենք պատերազմում են Հայաստանի հետ: Եվ հանուն միասնական Ադրբեջանի, պետք է երկրի ներսում կայունություն հաստատվի, վտանգի մեջ պիտի բոլոր ուժերը համախմբվեն, իսկ միջէթնիկական բախումները դիտվեն որպես ազգադավություն:

Թե որ տարբերակը կգործի հետագայում, շուտով կպարզվի, իսկ մենք պարտավոր ենք ամրացնել մեր սահմանները եւ պատերազմական իրավիճակն ավելի ընկալելի, առանց վախի սերմանման ներկայացնել մեր հանրությանը:

Իսկ Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն կամ հանցագործ խմբի ներթափանցումը եւ իրականացված գործողությունների բնույթը ցույց են տալիս, որ Ադրբեջանն առաջնագծում կատարվող քայլերում մարտավարական փոփոխությունների է գնացել: Ադրբեջանցիները սադրանքներ իրականացնելով ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, փորձում են հարվածել ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական մարդկանց, թշնամու մարտական կրակակետերի թիրախում են հայտնվել նաեւ դաշտերում աշխատող քաղաքացիական անձինք կամ մանկապարտեզներում ու դպրոցներում սովորող երեխաները: Իսկ Քարվաճառի ուղղությամբ իրականացված գործողությունը աննախադեպ էր, որովհետեւ այդ ստորաբաժանումը ոչ միայն սպանել կամ վիրավորել էր իր ճանապարհին հայտնված խաղաղ բնակիչներին, այլ նկարահանել է այդ ամբողջը՝ Ադրբեջանում (կամ այլ տեղ) ցուցադրելու համար… Այսինքն՝ Բաքուն անհանգստացած է այնքան, որ անգամ իր դիպուկահարների առօրյա գործողությունները չեն բավարարում այլեւս: Չի բացառվում, որ սա նաեւ հեռահար քայլ է Արցախի ու ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը խափանելու համար:

Մենք յուրաքանչյուր քայլին պետք է հակադրենք մերը, ավելին՝ պետք է ինքներս նախահարձակ լինենք, եթե կա դրա հնարավորությունն ու անհրաժեշտությունը: Բայց ամենակարեւորն ու առաջնայինն այն է, որ երբեք չթերագնահատենք հակառակորդին, ուսումնասիրենք նրա՝ անգամ ամենաչնչին թվացող քայլերը, հատկապես՝ առաջնագծում: Անհրաժեշտ է իրականացնել լուրջ ուսումնասիրություն՝ հասկանալու, թե ինչպե՞ս է հաջողվել հակառակորդի խմբին ներթափանցել Արցախ, ապա՝ Հայաստան: Պետք է վերանայել սահմանների անվտանգության ապահովման առկա ձեւերը ու գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս ապահովել ինչպես մարտական հենակետերում ծառայություն իրականացնող անձնակազմերի, այնպես էլ խաղաղ բնակիչների անվտանգությունը: Մեր սահմանների անառիկությունը…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 25 (330), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։