Դանդաղ շտապելով՝ դեպի թեժ աշու՞ն – այսպես էլ գնում ենք արձակուրդների, ինչը ոչ մի խոստումնալից նշույլ անգամ չի նշմարում… Իսկ 100-օրյա կառավարությունը ոչ մեկին չի հետաքրքրում…

 Օգոստոսյան արձակուրդներից առաջ կրկին խոսք եղավ աշնանային քաղաքական թեժացման մասին, սակայն վերջին ամիսներին ընդդիմության առաջադրած 12, հետ նաեւ 6 այլ հարցերի բարձրաձայնումից բացի, գրեթե ոչինչ տեղի չունեցավ: Նույնիսկ քաղաքացիական շարժումները հետ քաշվեցին, բայց այստեղ գոնե սպասումներ կան, քանի որ հանդիպումները Հայաստանի կառավարության կամ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ արդեն կայացել է եւ դեռ պատասխաններ են լինելու տասնյակ հարցերի առումով: Ըստ ամենայնի, հենց աշնանային թեժացման միտումն այստեղ էլ նկատել են քաղաքական ուժերը, հույսով, որ քաղաքացիական շարժումների նոր ընդվզումները նոր ճակատ կբացեն ընդդիմության գործունեության համար:

Բայց ընդդիմադիր, կամ ինչպես ասում են ոչ իշխանական քառյակի կեցվածքը ոգեշնչող չէ: «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը քանիցս հայտարարել է, որ չկա ընդդիմադիր դաշինք, այլ կա՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համագործակցություն: ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի «ընդդիմադիր ջրերը» նույն առվով չեն հոսի երբեք, ինչն ակնհայտ էր ի սկզբանե: Կապող օղակը ԲՀԿ-ն է, որի հետ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում են առանձին կապեր ստեղծել: Սա խանդի զգացումներ է առաջացնում «Ժառանգության» մոտ, որը դեռ համոզված է, որ ՀՀ նախագահի անցած ընտրություններում իր թեկնածուի 2-րդ տեղը գրավելը մնացյալին պետք է պարտավորեցնի համախմբվել Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը եւ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի այլ անդամներ բազմիցս հասկացրել են, որ նախագահի ընտրության ժամանակ այլ ընդդիմադիր թեկնածու չի առաջադրվել իրենց կողմից, ինչն էլ հասկանալի արդյունք է ապահովել «Ժառանգության» համար: Եվ Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրության ժամանակ ԲՀԿ-ն դա հավաքած ձայների քանակով հստակ ցույց տվեց՝ ընտրության արդյունքներով: Ստացվեց, որ իրենք պետք է հավաքվեն Գագիկ Ծառուկյանի շուրջ:

Բայց քառյակը այս շրջապտույտից չի կարողանում դուրս գալ, ինչը թերեւս հուսախաբ կանի ընդդիմադիր քաղաքացիներին, քանի որ քառյակի խոստացած «թեժ աշունը» այս տրամադրություններով չի կարող կայանալ: Գուցե լինի, բայց հաստատ կարճ կյանք կունենա: Ամառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը նախնական պայմանավորվածության համաձայն նախատեսված է օգոստոսի 20-ին:

Դատելով ծավալումներից՝ աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում, քանի որ այս քառյակը չի պատրաստվում ո՛չ կառավարության, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը քառյակի կողմից թերեւս նույնպես բացառվում է: Քայլերը կսկսվեն իշխանություններին ներկայացված հայտնի 12 կետերի շուրջ, ինչը կարող է սրվել միայն քաղաքացիական շարժումների միջոցով, որը դեռ նկատելի չէ հեռանկարում: Նաեւ չի բացառվում, որ երկրի նախագահի հետ համաձայնություն ձեռքբերվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե չանցկացնելու շուրջ, ինչը նոր իրողություններ կստեղծի, որը կկանխի անգամ այդ պահին առկա սրացումները:

