Անհեռանկարային օրակարգի առանցքը… Իշխանափոխության հարցը ամենակարեւորն է ընդդիմադիր քառյակի համար – սոցիալ-տնտեսական խնդիրները միասնական օրակարգում չեն…

Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս խոսել է «թեժ աշնան» մասին՝ հայտարարելով «քառյակի օրակարգը»: Գլխավոր հարցը, նաեւ ըստ նրա, միմյանցից տարբեր 4 կուսակցությունների համար լինելու է սահմանադրական բարեփոխումներին չհավատալն ու դեմ լինելը: Համենայնդեպս սա միակ բանն է, որի շուրջ կարողացել են պայմանավորվել կուսակցությունները:

Համատեղ օրակարգը երկար ժամանակ չէր որոշվում, քանի որ սոցիալ-տնտեսական հարցերը այնքան էլ ԲՀԿ-ի սրտով չեն, հակառակ դեպքում հարց կառաջանա պահանջել վարչապետի հրաժարականը, իսկ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի համար շատ լավ տարբերակ է:

Արտաքին քաղաքական խնդիրները նույնպես «քառյակը» դժվար համաձայնեցնի առաջիկայում, եթե եվրոպական ուղղության հետ գրեթե տարաձայնություններ չկան, ապա եվրասիական ուղղության առումով ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը թերեւս դեմ չեն խնդրի լուծման առումով, «Ժառանգություն»-ը դեմ է խոսում, իսկ ՀՅԴ-ն որոշակի պայմաններ է ցանկանում տեսնել փաստաթղթերում:

Այսպես՝ քառյակի համար ընդհանուր խնդիրը սահմանադրական բարեփոխումների թեման է: Թե ինչը այդ բարեփոխումներում դուր չի գալիս քառյակին, հայտնի չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ դրանք ուղղված են «դիկտատուրայի հավերժացմանը եւ հարվածում են մեր պետության արմատներին»: Տեսակետ կա, որ խնդիրը Սերժ Սարգսյանի առաջարկն է իր նախորդներին՝ «ես չեմ հավակնում նախագահի կամ վարչապետի պաշտոնին, բայց դուք էլ պետք է հրաժարվեք այդ մտադրություններից»: Հետաքրքիր է, որ չի բացառվում, որ սա կդառնա ամենահավանական տարբերակը: Բայց խնդիրը այս առումով չի քննարկվում, այլ այն, թե սպասվող միասնական հանրահավաքի ընդհանուր օրակարգի առանցքը ո՞ր հարցը կդառնա:

Իհարկե, իշխանություններին առաջարկած 12 կետանոց փաստաթուղթը կա, բայց առանցքային հարց է պետք ունենալ:

Հայաստանը կանգնած է ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ, փոխվում է նաեւ տարածաշրջանային դասավորությունը, Իրանը որոշակի շահավետ առաջարկներ է անում, Վրաստանը փորձում է գործընկերային միջավայր ստեղծել, դաշնակից Ռուսաստանը անհասկանալի խաղեր է սկսել, Եվրասիական միությունը հետզհետե հեռանում է մեզանից, հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի անդամակցության հեռանկարով, Արեւմուտքը ուկրաինական բացթողումները փորձում է լրացնել Կովկասում. Մերձավորարեւելյան խնդիրները հետզհետե ծավալվում են…

Մեր երկրում վատանում է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակը, կառավարությունը նորովի ոչինչ չի նախաձեռնել՝ չնայած խոստումներին, չկա աշխատատեղերի ավելացում, մեծանում է արտագաղթը…

Այս համապատկերին քառյակը որպես միասնական օրակարգ է ընտրել սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարը, այսինքն մի հարց, որը կապված է իշխանության հետ, ավելին՝ գրեթե անձնականացվում է նախագահի հրաժարականին առնչվելով:

Բայց որպեսզի վերոնշյալ արտաքին ու ներքին խնդիրները բանավիճելու առիթ չտան եւ կազմաքանդեն քառյակը, որոշվել է հայտարարել, թե՝ «եթե ուզում ենք ազատվել Սերժ Սարգսյանի վարչակարգից, պետք է կասեցնենք սահմանադրական փոփոխությունները»:

Այնուհետեւ բացատրվում է, որ միակ մարդը մեր երկրում, ում խանգարում է գործող Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանն է. «Սահմանադրությունն իրեն հնարավորություն չի տալիս հավերժ վերարտադրել իր իշխանությունը: Ակնհայտ էր, որ նա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով է գնալու, քանզի նա պատկանում է այն քաղաքական գործիչների շարքին, ովքեր ժառանգորդներ չեն թողնում, ովքեր կառուցում են իրենց անձի վրա գերկենտրոնացված համակարգ»:

Այսպես հասկանալի է դառնում, որ աշունը թեժ կլինի, թե հանդարտ, միեւնույնն է՝ իշխանափոխության հարցը ամենակարեւորն է ընդդիմադիր քառյակի համար, իսկ տասնյակ սոցիալ-տնտեսական խնդիրները միայն ցույցերի եւ հանրահավաքների կազմակերպման ու անցկացման թեմաներ են:

Եթե մինչեւ սեպտեմբեր այս մտածելակերպը չփոխվի, ապա հազարավոր մարդկանց նորից հուսախաբություն է սպասում՝ ընդդիմության քայլերի առումով:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։