Աշխարհի մարզական հեւքից – Սպորտը` որպես հավասարության միջոց… Հաշմանդամություն ունենալը չի խանգարի դառնալ լավագույն ընտանիք… «Լավագույն մարզական ընտանիք»-ը հայտնի է… Մարզական լուրեր…

Սպորտը` որպես հավասարության միջոց

«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» հ/կ-ները Դանիայի արտաքին գործերի աջակցությամբ Հայաստանում կազմակերպեցին «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով թվով 6-րդ մրցաշարը:

«Մենք նմանատիպ միջոցառումներով ցանկանում ենք հասարակությանը իրազեկել` որքանով են հաշմանդամություն ունեցող մարդիկ օգտվում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներից եւ ազատություններից: Ցավոք, մեր խաղասրահները մատչելի չեն շատերի համար: Օրինակ, հենասայլակներից օգտվող մարդիկ ֆիզիկապես ի վիճակի չեն բարձրանալ խաղասրահ»,- նշել են կազմակերպիչները:

Նախորդ 5 մրցաշարերին հանդես եկած Ռուդոլֆ Զաբրոդինը նշել է, որ իրենք ավելի լուրջ նպատակներ են հետապնդում` մասնակցելով միջոցառմանը. «Մենք մասնակցելով մրցաշարին` արդեն բարձրացնում ենք այն խնդիրները, որոնք ամեն օր ունենում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Հայաստանում ընդունվել է հաշմանդամության իրավունքների պաշտպանության հռչակագիրը, բայց, ցավոք սրտի, դրանք դեռ չեն պաշպանված հանրապետությունում: Այս մրցաշարերի օգնությամբ մենք փորձում ենք հաղթահարել այն խնդիրները, որոնք կան մեր հասարակությունում»:

Մրցաշարին ավանդույթի համաձայն մասնակցեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հայտնի մարզիկները, լրագրողները եւ այլոք:

Հաշմանդամություն ունենալը չի խանգարի դառնալ լավագույն ընտանիք

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի Երեւանը ներկայացնող հաշմանդամություն ունեցող մարզիկներին ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում:

Երեւանի քաղաքապետարանը, ի թիվս այլ ծրագրերի, այսուհետ եւս հնարավորին նպաստելու է հաշմանդամ մարզիկների ակտիվ ներգրավվածությանը մարզական միջոցառումներին: Հաշմանդամ մարզիկները քաղաքապետի տեղակալին վստահեցրել են, որ հավուր պատշաճի են պատրաստվել մրցումներին, ներդնելու են ամբողջ կարողությունները հաջողության հասնելու համար եւ խնդրել են քաղաքապետին փոխանցել իրենց երախտագիտությունը մշտական աջակցության, ինչպես նաեւ տվյալ մրցաշարին մասնակցելու անհրաժեշտ գույքով, մարզական հանդերձանքով եւ հաշմանդամասայլակներով ապահովելու համար:

«Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթում Երեւանը ներկայացնում են հաշմանդամություն ունեցող անձանց երեւանաբնակ 5 ընտանիք ու մեկական ընտանիք Չարենցավանից եւ Վարդենիսից:

«Լավագույն մարզական ընտանիք»-ը հայտնի է

ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է 4 տարիքային խմբերի միջեւ: Մրցույթի հունիսի 1-15-ը անցկացված 1-ին՝ վարչական շրջանների փուլին մասնակցել է 387 ընտանիք, իսկ քաղաքային փուլին՝ 144 ընտանիք, որոնք պարգեւատրվել են հուշամեդալներով:

4 տարիքային խմբերում հաղթող ընտանիքներին հանձնվել են ՀՀ նախագահի կողմից սահմանված համապատասխան դրամական պարգևներ ու հավաստագրեր։ Մրցումներն անցկացվել են 7 մրցաձեւերից. 30 մ խաղային փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, 80 մ խաղային փոխանցումավազք, հեռացատկ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում։ Մրցումների ծրագրում առաջին անգամ ընդգրկվել էր նաեւ օդամղիչ հրացանով հրաձգությունը։ 7 մրցաձեւերում հավաքած միավորների հանրագումարով էլ որոշվել են 4 տարիքային խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները։