Այնուամենայնիվ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամիա-քաղաքական կապերը քառյակին դեռ պահում են հանդարտության մեջ՝ դանդաղ շտապելու ուղեգծի սահմաններում: ՀՅԴ խմբակցության պատգամավորներից ոմանք էլ պարզ արտահայտվել են, որ աշունը բոլոր դեպքերում թեժ է լինելու, սակայն հիմնականում արտաքին-քաղաքական մարտահրավերների առումով (ԵՄ-ԵՏՄ, ԼՂՀ բանակցային գործընթաց եւ նման հարցեր): Գրեթե նույն կարծիքին են նաեւ մյուսները: Ոչ ոք չի շտապում կառավարության ղեկավարից պահանջել 100-օրյա հաշվետվությունը, երբ առկախ են մնացել գրեթե բոլոր հարցերը, որոնք կային մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, իսկ տրվեցին խոստումներ՝ դրանք լուծելու կամ տեսանելի հարթության մեջ բանակցելու առումով: Մի քանի լուծումներ կան թերեւս, բայց կիսատ-պռատ արված:

Իշխանությունից հեռացած եւ ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ի վճռական հանրահավաքը Ազատության հրապարակում չտվեց սպասված արդյունք, որն ակնկալում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով զարմանալիորեն շարունակում է մնալ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ): Եվ երբ նա ելույթ էր ունենում հանրահավաքում՝ խոսափողին մոտեցավ ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով ձեռքին պահել էր պլակատ, որի վրա գրված էր «ԱԽՔ», իսկ հանրահավաքի մասնակիցներից ոմանք բարձրաձայնեցին՝ «ՅԱԽՔ»: Այսպես ՕԵԿ-ը չկարողացավ ապացուցել, որ արժանի է քառյակը հնգյակի վերածելու պատվին: Ինչեւէ, ՕԵԿ ղեկավարը դեռ կփորձի ներկայանալ որպես մի քաղաքական գործիչ, ով պատրաստ է իշխանության համար պայքարել 2018թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն այլեւս չի առաջադրվի նախագահի թեկնածու:

Չի բացառվում, որ գործող եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց քաղաքական գործընթացներում ներառեն Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի նախագահական նկրտումները: Ի դեպ, չի բացառվում, որ նման մի խաղ էլ դրսից նախաձեռնվի:

Այս դեպքում չի բացառվում, որ խաղի մեջ կմտնեն նաեւ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես նաեւ ոչ խորհրդարանական շատ ուժեր: Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ հանրության մեջ կարծիքներ են նետել, թե կարող են նախագահ-վարչապետական դաշինք կազմել: Սա շատերի կարծիքով ՀՀ 1-ին նախագահի ծրագիրն է, ով համոզված է, որ կարող է օգնել ԲՀԿ նախագահին դառնալու երկրի նախագահ, իսկ ինքը, վարչապետ դառնալով, կարող է երկրի ստվերային ղեկավարումը ստանձնել: Այժմ էլ հանդիպումներ են լինում, բայց դեռ հարց է՝ լուրջ գործողությունների՞ են նախապատրաստվում, թե հերթական խայծն է նետվելու: Մի բան հստակ է՝ Գագիկ Ծառուկյանն աշխատում է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգի հետ, որը գործում է անխախտ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող խախտել այդ կապը:

Չի բացառվում այն տեսակետը, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն լեզու են գտել կառավարության հետ, եւ արդյունքները դեռ կերեւան, ինչը ընդդիմադիր քառյակին միշտ պահում է անմիասնական հեռանկարում, քանի որ այդ երկու ուժերը եղել են իշխանության մեջ, պատրաստ են նորից մտնել, ինչը հեռու է ՀԱԿ-ի ու «Ժառանգության» նպատակներից: Իսկ այս երկու ուժերը երբեք չեն կարող միասնական լինել, ինչը խոստովանել են վաղուց, եթե մյուսները վերստին դառնան իշխանական:

Այսպես էլ գնում ենք արձակուրդների, ինչը ոչ մի խոստումնալից նշույլ անգամ չի նշմարում՝ թեժ աշնան սպասման մեջ… Իսկ փոփոխությունները մեր կյանքում այլեւս խիստ անհրաժեշտ են, քանզի արտաքին վտանգներին կարելի է դիմակայել միայն ներքին համախմբվածությամբ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 26 (331), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.