Վերարտադրվելու ճգնաժամը. Արդյո՞ք սպասվում է իշխանական ճգնաժամ – Իշխանությունը պահելն այլեւս դժվարացել է, ինչը կարելի է անել լուրջ եւ տեսանելի ինքնամաքրման ճանապարհով…

Երբ երկրի ղեկավարը ցանկանում է ինչ-որ կարեւոր բանի մասին խոսել, ինչին սպասում են նաեւ միջազգային ասպարեզում, հանկարծ դա հնչում է նրա՝ որեւէ մարզ այցի ընթացքում, լրագրողների հերթական մի սովորական հարցին ի պատասխան, բայց հանգամանալից եւ պատասխանատու կերպով ասված: Իսկ երբ երկրի ղեկավարը ցանկանում է ինչ-որ բան լսեցնել ներքին ասպարեզում, ապա հաճախ դա արվում է անուղղակի ու անսպասելի մարդկանց միջոցով… Իհարկե երկու դեպքում էլ այլ ձեւեր եւս օգտագործվում են, բայց սրանք արդեն կիրառական են դարձել, մատչելի են, միանգամից ընկալվում են, ինչն ասողի համար եւս կարեւոր է:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահին պատասխան խոսք ասվեց Երեւանում՝ ՀՀԿ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, որտեղ Սերժ Սարգսյանը մանրամասնորեն անդրադարձավ Աստանայի եվրասիական խաղերին, Ադրբեջանի նախագահի տխրահռչակ նամակին:

Օրերս անսպասելիորեն խոսեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով հանդես չի գալիս հրապարակային ելույթներով: Մեկ անգամ ներքաղաքական կյանքում նա հրապարակավ անդրադարձավ ԲՀԿ ղեկավար, ՀՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, նրա գործունեությանը, որում միանշանակ ինչ-որ բաներ հասկացնել տվեցին ընդդիմադիր ոլորտում առույգացած ԲՀԿ առաջնորդին:

Այժմ, մի նոր հայտարարություն: Ի՞նչ է կատարվում իշխանության մեջ: Ռուբեն Հայրապետյանը բարձրաձայնել է նորից՝ այս անգամ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ իր հակադրությունն ի ցույց դնելով: Սա ամեն դեպքում ՀՀ իշխող համակարգի համար արտառոց երեւույթ է ու միանգամից արժանանում է ուշադրության: Այն, որ  հակադրություններ կան տարբեր պաշտոնյաների, գործարարների եւ… միջեւ՝ փաստ է, դրանք ունենում են նաեւ թափանցիկ դրսեւորումներ, ինչը եւս նորություն չէ: Բայց որ «կողմը» կամ «կողմերը» խոստովանում են հակադրությունը՝ անսովոր է մի քիչ: Անգամ Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում բացահայտ ու կիսահայհոյախառը վիճաբանությունից հետո հերքեցին, ասելով՝ լուրջ խնդիր չկա, «տղայական» զրույց է եղել… Չնայած ամեն բան պարզ էր, խառնել էին մարզաշխարհի եւ քաղաքականության շրջանակները:

Իսկ ի՞նչ չեն կիսել Հայաստանի իշխող օլիգարխիկ հատվածի 2 առանցքային ներկայացուցիչները, որ բարձրաձայնելու կարիք է եղել: Իսկ չկիսածը անձնակա՞ն է, թե՞ ներկուսակցական, գուցե ավելի լայն՝ ներհամակարգայի՞ն դիմակայության մասին է խոսքը:

«Որպես մարդ, կարող է լինեն  մարդիկ, որոնց հետ ես որեւէ հարաբերություն չունենամ: Ասենք՝ Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը»,- իրենց հարաբերությունների մասին ասել է Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքն արդեն հեռացել է քաղաքականությունից ու չի վերադառնա, բայց կարծում է, որ «շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են»: Այսինքն՝ Գագիկ Բեգլարյանն այդ «խայտառակություններից» մեկն է: Այսինքն՝ երբ ՀՖՖ նախագահը քաղաքականությունում էր, չէ՞ր հասկանում սա, հիմա՞ է հասկացել:

Ինչեւէ: Նախ հետաքրքիր է, որ նախկին պատգամավորը հատուկ շեշտում է, որ հեռացել է քաղաքականությունից, եւ ամենապարզ ձեւով ակնարկում, թե ճիշտ կլինի, որ կապի եւ տրանսպորտի նախարարն էլ գիտակցի հեռանալու կարեւորությունը:

Սա նմանեցնում են այն առաջարկին, որ ժամանակին Սերժ Սարգսյանն անուղղակիորեն արեց Ռոբերտ Քոչարյանին՝ հեռանալ քաղաքականությունից… Ի միջի այլոց, օրերս ԱՄՆ-ում ծնվեց ՀՀ 2-րդ նախագահի թոռնիկը՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչը հաստատ չի ջերմացնի ամերիկյան ուղղությունը, բայց… Հայաստանում կդառնա նախկին նախագահի քաղաքական բումերանգը… Ինչպե՞ս կարող էր նախկին նախագահի (ով նաեւ հաջորդ նախագահը դառնալու ակնկալիք ունի) թոռը ծնվի ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ անկախ Արցախում…

Հիմա դառնալով թեմային, երկրորդենք, որ կապի ու տրանսպորտի նախարարին  քաղաքականությունից հեռանալու «առաջարկ» է արվում՝ այլեւս այնտեղ չվերադառնալու հուշումով:

Ակնկալվում է, որ Հայաստանի իշխող վերնախավում շուտով կավելանան այդպիսի «մենախոսություններն» ու «երկխոսությունները»: Շատերը կարծում են, որ սա իշխանության մեջ ամրացած կադրերին թուլացնելու կամ հեռացնելու քաղաքականություն է, որպեսզի այլ կերպ վերարտադրվի իշխանությունը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե սահմանադրական բարեփոխումները իրականանան, եւ Հայաստանը խորհրդարանական պետություն դառնա, ապա ինքը չի առաջադրվի ոչ կառավարության ղեկավար, ոչ էլ խորհրդարանի նախագահ:

Արդյո՞ք սպասվում է իշխանական ճգնաժամ: Իսկ գուցե այն արդեն կա եւ ինքնամաքրման կարի՞ք է զգացվում: Եթե այո, ապա իշխանության համար պայքարն ավելի դաժան կընթանա, ինչը հաստատ առանց արտաքին միջամտությունների չի լինի: Սա արդեն ոչ թե հին ու նոր կամ հին ու ավելի հին իշխանությունների պայքար է լինելու, այլ միջազգային շահեր ներառող եւ ապազգային դրսեւորումների տանող պայքար, ինչը կարող է կործանարար լինել բոլորիս համար, այդ թվում՝ որեւէ նոր իշխանության, եթե ընտրվի ինչպես ուկրաինական ներկա դրածո եւ երկրի կեսը տանուլ տված իշխանությունը:

Իսկ որ պայքարը կարող է վերնախավում ծավալվել ու շատ կտրուկ, արդեն ասվել է. «Կան նախարարներ, որ կհասկանան, որ իրենք խայտառակություն են»: Հայտնի է, որ Գագիկ Բեգլարյանը մտերմացել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով խնամիա-քաղաքական կապով կապված է Գագիկ Ծառուկյանի հետ: Ի դեպ, շատ է շեշտվում, թե իշխանության կողմից ԲՀԿ-ին նեղելը կհանգեցնի զանգվածային ընդվզման:

Իհարկե ասել կարելի է ամեն ինչ, բայց ո՞վ չգիտի ԲՀԿ-ի ղեկավարի կամ կապի ու տրանսպորտի նախարարի անցյալն ու… ապագան, որ զանգվածային ընդվզեն: Իսկ Ռուբեն Հայրապետյանն ընդամենը երկու հրապարակային ելույթ է ունեցել, եւ երկուսն էլ վարչապետի մտերիմներն են՝ նշյալ անձինք: Հայտնի է նաեւ, որ լուրջ բախում կա կառավարության ղեկավարի ու Երեւանի քաղաքապետի միջեւ, ինչը եւս «երկխոսելու» առիթ կդառնա թերեւս: Դեռ Տարոն Մարգարյանը ոչինչ չի ասել, բայց…

Ինչեւէ, եթե անգամ ընդդիմությանը չհաջողվի թեժացնել աշունը, գուցե դա հենց իշխանություններն անեն, քանի որ իշխանությունը պահելն այլեւս դժվարացել է, ինչը կարելի է անել լուրջ եւ տեսանելի ինքնամաքրման ճանապարհով: Սրա դեմ ներկա ընդդիմադիրները լուրջ այլընտրանքներ չունեն, քանի որ այս քաղաքական ընդդիմության բոլոր մասնակիցները (հատկապես ղեկավար շրջանակները) եղել են եւ՛ իշխանություն եւ՛ ընդդիմություն ու մեծ հաշվով ոչ մի տարբերություն չկա նրանց կամ հանրապետականների միջեւ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.