Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, եվ արդար ուժ է Վահագնի զորությունը – Հայ արիներն ու ազգայնականները կնշեն Հայոց Վարդավառը… Իսկ եկեղեցու համար՝ Այլակերպությու՞ն, թե՞ Վարդավառ…

Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները ավանդության համաձայն այսօր՝ հուլիսի 25-ին կնշեն Հայոց Վարդավառի տոնը: Այն ամենասիրված ու զանգվածային տոներից է, որ նշվել է ինչպես նախահեթանոսական եւ հեթանոսական ժամանակներում, այնպես էլ այսօր՝ քրիստոնեական համարվող, բայց այդպես էլ քրիստոնեավար չդարձած Հայաստանում:

Ինչպես տեղեկացրեցին ՀԱՄ լրատվական-տեղեկատվական կենտրոնից, Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները այսօր Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կկազմակերպեն հայ-արիական ծիսական տոնակատարություն:

Հազարամյակներ շարունակ, անգամ 301-ի հուդա-քրիստոնեական ներխուժումից ու հայոց ցեղասպանդից հետո, այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Աստղիկը սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է հայոց մեջ, եւ առհասարակ Տիեզերքում, քանզի միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում…

Այսինքն՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, որ ստացել է Տիեզերքի Արարչի հովանավորությունն ու հավերժանալու առաքելությունը… Հայի զորությունն ու սերն ի սկզբանե միահյուսվել են, ինչը մեր Աստվածային Համակարգին ու Հայ Տեսակին օժտել է արդարամտությամբ՝ Արարչակարգին հավատարիմ մնալու Առաքելությամբ… Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց… Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ սին ու տկար դրսեւորումներից…

Հայ արիներն ու ազգայնականները հերթական տոնական միջոցառմանն ավանդական ջրախաղով միմյանց կջրեն հայ արի քրմերի կողմից օծված ջրով, եւ մեծ ու փոքր ջրոցի խաղալով կփառաբանեն Աստղիկ Աստվածուհուն եւ սերը, որ տիեզերաստեղծ միջուկն է արարչական, քանզի ամեն բան արարվել է սիրով ու առաքինությամբ:

Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն 301-ից այս կողմ ինչքան էլ փորձում են վերացնել հայոց տոների արիադավան-հեթանոսական հետքերը՝ անարդյունք է լինում, ազգը գենետիկ-ծինաբանական հիշողությամբ պահպանում է նախնական իմաստը…

Վարդավառի տոնական արարողությունն այս անգամ էլ կկազմակերպվի (Հայոց Սրբազան Տոմարով Աստղիկ օրը) սառնորակ Քարի լճի մոտ՝ Արագածի գագաթները բարձրանալու ճանապարհին:

Ծիսակարգը կկատարեն ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը: Հայ արիներն ու ազգայնականները կփառաբանեն Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու, իսկ սիրող զույգերին էլ Վահագնականչով ազգասիրական ու հայրենասիրական մղումներ հաղորդելու համար: Կփառաբանեն նաեւ Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին եւ սերը առ ազգ եւ հայրենիք, այր ու կին:

Անի Մարության

* * *

Հիմն Աստղիկին

Ելնում է ահա նազելի փառքով

Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,

Պճնված կույսի ճերմակ շղարշով,

Վառվելով իր սուրբ շողերի միջին:

Արեւաշող աղբյուր՝ հույզերի,

Աստղաբույլ կերոն՝ սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:

Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,

Ցոլուն աչքերը ներքեւ խոնարհում,

Թեեւ նրանց մեջ երկնքից ծագած

Ամենից պայծառ ճաճանչն է բերում:

Արեւաշող աղբյուր՝ հույզերի,

Աստղաբույլ կերոն՝ սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:

Հովհաննես Թումանյան

* * *

Վահագն

Փրկությանդ արեւ՛ Վահագնին տեսար… (Հովհաննես Հովհաննիսյան)

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,

Օ, Վահագն արի։ – Տեսնում եմ ահա,

Որ ծիծաղում ու քրքջում են նրանք

Արնաքամ ընկած դիակիդ վրա։

Թե մի՞ֆ էիր դու… Եկան, երգեցին

Մի հին իրիկուն գուսանները ծեր,

Որ հզո՛ր ես դու, հրոտ, հրածի՛ն,

Որ դո՛ւ կբերես փրկությունը մեր։

Եվ հավատացինք, հարբած ու գինով,

Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ո՛ւժի –

Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով

Մեր երկիրը հին դարձրին փոշի…

Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,

Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –

Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան

Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

Եղիշե Չարենց

* * *

Այլակերպությու՞ն,  թե՞ Վարդավառ

Եկեղեցին ինչպես միշտ, այլ Վարդավառ է նշում:

Ըստ եկեղեցու. «Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նախորդող շաբաթապահքը Հայ եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքը սկսվում է հուլիսի 20-ին, ավարտվում է 25-ին:

Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն՝ այդ օրը թույլատրվում է ձկնեղեն եւ կաթնեղեն օգտագործել: Այս տարի տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 27-ին։ Տոնը Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է եւ Ս. Պետրոս, Ս. Հովհաննես եւ Ս. Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա»:

Նորից ոչ մի կապ չունեցող բացատրություն ավանդական Վարդավառի հետ:

Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նշվող այս տոնը կոչել են Այլակերպության տոն կամ Վարդավառ:

Մի կերպ հիշել են, որ վերջինս «հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը»:

Քրիստոնեական Վարդավառի դեպքում՝ կիրակիին հաջորդում է այն երկուշաբթին, որը հայտարարված է մեռելոց… Իսկ այս մեռելոցները, ցավոք, նախնյաց տոներ չեն առհասարակ…

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։