Երեւանյան փուլում հաղթած 12 ընտանիքները թիմի ներկայացուցչի եւ 3 մարզիչների հետ հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2014թ. հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երեւան քաղաքը կներկայացնեն նաեւ 12 վարչական շրջանների հաշմանդամություն ունեցող անձանց 1-ական ընտանիքներ։ Երեւանյան մարզական ընտանիք պատվիրակության համար մինչեւ Ծաղկաձոր մեկնելը ձեռք կբերվի 76 լրակազմ մարզահանդերձանք։

Կայացավ նետաձգության Եվրոպայի առաջնությունը

Էջմիածին քաղաքի «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի ակումբում հուլիսի 21-ին տեղի ունեցավ նետաձգության Եվրոպայի առաջնությունը: Մասնակցեցին 372 մարզիկ 39 երկրից, այդ թվում՝ Թուրքիայից ու Ադրբեջանից:

Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, Նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը։

Մարզիկների թվում էին Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Բացման արարողությունը մեկնարկեց մասնակից երկրների մարզիկների հանդիսավոր շքերթով, որը եզրափակվեց Հայաստանի հավաքականը:

Եվրոպայի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Մարիո Սկարցելան իր ողջույնի խոսքում ասաց. «Ուրախ եմ, որ Եվրոպայի նետաձգության 21-րդ առաջնությունը անցկացվում է Հայաստանում, որն արդեն հաջողությամբ հյուրընկալել է Եվրոպայի Գրան Պրին եւ Եվրոպայի պատանեկան Գավաթը: Վստահ եմ, որ նախորդ  առաջնությունների կազմակերպչական փորձից ելնելով, փայլուն կանցկացվի Եվրոպայի նետաձգության այս կարեւորագույն միջոցառումը: Անկեղծ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանին՝ ջերմ ընդունելության համար: 2014թ. Եվրոպայի առաջնությունը կարեւոր նշանակություն ունի բոլոր մարզիկների համար, քանի որ վարկանիշային է Եվրոպական խաղերից առաջ: Բացի այդ, այս առաջնությունը լավ փորձություն է եվրոպական մի շարք պատվիրակությունների համար, որոնք վարկանիշային միավորներ են հավաքում 2016թ. Օլիմպիական խաղերի համար: Վստահ եմ, որ այստեղ ականատես կլինենք բարձր մակարդակով կազմակերպված հրաշալի մրցումների: Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան կազմակերպություններին այս միջազգային խոշոր միջոցառումը հյուրընկալելու եւ մասնակից երկրների պատվիրակություններին լավագույնս ընդունելու համար:Բոլոր մրցավարներին մաղթում եմ լավ աշխատանք, մարզիկներին՝ հաջողություն»։

Մեր նետաձիգներին չհաջողվեց մտնել եզրափակիչ փուլ

Տղամարդկանց մրցումներում Հայաստանի ընտրանին (Վասիլ Շահազիզյան, Գեւորգ Հազարումյան, Դավիթ Խաչատրյան) վաստակեց 179+8 միավոր եւ 31 երկրների մեջ գրավեց 29-րդ տեղը:

Հայաստանի կանանց հավաքականը ավելի անհաջող հանդես եկավ: Մեր մարզուհիները (Գոհար Շահնազարյան, Նունե Վասիլյան, Հայկուհի Մարգարյան) 19 երկրների պայքարում 1627 միավորով եզրափակեցին մրցաշարային աղյուսակը:

Խառը զույգերի մրցումներում Գոհար Շահազիզյան – Վասիլ Շահազիզյան մեր զույգը վաստակեց 1195 միավոր եւ 29 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը:

Այդպիսով, մեր նետաձիգներին չհաջողվեց մտնել եզրափակիչ փուլ եւ շարունակել մեդալների համար պայքարը:

Սաթենիկ Հովհաննիսյանը 29-րդն է աշխարհում

ԱՄՆ-ում մեկնարկած աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզիկներից առաջինը մրցասպարեզ մտավ Սաթենիկ Հովհաննիսյանը: Հեռացատկի կանանց մրցումներում մեր մարզուհին ցույց տվեց 5,66 մ արդյունք եւ 34 մասնակիցների մեջ զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգուհի Նադյա Ակպանա Ասսան, որը ցատկեց 6 մ 39 սմ:

Աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես կգան նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը եւ սկավառականետորդ Սուրեն Խաչատրյանը: Նրանք մրցասպարեզ կմտնեն հուլիսի 25-ին:

Հայ թենիսիստուհիները գրավեցին 9-րդ տեղը եվրոպական ուսանողական խաղերում

Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայացած համաեվրոպական ուսանողական 2-րդ մարզական խաղերում սեղանի թենիս մարզաձեւում հանդես է եկել նաեւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների թիմը։ Մեր ուսանողուհիներն ընդգրկվել էին C խմբում, բավականին բարդ խումբ, որտեղ խաղում էին նաեւ Գերմանիայի Հանովերի, Ֆրանսիայի Պոիտիերսի համալսարանների ու Կազանի տնտեսագիտության կառավարման եւ իրավունքի ինստիտուտի թիմերը։

Առաջին փուլում մեր թենիսիստուհիները 1:3 հաշվով զիջեցին Հանովերի, իսկ երկրորդում 0:3 հաշով՝ Կազանի թիմերին (Կազանի թիմը, ի դեպ, հետագայում դարձավ առաջնության հաղթող)։ Այնուհետեւ մեր մարզուհիները 3:1 հաշվով հաղթանակ տարան Ֆրանսիայի Պոիտիերսի համալսարանի թիմի նկատմամբ ու խմբում գրավեցին 3-րդ տեղը՝ իրավունք ստանալով պայքարը շարունակելու 9-16-րդ տեղերի համար:

Հուլիսի 25-ին եզրափակիչ փուլում հայ մարզուհիները տարան 2 անընդմեջ հաղթանակ։ Նախ մեր մարզուհիները 3:0 հաշվով պարտության մատնեցին D խմբում հանդես եկող Պորտուգալիայի Ալգարվեի համալսարանի թիմին, ապա նույն 3:0 հաշվով հաղթեցին A խմբում ելույթ ունեցող եւ Հոլանդիան ներկայացնող Ամստերդամի համալսարանի թիմին ու 16 թիմերի պայքարում գրավեցին 9-րդ տեղը:

Հուլիսի 26-ին եւ 27-ին մեր փոքր ռակետի ուսանող վարպետները խաղալու են զույգերով, այնուհետեւ լինելու են անհատական մրցելույթներ։

Էլինա Դանիելյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը չկարողացավ մեդալ նվաճել Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում: Անցած տարվա բրոնզե մեդալակիրն այսօր կայացած վերջին փուլում գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց վրացուհի Սալոմե Մելիայի հետ: Այդպիսով, Էլինա Դանիելյանը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ ետ մնաց առաջին եռյակից: Նշենք, որ մրցաշարում 1-14-րդ տեղերը գրաված շախմատիստուհիները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը:

Ավարտվեց Տիգրան Լ. Պետրոսյանի հաղթանակով

Հայաստանի շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանի հաղթանակով ավարտվեց Վարշավայում կայացած Միգել Նայդորֆի հուշամրցաշարը: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ եւս 6 մասնակիցների հետ բաժանեց 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ հաշվարկներով Տիգրան Լ. Պետրոսյանը ետեւում թողեց իր մրցակիցներին:

Մեր մյուս մասնակից Հրանտ Մելքումյանը 5,5 միավորով զբաղեցրեց 17-րդ տեղը:

Լեւոն Արոնյանը` «Մեծ սաղավարտ»-ում

Մեր առաջատար շախմատիստը սեպտեմբերի 14-20-ը կմասնակցի Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվելիք «Մեծ սաղավարտ»-ի 2014 թ. խաղարկության եզրափակիչ փուլին: Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը եւ Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:

Այս տարի շահագործման կհանձնվի 5 շախմատի դպրոց

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետեւել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը եւս կկահավորվի համապատասխան գույքով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացումով զգալիորեն կավելանա նաեւ շախմատասեր մանուկների եւ պատանիների թիվը:

Հարկ է նշել, որ այս տարի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 5 շախմատի դպրոց եւ որ կարեւոր է՝ դրանք եւս գործելու են անվճար:

ՀՇՖ-ն դեռ չի կողմնորոշվել

Հայաստանի շախմատի ֆեդերացիան դեռեւս չի կողմնորոշվել, թե ում թեկնածությունն է պաշտպանելու ՖԻԴԵ-ի առաջիկա նախագահական ընտրությունում: «Օգոստոսին կայանալիք ՖԻԴԵ-ի համաժողովից առաջ մենք ֆեդերացիայում գործկոմի նիստ ենք անցկացնելու, որի ժամանակ էլ որոշելու ենք, թե ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուներից ում ենք սատարելու»,–  հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Հիշեցնենք, որ շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում են ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Նախագահական ընտրությունը տեղի է ունենալու շախմատային օլիմպիադայի վերջին օրը, օգոստոսի 14-ին, նորվեգական Տրոմսյոյում: 2 թեկնածուներն այժմ ընտրարշավ են անցկացնում եւ այցելում են աշխարհի տարբեր երկրներ: Հայաստանն անտեսված է եւ Կիրսան Իլյումժինովի, եւ Գարի Կասպարովի կողմից, քանի որ նրանք իրենց ճանապարհային քարտեզում չեն ընդգրկել մեր երկիրը:

Կանոնակարգը հաստատվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: ՀՖՖ գործադիր մարմինը հաստատել է «ՀՀ ակումբների միջեւ 2014/15 թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը»: Դա նշանակում է, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը իրավաբանորեն պատրաստ է մեկնարկին:

Գործկոմը շտկումներ է մտցրել նաեւ Կարգապահական կանոնակարգում առաջարկված լրացումների վերաբերյալ:

Երիտասարդ ըմբիշները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը սկսել է օգոստոսի 3-5-ը Զագրեբում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնության նախապատրաստությունը: Մեր թիմը 14 հոգանոց կազմով այժմ ուսհավաք է անցկացնում Ալուշտայում:

«Մենք արդյունավետ հավաք ենք ակնկալում, քանի որ այնտեղ են լինելու նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Ղրիմի ուժեղագույն ըմբիշները»,- ասել է մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Նա նաեւ հրապարակել է այն ըմբիշների անունները, որոնք հանդես կգան աշխարհի երիտասարդական առաջնությունում: Խորվաթական գորգի վրա Հայաստանի պատիվը կպաշտպանեն Սլավիկ Գալստյանը (50 կգ), Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (66 կգ), Սարգիս Քոչարյանը (74 կգ), Վարուժան Գրիգորյանը (84 կգ), Կարեն Աբգարյանը (96 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Զարգանում է նաեւ լողափնյա վոլեյբոլը

Երևանի Գրանդ-Սպորտ մարզահամալիրում ավարտվեց 2014թ. պատանեկան լողափնյա առաջնությունը:Այն անցավ հետաքրքիր եւ լարված պայքարում`աղջիկների մոտ հաղթեց ԽՄՕՄՄ-3 թիմը, 2-րդ տեղը գրավեց ԽՄՕՄՄ-1 թիմը, 3-րդը`Ավան աղջիկների թիմը: Տղաների մոտ առաջին տեղը գրավեց Նոր-Նորք թիմը,եզրափակիչ խաղում հաղթելով Աջափնյակի թիմին, 3-րդը՝ ԽՄՕՄՄ տղաների թիմը:

Մրցանակակիր թիմերը պարգեւատրվեցին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, գնդակներով եւ հատուկ մրցանակներով:

* * *

Առարկայական օլիմպիադաներում Հայաստանն արդեն 6 մեդալ ունի

2014թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արդեն հաջողություն են գրանցել, հուլիսի 3-13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ եւ 3 գովասանագիր: Հուլիսի 6-13-ը Ինդոնեզիայում անցկացված «Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադայում մեր երեխաները նվաճել են 3 բրոնզե մեդալ:

Այս պահին Հայաստանն արդեն ունի 6 մեդալ: Հայաստանը օլիմպիադային մասնակցում է 1993թ.-ից:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                «Լուսանցք»՝      52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։